+374 99 12 80 82 Երեքշաբթի - 12 Նոյեմբեր 2024

«Հայություն» («Armenity») հայկական տաղավարը հայրենիքում ներկայացնելու կարևորությունը…


Հուլիսի 12-ին   հայկական տաղավարի համադրող Ադելինա Կուբերյան ֆոն Ֆյուրշթենբերգը և մասնակից արվեստագետներից Արամ Ջիբիլյանը Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում էին: Երեկոյի ընթացքում ներկայացվեց վավերագրական ֆիլմ հայկական տաղավարի մասին, ինչպես նաև հյուրերն անձամբ պատմեցին իրենց տպավորությունների մասին, տաղավարի գաղափարի և կոնցեպտի կարևորության մասին:

 2015թ.-ի մայիսի 6-ին Վենետիկում մեկնարկած 56-րդ միջազգային բիենալեի գլխավոր մրցանակակիրը Հայաստանի Հանրապետության ազգային տաղավարն էր: Ազգային լավագույն մասնակցության համար «Ոսկե առյուծն» այլևս  մեր ձեռքերում է և սա փաստ է, որ մենք արձանագրեցինք առանց խորապես հասկանալու դրա կարևորությունն ու ներքին խնդիրները: Armeniti-Yerevan-006Պատճառն այն է, որ երևույթը փաստացի տեղի ունեցավ մեզնից հեռու, առանց մեր անմիջական մասնակցության ու իմացության: Հաղթանակը օտար էր թվում, անհասանելի մի բան կար այդ հաղթանակի մեջ:

Սա հատկապես այն պատճառով, որ թե մասնակից արվեստագետները, և թե համադրողը սփյուռքահայ էին և հայրենիքում պակաս հայտի, իսկ աշխատանքները մեր լայն հասարակայնությանը խորթ մի մոդել էին ներկայացնում, մի տեսակ, որի անունը ժամանակակից արվեստ է, մի բան, որ առայժմ դժվար ընկալելի է մեր հասարակության համար:  «Հայություն» (“Armenity”) խորագիրը կրող տաղավարի համադրող Ադելինա Կուբերյան ֆոն Ֆյուրշթենբերգը մասնակցության համար ընտրել էր սփյուռքահայ արվեստագետների` աշխարհի տարբեր երկրներից: Նպատակը աշխարհի տաղանդաշատ հայ արվեստագետներին միևնույն գաղափարի շուրջ միավորելն էր, իսկ այդ գաղափարն այս տարի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն էր և ըստ ժյուրիի անդամների այն մատնանշում է միջմշակութային ազդեցությունների կարևորությունը:

Armeniti-Yerevan-014Ահա թե ինչու տաղավարի հիմնական կոնցեպցիան վերաբերում էր տեղափախության ու տարածքայնության, արդարության և խաղաղության թեմաներին: Անկախ իրենց ծննդավայրերից, մասնակից արվեստագետները հիշում և հարգում են իրենց հայկական արմատները:  «Հիշողություն», «արդարություն», «զինադադար» հասկացություններն այս նախագծում հաղթահարում են  «տարածքներ» և «աշխարհագրություն» հասկացությունները: Հայկական տաղավարն ըստ ավանդույթի տեղակայված է Սուրբ Ղազար կղզում, որը 18-րդ դարից հայկական լուսավորչության ծաղկուն կենտրոններից է եղել: Փաստորեն՝ Սփյուռք ու Հայաստան, կրկին ցեղասպանության թեման ու կրկին հայկականություն, բայց այս անգամ ամեն ինչ միանգամայն այլ է:Այս հասկացությունների զարմանալիորեն մի այլ ընկալում կա տաղավարի կոնցեպտի մեջ: Եվ գուցե հենց սա է հեռացնում մեզ մեր հաղթանակի հարազատ ընկալումից: Այժմ ժամանակակից արվեստ ասելով հասկանում են խնդիր, կոնտեքստ, գաղափար, ընկալում, կոնցեպտ, այն ներգրավում է սոցիալ-քաղաքական խնդիրներ, վերածվում մի կուռ համակարգի, որտեղ հաճախ զգայական-հայեցողության մասը երկրորդային կամ շատ ավելի անկարևոր է դառնում և դիտողից հաճախ պահանջում նախնական պատրաստվածություն, ինչպես օտար լեզվով գրված մի նոր գիրք: Armeniti-Yerevan-011Հետևաբար  մեր հաղթանակած տաղավարին բավական չէ մոտենալ միայն զուտ արվեստի տեսանկյունից: Այն բազմաթիվ խնդիրներ առաջ քաշող հարթակ էր, որտեղ ողջ աշխարհի ուշադրությունը ևս մեկ անգամ սևեռվել էր Հայաստանի կողմը: Այն մի յուրահատուկ դիսկուրս էր հայկականության, ազգի, տարածքային խնդիրների, փաքրամասնություն լինելու  խնդիրների մասին: Նման համամարդկային, միևնույն ժամանակ մեզ համար այդքան կարևոր խնդրի արծարծման պարագայում հաղթանակած լինելը մեզ համար միանգամայն բացառիկ երևույթ է, և սա այլևս իրողություն է, որ հայ ժամանակակից արվեստը տանում է զարգացման մի նոր ճանապարհով: Սակայն մեր հասարակության կողմից դրա ընկալման և արժևորման խնդիրները մնում են անհասկանալի, ահա թե ինչու, շատերը պարզապես պահանջում էին տաղավարը ցուցադրել նաև Հայաստանում, և այս տեսանկյունից, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի նախաձեռնությունը շատ բան կարող է փոխել:



Վենետիկի 56-րդ միջազգային բիենալեի Հայաստանի Հանրապետության ազգային տաղավարի մասնակից արվեստագետներն են`

Հայկ Այվազյանը (Լիբանան), Նիգոլ Բեզջիանը (Սիրիա, ԱՄՆ),  Աննա Բողիգույանը(Եգիպտոս), Հերա Բույուքթասցյանը (Թուրքիա), Սիլվինա ՏերՄգրտչյանը (Արգենտինա, Գերմանիա),  Ռենե Գաբրին և Այրին Անաստասը (Իրան, Պաղեստին, Լիբանան),  Մխիթար Գարաբեդյանը (Բելգիա), Աիկատերինի Գեգիսյանը(Հունաստան),  Երվանդ Գիանիկյանը և Անժելա Ռիչի Լուչին (Իտալիա),  Արամ Ջիբիլյանը (ԱՄՆ), Նինա Խաչադուրյանը (ԱՄՆ, Ֆինլանդիա),  Մելիք Օհանյանը (Ֆրանսիա),  Միքայել Օհանջանյանը (Հայաստան, Իտալիա),  Ռոսանա Պալազյանը (Բրազիլիա),  Սարկիսը (Թուրքիա, Ֆրանսիա),  Հրայր Սարգսյանը (Սիրիա, Միացյան Թագավորություն):




Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով