+374 99 12 80 82 Շաբաթ - 05 Հոկտեմբեր 2024

«Սասնա ծռեր» ազգային կտակարանի խրատաբանությունը (հատված)


Դավիթ Պետրոսյան, «Սասնա ծռեր» ազգային կտակարանի խրատաբանությունը, Պրակ Ա, Երևան, 2021

 


Հատված

 «ԴԻՊՎԱԾՆԵՐ» բաժիններում՝ էպոսից մեջբերված հատվածները քաղված են 100 պատումների հիման վրա հյուսված համահավաք բնագրից (Սասունցի Դավիթ, պատ. խմբ.՝ Ա. Մ. Նազինյան, ՀԳԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, Երևան, ՀԳԱ հրատ., 1993, 416 էջ – այսուհետ՝ աղբյուր), որի շարադրանքը մատչելի է ընթերցող լայն շրջանակի համար:

Էպոսի՝ ներկայացված քաղվածքներում խրատների բանաձևմանն օժանդակող և/կամ առանձնակի ուշադրության ենթակա տողերն ընդգծել ենք մեծատառերով: Քաղվածքներին նախորդում և հաջորդում են այս պրակի թեմաների համար անկարևոր բովանդակությամբ մասերը, որոնք ներկայացված են պարզունակ, չոր ու թռուցիկ շարադրանքով, որպեսզի ընթերցողը կտրված չմնա ընդհանուր դիպվածաշարից:

 

ԴԻՊՎԱԾՆԵՐ «ՍԱՆԱՍԱՐ ԵՎ ԲԱՂԴԱՍԱՐ» ՃՅՈՒՂԻՑ

 

            Հայոց Գագիկ թագավորն ամեն տարի Բաղդադի խալիֆին հարկ էր տալիս. քառասուն կտոր ոսկի, քառասուն կին ու աղջիկ, քառասուն տղա, քառասուն ուղտաբեռ ցորեն ու գարի, նախիրներով եզ, գոմեշ և այլն: Գալիս է մի ժամանակ, երբ ուրիշ թագավորներ կռիվ են գնում խալիֆի վրա՝ ավիրելու Բաղդադը: Խալիֆը յոթ տարի պատերազմում է նրանց դեմ, ջարդում նրանց զորքերը և կրկին բազմում գահին:

 

Աղբյուր, էջ 11-13

 

Որ կընստի թախտ, կըկանչի վեզիր, կասի.

-Յոթ տարի կա, աշխարհքից Հայոց,

Խարջ ու խարաջ չենք հավաքե,

Ճամփի քո մարդեր, թող էրթան,

Մեր խարջ առնեն, դառնան:

Վեզիր կկանչի իր մարդեր, կասի,

-Ելեք, գացեք երկիր Հայոց,

Յոթ տարվան հարկ առեք, դարձեք:

 

Էդ մարդեր էկան, հասան Հայաստան,

Էկան Գագիկ թագավորի քաղաք,

Նրա քոշկ ու սարի առջև նստան,

Խաբար տվին թագավորին,

Թե «մենք խալիֆի մարդեր ենք,

Էկեր ենք յոթ տարվա հարկ առնենք, դառնանք»:

Հանկարծ լուս մի երևաց նրանց,

Իրիշկեցին վեր, ինչ տեսնեն`

Մի խորոտ աղջիկ բերդի գլուխ,

Արևուն կասեր. «Դու դուրս մի գա, ես դուրս գիկամ»:

Աղջիկ էնպես խորոտ, էնպես խորոտ,

Որ յոթ սարի ետևեն էլած

Յոթ ավուր լուսնի կընմանվեր:

Գիշեր ու ցերեկ չուտեր, չխմեր

Մենակ իր տեսքին թամաշա աներ:

Հարկ առնողներ ինչ տեսան աղջիկ,

Խելք գլխներուց գնաց,

Անհուշ, անակահ ընկան գետին:

Մեկ սհաթեն թագավոր մարդ ղրկեց,

Էկան, էնոնք տարան պալատ:

Պալատի մարդեր թոփ էլան,

Էդոնց ջուր տվին, ուշքի բերին.

-Ի՞նչ էլավ,- ասին,- Ի՞նչի ընգաք:

 

Էդ հարկ առնողներ բան չասին,

Էլան, սուս ու փուս դարձան Բաղդադ:

Գնացին խալիֆին գլուխ տվին,

Չոքեչոք մոտեցան թախտին, կայնան:

Խալիֆան հարցուց.

-Իմ խարջ բերի՞ք, չբերի՞ք:

-Ի՞նչ խարջ, ի՞նչ բան,- ասին,-

Էնպես մի բան ենք տեսեր,

Աղեկ էր՝ մենք չմեռանք,

Դու տեսներ, ավատաս` տարով:

Ուշաթափ կընկներ գետին:

Խալիֆան հարցուց.

-Ի՞նչ էր ձեր տեսած:

Հարկ առնողներ ասին.

Քո տուն աստված շինի,

Դու ի՞նչ կանես ապրանք ու գանձ,

Դու ի՞նչ կանես հարստություն,

Քեզ ունես հող-երկիր,

Քեզ ունես գանձ, հարստություն,

Դու շատ ունես անգին քարեր:

Բայց էդ բոլոր, ինչ դու ունես,

Չեն արժենա էն աղջկան,

Որ մենք տեսանք երկրում Հայոց:

Գագիկ թագավոր իրեն

Մի էն տեսակ աղջիկ ունի,

Որ ամեն մի բան կարժի:

Էդ աղջիկ հուր հրեղեն էր,

Արևուն կասեր. «Դու դուրս մի գա,

Ես եմ, որ կամ էստեղ»:

Գիշեր-ցերեկ չուտեր, չխմեր,

Հա նրա շենք ու շնորհքին աչքեր:

Բերդի գլուխ որ կըքելեր,

Արևու նման փել կիդեր,

Մարդու վրա որ կիրիշկեր,

Խելք կըմաղեր, սիրտ կըդաղեր:

Էն աղջիկ մենակ քեզ է արժան,

Դու էլ ինչ խալիֆ Բաղդադու,

Որ էնոր քեզ կնիկ չառնես:

Խալիֆի աչքեր փել տվին, վառվան,

Սիրտ կրակ ու բոց եկան,

Կանչեց ուզընկաններ, ասաց.

-Գացեք, Ծովինար ուզեք ինձ համար:

Ուզընկաններ էկան, ասին.

-Թագավոր, քո աղջիկ տաս խալիֆին:

Գագիկ թագավոր ասաց.

-ԵՍ ՀԱՅ ԵՄ, ԷՆ՝ ԱՐԱԲ,

ԵՍ ԽԱՉԱՊԱՇՏ ԵՄ, ԷՆ` ԿՌԱՊԱՇՏ,

ԻՆՉՊԵՍ ԻՄ ԱՂՋԻԿ ՏԱՄ ԷՆՈՐ:

Չէ, էդ էլնելու բան չէ,

Ես իմ աղջիկ չեմ տա էնոր:

Ուզընկաններ ասին.- Թագավոր,

Խաթրով էղնի տի տաս,

Կռվով էղնի տի տաս:

ԹԵ ՔՈ ԱՂՋԻԿ ՉՏԱՍ,

ՔՈ ԹԱԽՏ ՈՒ ԹԱԳ ԿԱՎԻՐԵՆՔ,

ՔՈ ԱԶԳ ՈՒ ՏԱԿ ՍՐԻ ԿԸՏԱՆՔ,

ՔՈ ԵՐԿԻՐ ՔԱՐ ՈՒ ՔԱՆԴ ԿԱՆԵՆՔ:

Գագիկ ասաց.- Կռիվ կանեմ, չեմ տա:

 

Ի գիտություն  –  Քանի որ թե՛ «ՆԱԽԱԳԻՏԵԼԻՔ», թե՛ «ԳԻՏԵԼԻՔ» բաժիններից արդեն իմացաք, որ էպոսը չի վերարտադրում հայ-արաբական` 7-րդ դարի բախումները, ավելին` այն կրում է նախաքրիստոնեական միջուկ, ուստի արձանագրենք մի քանի էական փաստեր, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել` էպոսն ընթերցելիս և վերլուծելիս:

  1. Մեզ են հասել էպոսի պատումների այնպիսի տարբերակներ, որտեղ, Բաղդադի խալիֆի փոխարեն, հանդես է գալիս Ասորեստանի արքա Սենեքերիմը, ով ապրել է հայ-արաբական բախումներից 1400 տարի առաջ, իսկ «Բաղդասար» անվան փոխարեն հանդիպում են նաև «Աբամելիք», «Ասլիմելիք», «Ադրամելեք» անունները:

Ի դեպ` Սենեքերիմի և նրա որդիների` Սանասարի և Ադրամելեքի մասին հիշատակված է նաև Աստվածաշնչում (Բիբլիայում), որտեղ ասվում է, որ Սենեքերիմի որդիները, հորը սպանելուց հետո, գնում են Արարատի երկիր:

  1. Էպոսում Սանասարն ու Բաղդասարը հիմնում են Սասունը. եթե այս եղբայրները, ըստ էպոսի միջնադարյան շերտի, ծնվել են հայ-արաբական հակամարտության շրջանում, ապա ինչպե՞ս կարող էին հիմնել Սասունը, որը գոյություն ուներ դրանից տասնյակ դարեր առաջ:
  2. «Մհերի դուռ» կամ «Ագռավու քար» սեպագիր հուշարձանը, որտեղ, ըստ էպոսի, փակվում է Սանասարի ծոռ Փոքր Մհերը, սրբատեղի է եղել հայ-արաբական բախումներից 1500 տարի առաջ` Արարատյան թագավորության շրջանում:
  3. «Մըսր»-ը Եգիպտոսն է, որը, մինչև 7-րդ դար, երբեք չի եղել արաբական տիրապետության տակ:

Կարող ենք երևան հանել այսպիսի բազմաթիվ փաստեր, բայց, քանի որ մեր աշխատության խնդրո առարկան էպոսի վաղագույն շերտի թվագրումը չէ, այդ պատճառով բավարարվենք այսքանով, հատկապես, երբ էպոսի՝ մեր սահմանած հերմենևտիկ 4-րդ թաղանթն ինքնին թույլ չի տալիս, որ էպոսի հերոս-աստվածություններին ապարդյունորեն փնտրենք պատմական դեմքերի շարքում:

Ի դեպ` էպոսի մի քանի հերոս-աստվածություններ անժամանակ են և գործում են էպոսի երեք կամ չորս ճյուղերում:

Այսպիսով, երբ արդեն էպոսը «կեղևազրկեցինք» միջնադարյան շնչից, ապացուցեցինք, որ դրա դիպվածաշարը կառչած չէ ժամանակաբանական տիրույթից, կարող ենք պնդել, որ այստեղ մեջբերված հատվածներում առկա «խաչապաշտ» բառը ճիշտ է հասկանալ «արևապաշտ» իմաստով, «արաբ» բառը ճիշտ է հասկանալ «օտար» լայն իմաստով, «հայ-արաբական» հակամարտությունը ճիշտ է հասկանալ որպես երկու քաղաքակրթական (ոչ թե կրոնական) բևեռների պայքար, արևի որդիների և լուսնի որդիների պայքար, արևապաշտների և աստղապաշտ+լուսնապաշտների պայքար, նստակյացների և քոչվորների պայքար, չարի և բարու պայքար, ստեղծողի և սպառողի պայքար, արդարի և խարդախի պայքար:

 

            Ուզընկանները վերադառնում են Բաղդադ, խալիֆին փոխանցում Գագիկ թագավորի մերժումը:

            Խալիֆը զորքով գալիս է Հայաստան, արյուն հեղում: Ծովինարը, տեսնելով կոտորածն ու ավերը, դիմում է հորը:


 Տես՝

Դավիթ Պետրոսյան, «Սասնա ծռեր» ազգային կտակարանի խրատաբանությունը, Պրակ Ա, Երևան, 2021

 



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով