+374 99 12 80 82 Երեքշաբթի - 12 Նոյեմբեր 2024

Արվեստի և նորաձևության աշխարհների նույնանման արժեքները


Ժամանակակից արվեստի աշխարհը լի է գումար վաստակելու մեծ ձգտումներով և այդ ընթացքում հաճախ անտեսվում է արվեստի ստեղծագործության իրական գեղարվեստական արժեքը, քանզի առավել հաճախ կարևորվում է դրա գումարային արժեքը: Արվեստի ստեղծագործության արժեքը որոշվում է մասամբ նաև նրա շուկայական գնով, ինչին և երկար ժամանակ ձգտել են նկարիչները, կոլեկցիոներներն ու արտ-դիլլերները, որոնց համար արվեստի ստեղծագործություների  առք ու վաճառքի գործընթացը եկամուտ ստանալու կամ հեղինակություն ձեռքբերելու միջոց է:

The-similar-values-002

Էլզա Սկիապարելի և Սալվադոր Դալի

Ժամանակի ընթացքում ձևավորվել է արժեքների որոշակի համակարգ, որը մատնանշում է իրի սեփականատիրոջ բարձր դիրքը, լինի դա հագուստ, կահույք թե ավտոմեքենա: Արվեստը ոչ պակաս մեծ տեղ է զբաղեցնում այդ «իրային» համակարգում: Բայց, չնայած արվեստի ստեղծագործությունների  վեց նիշանի գնապիտակներին, այն ամբողջությամբ չի անցնում «իրերի» շարքը, պահպանելով իր շատ ահասկանալի ու գրավիչ, անհասանելի ու բացառիկ բնույթը:

Անշուշտ, գեղեցկության հավերժական արժեքներն ու իդեալները հիմնականում նույնն են մնում, սակայն անցյալի էսթետիկական իդեալներն ու ժամանակակից իդեալները՝ սնդուսափայլ գեղեցկուհիների ու նորաձևության աշխարհի այլ նորամուծությունների տեսքով գործում են դեռևս համաժամանակյա:

Ահա այստեղ է, որ կարելի է խոսել արվեստի և նորաձևության շփման եզրերի մասին:Նորաձևության հետ հարաբերակցության ընթացքում ժամանակակից արվեստագետն ունի  հնարավորություն այն դիտարկելու իբրև գեղեցկության շուրջ հերթական քննարկում, ավելի ճիշտ նրա շուրջ՝ ինչ դեռ մնացել է այդ հասկացությունից: Արդյունքում նորաձևության և արվեստի համագործակցությունը շահավետ է դառնում երկու կողմերի համար էլԱրվեստն օգնում է նորաձևությանը լինել գեղեցկության բարձր հասկացություններին ավելի մոտ, իսկ նկարիչներին հնարավորություն է տրվում հնչեցնել իրենց անունը նորաձևության հանրահայտ աշխարհում:  Այս փոխշահավետ համագործակցությունը վերջին տարիներին ձեռք է բերել թանգարանների, խոշոր մասնավոր կոլեկցիաների և առանձին ցուցասրահների մասշտաբներ:  Օրինակ՝ ժամանակակից արվեստի ամենահայտնի կոլեկցիոերներից մեկի և Punta della Dogana թանգարանի սեփականատեր Ֆրանսուա Պինոնի հիմնական գործունեությունն է PPR հոլդինգի ղեկավարումը, որը, ինչպես հայտնի է, միավորում է հայտնի Stella McCartney, Balenciaga, Gucci նորաձևության տները:

The-similar-values-537x359

Է. Սկիապարելին Ս.Դալիի հետ համատեղ ձևավորած գլխակներով

Այսինքն՝ նորաձևության ոլորտում ունեցած հաջող բիզնեսը Ֆրանսուա Պինոին թույլ են տվել դառնալ ազդեցիկ կոլեկցիոներ, որ ունակ է մեծ գումարներ ներդնել ժամանակակից արվեստում: Իսկ ահա Ֆլորենցիայի 1966 թվականի բիենալեում ցուցադրվել էր «Ժամանակ և նորաձևություն» խորագրով ցուցահանդես, որի շրջանակներում այնպիսի նկարիչներ ու դիզայներներ, ինչպիսիք են  Մինուչչա Պրադան և Դեմիեն Հյորսթը, Ազզեդին Ալայան և Ջուլիան Շնաբելը, Հելմուտ Լանգը և Ջեննի Հոլցերը աշխատել էին միասին [1]:

Ի վերջո արվեստն ու նորաձևությունը այնքան էլ հեռու աշխարհներ չեն… չէ որ թե արվեստի ստեղծագործությունը, և թե որևէ նորաձև դիզայների ստեղծած հագուստը գնահատվում է նաև կախված նրա ստեղծողի անունից: Սակայն ինչ խոսք… մեկ բան է գովազդել որևէ երիտասարդ դիզայների և մի ուրիշ բան է հանրության ուշադրությունը սևեռել որևէ երիտասարդ բայց խոստումնալից արվեստագետի վրա:

The-similar-values-008

Է. Սկիապարելին Ս.Դալիի հետ համատեղ ձևավորած գլխակով

Ներդրողն այս դեպքում հանդես է գալիս ոչ միայն որպես  նախաձեռնող, այլ նաև մեկը, ով ունակ է գուշակելու ժամանակակից աշխարհի պահանջները և, ոչ միայն թելադրել նորաձևության տենդենցներ, այլ նաև բավարարել դրանք: Այժմ բարձրակարգ ասելով նկատի է առնվում մշակութային իմաստը, իսկ դրա համար գնորդին պետք է ցույց տալ, որ իր առջև ոչ միայն հագուստ է, կամ ցանկալի աքսեսուար, այլ ժամանակակից արվեստի ստեղծագործություն, որից սակայն ժամանակ առ ժամանակ կարելի է օգտվել կենցաղում:

Արվեստի և նորաձևության փոխազդեցության  մեկ այլ հետաքրքիր օրինակ է նաև արվեստի ուղիղ ազդեցությունը նորաձևության վրա: Պատմության մեջ բազմաթիվ են նման համագործակցության օրինակները:

Սալվադոր Դալիի, Ժան Կակտոի  և էպոտաժային դիզայներ Էլզա Սկիապարելիի ծանոթությունը առաջ բերեց մի աղմկահարույց հավաքածու: Հանճարեղ խենթություն ստեղծված երեքի կողմից:     Դժվար է հստակ ասել թե իրենցից ինչ են ներկայացնում Սկիապարելիի ստեղծած իրերը. միթե այդ սյուրռեալիստական իրերը, արվեստ չեն: Քիչ չեն նաև օրինակները, երբ դիզայներները ձևեր, գունային համադրություններ և զարդանախշեր են վերցրել արվեստի պատմության տարբեր ոլորտներից:  Դեռևս վերջերս Dolce & Gabbana-ի աշուն-ձմեռ հավաքածուն հիացրեց ամբողջ աշխարհը նրբաճաշակությանմբ՝ միավորելով Բյուզանդական միջնադարյան խճանկարային արվեստն ու հագնվելու ժամանակակից մոտեցումները:  Այստեղ մենք հանդիպում են այս երկու աշխարհների համագործակցության միանգամայն այլ տեսակի, և հարկ է նշել, որ սա շատ հետաքրքիր ռազմավարական քայլ է վերջնական արդյունքի տեսանկյունից:

The-similar-values-006

Վահան Խաչրատրյան, «Հայաստանի Գանձեր» 2014-2015 հավաքածուն

The-similar-values-007

Վահան Խաչրատրյան, «Հայաստանի Գանձեր» 2014-2015 հավաքածուն

Իսկ վերջնական արդյունք այս պարագայում կարելի է համարել ժամանակակից նորաձևության բարձրացումը արվեստի մակարդակի, կամ, ավելի շուտ, այդ հանգամանքի ապացուցումը:  Բարեբախտաբար ոչ պակաս հաջող օրինակ կարելի է բերել նաև հայկական նորաձևության աշխարհից: Վահան Խաչատրյանի «Հայաստանի Գանձեր» 2014-2015 թվականների հավաքածուն հիանալի օրինակ է հայկական միջնադարյան մանրանկարներից վերցված զարդանախշերի և ժամանակակից հագուստի համատեղման:

Նորաձևությունն ու արվեստը նաև միավորում են տարբեր դիզայներների և նորաձևության տների վարած ռազմավարությունը: Այսպես՝ Ճարտարապետ Ֆրեկ Գերրին 2010 թվականին հրավիրվեց կառուցելու մի շինություն Louis Voitton-ի (LV Foundation) համար: Այս ապրանքանիշը վաղուց համարվում է առաջատար բարձրակարգ իրերի թողարկման բնագավառում: Իսկ ահա Միուչա Պրադան կառուցեց հսկայական ցուցասրահ իր բրենդի անունով (Prada Foundation), որտեղ կազմակերպվում են միջազգային ցուցահանդեսներ, քննարկումներ և այլ մշակութային իրադարձություններ: Այս դեպքում կարևոր է ինքնին հայտնի համադրողների և նորաձևության աշխարհում հայտնի դեմքերի համագործակցության փաստը:

The-similar-values-005

Dolce & Gabbana, Աշուն-Ձմեռ 2014 հավաքածուն

The-similar-values-003

Dolce & Gabbana, Աշուն-Ձմեռ 2014 հավաքածուն

Արդյունքում Պրադան այժմ ոչ միայն նորաձևության տուն է, այլ նաև կազմակերպություն, որ մեծ ազդեցություն ունի համաշխարհային արվեստի զարգացման վրա: Ժամանակի ընթացքում փոխվում է նաև նորաձևության տան նկատմամբ վերաբերմունքը, քանի որ ստացվում է, որ գնելով մի զույգ Պրադա ֆիրմայի կոշիկ, գնորդն իր ներդրումն է ունենում ժամանակակից արվեստի խթանման գործում:

The-similar-values-001

Dolce & Gabbana, Աշուն-Ձմեռ 2014 հավաքածուն

Նորաձևության և արվեստի համատեղման ևս մեկ հետաքրքիր օրինակ է Chanel Mobile Art ցուցասրահը, որի ստեղծման համար ճարտարապետը ոգեշնչվել է նորաձև պայուսակների տեսքից: Բոլոր արվեստի գործերը, որոնք ցուցադրվում են այդ ցուցասրահում, կարծես հայտնվում են մի հսկայական պայուսակի ներսում: Ով գիտե, գուցե գնումներով տարված նորաձևության սիրահարները կսկսեն նույն հաճույքով գնել ժամանակակից արվեստի գործեր, իբրև դիզայներների ստեղծած իրերը խանութներից:  Այս որակի ապրանքաշրջանառության է ձգտում այժմ ողջ աշխարհը: Ամեն դեպքում նորաձև խանութների տեսականին շատ հաճախ ցուցադրվում է արվեստի ստեղծագործությունների հետ համատեղ: Այդպիսի «նորաձև» վաճառքների վերջին ժամանակներում կարելի է հանդիպել նաև Հայաստանում:

Այս և շատ այլ օրինակներ ցույց են տալիս, որ ժամանակակից նորաձևության և արվեստի աշխարհում գործում են նույն օրենքները, նույն մարդիկ ու նույն ֆինանսական խնդիրները, որոնք ի վերջո ծառայում են մեկ վերջնական նպատակի՝ գումար վաստակելուն:

Գրականություն

  1. «Искусство в XXI веке», Сборник статей, Санкт-Петербург, 2012
  2. Бодрийяр Ж. Общество потребления: его мифы и структура. М., 2004.


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով