+374 99 12 80 82 Շաբաթ - 05 Հոկտեմբեր 2024

«Արվեստ Հայաստան» Հիմնադրամի շնորհանդեսը


Հոկտեմբերի 25-ին Երևանում, Թումանյան 40 հասցեում գտնվող «Ակումբ»-ում (The Club) տեղի ունեցավ «Արվեստ Հայաստան»  նորաստեղծ հիմադրամի շնորհանդեսը: «Արվեստ Հայաստան»  Հիմնադրամը ստեղծվել է 2016 թ.` Դավիթ և Ռաֆայել Նազարյանների կողմից: Այս կազմակերպության նպատակը մեր երկրում ժամանակակից արվեստի զարգացմանը, տարածմանը նպաստելն է: Հիմնադրամի առաքելությունն է` օժանդակել Հայաստանի ժամանակակից արվեստի ոլորտում ստեղծագործող անհատներին:

    Շնորհանդեսին ներկա էին արվեստի ոլորտում գործունեություն ծավալող անհատներ` արվեստագետներ, համադրողներ, արվեստի քննադատներ, թանգարանային աշխատողներ, թանգարանների տնօրեններ:

the-presentation-of-armenian-art-foundation-002 the-presentation-of-armenian-art-foundation-003


Ցավոք, հիմնադիրները ներկա չէին շնորհանդեսին և կազմակերպության գործունեությունը ներկայացրեցին Հիմնադրամի խորհրդի անդամները:  Խորհրդում ընդգրկված են ականավոր ներկայացուցիչներ, որոնք մեծ փորձ ունեն հայկական մշակույթի, հետխորհրդային շրջանի արվեստի հետազոտման գործում: Նրանք են` արվեստագետ, արվեստի քննադատ և համադրող, Արվեստի Քննադատների Ազգային Ասոցիացիայի նախագահ Ռուբեն Արևշատյանը,  Art of the World կազմակերպության հիմնադիր տնօրեն Ադելինա Ջուբերյանը, Moscow Art Magazine-ի գլխավոր խմբագիր Վիկտոր Միզիանոն, Anadiel  պատկերասրահի և Երուսաղեմի  Al-Ma’mal հիմնադրամի տնօրեն Ջեք Փերսեքյանը,  Viennacontemporary արվեստի փառատոնի գեղարվեստական ղեկավար՝ Կրիստինա Շտեյնբրեխեր-Պֆանդտը: Նրանք աջակցում են հիմադրամի առաքելությանը:

the-presentation-of-armenian-art-foundation-005 the-presentation-of-armenian-art-foundation-004


Շնորհանդեսի մեկնարկն ազդարարեց Արվեստ Հայաստան Հիմնադրամի տնօրեն Անուշ Զեյնալյանը, ով նշեց, որ Հայաստանում ինչպես սկսնակ, այնպես էլ կայացած շատ տաղանդավոր արվեստագետներ կան, որոնց ստեղծագործական գործունեության համար անհրաժեշտ է նյութական աջակցություն:  Իր խոսքում նա նշեց, որ պատրաստ են դրամաշնորհներով աջակցել արվեստագետներին, տարբեր ծրագրերին` նպաստելով Հայաստանում ժամանակակից արվեստի զարգացմանը:  Անուշ Զեյնալյանը հանդիպել է արտերկրի ժամանակակից արվեստի դաշտի ներկայացուցիչների` արվեստագետների, համադրողների հետ, որպեսզի պատկերացում կազմի այն խնդիրների մասին, որոնք համընդհանուր են նաև հայ ժամանակակից արվեստի համար:

   Դրամաշնորհները հասցեագրված են արվեստագետներին ու թվային և մեդիա արվեստի, լուսանկարչության, պերֆորմանսի, աուդիո-վիզուալ արվեստի ոլորտներում աշխատող արվեստային խմբերին:

the-presentation-of-armenian-art-foundation-007 the-presentation-of-armenian-art-foundation-008


Ռուբեն Արևշատյանն էլ իր խոսքում ասաց, որ բավական երկար աշխատանք է տարվել: Նա նշեց. <<Նյութական աջակցության պակաս հայկական մշակութային ոլորտը, մասնավորապես հայ ժամանակակից արվեստը միշտ ունեցել են: Ժամանակակից արվեստը ամենաանպաշտպան վիճակում գտնվողն է: Նրա ֆինանսավորումը շատ կարևոր է, քանի որ ժամանակակից արվեստն է, որ քննադատական հայացք է ուղղում ժամանակակից իրականության, դրա տարբեր դրսևորումների, երևույթների վրա, այն կրթական կարևոր ֆունկցիա է կատարում>>:

Նշենք, որ միջոցառման ժամանակ ներկաների կողմից արվեցին տարբեր առաջարկներ, որոնք Հիմնադրամը խոստացավ քննարկել:

Սպասենք հետաքրքիր նախաձեռնություններին և շնորհավորենք «Արվեստ Հայաստան» հիմնադրամի անձնակազմին, նաև շնորհակալություն հայտնենք նման կարևոր գաղափարի իրագործման համար: Հուսանք, որ շնորհիվ Արվեստ Հայաստան Հիմնադրամի` մեր կողքին ապրող և ստեղծագործող արվեստագետների համար կբացվեն նոր հեռանկարներ, կստեղծվեն լայն հնարավորություններ:


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով