+374 99 12 80 82 Ուրբաթ - 13 Դեկտեմբեր 2024

Ռեանիմանիա-8 | Անիմատոնի մեկնարկը տրված է…


Հայաստանյան իրականության ևս մի կարևորագույն իրադարձության ընթացքը տրված է: Այն, ի դեպ, համընկավ Անիմացիոն ֆիլմերի, պատկերապատումի միջազգային օրվա հետ. պատահականությո՞ւն, չեմկարծո՛ւմ: Դժվարություններն ու խոչընդոտները մի կողմ, բայց Ռեանիմանիան արդեն 8 տարեկան է: Դե ինչ, ամփոփ ներկայացնենք, թե ինչտեղի ունեցավ հոկտեմբերի 28-ին:

Ավանդույթի համաձայն, բացման  պաշտոնական արարողությանն ընդառաջ փառատոնի կազմակերպիչները, փառատոնի հատուկ հյուրերը և համագործակցող դեսպանատների ներկայացուցիչները մեդիադաշտի համար կազմակերպված ասուլիսին անդրադարձան անիմացիոն ֆիլմերի զարգացմանը, որակին ու փառատոնի առաքելությանը:

reanimania-8

Փառատոնի պատվավոր հյուր, անվանի կինոռեժիսոր՝ անգլիացի Բիլ Պրոմպտոնի, ով համարվելով անկախ անիմացիայի կարկառուն ներկայացուցիչ, հասցրել է աշխատել մի շարք խոշոր հոլիվուդյան ստուդիաների, Մադոննայի, Քանյե Ուեստի հետ, բարեկամություն է անում լեգենդեր ռեժիսոր Ջիմ Ջարմուշի հետ, իր խոսքում նշեց. «Անիմացիայով զբաղվելու ու բարձունքների հասնելու համար պարտադիր չէ, որ ձգտես Հոլիվուդ, դու դա կարող ես անել աշխարհի ցանկացած ծայրում, այդ թվում նաև՝ Հայաստանում, և հաջողության դեպքում կարողանաս գումար վաստակել, եթե իհարկե գործին մոտենում ես նվիրվածությամբ և աշխատասիրությամբ և ամենակարևորը եռանդուն ես ու նպատակասլաց»:

reanimania-8-005 reanimania-8-001 reanimania-8-002


Իր հերթին, ֆրանսիացի հանրաճանաչ ռեժիսոր, Եվրոպական անիմացիոն ֆիլմերի մրցանակաբաշխության նախագահ Ժան-Պոլ Քլեմանը ավելացրեց. «Այսօր աշխարհում անիմացիոն ֆիլմերը մի քանի երկրների համատեղ աշխատանքի արդյունք են, ու դա արագ տարածվող միտում է: Փառատոնի բացման լիամետրաժ ֆիլմը, որը կոչվում է «Կարմիրկրիա», այդպիսի համագործակցության վառ օրինակ է: Ժապավենի վրա աշախտել են ֆրանսիացի, ճապոնացի և հոլանդացի ստեղծարարները» – եզրափակեց Քլեմանը:

Փառատոնի հիմնադիր նախագահ, կինոռեժիսոր Վրեժ Քասունին ընդգցեց, որ այս տարի մասնակցության հայտերի ռեկորդային թիվ է գրանցվել՝ ավելի քան 2000 հայտ: «Մենք ընտրեցինք 450-ը, որոնք հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտել հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը: Պիտի հասցնեն դիտել ֆիլմերը, քանի որ դրանցից շատերը ցուցադրվելու են առաջին անգամ»

Իսկ ինչ վերաբերվում է նոր սերնդի հայ անիմացիայի զարգացմանը, Քասունին նկատեց. «Զարգացումը միանշանակ է․․․Եթե մի քանի տարի առաջ մատների վրա կհաշվեիր ստուդիաները, հիմա դրանց թիվը հասնում է ավելի քան երկու տասնյակի»:

reanimania-8-007 reanimania-8-006 reanimania-8-003


Իսկ ահա Բրիտանական խորհրդի հայաստանյան ներկայացչության ղեկավար Նարեկ Թովմասյանը ներկայացրեց Շեքսպիրի մահվան 400-րդ տարելիցին հավակնոտ ծրագիրը: «Փառատոնի մասնակիցները հնարավորություն կունենան դիտել Շեքսպիրի տրագիկոմեդիաների հիման վրա նկարահանված «Շեքսպիրը՝ կադրում» ֆիլմարը, որը բաղկացած է 5 կարճամետրաժ ֆիլմերից, որոնցում ներկայացված է ողբերգություններից առնվազն մեկ գործողություն», – հավելեց Թովմասյանը:

Նշենք, որ արդեն երկու տարի է, ինչ Ժան-Պոլ Քոլմանն իր նախաձեռնությամբ հայ ուսանողներին երկուական կրթաթոշակ է տրամադրում՝ Անգուլմենի անիմացիոն դպրոցում ուսանելու և ստաժավորում անցնելու համար:

Հավելենք նաև, որ փառատոնին մասնակցող անվանի կինոռեժիսորները հանդիպելու են  ուսանողների հետ և վարպետության դասեր են անցկացնելու:

Նույն օրը երեկոյան «Մոսկվա» կինոթատրոնի լեփ-լեցունկարմիր դահլիճում, մեծ շուքով անցկացվեց փառատոնի բացման արարողությունը, որին ներկա էին հայ և արտասահմանցի կինոգործիչներ, անիմացիոն կինոյի սիրահարներ, ԶԼՄ-երի ներկայացուցիչներ:

Լավագույն ֆիլմերը միջազգային մրցութային հանձնաժողովի որոշմամբ հայտնի կդառնան նոյեմբերի 3-ին:



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով