+374 99 12 80 82 Երկուշաբթի - 09 Դեկտեմբեր 2024

Սամվել Սաղաթելյան. «Մուտքը սիգարետի խանութից»


2015թ. նոյեմբերի 6-ին «ՀԱՅՓ Փոփ Ափ» (HAYPE Pop UP) պատկերասրահը, հանձինս  Աննա Կ. Գարգարյանի և Շառլոտ Պաուլին Կարասլանյանի, ներկայացրեց Սամվել Սաղաթելյանի անձնական և քաղաքական պրոտեստի ազդանշան  աշխատանքները` “Misty Fumes” – Էլեկտրոնիկ Սիգարետների Խանութում: «Մուտքը սիգարետի խանութից» ցուցահանդեսում ներկայացված  աշխատանքները բազմալեզու անձնական և քաղաքական պրոտեստի ազդանշաններ են,  աշխատանքներ, որոնք սթրիթ արթին  բնորոշ տեսակ կարելի է համարել: Այստեղ հայերեն և անգլերեն արտահայտությունների խառնուրդը գրաֆիկական կոնստրուկտիվ ձևով է արտահայտված` օգտագործելով հիմնականում փողոցային պրոտեստի այնպիսի տարածված նյութ, ինչպիսին ստվարաթուղթն է։ Ըստ ցուցահանդեսի կազմակերպիչների` որպես ալտերնատիվ տարածք ընտրվել է Երևանի համար անսովոր մի տեղ՝ էլեկտրոնային սիգարետների խանութի ետին սենյակը, ինչը փողոցային արվեստին բնորոշ մոտեցում է, հատկապես, որ նման խանութը ինքնին Երևանի նման «ծխող» քաղաքի համար ալտերնատիվ երևույթ է։ Իսկ վերնագիրն էլ կարծես հակառակն է` հայտնի արվեստագետ Բանքսիի մասին ֆիլմի «Exit through The Gift Shop» (Ելք Նվերների Խանութից) – «Enter trough the smoke shop» ( «Մուտքը սիգարետի խանութից»)։ Այնտեղ Ելքն է, այստեղ Մուտքը։ Ըստ արվեստագետի` շարքի հիմքում ընկած է մի կողմից անձնական սիրային խառը իրավիճակներից արտահայտվելու պահանջը և մյուս կողմից էլ` քաղաքական համատարած աբսուրդա-գրոտեսկա-կոռումպացված իրականությունը, որը ներքին պրոտեստի պահանջ է առաջացնում, ինչը հաճախ վերածվում է հայհոյանքի` անզորության զգացումից։ Ներքին պրոտեստի արտահայտման ամենատարածված և, կարող եմ ասել, բարձրահունչ ձևերից է հայհոյանքը, որը հաճախ պոռթկում է անզորության զգացումից, բայց դա, ըստ էության, սեքսուալ ակտի արտահայտում է։

«Ես այդ ամենը տեղափոխում եմ արվեստի լեզվի և տալով դրան փայլ, հումոր, ինչ որ տեղ տոնականություն և կոնստրուկտիվ ճարտարապետական ստրուկտուրալ դիզայն, այն ի վերջո դուրս է գալիս անզորության սահմաններից և անզոր զոհի դիրքից արված հայհոյանքի նշանակությունից վերածվում է արվեստի ազատության, որն էլ ակտուալանալով հանգում է սիրո ակտի». նշում է Սամվել Սաղաթելյանը։

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև նոյեմբերի 16-ը: Հասցե` “Misty Fumes” – Էլեկտրոնիկ Սիգարետների Խանութում /Թումանյան18/:



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով