1926 թվական, մայիսի 16: Երևանի հիդրոէլեկտրակայանի բացման հանդիսավոր արարողություն: Համաժողովրդական ցնծություն…
Որքան մեծ էր Երևանի առաջին խոշոր հիդրոէլեկտրակայանի էներգետիկ նշանակությունը Խորհրդային Հայաստանի հզորացման առաջին փուլում, այնքան առանցքային էր դրա դերակատարումը նախորդ դարի հայկական ճարտարապետության մեջ: Բայց այս գնահատականը հաստատելու համար հարկ է վերհիշել 1910-ականների Երևանի գորշ խճանկարը. աշխարհամարտ, հեղափոխություն, ցարական կայսրության կործանում, Հայաստանի Առաջին հանրապետության կարճատև գոյություն, ներքաղաքական բախումներ, գաղթ ու արտագաղթ, համաճարակներ, սով, մարդկային կորուստներ…
Արևելյան Հայաստանի վարչական կենտրոն Երևանն ի զորու չէր շրջանցել և ոչ մի պատմաքաղաքական ցնցում: Այսպիսի պայմաններում Երևանում խոշոր հէկի շինարարության մասին մտորելն անգամ անհեթեթ էր: Երևանում չկար համակարգված ջրմուղ-կոյուղի, բնակչության համար որպես խմելու ջուր էին ծառայում Գետառի, Հրազդանի, ջրհորների ջրերը: 1913 թ. Աստաֆյան (այժմ` Աբովյան) փողոցը լուսավորվում էր ընդամենը 3 նավթային լապտերներով, իսկ 1917 թ. ամբողջ քաղաքում հաշվվում էր շուրջ 220 լապտեր: Քաղաքի բյուջեի մոտ մեկ իններորդ մասը ծախսվում էր լուսավորության վրա:
Չնայած Երևանում փոքր հէկերի գոյությանը, միևնույն է` քաղաքը մնում էր խավարի մեջ: Անդրադառնալով այդ փոքր հէկերին` հիշենք մի շատ հետաքրքրական փաստ: Ռուս խոշոր կապիտալիստ Նիկոլայ Շուստովի անունը կապված է ոչ միայն հայկական կոնյակագործության, այլև Երևանի էլեկտրաֆիկացման պատմության հետ: 1907 թ. Շուստովը Հրազդանի ափին կառուցում է կոնյակի և օղեզտիչ գործարաններ ու դրանց սպասարկող փոքր հէկ: Ավելի ուշ հենց այս և «Ամպեր» ընկերության հէկերի շնորհիվ լուսավորվում էին մի քանի երևանյան փողոցներ: Բայց այդպիսի փոքր հիդրոէլեկտրակայաններով մեծ պահանջներ բավարարել հնարավոր չէր:
1920-ականներ, խաղաղ շինարարության ժամանակաշրջան, ինդուստրացման խելահեղ տեմպեր, Երևանի հէկ: Խորհրդայնացման առաջին հնգամյակի նախօրեին Երևանի արդյունաբերական արտադրանքը, նախապատերազմյան շրջանի համեմատությամբ, աճեց մեկուկես անգամ:
Արդյունաբերության զարգացման համար առաջնահերթ կարևորություն ունեցող նորակառույց հէկի էներգետիկ նշանակությունն ակներև է, իսկ շենքի ճարտարապետական կերպարի մասին հեղինակը գրում է.
«ՀԷԿ-ի կառուցման ընդհանուր ճարտարապետական կոմպոզիցիայում ես փորձեցի օգտագործել հին հայկական մոտիվները և տեղական շինանյութը (բազալտ): Կոմպոզիցիոն առումով պետք էր կապել կառույցի ծավալները և ճակատային հարթությունները բազալտե ժայռերի հետ: Այդ խնդիրը թելադրեց պարզ ու հասարակ ճարտարապետական ձևեր և քարի կոպտատաշ մշակում»:
Ալեքսանդր Թամանյանի այս բացատրագիրը լավագույնս արտահայտում է հէկի ճարտարապետական նկարագիրը:
Կոպտատաշ բազալտ, պայտաձև կամար, ատամնավոր քիվ, կղմինդրե ծածկ… Այո’, Երևանի հէկը դարձավ նախորդ դարի հայկական ճարտարապետության վերածննդի առաջնեկը: Առաջնեկ, որի ազգային դիմագիծը ժամանակի որոշ ճարտարապետներ որակեցին «հետամնաց», «հետադիմական», «եկեղեցական», «միջնադարյան կղերական հայացքներ պրոպագանդող» և այլն: Ի հակադարձում այս որակավորումների և ի նպաստ ողջամիտ գնահատականի` մեջբերենք ճարտարապետության «համադամասեր» Մարտիրոս Սարյանի` ազգայինի մասին վրձնած տողերը.
«Ազգային ասելով չպետք է հասկանալ անցյալի ավանդների կույր պահպանումը կամ նոր բովանդակությունը հին ձևերի կաղապարների մեջ լցնելը: Ի միջի այլոց, երբեմն ազգայինի տեղ են դնում հենց այդպիսի գործերը: Բայց դա խաբկանք է: Ազգայինը պետք է դառնա ստեղծագործողի ներքին սեփականությունը»:
Հէկի տեղադրության, միջավայրի հետ ներդաշնակելու և շինանյութի ընտրության մասին նույնպես ձևակերպենք հայկական ճարտարապետության վերաբերյալ Սարյանի գրվածքներով.
«Պարզությամբ ու որոշակիությամբ հանճարեղ, կառուցվածքով ինքնօրինակ հայկական ճարտարապետությունը ասես լեռներում աճել բարձրացել է ժայռազանգվածներից և կատարելապես ձուլվել բնությանը… Հայաստանի հինավուրց կառույցները զարմանալիորեն, օրգանապես կապվում են բնապատկերի հետ: Ճարտարապետները կառուցում էին միայն տեղական քարից` տարբեր գույնի ու որակի: Լեռների գեղեցիկ կոնֆիգուրացիան մեծ ազդեցություն է թողել կառույցների ձևի վրա: Բազմաթիվ հուշարձանների ավերակները վկայում են, թե ինչ ճաշակով է ընտրվել տեղը, նյութը, ձևը` դարերի ընթացքում բյուրեղացնելով հայկական ոճը»:
Ինչ վերաբերում է ճարտարապետի նշած կառույցի ձևերին, ապա դրանց կիրառման հիմնավորումը կրկին ունի սարյանական մեկնաբանություն.
«Թամանյանը խորապես ուսումնասիրեց Հայաստանի դասական ճարտարապետությունը, մեր կոթողների համեստ, պարզ ու մոնումենտալ ձևերը և այդ ամենը ձուլեց իր ստեղծագործական քուրայում և սկսեց կառուցել իր հանճարեղ նախնիների նման ամուր, պարզ ու գեղեցիկ…»:
«Ամուր, պարզ ու գեղեցիկ» այս կառույցը, մի ժեռ հուշարձան դարձած, ինը տասնամյակ անց դեռ կանգնած է Հրազդանի ափին:[1]
- Պետրոսյան Դ., «Էներգետիկ հուշարձան», «Ճարտարապետություն և Շինարարություն» ամսագիր, հ. 6, Երևան, 2015, էջ 17
Թողնել մեկնաբանություն