+374 99 12 80 82 Երկուշաբթի - 19 Օգոստոս 2019

Էդուարդ Իսաբեկյանի արվեստը:


Էդուարդ Իսաբեկյանը 20-րդ դարի երկրորդ կեսի հայ կերպարվեստի վառ ներկայացուցիչներից է: Մեծ է նրա ներդրումն ու վաստակը հայ գեղանկարչության և գրաֆիկայի բնագավառում: Մեծանուն վարպետը ծնվել է 1914թ. նոյեմբերի 8-ին Իգդիրում, իսկ հետագայում տեղափոխվել Երևան: Մասնագիտական կրթությունը ստացել է Երևան «Գեղարդ»տեխնիկումում (1927-31թթ.), որտեղ նրան դասավանդել են Սեդրակ Առաքելյանը, Գոհար Ֆերմանյանը, Սուրեն Ստեփանյանը: Ուսումն ավարտելուց հետո տարբեր թերթերում աշխատել է որպես նկարիչ («Պիոներ կանչ»,«Ավանգարդ»,«Սովետական Հայաստան» և այլն): 1935-1941թթ. սովորել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայում,

Ինքնանկար, 1974, կտավ, յուղաներկ, 52x58

Էդուարդ Իսաբեկյան, Ինքնանկար, 1974, կտավ, յուղաներկ, 52×58

երեք տարի գրաֆիկայի բաժնում, իսկ երրորդ կուրսից տեղափոխվել է գեղանկարի բաժին (Մհեր Իսաբեկյանը գտնում է, որ երիտասարդ նկարչի կյանքում նման վճռական ընտրության համար էական դեր է խաղացել էքսկուրսիան դեպի Լենինգրադ, որտեղ ցնցվել է Դելակրուայի «Առյուծների որսից» և Ռուբենսի նկարներից, և Թիֆլիսի այցելությունները Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանին) [1, էջ17]: Պատերազմի տարիներին մի խումբ գրողների ու մշակույթի գործիչների հետ մեկնել է ռազմաճակատ` հայկական 89-րդ դիվիզիայի վերաբերյալ նյութեր հավաքելու և գեղանկարչական գործեր ստեղծելու նպատակով[2, էջ7]: Էդուարդ Իսաբեկյանը գեղարվեստական գործունեության ընթացքում եղել է Կերպարվեստագետների միության քարտուղար, դասավանդել է Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտում: Շուրջ 22 տարի Իսաբեկյանը եղել է Ազգային պատկերասրահի տնօրեն, տարբեր տարիներին ՀԱՊ-ի մասնաճյուղեր է բացել Ջերմուկում, Հրազդանում, Էջմիածնում, Ալավերդիում, Կիրովականում, Լենինականում, Մարտունիում, Եղեգնաձորում: Արվեստագետն արժանացել է բազմաթիվ մրցանակների և պատվոգրերի` Երևանի պատվավոր քաղաքացու, ՀՀ Ժողովրդական նկարչի կոչումներին, հայ առաքելական եկեղեցու «Սբ. Սահակ և Սբ. Մեսրոպ» շքանշանին և այլ պարգևների:

 Էդուարդ Իսաբեկյան,Ակսել Բակունց, 1960, կտավ, յուղաներկ, 137x102

Էդուարդ Իսաբեկյան,Ակսել Բակունց, 1960, կտավ, յուղաներկ, 137×102

Էդուարդ Իսաբեկյանը մասնակցել է բազմաթիվ համատեղ և անհատական ցուցահանդեսների Երևանում, Թբիլիսիում, Մոսկվայում, Փարիզում, Մոնրեալում, Բուխարեստում, Պրահայում, Բեյրութում, Հալեպում, Լենինգրադում, Քիշինևում և այլուր: Առանձնակի հետաքրքություն է ներկայացնում նկարչի գեղարվեստական ժառանգությունը: Տարբեր արվեստաբաններ զբաղվել են ժողովրդական նկարչի ստեղծագործությունների ուսումնասիրությամբ. նրան նվիրված մենագրություն-ալբոմ են հրատարակել Մարտին Միքայելյանը և Պողոս Հայթայանը, բազմաթիվ հոդվածներով հանդես են եկել Ա. Աղասյանը, Ռ. Դրամբյանը, Մ. Այվազյանը, Ա. Վարդանյանը, Վ. Հարությունյանը և ուրիշներ: Իսաբեկյանի արվեստի ամբողջական ուսումնասիրություն կարելի է համարել Մհեր Իսաբեկյանի ատենախոսությունը (ՙԷդուարդ Իսաբեկյանի գեղանկարչության ժանրային և ձևաոճական առանձնահատկությունները՚, Ե., 2003, ԳԱԱ Արվեստի ինստիտուտ): Վաստակավոր նկարիչը տարբեր նյութերի կիրառմամբ անդրադարձել է գեղանկարչության գրեթե բոլոր ժանրերին` պատմանկար, դիմանկար, բնանկար, կոմպոզիցիոն թեմատիկ պատկերներ: Նկարչի արվեստում կարող ենք տեսնել իրապաշտական, ռոմանտիկական և իմպրեսիոնիստական գծեր, որոնք միավորելով նկարիչը ստեղծել է իր յուրօրինակ արտահայտչալեզուն: Նրա աշխատանքները առանձնանում են լավատեսական տրամադրությամբ, գեղեցիկի ու դրականի ընդգծմամաբ: Արվեստագետի որոշ ստեղծագործություններում երևում է ռոմանտիկների, մասնավորապես Ժերիկոյի և Դելակրուայի ազդեցությունը:

Մորս դիմանկարը, 1944,կտավ, յուղաներկ, 88x71

Էդուարդ Իսաբեկյան,Մորս դիմանկարը, 1944,կտավ, յուղաներկ, 88×71

Հայ նկարչին գրավում էին նրանց կերտած դինամիկ հորինվածքները, մարդկանց ուժեղ և պայքարող բնավորությունները, լուսաստվերի յուրօրինակ խաղը, գույների լարված տեղաբաշխումը: Հարուստ ու բազմազան է Իսաբեկյանի գունապնակը, որի տարբեր երանգները հարստացնում են գծային ձևերը՝ ստեղծելով յուրօրինակ արտահայտչականություն: Իր կյանքի տարբեր շրջաններում գեղանկարիչը վրձնել է նուրբ գուներանգով և անմիջականությամբ աչքի ընկնող փայլուն աշխատանքներ, որոնք արտահայտում են նկարչի ներքին պահանջն ու գեղարվեստական սկզբունքը: Նա ժամանակ առ ժամանակ տարբեր տարիներին անդրադարձել է իր մեծ ու փոքր հարյուրավոր կտավներին՝ նոր շունչ ու հմայք հաղորդելով նրանց: Իսաբեկյանը իր ստեղծագործություններում տալիս է շարժում, գույների լարված տեղաբաշխում: Սկզբնական շրջանի աշխատանքներում գերակշռող են հաստ ու ընդգծված վրձնահարվածները, իսկ 1950-ականներից սկսած գիծը դառնում է ձևաստեղծման հիմնական միջոց և առավել հստակ է արտահայտվում կտավի մակերեսի վրա:

Էդուարդ Իսաբեկյան, Հարսանյաց երթ Կողբից Իգդիր, 1987, ստվարաթուղթ-յուղաներկ, 69×70

Էդուարդ Իսաբեկյանը առաջին հերթին պատմանկարիչ է: Նա գեղարվեստական վերարտադրություն է տվել անցյալի և իր ժամանակների տարբեր պատմական իրադարձություններին: Արվեստագետի՝ այս ժանրում արված կտավները լի են հերոսականությամբ, հայրենասիրությամբ, արտացոլում են հայ ժողովրդի ոգու անպարտելիությունը, սերունդների մեջ ներարկում հավատ ու լավատեսություն սեփական ուժերի նկատմամբ: Մեծանուն վարպետի լավագույն պատմանկարներից են «11-րդ բանակի մուտքը Երևան», «Պատասխան Հազկերտին», «Կարմիրները հայկական գյուղում», «Աշտիշատի ժողովը», «Տանյա» և այլն: Այս աշխատանքները մեծ մասամբ բազմաֆիգուր են, լի դինամիկայով ու գործողությունների բազմազանությամբ: Գեղանկարիչը սկբնական շրջանի գործերում ֆիգուրներն առավել ընդհանրացված են, վրձնահարվածները առավել շոշափելի, ինչպես «11-րդ բանակի մուտքը Երևան» (1940) կտավը: 1950-ականներից սկսած գեղանկարիչը առավել մանրամասն է մշակում կտավը, և չնայած կտավի բազմաֆիգուրությանը, յուրաքանչյուր կերպար առանձնանում է իր անհատականությամբ: Այսպիսի հատկանիշներով է աչքի ընկնում «Պատասխան Հազկերտին» (1960) ստեղծագործությունը: Նկարի վերևի հատվածում նկարիչը տալիս է մանրամասներ այն ճարտարապետական միջավայրի, որտեղ տեղի է ունենում գործողությունը: Հետաքրքիր լուծում է ստացել ներտարածքի լուսավորման խնդիրը կտավում. կապույտի տարբեր երանգների կիրառմամբ նկարիչը հորինվածքը ներկայացնում է կիսամութ տարածության մեջ: Կերպարներից յուրաքանչյուրն առանձնանում է իր դիրքով, դիմագծերի անհատական մշակմամբ:

Էդուարդ Իսաբեկյան, Հորովել-լեռնային վար, 1954, կտավ-յուղաներկ, 88×77

Իսաբեկյանը զբաղվել է նաև գրքի նկարազարդումներով: Նրա պատմանկարներին բնորոշ առանձնահատկություններն են կրում նաև Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանք», Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի», Սերո Խանզանդյանի«Մխիթար Սպարապետ», Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը»,«Ախթամար»[3, էջ117] և Մետաքսեի«Շամիրամի ողբը»[4, էջ4] և այլ գործերը: Էդուարդ Իսաբեկյանի արվեստում իր ուրույն տեղն ունի բնանկարը: Նկարիչը արտացոլում է հայրենի բնության տեսանելի գեղեցկությունը: Բնությունը կենդանի է, գործող ու շնչող: Նա սիրում էր պատկերել հայրենի բնության փոքրիկ ու գողտրիկ անկյունները, որոնք հասարակ մարդկանց կողմից չեն նկատվում, և դրանց կողքին հայկական «ամրակազմ» ժայռերը, վեհապանձ լեռներն ու բարձր սարերը: Իսաբեկյանի արվեստում բացառիկ արտահայտիչ աշխատանք է 1954թ. վրձնած «Հորովելը»: Լեռնային վար՚ կտավը: Պատկերն ունի վերընթաց դասավորություն, նրա գրեթե բոլոր մասերը գտնվում են անսովոր անհավասարակշռության մեջ, բայց միևնույն ժամանակ միավորված են ձևերի, ծավալների և վրձնահարվածների հետաքրքիր ռիթմով և միասին ասես տալիս են Հայաստանի հավաքական, ընդհանրացված կերպարը:

Բնությունը յուրահատուկ դեր ունի նաև Իսաբեկյանի թեմատիկ-կոմպոզիցիոն աշխատանքներում: Այն սոսկ միջավայր չէ, այլ իր գունային և հորինվածքային լուծումներով լրացնում է կոմպոզիցիայի բովանդակությունը: Բնության ուղեկցությամբ են տեղի ունենում լողացող և հանգստացող կանանց պատկերող տեսարանները, թեմատիկ տարբեր պատկերների գործողությունները ( «Հարսանյաց երթ Կողբից Իգդիր» 1987թ.): 1960-80ական թթ. արված, իրենց բնույթով կամերային մի շարք տեսարաններ ներկայացնում են բնության և մարդու կերպարների լիակատար ներդաշնակություն, ռոմանտիկ լույսով ողողված և խորհրդավոր մեկնաբանմամբ գողտրիկ

Էդուարդ Իսաբեկյան,Պիկնիկ,
1984, կտավ, յուղաներկ, 60×70

Էդուարդ Իսաբեկյան,11-րդ բանակի մուտքը Երևան, 1940, կտավ-յուղաներկ, 44×52

տեսարաններ («Պիկնիկ»1984): Բնապատկերները յուրահատուկ դինամիկություն են ստանում «Անհանգիստ ձիերեշարքի աշխատանքներում:

 Կենդանիներն այստեղ ներկայացված են տարբեր իրավիճակներում, կտրուկ շարժումներով, նրանց պատկերներն առանձնանում են կենդանի արտահայտությամբ և պլաստիկայով («Արաքսի ափին» 1991): Գեղանկարչի ստեղծագործական ժառանգության յուրօրինակ էջերից են նրա դիմանկարչական աշխատանքները: Նկարիչը ստեղծագործական տարիների ընթացքում կերտել է իր հարազատների («Մորս դիմանկարը»), իրեն ծանոթ մարդկանց («Մարտունեցի ծերունին»), իր ժամանակակիցների և հայտնի անձանց դիմանկարները: Կերպարների մեծ մասի դիմագծերը ստեղծել է հիշողությամբ, մի մասինն էլ` հիմք ունենալով պահպանված լուսանկարները: Իր հերոսներին ներկայացնում է տարբեր դիրքերով, տարբեր միջավայրներում ու տարբեր տարիքներում:

 Հոգեհանգիստ Իգդիրում, 1999, կտավ, յուղաներկ

Էդուարդ Իսաբեկյան, Հոգեհանգիստ Իգդիրում, 1999, կտավ, յուղաներկ

Իսաբեկյանը, հերքելով կերպարային չափազանցվածությունը, հիմնական շեշտը դրել է մարդկանց ներքին, հոգեբանական կողմի արտահայտման վրա, ձգտել որսալ իր բնորդների հատկանշական գծերը: Դրան նպաստել է նաև ընտրված գունային գամման: Այդ գործերում առկա է դիտողի հետ ներքին կապը:«Մորս դիմանկարը» (1944) կտավը համարվում է հայ ազգային իրապաշտական դիմանկարի լավագույն աշխատանքներից մեկը [5, էջ 6]: Դիմանկարը գթասիրտ, քնքուշ, զավակների հոգսերով ապրող հայ կնոջ ընդհանրացված կերպարն է: Պատկերն առանձնանում է իր պարզությամբ և անմիջականությամբ, ինչին նպաստում է նաև համեստ գուներանգը` մոխրագույնի, շագանակագույնի, մուգ կապույտի և նրանց երանգների համադրմամբ: Արվեստաբան Մ. Միքայելյանը իր հոդվածներից մեկում նշում է, որ նկարչի մոր այս դիմանկարն իր ուրույն տեղն ու նշանակությունն ունի պատերազմի ընթացքում ստեղծված գեղանկարչական գործերի մեջ, քանզի մոր կերպարում կա և′ պատերազմի արհավիրք, և′ ժողովրդի ճակատագիր[6, էջ35]:

 Արաքսի ափին, 1991, ստվարաթուղթ, յուղաներկ, 50x70

Էդուարդ Իսաբեկյան, Արաքսի ափին, 1991, ստվարաթուղթ, յուղաներկ, 50×70

Հայ մեծերին նվիրված իր գործերում Իսաբեկյանը կիրառում է բնանկարի և դիմանկարի համադրման սկզբունքը. բնանկարի միջոցով առավել ամբողջական ու խոսուն է դարձնում հերոսների կերպաները:Սրան նպաստում են նաև նկարչի ընտրած գույները: Այսպիսին են Խաչատուր Աբովյանի, Ակսել Բակունցի, Դերենիկ Դեմերճյանի և հայկական մշակույթի այլ կարկառուն ներկայացուցիչների դիմանկարները («Ակսել Բակունց» 1960): Վաստակավոր գեղանկարչի դիմանկարչական ժառանգության անբաժանելի մասն են կազմում նրա ինքնադիմանկարները` վաղ երիտասարդությունից մինչև խոր ծերություն: Արվեստագետն իրեն ներկայացնում է մերթ բնանկարի համադրությամբ, մերթ արվեստանոցում կամ պարզապես որևէ գունային խորքի վրա: Ինքնադիմանկարներն առանձնանում են խորքից դեպի դիտողը նայող կամ խոնարհած աչքերի արտահայտությամբ, որոնք ավելի են ընդգծում նկարչի բնավորությունը, կամքը: Յուրաքանչյուր շրջանի ինքնադիմանկար արտահայտում է կյանքի ընթացքում նկարչի անցած ուղին, մտածմունքներն ու ապրած դժվարությունները («Ինքնանկար»1964, «Ինքնանկար» 1974 և այլն):

 Էդուարդ Իսաբեկյան, Արփենիկ Նալբանդյան,  1949, մատիտ, թուղթ

Էդուարդ Իսաբեկյան, Արփենիկ Նալբանդյան,
1949, մատիտ, թուղթ

Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում «Հոգեհանգիստ Իգդիրում» խմբակային դիմանկարը (1994), որը թեև անավարտ է, բայց գաղափարական առումով հստակ և ամբողջական: Այս մեծադիր կտավում հիմնական շեշտը դրված է կերպարի նմանությանը: Ներկայացված են ոչ միայն իգդիրցի, այլ նաև գերդաստանի հետ բարեկամական կապ ունեցող անձինք: Նկարիչը ներկայացրել է տարբեր տարիքի կերպարներ՝ շեշտելով նաև սերնդափոխությունը: Նկարի ստորին մասում հորիզոնական ուրվագծումով առանձնանում է հարթ հողաթումբը, վրան` երեք ճերմակ աղավնի: Հողաթումբը հստակ պատկանելիություն չունի, մատնանշում է մարդկային կյանքի անխուսաթելի ավարտն ու ժամանակի անցողիկությունը: Խմբակային դիմանկար ներկայացնող այս մեծադիր կտավում պատկերված է քառասունհինգ անձ: Նկարի խորքում բիբլիական Արարատի վեհափառ գագաթն է և եկեղեցի` կոթողային և ընդհանրացված թեթևությամբ: Կարծում ենք այս պատկերները խորհրդանշում են ողջ Հայոց աշխարհը: Մեծադիր աշխատանքի անավարտությունը կարելի է խորհրդանշական համարել, քանզի ընտանիքի, տոհմի, ազգի պատմությունը շարունակելի և անվերջանալի է: Բազմաթիվ են նկարչի կնոջ՝ նկարչուհի Արփենիկ Նալբանդյանին նվիրված գեղանկարչական և գրաֆիկական դիմանկարները: Տիկին Արփենիկի ոչ մի դիմանկար մյուսին չի կրկնում, դրանք Իսաբեկյանի ինքնադիմանկարների նման կյանքի տարբեր շրջանների հոգեվիճակ են արտահայտում (օր. 1949): Գծի պլաստիկությամբ, շարժումների բարդ ու դինամիկ փոխակերպումներով, կերպարների հավաստիությամբ են առանձնանում Էդուարդ Իսաբեկյանի տարբեր ժանրերում արված գրաֆիկական ստեղծագործությունները: Այստեղ գծանկարիչը ուղիղ և շեղ գծերի միջոցով հասել է հորինվածքի ինքնատիպ արտահայտչականության: Դիմանկարչական գծանկարներում հիմնականում մշակված են դեմքերը, իսկ հագուստի հատվածներն ուղղակի ուրվագծված են:

Պատասխան Հազկերտին,1960, կտավ-յուղաներկ, 290X280

Էդուարդ Իսաբեկյան, Պատասխան Հազկերտին, 1960, կտավ-յուղաներկ, 290X280

Բացի գեղանկարչական գործունեությունից Իսաբեկյանն ունի նաև գրական ստեղծագործություններ, բազմաթիվ հոդվածներ ու քննադատություններ նկարիչների, գրողների, արվեստաբանների, հասարակական այս կամ այն երևույթի մասին: 1988թ.-ին հրատարակել է«Իգդիր» գիրքը [7]: Այս տարիներին տեսողության վատթարացման պատճառով նա չի կարողացել զբաղվել նկարչությամբ, բայց իր մտքերն ու ապրումները, կրքերն ու հույզերն արտահայտելու համար վրձնի փոխարեն օգտագործել է գրիչը: Աստղիկ Ստամբուլցյանը գրում է. «Նա, ով կարդացել է մեծ վարպետի «Իգդիր» վեպը, չի կարող չվկայել, որ նրա գրիչը նույնքան կրքոտ ու զգայուն է, որքան վրձինն ու մատիտը »[8, էջ4]: Էդուարդ Իսաբեկյանի թողած ստեղծագործական ժառանգությունը հայ արվեստի պատմության ինքնատիպ էջերից է: Իսաբեկյանի նկարիչ-անհատականության կայացման գործում կարևորագույն դեր է խաղացել ինչպես եվրոպական, այնպես էլ հայ ժողովրդի ազգային արվեստի ավանդույթների իմացությունը: Հավատարիմ մնալով դասական արվեստի սկզբունքներին՝ արվեստագետը ստեղծել է իր ուրույն ձեռագիրը: Նրա նկարներում շունչ ու կյանք են ստանում ոչ միայն մարդիկ, այլև բնության տարրերը, առարկաները, ինտերիերը, ճարտարապետական բեկորները: Մեծանուն վարպետը մահացել է 2007թ. օգոստոսի 17-ին: Նրա մարմինն այժմ հանգչում է Երևանի Կոմիտասի անվան Պանթեոնում: Իր ստեղծագործական կյանքի ընթացքում տարբեր տարիներին աշխատելով տարբեր ժանրերում, արժանանալով տարբեր կոչումների և պարգևների` տաղանդավոր գեղանկարիչը վաստակել է իր արվեստի ամենաարժանի պարգևը` իր հարազատ ժողովրդի բարձր գնահատականը:

Գրականություն

1.Իսաբեկյան Մ., Էդուարդ Իսաբեկյանի գեղանկարչության ձևաոճական առանձնահատկությունները, Տարեգիրք, Գիտական աշխատությունների ժողովածու, «ԵՊՀ հրատարատարակչություն», Ե., 2004, ԳՊԱ

2.Խմբագրական, Էդուարդ Իսաբեկյան, «Կրթություն» թերթ, Ե., 2007, N 38, 29 սեպտեմբերի

3. Աղասյան Ա., Հայ կերպարվեստի զարգացման ուղիները XIX-XX դդ., «Ոսկան Երևանցի հրատարակչություն», Ե., 2009

4.Էդուարդ Իսաբեկյան, Պիտի չուզէի պատկանել որեւէ այլ ազգի, «Ազատ օր» թերթ, Աթենք, 2004, 4 նոյեմբերի, N 18017

5. Հայթայան Պ., Էդուարդ Իսաբեկյան, «Սովետական գրող հրատարակչություն», Ե., 1985

6. Միքայելյան Մ., Նկարչի վերլուծական տաղանդը, «Սովետական արվեստ» հանդես, Ե., 1985, N 7

7. Էդուարդ Իսաբեկյանի «Իգդիր» վեպը նկարազարդել է գրքի գրաֆիկայի մեծանուն վարպետ Հենրիկ Մամյանը:

8. Ստամբուլցյան Ա., Ծովը կանչում է…Առինքնող և անկրկնելի վարպետը, «Քրիստոնյա Հայաստան» հանդես, Էջմիածին, 2007, N 16, օգոստոս

Այլ գրականություն Էդուարդ Իսաբեկյանի մասին

1. Աղասյան Ա., Հայ կերպարվեստի զարգացման ուղիները XIX-XX դդ., «Ոսկան Երևանցի հրատարակչություն», Ե., 2009;

2. Այվազյան Մ., Էդուարդ Իսաբեկյանի ստեղծագործությունների ցուցահանդես, ՙՍովետական Հայաստան՚ հանդես, Ե., 1965, N 9, էջ 16-18;

3. Այվազյան Մ., Ռոմանտիկ, հերոսական, «Երեկոյան Երևան» թերթ, Ե., 1977, 27 մայիսի, N 124, էջ 3;

4. Դրամբյան Ռ., Էդուարդ Իսաբեկյան, Կատալոգ, Ե., 1947;

5. Դրամբյան Ռ., Նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի պատկերահանդեսում, «Սովետական Հայաստան» հանդես, Ե., 1947, N 10, էջ 36-37;

6. Էդուարդ Իսաբեկյան-90, «Կերպարվեստ»՚հանդես, Ե., 2004, N 5, էջ 11;

7. Իսաբեկյան Մ., Բնանկարը Էդուարդ Իսաբեկյանի գեղանկարչության մեջ, «Գարուն» հանդես, Ե., 2003, N 6, էջ 92-96;

8. Իսաբեկյան Մ., Էդուարդ Իսաբեկյանի գեղանկարչության ձևաոճական առանձնահատկությունները, Տարեգիրք, Գիտական աշխատությունների ժողովածու, «ԵՊՀ հրատարակչություն», Ե., 2004, (ԳՊԱ) էջ 16-25;

9. Խանզանդյան Ս., Մեր կերպարվեստի վարպետը, «Սովետական Հայաստան» հանդես, Ե., 1984, N 11, էջ 17-19;

10. Խանջյան Գ., Գիրքը և նկարիչը, «Սովետական արվեստ» հանդես, Ե., 1959, N 8;

11. Հայթայան Պ., Էդուարդ Իսաբեկյան, «Սովետական գրող» հրատարակչություն, Ե., 1985;

12. Հարությունյան Վ., Արդիականն ու հայիցին, «Գրական թերթ» թերթ, Ե., 1967, 18 օգոստոսի;

13. Հարությունյան Վ., Էդուարդ Իսաբեկյան, «Անի» հանդես, Բեյրութ, 1951, N 10, էջ 580-582;

14. Հովհաննիսյան Ռ., Էդուարդ Իսաբեկյանի կտավները, «Սովետական արվեստ» հանդես, Ե., 1965, N 8, էջ 36-43;

15. Միքայելյան Մ., Էդուարդ Իսաբեկյան, «Անահիտ հրատարակչություն», Ե., 2004;

16. Միքայելյան Մ., Նկարչի վերլուծական տաղանդը, «Սովետական արվեստ» հանդես, Ե., 1985, N 7, էջ 30-37;

17. Նկարչի հետ իր արվեստանոցում, «Սովետական արվեստ» հանդես, Ե., 1973, N 7, էջ 1-17;

18. Պարսամյան Ռ., Էդուարդ Իսաբեկյան, «Սովետական Հայաստան» հանդես, Ե., 1964, N 5, էջ 22-24; 19. Վարդանյան Ա., Էդուարդ Իսաբեկյան,«Սովետական Հայաստան» հանդես, Ե., 1975, N 1, էջ 16-18; 20. Վարդանյան Ա., Հայրենասիրությամբ շնչող արվեստ, «Հայրենիքի ձայն» թերթ, Ե., 1965, N 2, 8 հուլիսի, էջ 7; 21. Ստեփանյան Ս., Էդուարդ Իսաբեկլյանի անհատական ցուցահանդեսը, «Սովետական գրականություն և արվեստ» հանդես, Ե., 1947, N 10, էջ 106-109:


Տեսադարան. Տեսանյութ «Նկարիչը Էդուարդ Իսաբեկյան»



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով