+374 99 12 80 82 Երեքշաբթի - 10 Դեկտեմբեր 2024

Հին Երևանի նշանավոր բնակիչները | 10 փաստ Երևանի մասին | Ֆոտոշարք


The-citizens-of-old-Yerevan

Երևանի տոհմիկ ազնվական ընտանիքներից մեկը՝ Պողոսյանների ընտանիքը:

«Լեոն» լուսանկարչատուն, Երևան, 1908թ.

Երևան քաղաքի պատմության թանգարանի հավաքածու

Արևելյան Հայաստանում գործունեություն ծավալած ամենահին լուսանկարչատներից մեկը համարվում է «Լեոն»-ը: Թիֆլիսում գործող այդ լուսանկարչատունը ամեն տարի եկել է Երևան և լուսանկարել ցանկացողներին:

The-citizens-of-old-Yerevan-001

Երևանցի աղջիկ՝ հարսանեկան հագուստով:

Անհայտ լուսանկարիչ, 20-րդ դարի սկիզբ

Երևան քաղաքի պատմության թանգարանի հավաքածու

Երևանյան հարսը հագել է մետաքսյա, փղոսկրեգույն, ծաղկանախշերով կտորից զգեստ կրկնակի թևերով: Դրա հետ կրել է փղոսկրեգույն բուսանախշ կրծկալ և գոտի-գոգնոց, սպիտակ ժանեկազարդ գլխաշոր-քող, սպիտակ գուլպաներ և ասեղնագործ ոտնամաններ:  Հարսնացուն ճակատին ու պարանոցին կրել է ոսկե դրամաշար, գարու հատիկաձև խոշոր ուլունքներ, ոսկե շղթայի վրա անցկացված նշաձև զարդեր:

The-citizens-of-old-Yerevan-002

Գ. Գյուլբենկյանի կինը՝ Նվարդ Եսայանը

Լուսանկարը՝ Դ. Երմակովի, Երևան, 1870թ.

Երևան քաղաքի պատմության թանգարանի հավաքածու

Երևանաբնակ պորտուգալահայ գործարար և բարեգործ Գյուլբենկյանները  մեծ դեր են ունեցել Միջին Արևելքի նավթի պաշարները Արևմուտքի շահագործման հասանելի դարձնելու մեջ։

The-citizens-of-old-Yerevan-003

Սբ. Հռիփսիմեի անվան իգական գիմնազիայի շրջանավարտ Հայկուհի Մելիք-Փարսադանյանը:

Լուսանկարը՝ Պ. Ֆանկևիչի, Թիֆլիդ, 1909թ.

Երևան քաղաքի պատմության թանգարանի հավաքածու

Հռիփսիմյան իգական գիմնազիա, հիմնվել է 1850-ին, Երևանում, Կովկասի Ս. Նինայի անվան կանանց բարեգործական ընկերության Երևանի վարչության միջոցներով։ Սկզբում կոչվել է Հռիփսիմյան օրիորդաց վարժարան, 1884-ին դարձել օրիորդաց պրոգիմնազիա, 1898-ին՝ իգական գիմնազիա։ Ենթարկվել է պետական դպրոցական իշխանություններին և գործել պետական ծրագրերով1866-ին բացվել է նախապատրաստական դասարան, ավելացել են նոր առարկաներ: 1904-ին բացվել է նաև ութերորդ լրացուցիչ դասարան: 1917-ին Հռիփսիմյան իգական գիմնազիայում սովորել է 526 աշակերտ, որից հայեր՝ 352։ 1918-ին ազգայնացվել է, դարձել հայկական օրիորդաց գիմնազիա, դասավանդումը՝ հայերեն, կարևորվել են հայագիտական առարկաները։ 1921-ից վերակառուցվել է երկրորդ աստիճանի երկսեռ դպրոցի, 1925-ից կրել Ա. Մյասնիկյանի անունը։

The-citizens-of-old-Yerevan-004

Հակոբ և Շամիրամ Խորասանյանները:

Լուսանկարը՝ Փեշտմալճյանի, 19-րդ դար

Երևան քաղաքի պատմության թանգարանի հավաքածու

Հակոբ Խորասայանը Երևանում հայտնի վաճառական էր: Նրա երկհարկանի հոյակապ շենքն Աստաֆյան (ներկայիս Աբովյան) փողոցում էր։ Շենքի նկուղային հարկում պահեստներն էին՝ լեփ-լեցուն կտորեղենի թոփերով ու կապոցներով, մետաղյա ապրանքներով։ Շենքի երկրորդ հարկում ապրում էին տանտերերը։ Առանձին շքեղ հարկաբաժին կար հյուրերի համար։ Այդտեղ, փաստորեն, հին Երևանի առաջին հյուրանոցներից մեկն էր, եթե հաշվի չառնենք պարսից տիրապետության ժամանակներից մնացած քարվանսարայները։ Հակոբի կինը՝ Շամիրամը, Մամիկոնյան տոհմից էր։

The-citizens-of-old-Yerevan-005

Ալեքսանդր Հասան-Ջալալյանը քրոջ հետ:

Լուսանկարը՝ Մ.Դադյանցի, Երևան, 20-րդ դարի սկիզբ

Երևան քաղաքի պատմության թանգարանի հավաքածու

Ալեքսանդր Հասան-Ջալալյանը Երևանի նշանավոր իրավաբաններից էր: Նա հանրահայտ տոհմի հետնորդ էր: Հասան-Ջալալյանների տիրույթները հիմնականում տարածվել են Թարթառ ու Խաչեն գետերի միջին հոսանքներում: Խոխանաբերդը, Դարպասները, Կաչաղակաբերդը, Վանքաշեն ավանը իշխանանիստ բերդերն ու ամրոցներն էին, հոգևոր կենտրոնները՝ Գանձասարը, Մեծառանից Սբ. Հակոբոս վանքը, Հուրեկը, Ջրվշտիկը, ուշ միջնադարում նաև՝ Երիցմակունքը:

The-citizens-of-old-Yerevan-006

Ներսես և Ջավահիր Թաիրյանները.

Անհայտ լուսանկարիչ, 19-րդ դար.

Երևան քաղաքի պատմության թանգարանի հավաքածու

1870 -ականների սկզբին Թաիրյանը հողատարածքներ է գնում երևանաբնակ Հայրապետ և Նահապետ Տեր-Հովակիմյաններից Երևանի բերդում և նրան հարող տեղանքում, տնկում է այնտեղ խաղողի այգիներ և 1874 թվականին հիմնում գինու, օղու և դոշաբի արտադրության գործարան: Այն Երևանի նահանգում առաջին մասնագիտացված և կատարելագործված արտադրությունով գործարանն է հանդիսացել:  1887 թվականին Թաիրյանի գործարանը սկսում է արտադրել կոնյակ, որն իր յուրահատուկ բուրմունքի և համային հատկանիշների շնորհիվ շուտով համբավ է ձեռք բերում:  1892 թվականին Թաիրյանը գլխավոր տեխնոլոգի պաշտոնում գործարան է հրավիրում երիտասարդ և խոստումնալից մասնագետ, Մոնպելիեի գինեգործության ակադեմիան (Ֆրանսիա) ավարտած, ծնունդով երևանցի Մկրտիչ Մուսինյանին, որն էլ արդեն կարողանում է ամենաբարձր չափանիշների հասցնել կոնյակի արտադրությունը Թաիրյանի գործարանում:

The-citizens-of-old-Yerevan-007

Հայ նշանավոր վաճառական Լալաևը

Լուսանկարը՝ Դ. Երմակովի, Երևան, 1880-ական թթ.

Երևան քաղաքի պատմության թանգարանի հավաքածու

Հին Երևանում նշանավոր իշխանական տոհմերի և հայտնի եկեղեցական գործիչների պես առանձին դաս էին վաճառականները: Բաժանվում էին վեց դասի. բազազներ՝ Եվրոպայից ներմուծած ոսկե զարդերի առուծախ, աթթարներ՝ տեղական ապրանքի առք ու վաճառք, ալաֆաներ՝ իրացնում էին գյուղական մթերքը, բախկալներ՝ մրգավաճառություն և դուքանչիներ (միկիտաններ): Ամենահարգվածն ու նշանավորը բազազներն էին, որոնք հիմնականում կտորեղեն (ճոթեղեն) և գործվածք էին վաճառում։ Նրանք ապրանքը ներմուծում էին հիմնականում Մոսկվայից, Նիժնի Նովգորոդից։ Հաճախ էլ անցնում էին՝ Վարշավա, Վիեննա։ Այս վաճառականները խանութների շարք ունեին քաղաքի կենտրոնում՝ Շահարում, Աստաֆյան փողոցում, Ղանթարում, Բերդի փողոցում և մինչև Բերդի հրապարակ հասնող երկհարկանի շենքում։ Դա, փաստորեն, Անգլիական այգին եզրափակող շինությունների շարք էր…

The-citizens-of-old-Yerevan-008

Ամուսնական զույգ Երևանցու ավանդական տարազով

լուսանկարը՝ Դ. Երմակովի, Երևան, 20-րդ դարի սկիզբ

Երևան քաղաքի պատմության թանգարանի հավաքածու

Հարուստ Երևանցի կնոջ տարազը տարբերվում էր ժողովրդական տարազից: Այն իրենից ենթադրում էր կիսամուշտակ, մեջքին կապած ծաղկանկար ժապավեն՝ թիֆլիսահայ տիկինների նմանությամբ:

The-citizens-of-old-Yerevan-009

Երևանի Արական գիմնազիայի շրջանավարտները

Լուսանկարը՝ Ա. Տեր-Արիստակեսյանի, «Մոսկվա» լուսանկարչատուն, Երևան, 1907թ.

Երևան քաղաքի պատմության թանգարանի հավաքածու

1832 թվականին Երևանում հիմնադրվել է Արական գիմնազիայի գրադարանը, որի 18.000 միավոր հավաքածուի հիման վրա կազմավորվել է Հայաստանի ազգային գրադարանը և այժմ էլ տեղակայված է նույն շենքում՝ Տերյան 72 հասցեում:

Շարունակելի …


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով