+374 99 12 80 82 Հինգշաբթի - 28 Մարտ 2024

ՇՔԱՄՈՒՏՔ


The-portal«Հիշելով անցյալը՝ ապրենք ներկայով և մտածենք ապագայի մասին»:

Մեր կյանքի յուրաքանչյուր պահը անկախ մեր կամքից անքակտելիորեն կապված է մեր անցյալին: Այս անհերքելի փաստն իր գեղարվեստական արտացոլումն է գտել Լուսինե Ս արգսյանի  «Շքամուտք» ֆիլմում:

Ֆիլմը ներկայացնում է միևնույն շքամուտքում ապրող հինգ ընտանիքների, որոնցից երեքի կյանքի դրվագը տեղի է ունենում 1990-ականներին, իսկ երկուսինը՝ մեր օրերում, բայց խորապես կապված 90-ականների հետ: Այս ֆիլմում վեր են հանված 90-ականներին հայ ժողովրդի ունեցած խնդիրները և դրանցից բխող հետևանքները՝ մարդու ձեռքով գրված սցենար, որ կրում է իրական կյանքի անդառնալի կնիքը: Ֆիլմում ռեժիսորը կանացի նրբանկատությամբ և ջերմությամբ ցույց է տալիս ընտանեկան իրավիճակներ, մարդկային ճակատագրեր, վեր է հանում կենցաղային առօրյա խնդիրներ, որոնք գեղարվեստորեն է ներկայացրում հանդիսատեսին: Կենցաղային հարցերը մեզ շրջապատում են ամենուր, իսկ արվեստում ընդհանրապես, լինի գեղանկարչություն, քանդակ, ֆիլմ, բավականին բարդ է կենցաղայինն այնպես ներկայացնել, որպեսզի այն ոչ միայն չհոգնեցնի հանդիսատեսին, այլ ավելին՝ յուրաքանչյուրը փորձի ներկայացված իրավիճակներում տեսնել իրեն, իր շրջապատին, իր խնդիրները, լուծումներ փնտրի, իր համար հետևություններ անի՝ մտածելով հետագա անելիքների մասին: Այս ֆիլմը հենց այդպիսին է:

«Շքամուտք» կինոնկարում ներկայացված են իրավիճակներ ու պատմություններ, որոնք մեր օրերում էլ արդիական են: Ցավոք այսօր էլ կան հոռետեսներ, շահամոլ ընկերներ, սահմաններում զոհվող եղբայրներ ու որդիներ, անտարբեր բժիշկներ, մարդկանց ներքինն աղավաղելու և իրենց «ճիշտը» քարոզելու տենդով տառապող աղանդավորներ, և դրանց կողքին` ընկերներին նվիրված, իրենց գնահատող, լավատես ու հայրենասեր, ներքին լույս ու հավատ ունեցող անհատներ, որոնց հիմքի վրա է պահվում մեր երկիրը, որոնց կերպարները հույս են ներշնչում ապագայի նկատմամբ  և թույլ չեն տալիս պարտություն կրել: Ուրախալի է, որ այս ֆիլմում նման կերպարները գերակշռող էին:

The-portal-001Հեղինակները վարպետորեն պահել էին կապը անցյալի հետ: Բավականին հետաքրքիր և կարելի է ասել սիմետրիկ են կազմակերպված հաջորդական կադրերը, սինվոլիկ անցումերը մի ընտանիքի պատմությունից մյուսին, ինչպես դռան թակոցը, շտապ օգնության մեքենայի ձայնը, որն ասես պահում է ֆիլմի հատկապես առաջին և վերջին հատվածների միջև հավասարակշռությունը: Այդ ձայնով է սկսում անցյալը և այդ ձայնով է ազդարարվում գալիք, որ խոստանում է պայծառ և լուսավոր, վերածնունդ ապրող ապագա:  Ֆիլմում բոլոր դերակատարներն էլ առանձնանում էին իրենց կարևորությամբ, չկան երկրորդական դերեր, քանզի եթե դերը երկրորդական և ոչ անհրաժեշտ լիներ, պարզապես չէր լինի:

Ֆիլմի ողջ ընթացքում պահվում է լավատեսության զգացողությունը: Բացասականը ճնշվում է, նույնիսկ այն պահերին, երբ կա լարվածություն, անհանգստություն, որ կանխատեսում է տեսարանի մինոռային ավարտ, միևնույն է որևէ անսպասելի և հետաքրքիր լուծումով հեղինակը առաջնային է դարձնում լավատեսականը: Այդպիսինն էին վատառողջ տատիկի տեսարանը, ով անգիտակից վիճակում հանկարծ աչքերը բացում է՝ հիշելով, որ իր սերիալի ժամն է, երրորդ տեսարանը, որում հերոսը իր ընկերոջ գողացված կոստյումի պատճառով կարող էր բանտ ընկնել, բայց ոստիկնանները տեսնելով նրա վերաբերմունքը իր ընկերոջ և նրա հոր նկատմամբ, ընդառաջ են գնում նրան և վերադարձնում նույնիսկ գումարը, չորրորդ տեսարանը, որում հաշմանդամ հերոսի թողած հաղորդագրությունը գուժող էր թվում, բայց կնոջ ողջույնը դրական նոտայով է ավարտում տեսարանը:

«Շքամուտք» ֆիլմի կառուցվածքում կարծում եմ հենակետային են սերը և կնոջ կերպարը: Յուրաքանչյուր տեսարանում կան երկուսն էլ: Սիրո դրսևորման տարբեր ձևեր ենք տեսնում ընտանիքների պատմություններում, որի շուրջ ձևավորում է ողջ տեսարանը՝ 1-ին տեսարանում՝ Մարդասիրություն, 2-րդ-ում՝ Ինքնասիրություն, 3-րդ-ում՝ Ընկերասիրություն, 4-րդ-ում՝ Հայրենասիրություն, 5-րդ-ում՝ Սեր ու հավատ ապագայի նկատմամբ:

Բնութագրական այսպիսի կետերով կարելի է ներկայացնել նաև կնոջ կերպարը ֆիլմում, որին, ըստ իս, մեծ կարևորություն է տրված, նույնիսկ այնպիսի էպիզոդիկ դերով, ինչպիսին երրորդ դրվագում մոր կերպարն է: Կա կնոջ հոգեբանության ու վերաբերմունքի կարևորությունը յուրաքանչյուրի ընտանիքում: Կարելի է առանձնացնել  կանացի այն կարևոր հատկանիշները, որն առաջ է քաշել կին ռեժիսորը՝ 1-ին տեսարանում՝ Համբերատարություն, 2-րդ-ում՝ Ընտանիքի պահպանություն, 3-րդ-ում՝ Հյուրասիրություն, 4-րդ-ում՝ Հոգատարություն, 5-րդ-ում՝ Արարման առաքելություն:

Ֆիլմը վերջանում է նորածին մանական ճիչով, երեխայի ծնունդով, նոր կյանքով, նոր ասելիքով և վերածննդի գաղափարով:

The-portal-002Ֆիմլը հայկական է, կարելի է ասել ազգային ֆիլմ, ու միտում չունի ընդօրինակելու արտասահմանյանը:  Կարծում եմ մեր հանդիսատեսի համար այն հուզիչ  է, ուսուցողական և տպավորիչ: Մեր ժամանակներում պետք է դիտել ամեն ինչ, ծանոթ լինել ցանկացած տիպի արվեստի արտադրություններին և ընտրել այն ինչ հոգուն և ներաշխարհին մոտ է և ներդաշնակ: Այժմ շատ տարածում ստացած խաղարկային թեթև ֆիլմեր կան, որոնք ևս կարևոր են իրենց տեսակով, կտրում եմ ծանր առօրյայից, դրանք դիտում ենք, ծիծաղում և վերջ, չի մնում ոչինչ, չկան տողատակեր, չկա ասելիք, որոնք կարող ես հիշել հետո և մտածել դրա շուրջ: Դրանց կողքին կարևոր է հանրությանը ներկայացնել այնպիսի ֆիլմեր, ինչպես «Շքամուտք»-ն է, «Կիսալուսնի ծովածոցը», որտեղ մարդկային հարաբերույթունները, ընտանիքը դասվում են վեր գումարից, շահից ու փառքից, ընդհանրապես ամեն ինչից:

Ֆիլմում կա և՛ հումոր, և՛ դրա կողքին հոգեբանական հուզող իրականություն: Չկան մեր աչքին սովոր ֆիլմային սցենարները՝ անիրական և երանելի թվացող սիրային պատմություններ, դաժան ընտանեկան հարաբերույթյուններ, իրարից վրեժ լուծող, քենախնդիր ընկերներ, արյունալի տեսարաններ, ֆինանսական դժվարությունների հետևանքով կործանվող ընատինք ու թշնամի դարձած հարազատներ: Ամեն ինչ լինելով բացասականի կողքին, ավարտվում է դրական նոտայի վրա, որն էլ հենց այն յուրահատուկ ուղերձն է ֆիլմի: Կարծում եմ «Շքամուտք» ֆիլմը կենցաղային ժանրի լավագույն արտահայտություններից է, որ սովորեցնում է մարդուն մտածել իր առօրյայի, ապրելակերպի մասին, դրանց թերությունների ու դրական կողմերի մասին, հաստատուն լինել գաղափարների  ու ընտրած սկզբունքների մեջ և, ի վերջո, անկախ ամեն ինչից ապրել, պայքարել և արարել հայրենիքում:



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով