+374 99 12 80 82 Երկուշաբթի - 09 Դեկտեմբեր 2024

Սպասելով Դատարկությանը կամ կանացի վոկալի առանձնահատկությունների ու մաքուր սիրո մասին


– Որ չասեի կնկատեի՞ր, որ Տղա ա երգողը:

 Հերթական անգամ տարբեր մարդկանցից նույն բանը լսելուց հետո հստակ է դառնում մի բան՝ բոլորին դուր է գալիս այս խումբը ու ոչ միայն սիրուն երաժշտության պատճառով, այլ նաև որովհետև հնարավորություն է տալիս զարմացնելու դիմացինին:

 Զարմացնելու նուրբ, զգայական կանացի վոկալով, որը երգում էր կորստի, կարոտի մասին…բայց երգողը կին չի: Թեմաներ, որոնք հաճախ համարվել են կանացի ու… հոպ. պարզվում է երգողը «տղամարդ ա, Տղամարդ»: Անկեղծ հաճույքը, որը բոլորը վերապրում են դիմացինին վոկալիստի սեռով զարմացնելուց թույլ է տալիս մտածել, որ խմբի հիմնական «ֆիշկաներից» է վոկալիստի իդենտիկայի վրա հիմնված խաղը:

https://www.youtube.com/watch?v=R2LQdh42neg

 Պարանոցն ու Անդրոգինությունը


Cigarettes After Sex –ը ամերիկյան էմբիենթ փոփ ոճի մեջ ստեղծագործող խումբ է, որի դեբյուտային ալբոմը լույս է տեսել 2012-ին:

Cigarettes after Sex խմբի գործունեությունն ու խաղը կին-տղամարդ իդենտիկայի հետ միակը չի, որ վերջերս ուշադրության է արժանացել: Նմանատիպ մեկ այլ խումբ էլ կա, որի հետ Cigarettes after Sex-ը կիսում է ոչ միայն կանացի վոկալով զարմացնելու գործոնն, այլ նաև ալբոմի շատ նմանատիպ շապիկ:

Rhye-ը Կալիֆորնիական R&B դուետ է, որի մասնակիցներն են կանադացի  երգիչ Մայքլ Միլոշն ու դանիացի ինստրումենտալիստ Ռոբին Հաննիբալը: Նրանց դեբյուտային ալբոմը դուրս էր եկել օնլայն տարբերակով, առանց որևէ մանրամասնումների` խմբի անդամների վերաբերյալ, ինչի շնորհիվ համ հետաքրքրության առարկա էր դարձել համ էլ տարատեսակ «լեգենդների» առիթ տվել 2013 թվականին:

Երկու խմբերն էլ իրենց դեբյուտային ալբոմների համար ընտրել են շատ գրավիչ ու «կանացի» շեշտադրումներով լուսանկար, որտեղ ուշադրությունդ կենտրոնանում է մոդելի պարանոցի ու վզի վրա: Առաջին հայացքից շատ նուրբ ու կանացի այս լուսանկարում, ոչ մի կոնկրետ սեռական պատկանելության էլեմենտներ չկան, որոնք միանշանակ թույլ կտան մտածել, որ այդտեղ պատկերված է կին:

 «Կին» գտնելը այս կոնտեքստում խաղում է ընդամենը սպառողի, դիտողի ստերեոտիպային ընկալման հետ, որը միանգամից հարցադրվում է այն բանից հետո, երբ դիտողն իմանում է, որ ռեֆլեկտիվ, թաց, հուզական վոկալը կանացի չէ:  Եթե դա կանացի չէ, ապա այդ սիրուն, սեքսուալ պարանոցն էլ կարող է տղամարդու պատկանել…չէ՞:

Ալբոմների շապիկին տեղ գտած այս երկու սև-սպիտակ լուսանկարում առաջնային ուշադրությունը սևեռվում է պարանոցի վրա ու Ադամախնձորի առկայության կամ դրա բացակայության:

Մի կողմից սա զուտ կենսաբանական հղում է ձայնի փոփոխությանը, որովհետև

ադամախնձորի զարգացումը կապվում է սեռական ձևավորման ու անմիջականորեն ձայնի հաստացման հետ:

Սակայն միանշանակ ադամախնձոր անհնար է տեսնել, քանի որ երկու դեպքերում էլ լուսանկարն այնպիսի դիտակետերից է արված, որոնք չեն ընդգծում այդ հատվածը ու դրա լինել-չլինելը մնում է հարցականի տակ:

Մյուս կողմից տղամարդ վոկալիստի «անառնական» ձայնը ու ադամախնձորի, որպես տղամարդկության նշույլի բացակայությունը ու տղամարդ վոկալիստի ներկայությունը տանում է ավելի հեռու՝ դեպի երաժշտական հին, բայց երկար պատմություն ունեցող պրակտիկա:  Այս պրակտիկան ավելի շատ տեղ է գտել Իտալիայում և վերջապես արգելվել 1800-ականներին: Կաստրատների երգեցեղությունը նույնպես խաղում էր լսողի ձայնային ստերեոտիպային ընկալման հետ, սակայն այդ խաղի հիմքում բռնություն էր: Բռնի ենթարկել «հարմար» երիտասարդ տղաներին կաստրացիայի, որպեսզի բավարարել շուկայի պահանջը:

Ո՞րն էր շուկայի պահանջը Բուն ձայնի էսթետիկան էր պետք մարդկանց թե ձայնի ու ձայնի «աղբյուրի»՝ օբյեկտի միջև ընկած կոնտրաստի հետևանքով առաջացած զարմանքը? Միգուցե այն ժամանակվա շուկան էլ նորի պես ուզում էր միայն մեկ բան՝ զարմանալ: Հղելով այս, բարեհաջող ընդհատված ծեսին խմբերը հստակ ցույց են տալիս մեկ բան՝ ժամանակակից շուկան էլ հնի պես նույն պահանջներն ունի…ծառայել շուկայի պահանջներին՝ վնասելով քեզ թե ոչ. արդեն ընտրության հարց է: Ժամանակակից արտիստն ունի վերջապես այդ ընտրությունը, որը չի խանգարի նրան ստեղծագործել:

Մյուս կողմից ձայնային ընկալման խաբկանքը մեզ տանում է նաև  սեռականության խնդիրներին՝ ներկայացնելով սեռականությունը իբրև պատրանք ու խաղ, որը պետք է թեթև տանել, այլ ոչ թե մի բեռ, որը պետք է քաշել:


Ազատագրված Կարոտի զգացողությունը

 Waiting-for-emptiness-002

«հետս սիրով զբաղվիր…մեկ անգամ էլ…մինչև գնալդ» (make love to me, one more time, before you go away / Rhye, Fall ) լսվում է Rhye խմբի շատ զգացմունքային երգից: Մի կողմից երգի տոնայնությունն ու ռիթմը բավականին ակտիվ ու պոզիտիվ են ու ուժեղ հակադրվում են բառերի հետ, որտեղ կա կարոտ, ցանկություն, կորուստ ու ցանկությունն իրագործելու հույս:

Եթե երգի շրջանակներից դուրս գանք ու դիտարկենք ամբողջ ալբոմը, այն էլ երկու խմբերի, կարելի է ընդհանուր կետով բռնել ու ձգել Կարոտի ու Կորստի գիծը, որը տեղ-տեղ պոզիտիվ ու բարի է, տեղ-տեղ լրիվ հուսահատ:

Rhye «Woman»  ալբոմ

 Աշուն / The Fall /   Վերջին Պար/ Last Dance /  Սով/Hunger

 Cigarettes after Sex  Nothings`s Gonna hurt you babe /  Երազելով քո մասին/ Dreaming of You /   Շարունակում եմ քեզ սիրել/Keep on Loving You /   Վերջին Օրերը/ Last Days

Թեմաները տիպիկ են  «դասական կարոտող»-ի, նոստալգիկի համար, որը սպառողական մշակույթում սովորաբար կինն է: Հիշենք Վերմեերի պատուհանի մոտ նամակ կարդացող կանանց, կամ այլ նմանատիպ գործեր ու… ինչու չէ, մեր դիցաբանության տիպիկ անհույս սպասողներից՝ Ախթամարին: Թեմաները կարոտի,  տենչի, ցանկության մասին են:

 


 Վերմեեր – Նամակ Կարդացող կինը 

Աղջիկը նամակ կարդալիս պատուհանի մոտ


Vermeer-Johannes-Woman-reading-a-letter-ca-1662-1663

Johannes-Vermeer-Girl-Reading-a-Letter-by-an-Open-Window


Ցանկության մոտիվացիոն ասպեկտը վաղուց փիլիսոփաների ուսումնասիրման առարկա է եղել, ինչպես օրինակ անգլիացի Թոմաս Հոբբսի, ով համարում էր մարդկային ցանկությունը ողջ մարդկության գործողությունների ֆունդամենտալ մոտիվացիան:

Հոգեբանները հաճախ տարբերում են ցանկությունները էմոցիաներից: Ըստ նրանց, ցանկությունները ավելի մարմնական են, իսկ էմոցիաները՝ մենտալ: Այս տեսանկյունից ցանկությունները ավելի մոտ են ստամոքսի սովին, քան այլ որևէ բանին:

Մյուս հաճախ հանդիպող զգացցումը այս ալբոմներում դա կարոտն է ու օբյեկտի կորուստը:

Սաուդադ, Ալմեիդա Ժունիոր 1899

Խմբերի գործերը թույլ հիշեցնում են իրենց էսթետիկայով ֆրանսիացի երգչուհի Ֆրանսուա Արդիի գործերը: Հենց Cigarettes after Sex խմբի անդամներն իրենք բազմիցս նշել են, որ ազդված են նրա գործերից: Արդիին նույնպես բնորոշ էր տրագիզմից զերծ, առօրեականացված կորստի ու կարոտի թեման: 

«Նրա գործերը «խորապես միայնակ, ինչոր անապահովության զգացումով էին պատված: Դրանք ժամանակից դուրս էին  իրենց՝ մաքուր սեր գտնելու ունիվերսալ ցանկությամբ: Մի քիչ հնո՞տ է այս երաժշտությունը իր հնչողությամբ: Միգուցե, սենտիմենտա՞լ է: Դժվար» ( Cills, Hazel. “Review”. Pitchfork. 11 Feb.2016 )


 Սպասումը որպես «Հակասպառողական» սեր

Երկու խմբերն էլ խաղում են դասական «սպասողի» սեռական ընկալման հետ, հանելով սպասումը ու կորստի զգացումը  զուտ կանացի դաշտից ու դարձնում այն համընդհանուր:

Երկու խմբերի գործերում սպասումը՝ կորցնելով սեռական պատկանելությունը հասնում է աբսոլյուտի: Եթե սպասողը կնոջ վոկալով տղամարդ է, ու՞մ է նա սպասում: Կնոջ թե՞ տղամարդու: Այստեղ դա կարևոր չի…այսպես սպասումը դառնում է ավելի ազատագրված ու աբստրակտ: Կարոտն ու սպասումն այստեղ դառնում են մաքուր սիրո ակտ: Մաքուր, որովհետև սպասման մեջ բացակայում է նա ում սպասում են՝ Օբյեկտը:

Օբյեկտի բացակայությունը սպասողին զերծ է պահում Օբյեկտի օգտագործումից: Երբ սիրուց դուրս է գալիս օգտագործման մասը՝ սեռական ակտի, հպվելու, այն մաքրվում է “սպառման” վտանգից: Օբյեկտը, նրա հանդեպ հետաքրքրությունը ու նրա սպասումը չի սպառվի, քանի որ Օբյեկտը երբեք չի հայտնվի ու այդպես նրա հանդեպ հետաքրքրությունը կմնա հավերժ:

Այսպես աստիճանաբար կարոտը, սպասումը դառնում է ազատագրված ակտ, որն ինքնին կարևոր է ու այլևս չի պահանջում որևէ զարգացում կամ գործողություն:

Տենչալու հնարավորությունը, դուրս գալով իր կոնտեքստից «ուզում եմ-ստանում եմ» դառնում է շարունակական սպասման ակտ, որն իր բնույթով հակասպառողական է: Այլ կերպ կարող ենք ասել «Սպասված ապագա», կամ «ապագայի սպասում», որը լցնում է առօրեականության դատարկությունը ու դարձնում սպասված ապագայի կոնստրուկտը ներկայի տարբեր դիսկոմֆորտներին դիմանալու «միջոց»:

Սպասման պրոցեսսում ստացված հաճույքը կարելի է նմանեցնել նրան, ինչը ֆրանսիացի հոգեվերլուծաբան Ժակ Լականը կանվաներ  «jouissance»: Պարադոկսալ հաճույք, որը կարող է իր մեջ հավաքել հաճույքի ու ցավի ողջ սպեկտրը: «Jouissance»ի մեջ նաև կա սարսափի էլեմենտ, որը կապված է մահվան հրապուրման էրոտիկ ձգողականության հետ, ինչը հաճույքի կոնցեպտը մի փոքր ավելի է ընդլայնում:

Երբ սպասման միջից դուրս է գալիս կոնկրետությունը՝ սպասումը դառնում է աբստրակտ, ինքնանպատակ:  Դա կամաց-կամաց դառնում է ինքնաբավ՝ գործողություն առանց որևէ ակնկալիքի:

Աստիճանաբար սպասման ակտը վերածվում է Սպասողին ու Օբյեկտին կապող միակ օղակի:


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով