+374 99 12 80 82 Կիրակի - 22 Դեկտեմբեր 2024

Հոլանդիայի Սբ. Հոգի եկեղեցու պատկերաքանդակի քննությունը և զուգահեռները: Հեղինակ՝ Լիլիթ Կարապետյան


Ուշ միջնադարյան (16-18դդ)  հայ արվեստը, որի իրական սահմանները մինչ այժմ որոշարկված չէ, տվել է բազմաթիվ հուշարձաններ, որոնք ուսումասիրության համար հետաքրքրական են  ներքին և  արտաքին հարդարանքի տեսանկյունից: Որպես այդպիսին սույն դարաշրջանին հատկանշական է բազմազանությունը և հակասականությունը, ինչը պայմանավորված էր  տարբեր երկրներում գաղթօջախների առկայությամբ, որոնք  տեղական մշակութային ազդեցությունները փոխադրում էին ազգային մշակույթ:

Ուշ միջնադարյան հայ քանդակագործության աշխարհագրությունը Եվրոպայում հասնում է մինչև Հոլանդիա, թեև հայերն այստեղ հաստատվել են միայն 1605թ հետո: Մշակութային կյանքի առավել նշանակալի փաստ է 1714թ կառուցված Ամստերդամի հայկական գործող եկեղեցու առկայությունը: Վերջինս օծվել է 1715թ. Սբ. Հոգի անունով[1]: Բուն  եկեղեցուն հասնելու համար, հարկավոր է շենքի գլխավոր մուտքից մտել ներս . եկեղեցին գտնվում է աջ կողմում: Շենքի գլխավոր մուտքը աչքի է ընկնում իր արտաքին հարդարանքով: Մուտքի վերին հատվածում քանդակված է  գառան մարմարյա բարձրաքանդակ: Մի կողմում գրված է ANNO (թվական), իսկ մյուս կողմում 1714: Փոքր ինչ ներքև կա հայերեն արձանագրություն, որից մենք իմանում ենք, որ 1749թ եկեղեցու  քահանա  Հովհաննես վարդապետը վերանորոգման աշխատանքներ է իրականացրել, ի հիշատակ իր ծնողների[2]: Ըստ արձանագրության պարզ է դառնում, որ բարձրաքանդակը վերանորոգման արդյունք է: Հետաքրքրական է այն փաստը. որ շենքի գլխավոր մուտքի վերևում քանդակված գառը բռնել է խաչի նշանով ծոփքավոր դրոշակը (նկ.1): Ա. Սարուխանը նույն կերպ է բնութագրում. « Գառն Աստծոյ խաչանիշ դրօշակակիր»,[3] սակայն ոչ մի խոսք չի ասում այն պատվանդանի մասին, որին հենված է գառը: Հեղինակը գուցե  երկրորդական դետալ է համարել հորինվածքում և ուշադրության չի արժանացրել:

Holland-Church-of-St.Spirit-002

Նկար 1
Ամստերդամի Սբ. Հոգի եկեղեցի

Գառան բարձրաքանդակը գտնվում է տերևազարդով ոճավորված շրջանակի կենտրոնում  , որը պատկերաքանդակն ամբողջությամբ համահունչ է դարձնում մուտքի մյուս զարդատարրերի հետ: Պատկերաքանդակի և զարդաձևերի ներդաշնակության արդյունքում մուտքը վեհաշուք տեսք է ստացել: Քանդակագործը մանրամասն մշակել է գառան մարմինը` ոչ մի դետալ դուրս չթողնելով իր ուշադրությունից:

Աստծո գառան հենարանը, ուշադիր դիտելու պարագայում, նկատելի է դառնում, որ պատահական չէ քանդակված: Այն չի կարող պարզապես հենարան ծառայել հորինվածքի համար: Պատկերագրական մեր փնտրտուքների արդյունքում նկատում ենք, որ Աստծո գառը գրեթե միշտ դրոշկակիր է, կարող է պատկերվել նիմբով կամ առանց նիմբի: Հանդիպում է նաև, որ գառը պատկերվում է գրքի վրա նստած, և պահպանված օրինակներում  ամրակալները ցայտուն երևում են: Դրանք  գրքի կազմի մի մասն են` ավարտվելով գնդիկներով: Կարող են նաև էջանշան ծառայել, որոնք կախվում են էջերի արանքից : Եվ սա պատահական չէ, Աստծո գառան մասին առաջին հիշատակումը տալիս է Հովհաննես Մկրտիչը « Ահա Աստծո գառը, որն իր վրա է վերցնում աշխարհի մեղքը»: Արդյունքում ունենում ենք Աստվածաշնչի վրա մեկնված Աստծո գառան պատկեր:

 Նմանօրինակ պատկերաքանդակի հանդիպում ենք նաև Լեհաստանի Ժվանեցի Սբ. Աստվածածնի անաղարտ հղիության հայ կաթողիկե եկեղեցու արտաքին հարդարանքում, որը ևս ուշ միջնադարյան թվագրություն ունի (նկ.2): Առաջին հայացքից այն շատ ընդհանրություններ ունի Ամստերդամի հայկական եկեղեցու պատկերաքանդակի հետ: Գառան պատկերագրությունը կրկնվում է. նստած դիրքով գառը տանում է դրոշակը: Սակայն էական տարբերություններից է այն, որ Ժվանեցի հայկական եկեղեցում Աստծո գառան պատկերաքանդակում դրոշակի վրա խաչի պատկերը, պարզորոշ չէ,  իսկ պատվանդանը պարզունակ է և չունի Ամստերդամի օրինակի խորհրդաբանությունը: Ժվանեցի հորինվածքը իր գեղավարվեստական արտահայտչականությամբ զիջում է Ամստերդամի օրինակին, այստեղ քանդակագործը միայն ընդհանրական գծերով է տվել գառան պատկերը և մանրակրկիտ մշակման չի ենթարկել :

Holland-Church-of-St.Spirit-001

Նկար 2
Ժվանեցի Սբ. Աստվածածնի անաղարտ հղիության հայ կաթողիկե եկեղեցի

Աստծո գառը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի զոհաբերությունը մարդկությանը: Քրիստոսի նման մեկնաբանությունը տարածված էր նաև վաղ բյուզանդական արվեստում, որտեղ գառը կարող էր պատկերվել և’ նիմբով, և’ խաչը կրելով կամ պատկերված գլխավերևում: Փաստորեն ուշ միջնադարյան արվեստը վերածնել է ոչ միայն վաղ միջնադարյան հայկական ավանդույթները, այլև վաղ քրիստոնեականն ընդհանրապես, և դա հատկապես ակնհայտ է գաղթօջախների արվեստում, որոնք հեռու լինելով Հայաստանից, հաճախ կրում էին տեղական ավանդույթների ազդեցությունը:

Հաշվի առնելով այն իրողությունը, որ թեև Հոլանդիայի հայ գաղթօջախի մշակութային կյանքն անմիջական առնչություններ չունի  Լեհահայ համայնքի հետ, սակայն միևնույն ժամանակ ակնհայտ են ընդհանուր օրինաչափություններ, մասնավորապես` Ամստերդամի Սբ. Հոգի եկեղեցու և Ժվանեցի Սբ. Աստվածածնի անաղարտ հղիության Աստծո գառան պատկերաքանդակների առկայությունը, հանգում ենք այն մտքին, որ Աստծո գառան պատկերագրությունը տարածված էր ուշ միջնադարյան հայկական հուշարձաններում  և չի բացառվում, որ լայն տարածում է ունեցել:  Հետաքրքրական է նաև այն, որ Աստերդամի բուն եկեղեցու մուտքը նույնպես ունի Աստծո գառան բարձրաքանդակ և արձանագրություն[4]: Այսինքն Ամստերդամի եկեղեցական համալիրում կա երկու նույնանման Աստծո գառան պատկերաքանդակ:

Կարելի է փաստել, որ Աստծո գառան պատկերագրությունը սիրված թեմա է դառնում 16-18դդ հայկական հուշարձանների արտաքին հարդարանքում, ինչը չի կարելի ասել  հայ արվեստի` նախորդող դարաշրջանների մասին: Նշենք, որ մեր ուսումնասիրությունը շարունական բնույթ է կրում, ինչը մեզ հնարավորություն կընձեռի բացահայտել նոր հուշարձաններ, որոնք առնչվում են վերոհիշյալ խնդրի հետ: Սա առավել հավանական է մեզ թվում, քանի որ այս ժամանակաշրջանի քանդակագործության քննությունը սպիտակ էջ է հայ արվեստի պատմության մեջ և բազմաթիվ քանդակային օրինակներ հայտնի չեն մասնագետներին և առաջին անգամ է փորձ  արվում ուսումնասիրել դրանք:

[1]  Թաջիրյան Է. Հայ գաղթաշխարհի պատմություն, հ. 3, Եր., 2013, էջ 147

[2] Սարուխան Ա. Հոլանդիան և հայերը, Վիեննա 1926թ  էջ 156-157

[3] Նույն տեղում, էջ 156

[4]Սարուխան Ա. Հոլանդիան…էջ 157


AuthorՀեղինակ՝  Լիլիթ Կարապետյան

Արվեստաբան


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով