+374 99 12 80 82 Ուրբաթ - 04 Հոկտեմբեր 2024

Վարդգես Սուրենյանց | Սալոմեն | Մեկ հայացք և դիտողը զինաթափված է


      Հայաստանի ազգային պատկերասրահում կա մի կտավ, որի դիմաց` դիտողը կարծես քարանում և զինաթափ է լինում։ Կանացի հայացք, որ ստիպում է ժամերով կանգնել կտավի առջև ու խորհել՝ փորձելով հասկանալ նրա ներքին խռովությունը։ Առաջին իսկ վայրկյանից հայտնվում ես նրա տիրապետության տակ։ Նա միշտ գերիշխող է հայեցողության փորձի ժամանակ: Եվ քանի որ գեղարվեստական բովանդակությունըզգայական երևույթ է, և պատմելն անհնար, մեզ մնում է երկար կանգնել կտավի առջև և էսթետիկական ապրումների պրոցեսում` մեր ներաշխարհում կազմել նրա պատկերային արդյունքը։

Salome

Վարդգես Սուրենյանց «Սալոմե»

Սուրենյանցի «Սալոմե» կտավն է։

Նա կարծես գիտի դարավոր այն հարցի պատասխանը, որը գտնելու համար մարդկային հոգիներն այդքան տառապել են։ Կարծես նայում է քեզ ու ասում, որ  գիտի այն, ինչ դու չգիտես, գիտի, թե որտեղից ես գալիս և ուր ես գնում։

Իսկ ո՞վ էր Սալոմեն։

Սալոմեն նոր կտակարանային կերպար է։ Ըստ Մարկոսի և Մատթեոսի ավետարանի, Հերովդեսն իր եղբոր՝ Փիլիպպոսի կենդանության օրոք, ամուսնացել էր նրա կնոջ՝ Հերովդիայի հետ։ Եվ քանի որ Հովհաննես Մկրտիչն այդ միությունը համարում էր անօրինավոր՝ պախարակում էր այդ ամոթալի  կապը։ Հերովդիան ոխ է պահում նրա դեմ և ամուսնուն համոզում՝ նրան ձերբակալել։ Հերովդեսի ծննդյան տարեդարձին, Հերովդիայի գեղեցկուհի աղջկա պարն այնքան է դուր գալիս Հերովդեսին, որ նա բոլորի ներկայությամբ խոստանում է նրան նվիրել այն, ինչ-որ կկամենար՝ մինչև իսկ թագավորության կեսը։ Այդժամ Սալոմեն մոր ուղորդմամբ ցանկանում է Հովհաննես Մկրտչի գլուխը։ Հերովդեսը սաստիկ տրտմում է, բայց քանի որ շատերի ներկայությամբ երդվել էր, չի կարողանում դրժել խոսքը, դահիճ է ուղարկում և հրամայում բերել Հովհաննեսի գլուխը։ Հրամանը կատարվում է և սկուտեղի վրա դրված, Հովհաննես Մկրտչի գլուխը հանձնում են Սալոմեին։

Vardges-Surenyants

Վարդգես Սուրենյանց

Ավետարանիչները չեն նշում Հերովդիայի աղջկա անունը։ Սալոմեի անունը մեզ հայտնի է Հովսեփոս Փլավիոսի «Հրեական հնախոսություն» աշխատությունից։

1900-ական թվականներին սակայն, հայ մտավորականության ուշադրությունն էր գրավել ոչ թե ավետարանական սյուժեի՝ այլ Օսկար Ուայլդի, 1891թ-ին գրած «Սալոմե» ողբերգության հերոսուհին։ Վահան Տերյանը Ուայլդի մեկ գործողությամբպիեսը թարգմանում է հայերեն։ Սալոմեն հայտնվում է նաև հայկական բեմում։  1907-ին  Սուրենյանցն էլ իր հերթին կերտում է իր Սալոմեն։

Ի տարբերություն ավետարանական սյուժեի՝ այստեղ Սալոմեն ինքն իր վրեժի համար է սպանում Հովհաննես Մկրտչին։ Ըստ Օսկար Ուայլդի,Սալոմեն սիրահարվում է Հովհաննես Մկրտչին և մերժվելով նրանից վրեժխնդիր  լինում։ Կարծես թե Սուրենյանցը հենց այս Սալոմեին է պատկերել՝ վիրավորված, ուժեղ անհատականությամբ կնոջը, ով վրեժխնդիր է եղել  մերժված սիրո պատճառով, ոչ թե ավետարանական այն աղջնակին, ով գործում է մոր հրահանգով։ Սուրենյանցը Սալոմեին պատկերել է կտավի աջ հատվածում՝ նախշազարդ դռան մոտ։ Ձախակողմյան հատվածը դատարկ է։ Կոմպոզիցիոն առումով այս աջակողմյան ուղղվածությունը յուրահատկություն է տալիս կտավին։ Սալոմեն դիտողին նայում է վերևից։

Այս դիրքով կարծես ավելի է շեշտվում նրա հպարտությունը։ Սուրենյանցի կտավում բացակայում է Սալոմեի ատրիբուտը հանդիսացող, Հովհաննես Մկրտիչի գլուխը։ Սուրենյանցի Սալոմեն հակադրությունների պայքար է և միություն։ Նա գեղեցիկ է, քանզի նրանում համաձայնեցված են հակադրություններ։ Մի պահ մոռանանք Հովհաննես Մկրտչի սպանության մասին և փորձենք հասկանալ Սալոմի, որպես կին տեսակը։ Նրա հայացքում միառժամանակ կա և՛ թախիծ, և՛ գոհություն, և՛ բողոք։ Նա կարծես ի ցույց է դնում իր մարմնի գեղեցկությունը, որն իրեն պետք չէ։ Նա գիտի, որ կարող է գայթակղել ցանկացածին և թախծում է, քանզի նրա մեջ ոչ ոք չի տեսնում մարմնականից այն կողմ, քանզի նրան մերժել են ու այդ մերժումով դարձրել այնպիսին, ինչպիսին չեն ուզում, որ նա լինի։ Նա ունի այն հաղթողի տեսքը, ում  սեփական հաղթանակները չեն ուրախացնում։ Հայացք, կեցվածք, որ զինաթափ է անում բոլորին, իսկ նրան պետք է շատ ուժեղ մեկը, ով կկարողանա կրել-տանել իր ուժեղ խառնվածքն ու փոթորկվող հոգին։ Ի վերջո նա ուժեղ խառնվածքով, կրքոտ և զգացմունքային կին է, ով փորձում է ծածկել իր ներքին ալեկոծությունները՝ արտաքուստ իրեն պահելով սառը և մտազբաղ:

Սալոմեն տարիներ շարունակ պատկերասրահում իր կեցվածքով ու հայացքով կանգնած, կարծես գոչում է, թե երջանկությունն ու գեղեցկությունը իրար հետ զուգահեռ չեն սիրում քայլել։

Գրականություն

1․Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եւ Հայաստանի աստուածաշնչային ընկերություն, 1994։

2․Ա. Աղասյան. Վարդգես Սուրենյանց (1860-1921), Երևան, Հայաստանի ազգային պակերասրահ, 2010թ:

3․Շ․Զոհրաբյան, Սիմվոլիզմի միտումները Վարդգես Սուրենյանցի արվեստում (Ծննդյան 150-ամյակի առթիվ),2010թ։

4․ Վ. Հարությունյան. ՎարդգեսՍուրենյանց, Երևան, 1960թ։



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով