+374 99 12 80 82 Երեքշաբթի - 10 Դեկտեմբեր 2024

Ծաղկազարդի խորհուրդը և «Մուտքը Երուսաղեմ» պատկերագրությունը հայ միջնադարյան կերպարվեստում


Երբ Երուսաղէմին մօտեցան եւ եկան Բեթփագէ, Ձիթենեաց լերան մօտ, այն ժամանակ Յիսուս իր աշակերտներից երկուսին ուղարկեց ու նրանց ասաց.  «Գնացէ՛ք այդ գիւղը, որ ձեր դիմացն է, եւ այնտեղ կը գտնէք կապուած մի էշ եւ նրա հետ՝ մի քուռակ. արձակեցէ՛ք բերէք ինձ:  Եւ եթէ մէկը ձեզ բան ասի, կասէք, որ Տիրոջը պէտք են. եւ նա իսկոյն դրանք կուղարկի»:  Բայց այս բոլորը եղաւ, որպէսզի կատարուի մարգարէի խօսքը, որ ասում է.  «Ասացէ՛ք Սիոնի դստերը, ահա դէպի քեզ է գալիս քո թագաւորը՝ հեզ եւ նստած էշի ու էշի քուռակի վրայ»: Աշակերտները գնացին եւ արեցին, ինչպէս Յիսուս իրենց հրամայել էր.  եւ էշն ու քուռակը բերեցին, նրանց վրայ զգեստներ գցեցին. եւ նա նստեց դրանց վրայ:  Եւ բազում ժողովուրդ իրենց զգեստները փռեցին ճանապարհի վրայ, իսկ ուրիշներ ծառերից ճիւղեր էին կտրում ու սփռում ճանապարհի վրայ: Առաջից եւ յետեւից գնացող ժողովրդի բազմութիւնը աղաղակում էր ու ասում. «Օրհնութի՜ւն Դաւթի Որդուն, օրհնեա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով, օրհնութի՜ւն՝ բարձունքներում»:  Եւ երբ նա մտաւ Երուսաղէմ, ամբողջ քաղաքը դղրդաց, եւ ասում էին՝ ո՞վ է սա:  Իսկ ժողովրդի բազմութիւնն ասում էր. «Սա Յիսուս մարգարէն է, որ Գալիլիայի Նազարէթ քաղաքից է»: (Մաթ 217-11, Մարկ. 11.1-11, Ղուկ. 19.28-40, Յովհ. 12.12-19)

Հայ առաքելականեկեղեցու Տերունի տոներից մեկն է Ծաղկազարդը։ Այն կատարվում է Սուրբ Զատկից մեկ շաբաթ առաջ, Ավագ շաբաթվա կիրակի օրը։ Տոնը նվիրված է Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին մի քանի դրվագներին,որոնցից մեկն էլ Հիսուսի մուտքն է Երուսաղեմ։ Ծաղկազարդի նախօրեին,շաբաթ օրը կատարվում է նախատոնակը,բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը, ժամերգությունից հետո, մատուցվում է Սուրբ Պատարագ։Ծաղկազարդի առավոտյան եկեղեցին օրհնում է  ձիթենու, իսկ որտեղ ձիթենի չկա՝ ուռենու ոստերը, և բաժանում ժողովրդին։[5]Նախկինում օրհնված ոստերի և ճյուղերի մեջ մարդիկ տեսնում էին խորհրդավոր ուժ, որն առատ բերք ու բարիք շնորհելու հմայական զորություն ուներ։ Նունիսկճյուղերով հարվածում էին միմյանց՝ հիվանդությունները վերացնելու նպատակով։

The-Palm-Sunday-The-entrance-to-Jerusalem-01

Էջմիածնի Ավետարանի փղոսկրե կազմը, 6-րդ դար

The-Palm-Sunday-The-entrance-to-Jerusalem-02

Հատված Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու
որմնանկարներից


Միչև 19-րդ դարի վերջերը և 20-րդ դարի սկզբները, հայոց կենցաղում տոնը հայտնի էր բազում անվանումներով (Ծառամուտ, Ծառկոտրունք, Ծռատոն, Ծռզարդար, Ծզարդար, Զրիզարդար, Զըրզարդար, Զըռըզարթար, Ծառզարդուօր, Զարդար, Ծառաբեր, Ճորճարդոր, Զարզարդար, Հըռօխնեք և այլն), որոնց մեջ առավել տարածված էր Ծառզարդար անվանաձևը։ [4]

Ժամանակին Ծաղկազարդը կարևոր միջոց էր աղջիկների ու տղաների ծանոթությունների և սիրային խոստովանությունների համար։ Ինչպես նաև լուրջ արարողությունների,մինչև իսկ՝ նշանադրությունների համար։ Վարանդայում, նախապես առնելով աղջկա ծնողների համաձայնությունը, տղայի մայրը, մերձավոր ազգականուհիներից մեկի հետ հենց եկեղեցում, Ծաղկազարդի ծառի վրա եղած մոմերից վառելով մի խաչաձև մոմ, որի վրա արծաթե մատանի էր անցկացված, լռությամբ տալիս էր նախընտրած աղջկան և գլխին կարմիր գլխաշոր գցում։ Այդ պահից աղջիկն արդեն նշանված էր համարվում։[4]

The-Palm-Sunday-The-entrance-to-Jerusalem-03

Նոր կտակարան 1302թ․, նկարիչ՝ Մոմիկ

The-Palm-Sunday-The-entrance-to-Jerusalem-04

Մշո Ճառընտիր


Ժողովրդական ծեսերն ուտոնակատարություները,սովորություններն ու խաղերը, որոնք տեղի են ունենում Ծաղկազարդի օրը,ծագումնաբանորեն չեն առնչվում քրիստոնեական տոնի  և ավետարանական պատումի հետ։ Պարզապես ավետարանական հիշատակությունը համընկել է ծառ զարդարելու և բնության ծաղկունքի ժողովրդական տոնակատարության հետ։Ժամանակների և պարագաների այդ նմանությամբ Ծաղկազարդը միացել է Հիսուսի՝ Երուսաղեմ մտնելու, քիրստոնեական տոնին,փոխանցվել եկեղեցուն և մտել տոնացույց Ծաղկազարդ անվանումով։[5]

Այժմ անդրադառնանք տոնի արվեստաբանական կողմին, այն է՝  Քրիստոսի մուտքը Երուսաղեմ դրվագի պատկերագրությունը հայ արվեստում։ «Մուտք Երուսաղեմ»-ի պատկերագրությունը ձևավորվել է կանոնավոր ավետարանների համաձայն: Չնայած մանրամասների որոշ տարբերությունների՝ այս մասին պատմում են բոլոր չորս ավետարանիչները։ Այն իրենից ներկայացնում է Քրիստոսի վերջին հանդիսավոր մուտքը Երուսաղեմ։Պայմանավորված ավետարանիչների տարբեր նկարագրություններով՝ այս տեսարանը ներկայացվում է պատկերագրական մի շարք տարբերակներով։ Կենտրոնում պատկերվում է Քրիստոսն ավանակին հեծած։ Ձեռքը օրհնող դիրքով է։ Նրան դիմավորում են, Երուսաղեմի դարպասներից դուրս եկած, մարդիկ, ովքեր արմավենու ճյուղեր և հագուստներ են փռում փրկչի ոտքերի տակ։Նրանցից ոմանք ուսերին են դրել երեխաներին։Ճանապարհը ճյուղերով ու հագուստով ծածկելը մտնում է հրեաների այն սովորույթի մեջ, որով ընդունում էին օծված թագավորներին։ Դրանով ցույց է տրվում, որ Քրիստոսին ընդունում են որպես թագավոր։

The-Palm-Sunday-The-entrance-to-Jerusalem-05

Մալաթիայի Ավետարան 1267-1268թթ․,
նկարիչ՝ Թորոս Ռոսլին

The-Palm-Sunday-The-entrance-to-Jerusalem-06

Հեթում Բ-ի թագավորի Ճաշոց,
1286թ․


Ըստ հունական պատկերացույցի այս տեսարանում երուսաղեմը պատկերվում է ամրացված դարպասներով քաղաք,կողքին լեռ։

Արևելքում Քրիստոսը պատկերվում է ավանակի վրա նստած՝որկու ոտքը մի կողմում, այդ դիրքով նա ասես գահի վրա լինի։ Եթե նրան հետևում է փոքրիկ իշուկը, ապա պատկերագրությունը համապատասխանում է Մատթեոսի ավետարանին։ Իշուկի կողքին հաճախ պատկերվում են երեխաներ, որոնք կարծես խաղում են նրա հետ։ Ավետարանիչները  չեն հիշատակում երեխաների մասին, բայց նրանց մասին խոսվում է Նիկոդիմուսի պարականոն ավետարանում։

Հետին պլանում պատկերվում է ծառ, որի վրա մեկ կամ մի քանի հոգի կտրում են ծառի ճյուղերը։ Ծառի վրայի ֆիգուրը սովորաբար նայում է Քրիստոսին։ Ըստ Մատթեոսի ու Մարկոսի դրանք քաղաքի բնակիչներն են։ Ըստ Ղուկասի ավետարանի ծառ բարձրացողը կարճահասակ Զաքեոսն է, ով ուզում է տեսնել Քրիստոսին։ Չնայած որ,այս դրվագը եղել է  ավելի վաղ  Երիքովում, երբեմն այն պատկերվում է «Մուտք Երուսաղեմ» տեսարանում։[6]

The-Palm-Sunday-The-entrance-to-Jerusalem-07

Արքունական Ավետարան 1336թ․,
նկարիչ՝ Սարգիս Պիծակ

The-Palm-Sunday-The-entrance-to-Jerusalem-08

Ավետարան 1337թ․,
նկարիչ՝ Ավագ


Քրիստոսի ձեռքին կարող է պատկերվել գալարակ կամ  խաչ։ Երբեմն պատկերվում են նաև երկու աշակերտները, որոնք գնում են ավանակին բերելու։ Արեվելքում այս տեսարանը դիտվում է որպես տոն, իսկ արևմուտքում այն խորհրդանշում  է Քրիստոսի չարչարանքների սկիզբը։ Հայ արվեստում տեսարանի ամենավաղ պատկերումը փորագրված է «Էջմիածնի Ավետարանի» փղոսկրե կազմին, որը թվագրվում է 6-րդ դարով է։ «Մուտք Երուսաղեմ» տեսարանը առկա է  նաև հայկական որմնանկարներում։ Բազմաթիվ օրինակների հանդիպում ենք մանրանկարչության մեջ։ Այս տեսարանը պատկերել են այնպիսի մանրանկարիչներ, ինչպիսիք են Թորոս Ռոսլինը,Սարգիս Պիծակը,Մոմիկը և այլոք։ Բավականին մեծ հետաքրքրություն է ներկայացնում 1302թ․-ի Մոմիկի նկարազարդած Նոր կտակարանի «Մուտք Երուսաղեմ»-ը։ Չնայած էջի զարմանալի փոքր չափերին (12×8.5 սմ) Քրիստոսի հետ միասին պատկերված են բոլոր 12 աշակերտները։ Հետաքրքրական է նաև, որ Հիսուսի ավանակը այս մանրանկարում դարձել է խրոխտ կեցվածքով ձի։

The-Palm-Sunday-The-entrance-to-Jerusalem-09

Վասպուրականի Ավետարան 1392թ․,
նկարիչ՝ Հովհաննես Խիզանացի

The-Palm-Sunday-The-entrance-to-Jerusalem-010

Ավետարան
15-րդ դար

The-Palm-Sunday-The-entrance-to-Jerusalem-011

Հաղպատի Ավետարան 1211թ․,
նկարիչ՝ Մարգարե


Տեսարանը տեղ է գտել Մշո ճառընտիրում՝ հայկական ամենամեծ մագաղաթյա ձեռագրում,1267-1268թթ․-ի Թորոս Ռոսլինի ծաղկած Մալաթիայի Ավետարանում, 1286թ․-իՀեթում Բ թագավորի Ճաշոցում,1336թ․-ի Սարգիս Պիծակի նկարազարդած Արքունական Ավետարանում, 1337թ․-ի Ավագ նկարչի ծաղկած ավետարանում, 1392թ․-ի Հովհաննես Խիզանացու ծաղկած Վասպուրականի Ավետարանում, 15-րդ դարիԱվետարանում և այլն։

Թերևս ամենահետաքրքիր օրինակը հանդիսանում է,1211թ․Սահակ Անեցու պատվիրած, Հաղպատի Ավետարանի մանրանկարը։ Ավետարաննունի միայն մեկ տերունական մանրանկար՝ «Մուտք Երուսաղեմ»-ը։Նկարիչը անեցի Մարգարեն է, ում  նկարն ունի երկու շերտ, մեկում Քրիստոսի մուտքն է Երուսաղեմ, իսկ  մյուսում՝ Ռիմանոս Անեցու ընտանիքը։ Այդ է պատճառը, որ ծառերին այդքան շատ մարդիկ են պատկերված այն դեպքում, երբ նկարիչը,Հիսուսի տասներկու  աշակերտներից միայն երկուսին նկարելով, փորձում էր հնարավորինս կրճատել պատկերվող մարդկանց քանակը։ [3, էջ 60-62]Ինչ խոսք նկարչին հաջողվել է Անեցու ընտանիքին դարձնել  կտակարանային տեսարանի մասնակից։ Նրանք փոխարինում են Քրիստոսին դիմավորող Երուսաղեմցի բնակիչներին։ Հենց այս զուգադրման հանգամանքն էլ մանրանկարը դարձրել է այսքան ինքնատիպ և չկրկնվող…

Օգտագործված գրականության ցանկ

  1. Աստուածաշունչ, Մայր աթոռ սուրբ Էջմիածին և Հայաստանի Աստուածաշնչային ընկերություն, Երևան, 1994։
  2. Խառատյան-Առաքելյան Հ., Հայ ժողովրդական տոները, Երևան, 2005:
  3. Մաթևոսյան Կ,ԼրաբերՀասարակականԳիտությունների, № 9, էջ 52-63, «ՆկարիչՄարգարեի «ՄուտքԵրուսաղեմ» մանրանկարը», 1982։
  4. Մկրտչյան Ս., Տոներ, հայկական ժողովրդական ծեսեր, սովորույթներ, հավատալիքներ (ավանդույթ և արդիականություն), Երևան, 2010:
  5. Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, 2002:
  6. Джеймс Холл, Словарь сюжетов и символов в искустве, 2004.
  7. Майкапар, Новый завет в искусстве:Очерки иконографии заподного искусства, Москва,1998.


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով