+374 99 12 80 82 Կիրակի - 10 Նոյեմբեր 2024

Նկարիչ Վահե Ափոյան. Ձևերի ճշմարտացիությունը


Վահե Ափոյանը երիտասարդ ու խոստումնալից այն արվեստագետներից է, ում աշխատանքները լի են անձնական խոհերով ու դրանց ազնիվ վերարտադրություններով: Յուրահատուկ բազմազանությամբ աչքի ընկնող նրա ստեղծագործությունները հաճախ կարելի է ընկալել իբրև երիտասարդ, ոչ մեծ կենսական փորձից բխող ձևերի և ոչ հստակ պատկերների մի ամբողջություն, որտեղ կա միայն դրանցից ստացված զգայական ու ասոցիատիվ հույզը, հիշողությունն ու դրանց ակնարկը միայն: Թեև առաջին հայացքից նկարչի ստեղծագործական հայտնաբերումները համընկնում են մեզ արդեն ծանոթ թեմաների ու պատկերների վերարտադրմանը, այնուամենայնիվ ստեղծագործության հիմքում ասոցիատիվ որոնումներ են, մեծ ընդհանրացումներ, ինչի շնորհիվ Վահեի կտավներում հայտնվող կերպարները ձեռք են բերում նշանային նոր իմաստ ու հնչողություն:

Նկարիչը փորձում է ազատել կերպարները մեզ արդեն ծանոթ պատկերայնությունից, որը անգիտակցականից անխուսափելիորեն մուտք է գործում հայեցողության պահին: Գունային կտրուկ ներթափանցումները գիտակցության և ենթագիտակցության հյուսվածքներ են` վերացարկված տարածության մեջ, և դրա ժխտման անվերջ պայքար, որ հանգեցնում է միջնորդավորված, բազմազան լուծումների: Այս հակասությունները ստեղծագործությունը դարձնում են բազմանշանակ, ստիպում սուզվել գույների տարափի ու դրանց տրված յուրահատուկ հայեցողական լուծումների մեջ` մի պահ կտրվելով նկարչի բարձրացրած խնդիրներից:

Բազմաֆիգուր ու միաֆիգուր կտավների բազմազանության մեջ ասոցիատիվ կապերը հազիվ նշմարելի են, ինչը երբեմն զրկում է կերպարներին իրենց սիմվոլիկ ուժից և ստիպում գործել որպես պարզապես ձևեր: Այսպիսով, կտավների մակերեսին հաճախ մնում են միայն հիմնական և ոչ հստակ կոմպոզիցիայի և գույնի մաքուր տարրերը: Վահեի ստեղծած ձևերն ու գունաշերտերն ունեն էքսպրեսիվ շեշտադրություն, ինչը լրացնում է առարկայական ասոցիատիվ թուլությունը:

Vahe-Apoyan-001 Vahe-Apoyan-002Vahe-Apoyan-006Vahe-Apoyan-011


Այսպիսով, գունային հետքը հաճախ գերակշռող է դառնում կտավում և հաստատում վերացականի գերակայությունը: Գունային հետքը այս պարագայում արտահայտվում է Վահեի համարձակ վրձնահարվածներով: Յուրահատուկ մոնումենտալություն հաղորդելով իր կերպարներին` նկարչին միշտ հաջողվում է պահպանել ձևերի նրբագեղությունը և դրանով իսկ արտահայտել իր սեփական վերաբերմունքը կերպարների հանդեպ:

Այդ կերպարները հաճախ ընդհանրացված են, զերծ անհատականությունից և սրբապատկերային ասկետիկությամբ գալիս են հաստատելու հավերժի զգացողությունը, ինչը միշտ առկա է նկարչի գործերում:

Վահեն միայն իրեն հատուկ դիտողականությամբ հետևում է իր շրջապատող աշխարհին, զգացմունքային կերպով ընկալում ու յուրացնում է իր ժամանակը և, ինչպես յուրաքանչյուր ռացիոնալ ստեղծագործող, նորից է համոզվում իր ընտրության` ժամանակի ու տարածության հաղորդման իր ձևի ճշմարտացիության մեջ: Դիտելով կտավները` կարելի է զգալ նրա ուժեղ ձեռքի շարժը, միևնույն  ժամանակ, աչքի նուրբ շոյանքը, որոնք նոր բանաստեղծական էջ են բացում նկարչի ստեղծագործական ուղում. այն ուղում, որը դեռ շատ երկար ու տարբեր է լինելու:

Vahe-Apoyan-culturallife

Զրույց նկարչի հետ…

Ինձ համար Վահե Ափոյանը երիտասարդ խոստումնալից արվեստագետ է, իսկ ո˚վ է Վահե Ափոյանը քեզ համար

Շատ հետաքրքիր հարց է: Հետաքրքիր է այն առումով, որ ամեն մարդ երևի կփորձի կողքից նայել կամ ուրիշի աչքով նայել ինքն իրեն: Երբ ես ինձ կողքից նայում եմ, ոչինիչ չեմ զգում իմ հանդեպ: Նախ մարդ եմ, ստեղծագործող եմ, ազատ մտածող արվեստագետ եմ, ու արվեստի մեջ ինձ ավելի շատ դուր են գալիս ոչ ստանդարտ վիճակները: Հաճախ ես ինքս ինձ հարց եմ տալիս, ու ինքս իմ մեջ վեճ եմ առաջացնում, արդյոք լինել պահպանողական, թե ոչ: Ի վերջո հանգում եմ ոչ պահպանողական գաղափարներին: Բայց հարց է առաջանում, թե ինչպես կարող եմ ավանդույթները չպահպանելով շարունակել ապրել ու ստեղծագործել…

 

Ստեղծագործում ես, ու ի˚նչն է ստիպում չկանգնել ու շարունակ ստեղծագործել:

Կարծում եմ ստեղծագործելու համար պատճառ չկա, կա պահանջ: Իհարկե, ներքին և արտաքին պատճառներ էլ կան, որոնք ներդաշնակելով, փորձում ես տալ դրանց լուծումները: Դու չգիտես թե ինչպես ստացվեց, որ սկսեցիր նկարել, չես հասկանում թե ինչպես առաջացավ այդ գեղագիտական մոտեցումը: Ինձ ավելի շատ ծնողներս են ուղղորդել դեպի նկարչությունը, չնայած՝  այդ պահանջն իմ մեջ եղել է դեռևս մանկուց:

 


Vahe-Apoyan-010Vahe-Apoyan-008Vahe-Apoyan-009

Ինձ հետաքրքիր է հատկապես այն պահը, երբ վրձինն առաջին անգամ դիպչում է սպիտակ կտավին

Դա իմ ամենասիրած պահն է: Նստում ես մոլբերտի առջև, սպիտակ կտավը դիմացդ, ու դա ամենից բարդ պահն է, երբ մտածում ես՝ ինչպես սկսես, որ հենց սկզբից հետաքրքիր լինի: Շատ հաճախ փակում եմ աչքերս, պատկերացնում եմ, բայց պատկերացրածը կատարյալ է, ու արքան էլ կատարյալելություն ստեղծես քո մտապատկերներում, չի ստացվում կտավին հաղորդել լիովին այն, ինչ մտածել էիր:

 

Իսկ դա հատկապես ինչի˚ց է՝ տեխնիկական հնարավորությունների կամ փորձի պակասից:

Ոչ այնքան տեխնիկական, որքան մտային խնդիրների պատճառով: Երևի թե մտածածը, երևակայածը հակասում են հնարավորություններին, դրա համար ցանկացած նկարչի մոտ էլ առաջ են գալիս նման խնդիրներ:

 Փաստորեն՝ վերջնական արդյունքը երբեք պատկերացրածիդ նման չէ˚:

Համարյա միշտ էլ տարբեր է, բայց տարբեր, այլ ոչ թե պակաս, կամ պատկերացրածից ավելի վատ: Հաճախ հենց նկարելու ընթացքում առաջ են գալիս մտքեր, ձևեր, որ ավելի կատարյալ են դարձնում նախնական մտապատկերը: Շատ հաճախ է այդպես լինում:

Vahe-Apoyan-005 Vahe-Apoyan-007Vahe-Apoyan-004


Ես գիտեմ, որ արվեստանոցի բացակայության պատճառով երբեմն ստիպված ես լինում չնկարել: Ինչպե˚ս ես հաղթահարում այդ դադարի պահերը:

Դժվարն այն է, որ միտքս ինձնից առաջ է ընկնում: Այսինքն՝ երբ իմ մեջ որոշակի միտք է հասունանում և ես հնարավորություն չեմ ունենում այն վերածել կտավի, ժամանակի ընթացքում իմ մտքերը փոխվում են, զարգանում են, գուցե դրանից շատ ավելի հետաքրքիր մտքի են վերածվում, բայց այդ միջանկյալ մտքերը կորում են: Իհարկե՝ թղթի վրա՝ էսքիզների տեսքով դրանք պահպանում են, բայց դա միևնույն բանը չէ: Արվեստանոցի բացակայությունը իսկապես մեծ խնդիր է: Ես ստեղծագործում եմ հիմնականում ընկերոջս արվեստանոցում և գեղարվեստի ակադեմիայում:

Vahe-Apoyan-003Իսկ էլ ինչը կարող է ազդել քեզ վրա՝ նկատի ունեմ արտաքին ազդեցությունները, օրինակ՝ քաղաքականությունը:

Անշուշտ ազդեցությունները շատ են: Բայց հատկապես քաղաքականության հետ կապված կասեմ, որ ինձ մտահոգում է այն, որ երիտասարդները այսօր շատ են խոսում քաղաքականությունից և դրանից խոսողներն են շատացել. Որոշ մասը մտահոգությունից, որոշ մասն էլ՝ պարապությունից: Ես կարծում եմ, որ քաղաքականությունից չի կարելի շատ խոսել և պետք չի շատ խառնվել դրան: Եթե զբաղվում ես քո գործով, եթե խորացել ես քո գործի մեջ, ապա այն, ինչ անում ես այսպես թե այնպես առնչվելու է դրա հետ, քանի որ ապրում և ստեղծագործում ես հասարակության մեջ: Թերևս այսքանը…



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով