+374 99 12 80 82 Շաբաթ - 27 Ապրիլ 2024

[Sigma 6 project] Հայկական ժամանակակից երաժշտության ընդհատակյա գործունեությունը. Զրույց խմբի հիմնադիր և կիթառահար Տիգրան Ավետիսյանի հետ


Հարցազրույցը՝ Անահիտ Հակոբյանի

Sigma 6 project. հոգեմետ ու հոգեհարազատ

Գոթիկ, հոգեմետ  ու մռայլ տարրերով և ռոք էլեմենտներով. «Sigma 6 project» գործիքային փսիխոդելիկ խմբի հիմնական նկարագրությունն է: Նախագիծը հիմնադրվել է 2014 թվականին՝ կիթառահար Տիգրան Ավետիսյանի կողմից: Խմբի հիմնական կազմում են Տիգրան Ավետիսյանն ու Արուս Սարգսյանը: «Sigma 6 project»-ը առայժմ մեկ ձայնասկավառակ է թողարկել՝ հակասական արձագանքներով: Առաջիկա պլանների, երաժշտության, ճաշակի, Հայաստանում ստեղծագործելու դժվարությունների և ոչ միայն այս ամենի մասին, մեզ հետ զրուցել է «Sigma 6 project»-ի կիթառահար Տիգրան Ավետիսյանը:Sigma-6-project-001

– Ի՞նչ նոր խոսք է բերել «Sigma 6 project»-ը ու ինչո՞վ է այն առանձնանում:
-Մեր առաջին ալբոմում գերակշռում է գորշ ու գոթիկ երաժշտությունը՝ համեմված հոգեմետ էլեմենտներով: Ինչքան որ ես գիտեմ՝ Հայաստանում նման խումբ չկա,մենք առաջինն ենք:Բայց դա նրա համար չի արվել,որ տարբերվենք մյուսներից,ուղղակի մենք գրում ենք երգեր,որոնք մեր սրտից են գալիս: Մեր շուրջն ուրախ ու թեթև երաժշտության պակաս չկա,մյուս կողմից էլ՝ ես ռիթմերի կողմնակից չեմ: Չնայած սրան՝ երկրորդ ալբոմը, իր ձևաչափով ու գաղափարախոսությամբ, ավելի ռիթմիկ ու երաժշտական կլինի:

-«Sigma 6»-ը  Pink Floyd-ի սկզբնական անունն էր, էլ ինչո՞վ է Ձեզ ոգեշնչել այս խումբը: Ընդհանրապես, երբ սկսում էիք Ձեր կարերան, կա՞ր համաշխարհային մի խումբ, որն օրինակ էր:

-Ինձ ոգեշնչել է այն ամենն, ինչ ունի իր մեջFloyd-ը:Այդպիսի խումբ կար, հիմա էլ կա՝ Pink Floyd-ն է:Sigma-6-project-008

-Ի՞նչ արձագանքներ ունեցավ Ձեր  «Time» ձայնասկավառակը: Ի՞նչ քննադատություններ ու գովեստի խոսքեր եք լսել:

– Դե, ինչպես յուրաքանչյուր երաժշտի երգ կամ ալբոմ, մերը նույնպես… Մարդիկ եղան,որ ասացին «լավ, էդ ինչա՞, ամոթա, լսելու բան չի»: Եղան նաև մարդիկ,ովքեր ասացին, որ նման լուրջ բան չէին սպասում մեզանից(ժպտում է): Ամենակարևոր արձագանքներից էին երևանում հայտնի մի քանի երաժիշտների կարծիքները. մի բան է, երբ պրոֆեսիոնալ ու տաղանդավոր մարդիկ են գովում, մեկ այլ բան, երբ՝ մտերիմներդ: Առաջինն, իհարկե, ավելի կարևոր է: Իսկ ընդհանրապես հա՛մ քննադատություններն են պետք, հա՛մ՝ գովեստները:Դրանց ճիշտ բալանսը միշտ մեզ կստիպի չկորցնել իրականության զգացողությունը:

-«Time»-ը, եթե փորձենք կարճ ձևակերպել, թռչող ժամանակի մասին է:Թռչող ժամանակից հետո ի՞նչը կհիշվի, կմնա «Sigma 6 project»-ից:  

-Ես մոռացել էի մեր առաջին ալբոմի մասին,հիմա մյուսի վրա ենք աշխատում:Էս հարցերին թող պատասխանի մեր լսարանը:Sigma-6-project-002

-Ձեր ստեղծագործություններում բառերը քիչ են. ամենակարևորը խոսքով չե՞ս ասի ու աչքով չե՞ս տեսնի:

-Ես անգլերեն լավ չգիտեմ,բայց երբ «Black Sabbath» ու «Deep Purple»եմ լսում,ասելիքը ամբողջությամբ տեղ է հասնում: Երկրորդ ալբոմում կլինեն բառեր:

-Մի հարցազրույցում ասել էիք, որ նախատեսում եք նոր ձայնասկավառակ՝ պատերազմի թեմայով: Ի՞նչ փուլում են այս աշխատանքները: Արդեն կա՞ն նոր գործեր:
-Կարելի է  ասել՝գործի կեսն արել ենք. երգերը հիմնականում գրված են:
Երկրորդ ձայնասկավառակը ոչ մի կապ չի ունենալու առաջինի հետ:
…Մենք երաժիշտներ ենք, ուրիշ տարբերակ չունենք «պատերազմ» երևույթը քննադատելու: Եթե ամեն ինչ մեր պլանավորածով ընթանա, ամռանը կլինի ալբոմի շնորհանդեսը:

Sigma-6-project-006 Sigma-6-project-005 Sigma-6-project-003



– Պահանջվա՞ծ են Հայաստանում Ձեր աշխատանքները: Ի՞նչը կարող է այստեղ խանգարել երիտասարդ ստեղծագործողին
:

-Պահանջված չեն ընդհանրապես:Մեր լսարանը շատ նեղ է:Ստեղծագործողին հիմնականում խանգարում է ֆինանսի բացակայությունը,որի պատճառով ստիպված ուրիշ գործով է զբաղվում, որ սոված չմնա:

– Հնարավո՞ր է, որ մի օր սոցիալական, քաղաքական, մշակութային բողոք արտահայտող ստեղծագործությունների ձայնասկավառակ թողարկվի:

-Հնարավոր է:

-Բացի «Sigma 6 project»-ը, ուրիշ այլ հետաքրքրություններ և զբաղմունքներ ունե՞ք:
-Ես երաժշտական դպրոցում եմ դասավանդում,բավականին շատ աշակերտներ ունեմ,իրենց դաս տալն ու արդյունք ստանալը մեծ բավականություն է ինձ համար,չեմ պատկերացնում կյանքս առանցերեխաների: Նկարում եմ  նաև ազատ ժամանակ,ֆուտբոլ եմ նայում ու խաղում,իսկ շաբաթ կիրակի օրերին հիմնականում ընտանիքիս հետ եմ:

-Ձեր ֆեյսբուքյան էջը ողողված է երաժշտական հոլովակներով, իսկ կա՞ն երգեր, որոնցով չեք կիսվում ոչ մեկի հետ և ոչ մի դեպքում:

-Կիսվում եմ, բայց քչերի հետ ու ոչ ֆեյսբուքում:Sigma-6-project-007

-Ի՞նչ կուզեիք ասել մարդկանց, ովքեր հիմա կարդում են Ձեզ:

-Հիմա այնպիսի իրավիճակ է, որ ինչքան ցածր մակարդակի երգիչ ու երգչուհի կա, ունեն մեծ դիտումներ, «Համալիր» և «Օպերա» են լցնում, ոչ մի բանի խնդիր չունեն: Նրանք իրենց երկրպագուների կողմից ստանում են այն, ինչ պետք է:  Մի հատվածն էլ առավոտից իրիկուն փաբերում գարեջուր է խմում, չեքին լինում ու իբր ռոք լսում: Բայց արի ու տես, որ ռոք համերգները մարդաշատ չեն՝ նույնիսկ 5-6 սեղան ունեցող փաբերում:Երաժիշտներն իրենք էլ չգիտեն, թե ում համար են նվագում, դրանից ավելի հիասթափեցնող բան չկա: Այստեղ ռոք համերգ գնալու կուլտուրա չկա, կարմիր մազերն ու տատու անելը դեռ ռոք ու փսիխոդելիկ երաժշտություն լսելու մասին ոչինչ չեն ասում. դա ապրելակերպ է, հոգեվիճակ:

-Ինչպե՞ս փոխել իրավիճակն  ուրեմն:

-Ամենալավ միջոցը հեռուստատեսությամբ ու ռադիոյով որակյալ երաժշտոթյուն մատուցելն է: Եկեք չմոռանանք,որ ազգի 90 տոկոսը հեռուստացույց է նայում. ճաշակ թելադրելու լավագույն միջոցը tv-ն է: Բայց դե մեր ալիքների տնօրենները հիմնականում ութավարտ են:

-Ի՞նչն է ամենակարևորն այս պահին Ձեզ համար:

-Ամենակարևորը Արփիի ներկայությունն է:

An-HakՀարցազրույցը՝

Անահիտ Հակոբյանի


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով