+374 99 12 80 82 Չորեքշաբթի - 11 Դեկտեմբեր 2024

Ռուբեն Արուտչյան. Երբ մարդը դառնում է արվեստի գործ


2015թ. նոյեմբերի 11-ին Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում բացվեց նկարիչ Ռուբեն Արուտչյանի ցուցահանդեսը: Ցուցահանդեսի կոնցեպտը յուրահատուկ էր և միակը իր տեսակի մեջ, մանավանդ հայկական ժամանակակից իրականության մեջ: Դուրս գալով փողոց, անցնելով տարբեր մարդկանց կողքով, տեսնելով տարատեսակ դեմքեր, ընկղմվելով իրականության գիրկը՝ հանկարծ հայտնվում ես ցուցասրահի կենտրոնում, որտեղ նույնպես մարդաշատ է, սակայն դա արդեն այլ իրականություն է: Այստեղ եկել են մարդիկ, նկարչի ընկերները, նրա ընտանիքի անդամները, բոլորը միմյանց բարևում են, շատերը վաղուց չեն տեսնվել, իսկ կան այնպիսինները, որոնք միայնակ էին: Այդ խառը, շուտափույթ իրականության մեջ մեզ բոլորիս շրջապատում էր մեկ այլ, էլ ավելի հեռու իրականություն, մարդիկ, որոնք մեզ էին նայում կտավներից՝ արդեն արվեստի գործ դարձած: Ruben-Arutchyan-When-a-human-becomes-a-work-of-art-008Նրանց շարքում էին Արուտչյանի սիրելի վարպետներ՝ Պիկասսոն և Ռեմբրանտը, ջազ-երաժիշտ Մալխասը, նկարչի թոռնուհին, կինը և դուստրը, նկարչի ընկերները, նրա իտալահայ բարեկամ Կարլո Չեզարինին, արվեստաբան Արմեն Գասպարյանը, Սայաթ-Նովան և Կոմիտասը,  նկարչի մի շարք ինքնադիմանկարները՝ տարբեր տարիքում և միջավայրում: Նրանք բոլորը մեկ հարթության մեջ էին, նրանց միավորել էր մի ամբողջ սրահ և իհարկե ինքը՝ Ռուբեն Արուտչյան:

Արվեստագետը ստեղծել է հրաշալի հավաքածու, օգտագործելով մի քանի վրձնահարվածներ, սառը, ընդգծված և զուսպ գունապնակ, որի միջից դուրս է թռչում կարծես նկարչի ձեռագիրը դարձած հայկական տուֆի գույնը, երկու կարևոր գիծ, բարձր վարպետություն և շատ նուրբ հումոր: Այս ամենով վարպետը ներկայացրել է իր միջավայրը, կյանքի իր ընկալումը, որտեղ տեսնում ենք նրան և նրա վերաբերմունքը մարդուն: Այս ցուցահանդեսը խորհելու, եզրակացությունների հանգելու պատճառ է դառնում, որտեղ մարդը դառնում է նկարչի ինքնաարտահայտման միջոցը, իսկ վերջինս մարդուն հավերժացնելու, նրա իրականությունը պատկերելու հույսը: Չէ՞ որ բոլորս ցանկանում ենք իմանալ, թե ինչպիսինն ենք դիմացինների աչքերում, դա ինքնաճանաչման բազմաթիվ միջոցներից մեկն է:

Ցուցահանդեսը ուղեկցվում էր Մալխասի նվագակցությամբ, մարդկանց խոսակցություններով, շնորհավորանքներով, կտավներից բոլորիս նայող ժամանակից դուրս հայացքներով և վարպետի անվերջանալի տաղանդով, այն շնորհով և բարձր մշակույթով, որը մենք տեսնում ենք նրա բոլոր կտավներում:

Ցուցահանդեսը բաց է լինելու մինչև նոյեմբերի 17-ը, բաց չթողնեք:



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով