+374 99 12 80 82 Կիրակի - 17 Նոյեմբեր 2019

Արեն Շահնազարյան Widerdruck [հակաճնշում]


2016թ. հոկտեմբերի 14-ին, ժամը 19:00-ին  «Դալան» պատկերասրահում (Աբովյան 12, 2-րդ հարկ) տեղի ունեցավ գեղանկարիչ Արեն Շահնազարյանի «Widerdruck [հակաճնշում]» խորագրով անհատական ցուցահանդեսի բացումը, որտեղ ներկայացվեցին արվեստագետի վերջին շրջանի «Widerdruck [հակաճնշում]» շարքը՝ բաղկացած  17 կոլաժներից՝ կատարված խառը տեխնիկայով: Ցուցահանդեսի համադրող՝ արվեստաբան Հասմիկ Բարխուդարյան:

«Widerdruck [հակաճնշում]»-ը շարք է, ամբողջական գործ՝ շարքի տեսքով, հակաճնշում շարքի ներսում՝ արտահայտված նյութի և ավանդույթի միջոցով: Արվեստագետի յուրաքանչյուր գաղափար, հուշ, մտապատկեր կամ միտք, որպես ահագնացող ուժ, կարիք ունի անմիջապես հաղորդվելու մակերեսին՝ ցանկացած միջոցով: Արդյունքում՝ մակերեսը գլխավոր որոշիչն է, գլխավոր գործիքը: Ընդհանուր շարքը, կամ գործը, ինքնին փորձ է սեփական անձի առավել հատուկ դաշտերի համեմատաբար ավելի հստակ և տեսանելի բացահայտման: Անձնական, խորը և հուզական մի մեծ պաշար կա շարքի ներսում: Այն արվեստագետի ներսում արմատացած, խճճված երևույթ է, բաղկացած հուզիչ և քայքայիչ հուշերից, ճնշումներից ու արտաքին ազդեցություններից, որոնցից առանցքային է գերմանական մշակույթը, ինչն իր հերթին իր հզորությամբ առանձնանում է եվրոպական մշակութային ընտանիքում՝ արտահայտված սրությամբ, բայց նաև հաստատվածի նկատմամբ հակազդեցությամբ: Այսպիսով, «Widerdruck [հակաճնշում]»-ը ներդաշնակ իդեալի, ավարտուն դասական ձևերի նկատմամբ արվեստագետի հակաճնշման դրսևորումն է, ձգտումը դեպի դրանց զուգորդումը անհատականորեն անկրկնելի սուր զգացողության հետ:

aren-shahnazaryan-widerdruck-003aren-shahnazaryan-widerdruck-017


Շարքը փորձ է՝ գտնելու մշակութային այդ հզոր ճնշման ներքին դրսևորումն ու իր սեփական հակաճնշումը, ինչը արտահայտվում է գունային պարզ էքսպանսիայով: Արվեստագետը դիմում է հղումների, ինչի արդյունքում վերաիմաստավորվում են տառատեսակներ ու հայտնի պատկերներ՝ ձեռք բերելով իկոնոգրաֆիկ հնչողություն: Գերմանական մշակույթի հետքերը մակերեսին ի հայտ են գալիս որպես պատկեր-թիրախներ, որ ծածկվում, թաքնվում են ներկի շերտի տակ, բայց մինչև վերջ չեն կորցնում տեսանելիությունն ու կարևորությունը: Գունաշարի սանդղակը բազմազան չի դառնում, խիստ ու կոնկրետ երանգների մեջ սակավ երևացող գերմանալեզու տեքստերը ընկալվում են առավել պատկերային, քան իմաստային: Զգալիորեն մեծանում է մակերեսը, փոխարենը փոքրանում է ինֆորմացիա կրող տարրերի շրջանակը, հասնելով նվազագույն մակարդակի՝ դաշտը թողնելով միայն ժեստային բաղադրիչներին: Որոշ հատվածներում էլ առօրյա կյանքի փաստագրական մասնիկներ հանդիսացող բաղադրիչները, իրենք իրենց նյութապես սպառելով, զրկվում են իմաստից, վերածվում պարզապես իրերի, որոնք առանձնապես կապ չունեն փորձառության հուշերի ու մշակութային կոնկրետ հետքերի հետ, սակայն ակտիվորեն աշխատում են որպես գործիքներ արդեն ծանոթ մեթոդների կիրառման համար: «Widerdruck [հակաճնշում]»-ը հնարավորություն է ինքնաբացահայտման, անձնական մտապաշարում կուտակված նյութերի, տեսանելի պատկերի, ներքին ստեղծագործական խնդիրների դուրս բերման, հետագա ստեղծագործական ճանապարհի քարտեզագրման, որ հաստատում է անձնական ստեղծագործական սահմաններն ու դրանք քանդելու և կառուցելու հնարավոր անհրաժեշտությունը:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հոկտեմբերի 23-ը:



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով