+374 99 12 80 82 Ուրբաթ - 29 Մարտ 2024

Հրավեր արվեստագետներին

Բաժին: ԱՖԻՇՆԵՐ

call-to-artists-01Ովքեր՝ Ժամանակակից արվեստի ինստիտուտի 2014 – 2016թթ. ուսանողները
Ինչ են անում՝ Ավարտական աշխատանք` ցուցահանդես
Որտեղ՝ Նուբարաշենի նախկին տեքստիլ ֆաբրիկայում

Մենք դիտարկում ենք Նուբարաշենը որպես երկու տեսակի երազանք-ուտոպիայի (կոմունիզմի՝ անդասակարգ հասարակություն կառուցելու և համայն հայության վերադարձի հայրենիքի ուտոպիայի) հանդիպման արդյունքում ձևավորված տարածք: Համայնքն անվանվել է ի պատիվ մեծ բարերար Պողոս Նուբար փաշայի: Նուբարաշենի անվանափոխության հերթականությունը հիմնադրումից մինչև մեր օրերը (Նուպարաշէն – 1932, Սովետաշեն -1939, Նուբարաշեն – 1991) քաղաքական ռեժիմների փոփոխությունների արտացոլումն է։ Նուբարաշեն բառի որոնումները գուգլ որոնողական համակարգով արտադրում են միայն բացասական կոնոտացիաներով հասցեներ՝ քաղաքային աղբանոց, բանտ, քաղաքային գերեզմանոց, հոգեբուժարան ու տասնյակ այլ ռեժիմային հաստատություններ ու վայրեր: Ի՞նչ մտադրությամբ ու երազանքով է կառուցվել Նուբարաշենը ու ներկայումս ինչ վիճակում է գտնվում: Ի՞նչն է, որ հնարավոր է դարձնում երազանքից «մղձավանջ» անցումը: Ինչո՞ւ հնարավոր չէ մտածել Նուբարաշենի մասին առանց աղբանոցի, գժանոցի, բանտի մասին մտածելու: Սրանք հարցեր են, որոնք հույս ունենք, իրենց արձագանքները կգտնեն արվեստագետների գործերում:

Տարածք-շինությունը, որտեղ նախատեսվում է իրականացնել ցուցադրությունը, կառուցվել է գորբաչովյան Պերեստրոյկայի տարիներին և նախատեսված է եղել տեքստիլ արտադրություն կազմակերպելու համար: Գործուն վիճակի է բերվել միայն առաջին հարկը, երկրորդ հարկը և օժանդակ հատվածները մնացել են անավարատ: Իբրև տեքստիլ արտադրամաս՝ օգտագորվել է մի քանի տարի, այնուհետև դադարեցրել է իր արտադրությունը: Գործարանի տարածքը վաղուց արդեն չի ծառայում իր սկզբնական նպատակին: Փոխարենը այսօր այստեղ կարելի է մտորել սեփական պատմության մասին՝ ոչ միայն վերհիշելով այն, այլև վերածնելով այս տարածքը՝ այս անգամ որպես արվեստի տարածք՝ վերստին դարձնելով այն կերտվող պատմության վայր:

«Նուբարարած» նախագիծը նպատակ ունի նոր կյանք հաղորդել Նուբարաշենին՝ դարձնելով այն մշակութային իրադարձության կիզակետ: Հրավիրում ենք վիզուալ, ձայնային և կատարողական արվեստով զբաղվող այն արվեստագետներին, ովքեր հետաքրքրված են գործարանային տարածքի վերաիմաստավորման այս հնարավորությամբ: Դիտարկվելու են թե՛ ամբողջական նախագծերի, թե՛ առանձին գործերի առաջարկներ՝ արվեստի տարբեր բնագավառներում: Աշխատանքները կարող են վերաբերել թե՛ Նուբարաշենի պատմությանը, թե՛ ներկայումս Նուբարաշենում առկա կառույցներին՝ հոգեբուժարան, բանտ, քրեակատարողական հիմնարկ, աղբանոց, թե՛ առհասարակ գործարանային տարածքի վերաիմաստավորմանը:

Սիրով սպասում ենք Ձեր արձագանքներին: Հետաքրքրվողները կարող են դիմել՝ լրացնելով հայտադիմումը՝ հետևյալ հղումով՝

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfOMRAImHpKrHwd_a1z_lR8Gvkp0wOdMBwgLQbtRvaSY9EOYQ/viewform

Առաջարկների ընդունման վերջնաժամկետն է 2016թ. դեկտեմբերի 1-ը:

Գործարանային տարածքին ծանոթանալու համար`

https://vimeo.com/186079908


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով