Հայ ժամանակակից իրականության անբաժանելի և առաջնային մասն է կազմում Ֆեյսբուք սոցիալական կայքը: Բոլորս գիտենք, որ Ֆեյսբուքի միջոցով կարող ենք ամենատարրական կապի միջոց ապահովելուց, ժամանակ անցկացնելուց հասնել որևէ ապրանքանիշի ամենաարդյունավետ գովազդմանը, այս կամ այն իրադարձության կիզակետում լինելուն, ինչպես նաև մտավոր և կրթական զարգացմանը: Յուրաքանչյուր օգտատեր ընտրում է իր համար հետաքրքիր միջավայր` հավանել (Like) կոճակի օգնությամբ: Միջավայրի ընտրությունը մեծ է այս կայքում, սակայն կարևոր է նաև մեկ ընդհանուր միջավայր, որը շատերին կօգնի արագ և արդյունավետ ինֆորմացիա քաղել հայ մշակույթի այս կամ այն բնագավառից, գտնել դրան վերաբերող գիրքը, հոդվածը, կայքը և այլն: Համաձայնեք, որ 21-րդ դարում կարևոր է հնարավորինս ավելի շատ տեղեկություն ունենալ քո ազգային մշակույթի մասին, ունենալ ամենատարրական գիտելիքները, իսկ վատագույն դեպքում ուղղակի տեսնել նկարներ, քանի որ տեսողական ինֆորմացիան նույնպես կարևոր է:
Այստեղ հավաքել եմ ֆեյսբուքյան հայ մշակույթը ներկայացնող ամենաակտիվ էջերը, որոնցից ամենաշատն եմ օգտվում (էջերի հերթականությունը պատահական է): Այն էջերը, որոնք ես բաց եմ թողել, խնդրում եմ թողնել մեկնաբանություններում, պատրաստ ենք և պահանջում ենք ծանոթանալ այս տեսակի աշխատանքներին:
Եվ այսպես, «Հայ մատենագրութեան թուանշային գրադարան» էջը կարծում եմ բոլորին է հայտնի Ֆեյսբուքում: Էջը ունի կայք, որտեղ տեղադրվում են հայ գրականությունը թվայնացված տարբերակով, ինչը մեր օրերում շատ կարևոր և աշխատատար գործունեություն է: Այս կայքի ֆեյսբուքյան պաշտոնական էջում կարող եք գտնել ամեն ինչ հայ միջնադարյան արվեստի մասին, գտնել այնպիսի պատկերներ հայկական մանրանկարչությունից, որոնք դժվար թե ինչ-որ տեղ տեսնեք, ծանոթանաք այնպիսի գրքերի, որոնց գոյության մասին չգիտեիք, մի խոսքով` էջ , որտեղ կարելի է ժամեր անցկացնել:
https://www.facebook.com/digilib/?fref=ts
Հետաքրքիր և բազմաբովանդակ է նաև «Էթնոս» էջը, որը, ինչպես էջի հեղինակներն են նշում, նպատակ ունի ցույց տալ հայ էթնոսի թողած համամարդկային արժեքները: Սա թերևս այն կետն էր, ինչի մասին ես արդեն նշեցի: Իմանալ քո մշակույթը, լինել մշակույթի գիտակ, համեմատել այլ մշակույթների հետ, լսել, խոսել, քննարկել: Այս էջը շատ տարածված է ֆեյսբուքում և յուրաքանչյուր գրառում ստանում է բավական մեծ քանակի մեկնաբանություն: Ներկայացված է հայ միջնադարյան արվեստը, ճարտարապետությունը, հայ նկարիչների աշխատանքները, հայ քանդակագործությունը: Այստեղ կարող եք գտնել նաև հայ գործիչների հազվադեպ հանդիպող լուսանկարներ: Էջը շատ ակտիվ է, ինչը գովելի է և շնորհակալության արժանի:
https://www.facebook.com/theArmenianEthnos/timeline
Հաջորդ էջը կհետաքրքրի հատկապես նրանց, ովքեր ուսումնասիրում են հնագիտություն: Սա կոնկրետ ուղղվածություն ունեցող էջ է, այն պարբերաբար թարմացվում է, լի է հետաքրքիր ու հազվադեպ հանդիպող լուսանկարներով: Խոսքը «Հայաստանի հնագիտությունը» (“Archaeology of Armenia) էջի մասին է: Այստեղ դուք կգտնեք լուսանկարներ Հայաստանի տարածքում գտնվող տարբեր հնագիտական հուշարձաններից, պեղումներից հայտաբերված գտածոներից, նաև հետաքրքիր հաղորդումներ հայկական հնագիտության մասին: Հատկանշական է, որ այս էջում բավականին ակտիվ են օտարերկրացիները, ինչը շատ է ուրախացնում:
https://www.facebook.com/archaeologyofarmenia/timeline
Վերջերս ինչ-որ կարևոր նյութ փնտրելիս հանդիպեցի այս էջին: Հետաքրքիր էր և շատ ուրախալի, որ այն ինչ փնտրում էի շատ արագ ու արդյունավետ գտա այստեղ: Էջի անունն է «P’Arts», որի նկարագրության մեջ գրված է, որ այն ստեղծվել է, որպեսզի բարձրացնի երիտասարդության իրազեկվածությունը Հայ Արվեստի դասականների մասին և հետագա սերունդներին թողնի համակարգված տեղեկատվություն հայ մեծանուն քանդակագործների, գեղանկարիչների և գրաֆիկների մասին: Էջում բացի դասականների աշխատանքներից կգտնեք նաև նախաքրիտոնեական, միջնադարյան արվեստի վերաբերյալ տեղեկություններ և շատ հետաքրքիր լուսանկարներ: Այստեղ ամեն բան համակարգված է, դասավորված է տարբեր ալբոմների մեջ:
https://www.facebook.com/P-Arts-603893976303094/timeline
«Հայ հանճարներ» էջը թերևս ամենաշատ հավանումներ ունեցողն է նմանատիպ էջերի շարքում: Այստեղ դուք կգտնեք շատ թեմաներ, լուսանկարներ և հղումներ, որոնք չեք գտնի ավելի վեր թվարկած էջերում: Այն ակտիվ է, կառավարվում է շատ համակարգված, ունի հստակ մոտեցում յուրաքանչյուր հրապարակմանը, որոնք կապված են էջի ընդհանուր թեմային: Հատկանշական է, որ այստեղ կարող եք գտնել նաև ժամանակակից հայ գործիչների, որոնք այս կամ այն չափով հաջողության են հասել իրենց ոլորտում:
https://www.facebook.com/Armenians
Եվ ի վերջո՝ «Արվեստագիր» մշակութային հանդեսի ֆեյսբուքյան էջում միշտ կարելի է գտնել մշակութային վերջին իրադարձությունները, հոդվածներն ու հարցազրույցները:
Թողնել մեկնաբանություն