+374 99 12 80 82 Երեքշաբթի - 10 Դեկտեմբեր 2024

Լավինիա Բաժբեուկ-Մելիքյան. «Հայոց Ֆրիդա Կալոն»


Հայ գեղանկարչուհի Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանը պատկանում է այն արվեստագետների թվին, որոնք իրենց ստեղծագործական կյանքի ընթացքում կատարում են բազում ինքնանկարներ: Իր ինքնադիմանկարներում նա իրեն ներկայացրել է տարբեր իրավիճակներում:

Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանը ինքնադիմանկարներ է կատարել երիտասարդ հասակից սկսած մինչ խոր ծերություն: Այս առումով  նրան  կարելի է համեմատել Ռեմբրանդտի կամ Մարտիրոս Սարյանի հետ: Նրանց նման Լավինիան էլ է պարբերաբար զննել, ուսումնասիրել, խստապահանջորեն գնահատել իրեն: Առաջին ինքնանկարը ստեղծել է 1943-ին՝ 21 տարեկան հասակում: Տարբեր տարիներին կատարված ինքնանկարներում նկարչուհին վերարտադրել է իր տրամադրությունները, արտահայտել իր զգացմունքները, իմաստավորել իր անհատական և անկրկնելի «ես»-ը: Գրեթե բոլոր ինքնանկարներում նկարչուհին իրեն կերպարանավորում է նույն՝ խստադեմ  հայացքով:

Lavinia-Bazhbeuk-Melikyan-1.

Լավինիա Բաժբեուկ-Մելիքյան, Ինքնանկար Ն. Ժիլիսկայայի հետ, 1965

Լավինիա Բաժբեուկ-Մելիքյան,  Ինքնադիմանկար, 1978

Լավինիա Բաժբեուկ-Մելիքյան,
Ինքնադիմանկար, 1978

Lavinia-Bazhbeuk-Melikyan-3.

Լավինիա Բաժբեուկ-Մելիքյան, Ինքնադիմանկար, 1979


Անչափ հետաքրքիր փոփոխությունների են ենթարկվել Լավինիայի ինքնադիմանկարները՝ 1943-ից սկսած մինչև վերջինը:

Լավինիան անձի արժեքը տեսնում է նրա աշխատանքում ու ամեն կերպ ձգտում է ընդգծել, որ մարդն աշխատանքով է գեղեցիկ: Սա Լավինիան կարողանում է հաստատել իր արվեստով: Եվ դրա շնորհիվ այդքան օրինաչափ եղավ նրա ստեղծագործության համար «Ինքնանկար Ն. Ժիլինսկայայի հետ» աշխատանքը (1965), որը Լավինիայի ինքնադիմանկարների շարքում պարզ, մոնումենտալ հնչեղությամբ իր մնայուն տեղն ունի, կարելի է ասել` ամենահաջողվածն ու նշանավորն է: Սա թեև զուգադիմանկար է, բայց կարելի է նկատել թեմատիկ պատկերի ինչ-որ տարրեր՝ նկարչուհու և քանդակագործուհու աշխատանքային պահի առումով: Ժիլինսկայան ներկայացված է ինքնամոռաց հափշտակությամբ աշխատելու պահին: Քանդակագործուհու ոգեշնչվածությունը և նրա շարժումներն ընդգծում են արվեստագետի ստեղծագործական ներշնչման վեհ պահը: Այդպիսին է և ինքը՝ Լավինիան: Դիմանկարում նրա ամբողջ կեցվածքը լարված սպասման մեջ է: Աչքերը լի են ստեղծագործական ներշնչմամբ: Տաք գույներով արված այս դիմանկարում հիանալի կերպով է հաղորդված քանդակագործուհի Ժիլինսկայայի ձեռքերի շարժումը: Այս աշխատանքում հանդիպում ենք հոլանդական խմբակային դիմանկարների ավանդույթներին: Ըստ այդ ավանդույթների՝ պատմական կոնկրետ դեմքերը կտավի վրա ներկայացվում են որոշակի իրադարձությամբ կամ գործողությամբ: Եվ այդ ավանդույթը հայ նկարչուհին շատ տեղին է օգտագործել այս աշխատանքում [1, էջ 29]:

Frida-Kahlo-4.

Ֆրիդա Կալո, Ինքնադիմանկար

Frida-Kahlo-5.

Ֆրիդա Կալո, Ինքնադիմանկար

Frida-Kahlo-6.

Ֆրիդա Կալո, Ինքնադիմանկար

Ինքնադիմանկարների շարքում առանձնանում է նաև 1978-ի օրինակը: Այս կտավը պատկերում է նկարչուհուն՝ վրձինը ձեռքին, խստադեմ, առնական, եռանդուն, ամբողջովին նվիրված արվեստին: Սև հագուստին հակադրվում է վառ գույնով արված խորքը: Այն միաժամանակ ներդաշնակում է դիմանկարում  ներկայացված Լավինիայի՝ նույնքան վառ անհատականությանը:

Ինքնատիպ է 1979-ի ինքնանկարը, ուր Լավինիան պատկերված է մինչև կուրծքը, իրեն բնորոշ խստադեմ հայացքով: Ֆոնում պատկերված են երկու կանանց կերպարներ, որոնք արևելյան (պարսկուհիներին բնորոշ) դիմագծերով են: Կտավը հագեցած է տաք, վառ գույներով, իշխում են կարմիրի երանգները:

        Կերպարային առումով որոշակի նմանություն կարելի է գտնել Լավինիայի և հայտնի գեղանկարչուհի Ֆրիդա Կալոյի ինքնանկարներում: Նմանությունը նկատվում է հայացքներում: Երկուսն էլ իրենց պատկերում են թավ հոնքերով:

Lavinia-Bajbeuk-Melikyan-7.

Լավինիա Բաժբեուկ-Մելիքյան, Ինքնադիմանկար խճանկարի ֆոնին, 1982

Lavinia-Bazhbeuk-Melikyan-8.

Լավինիա Բաժբեուկ-Մելիքյան,
Ինքնադիմանկար վրձիններով, 2000

    Շատ բացառիկ է ինքնանկարներից մեկը, որը կոչվում է «Ինքնադիմանկար խճանկարի ֆոնին» (1982): Նուրբ գունային անցումներով արված այս աշխատանքին զգացմունքային  թափ  են  հաղորդում  ետնախորքում պատկերված, լուսապսակներով պատված երկու սրբերի պատկերները:  Հիմք ընդունելով Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանի արվեստանոցում գտնվող մի աշխատանք, որը վերնագրված է «Հովակիմ և Աննա» (2003) և որտեղ ներկայացված են նույն սրբերը, այս անգամ ամբողջ հասակով մեկ, կարելի է հասկանալ, որ «Ինքնադիմանկար խճանկարի ֆոնին» աշխատանքում, երկրորդ պլանում ևս  ներկայացված են Տիրամոր ծնողները: Փաստորեն, այս ինքնանկարի ետնախորքն օգտագործելով, նկարչուհին տարիներ անց կատարել է «Հովակիմ և Աննա» աշխատանքը: Այստեղ դրսևորվում է նկարչուհու կապը ազգային ավանդույթների հետ, և սրբերի պատկերում կարելի է տեսնել միջնադարին բնորոշ շունչ:

      Ուշագրավ են նաև 1976-ի, 1989-ի 1994-ի, 1995-ի ինքնանկարները, որոնցում առկա է Լավինիայի մյուս ինքնադիմանկարներին բնորոշ ոգեշնչվածությունը և 2000-ի «Ինքնանկար վրձիններով» աշխատանքը, որը նկարչուհին թեև կատարել է 80 տարեկան հասակում, սակայն այստեղ տեսնում ենք երիտասարդական ավյունով լի արվեստագետի, ով պատկերված է նույնքան եռանդուն, որքան ավելի երիտասարդ տարիների ինքնանկարներում:

        Այսպիսով, սեփական անձի նկատմամբ Լավինիայի հատուկ ուշադրությունը, ստեղծագործական ինքնաճանաչման ձգտումները պահպանված են նրա բոլոր ինքնանկարներում:

Գրականություն

  1. Երզնկյան Մ., Գույների և վրձնի մտերմությամբ – <<Հայաստանի աշխատավորուհի>>, Եր., 1972, № 7, էջ 29:
  2. Սիլվիա Մանուչարյան, Դիպլոմային աշխատանք, Երևան, 2012:


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով