+374 99 12 80 82 Երեքշաբթի - 12 Նոյեմբեր 2024

Դեպի թանգարաններ


Այս տարի` 2016թ.- ին, թանգարանասեր հայության համար երկու անմոռանալի օրեր էին մայիսի 18-ն ու 21-ը: Մայիսի 18-ը թանգարանների միջազգային օրն է: Շատ կարևոր է գիտակցել թանգարանի դերը մարդու կյանքում: Սերը թանգարանների հանդեպ ակնառու է այս օրերին հատկապես: Եվ հատկանշական է, որ երևույթը կրում է համահանրապետական բնույթ.այս տարի նախաձեռնությանը միացել էին ավելի քան 110 թանգարան: Ոչ միայն մուտքն էր ազատ, ինչը բավականին մեծացրել էր այցելուների թիվը, այլև կազմակերպված միջոցառումներն էին բազմազան, ինչը գրավում էր հասարակության լայն շերտերին: Երևան քաղաքում կասկադն ինչպես միշտ մարդաշատ էր, չնայած դեռ օրը նոր էր սկսվել: Այստեղ Գաֆէսճեան կենտրոնում Ռոբերտ Էլիբեկյանի «Արտացոլումներ» ցուցադրությունն էր ողջունում այցելուներին: Ոչ շատ հեռու գտնվող Սարգիս Մուրադյան պատկերասրահում Հենրիկ Սիրավյանի գեղեցիկ կտավներն էին ցուցադրված: Նկարչի ժպտացող Կոմիտասի նկարն ամենահիշվողներից էր…Իսկ Երվանդ Քոչարի թանգարանն ինչպես միշտ լի էր արվեստասերներով… Եկավ մայիսի 21-ը, երբ թանգարանները մինչև կեսգիշեր լեփ-լեցուն են: Ինչքան ուրախալի է այս փաստը, որ մանուկ թե ծեր գալիս ու նայում են, տեսնում ու լսում են: Մի փոքր անդրադառնանք ոչ շատ հայտնի թանգարաններին: Օրինակ Հայ ֆիդայական շարժման «Անդրանիկ զորավար» թանգարանում, որը գտնվում է Կոմիտասի պանթեոնի կողքին, նույնպես այցելուների պակաս չկար… Եկել էին հերոսի մոտ, նրան հիշելու…մեր հերոսներին միշտ պետք է հիշենք և շնորհակալ լինենք այսօրվա համար… Հաջորդը Ազգագրագետ, նկարչուհի Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարանն էր: Պատկերացնու՞մ եք, կենդանության օրոք նա արդեն տուն-թանգարան ունի, քանի,որ իր արմատները պահպանելով ապրում է հայկական միջավայրին մոտ: Այս հայուհու տունը գտնվում է Մուրացանի 79 հաացեում և իր հարկի տակ հյուրընկալել էր շատերին:

Ցուցադրված էին Արևմտյան Հայաստանի տարբեր գավառների տարազներ Ագուլեցու անձնական հավաքածուից և ցուցադրության համար բաց էր նրա տունը, որտեղ կան տարբեր ծիսական տիկնիկներ պատրաստված հենց իր կողմից, նրա կտավները, որոնցից մի քանիսն ի դեպ ավարտված չէին և յուղաներկի անուշ բույրը տարածվել էր արվեստանոցում… Կային նաև հայկական զարդեր և էլի շատ ու շատ կենցաղային իրեր, երաժշտական գործիքներ… Այստեղ հավաքվածների համար ելույթ ունեցավ «Վան» ազգագագրական համույթը` ներկայացնելով տարբեր տոնական երգեր` տերընդեզից մինչև վարդավառ: Ես էլ, լինելով Վան-ի կազմից, անսահման հպարտ էի ներկայացնել մեր արժեքները հենց այդ տանիքի տակ: Հետո այցելեցինք նաև Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան: Չնայած արդեն ուշ ժամին մարդիկ դեռ ուսումնասիրում էին, ծանոթանում ցուցանմուշներին: Այստեղ էլ ելույթ ունեցանք «Վան» համույթով: Եվ արդեն ժ. 22:00ին շարժվեցինք դեպի վերջին թանգարան: Դա Հայ Հեղափոխական Դաշնակցության թանգարանն էր, որտեղ էլ և երգով ու պարով ավարտեցինք թանգարանաշատ օրը: Ամեն մի թանգարան իր պատմությունն ունի: Ամեն թանգարան իր կարևորությունն ունի: Հիանալի կազմակերպված թանգարանային գիշերն ավարտվեց` թողնելով բազմաթիվ հուշեր բոլորի մտքում: Պետք է հաճախ այցելենք մեր թանգարանները: Պետք է երբեմն-երբեմն հիշենք ով ենք, որտեղից ենք եկել, որ ավելի հեշտ կողմնորոշվենք, թե ուր ենք գնում…



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով