Ամեն տարի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը գալիս է հաստատելու, որ հայ կինոյին հրաշալի ապագա է սպասվում, որ այն չի սպառել իրեն և կարող է ներկայանալ հանրությանը համաշխարհային կինոյի կողքին: Հանրաճանաչ ռեժիսորների կողքին բազմաթիվ հայ երիտասարդ կնոռեժիսորներ իրենց ուժերն են փորձում այս հեղինակավոր կինոփառատոնին:
«Ոսկե ծիրանը» հանդիսանում է տարածաշրջանում ամենահեղինակավոր միջազգային կինոփառատոնը, որն իր 12 տարվա գործունեության ընթացքում հյուրընկալել է կինոարվեստի բազմաթիվ հռչակավոր գործիչների:
2015թ.-ի հունիսի 12-ին Երևանում տոնում էին Վարդավառը: Սակայն երեկոյան տոնը վերածվեց կինոյի հրավառության: Երևանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը: Այս տարի այն ներկայացնում է Հայաստանից և աշխարհի տարբեր երկրներից հայտ ներկայացրած կինոռեժիսորների կողմից նկարահանված 150 ֆիլմ, որոնցից 35-ը հայկական են: Ամբողջ մեկ շաբաթ հայ կինոսերները կարող են վայելել վավերագրական ու խաղարկային նոր ֆիլմեր, ինչպես նաև հետահայաց ցուցադրություններ հենց այս փառատոնի շնորհիվ:
Հայաստանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի դիմաց, կարմիր գորգի երկայնքով հավաքված բազմությունը անհամբեր սպասում էր փառատոնի պատվավոր հյուրերի ժամանմանը: Ինչպես իր խոսքում նշեց կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը, սա մի յուրահատուկ տոն է, որ հաճախ համընկնում է հենց Վարդավառի հետ և նշեց, որ փառատոնի պատվավոր հյուրեր Օռնելլա Մուտին և Նաստասյա Կինսկին ևս հասցրել են ջրվել, այդպիսով ծանոթացել այս տոնին:
Հիմնականում եվրոպական ֆիլմերով հայտնի իտալուհի Օռնելլա Մուտին հանդես է եկել գերմանական նոր կինոյի հայրերից մեկի՝ Ֆոլքեր Շլյոնդորֆի «Սվանի սերը» ֆիլմում, 1982թ.-ին, նկարահանվել է նաև նշանավոր իտալացի ռեժիսոր Մարկո Ֆերրերի և Դինո Րիզիի ժապավեններում: Հայ հանդիսատեսին Մուտին առավելապես հայտնի է «Կամակոր տղամարդու սանձահարումը» կատակերգական ֆիլմից, որտեղ նրա խաղընկերը հայտնի Ադրիանո Չելենտանոն է: Նշենք, որ «Ոսկե ծիրանի» շրջանակներում տեղի կունենա «Սվանի սերը» ֆիլմի Երևանյան պրեմիերան: Նաստասյա Կինսկուն՝ մեծատաղանդ դերասան Կլաուս Կինսկու դստերը, համաշխարհային ճանաչում բերեց Ալբերտո Լատուադայի «Եղիր, ինչպես կաս» կինոնկարը, ապա Ռոման Պոլանսկու «Ոսկե գլոբուսի» մրցանակակիր «Թես» ֆիլմը, 1979թ.-ին: Կինսկիի մասնակցությամբ առավել հայտնի ֆիլմերից է նաև Վիմ Վենդերսի Կաննի մրցանակակիր «Փարիզ, Թեքսասը»: Նշենք, որ «Ոսկե ծիրանի» այս տարվա հետահայաց ցուցադրությունների ծրագիրը նվիրված է Նաստասյա Կինսկիի ֆիլմերին: Կցուցադրվեն Ռոման Պոլանսկու «Թեսը», Վիմ Վենդերսի «Փարիզ, Թեքսասը» և Անդրեյ Կոնչալովսկու «Մարիայի սիրեցյալները» ֆիլմերը:
Կարմիր գորգով անցավ նաև ֆրանսիացի դերասան և ռեժիսոր Պատրիկ Շենեն: Փառատոնի շրջանակներում տեղի կունենա նրա մասնակցությամբ Ստեֆան Բրիզեի «Ես սիրելու համար չեմ այստեղ» ֆիլմի պրեմիերան: Երեկոն անցավ գեղեցիկ պարային համարների ուղեկցությամբ, իսկ վերջում բեմում էին իրենք՝ Օռնելլա Մուտին և Նաստասյա Կինսկին, ում Խաչատուր Հարությունյանն ու Ռալֆ Յիրիկյանը հանձնեցին «Ոսկե ծիրանի» հատուկ մրցանակներ՝ պատրաստված Սերգեյ Փարաջանովի կողմից, բանտում եղած տարիներին:
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը շարունակելու է ֆիլմերի ցուցադրությունները, մինչև հուլիսի 19-ը:
Ֆոտոշարք «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի բացման արարողությունից:
Թողնել մեկնաբանություն