+374 99 12 80 82 Երեքշաբթի - 23 Ապրիլ 2024

Երբ երգում են լուսանկարները


Արվեստը հետաքրքիր է  երբ բացահայտում է նորը՝ զգացողական, տեսողական եւ մարդկային ընկալումների հնարավոր բոլոր ասպարեզներում: Ժամանակակից տենոլոգիաների հետ համընթաց արվեստն հնարավորություն է ստացել նոր հայտնագործություններով վերազինվել ու խտացնելով մեր զգացողությունները: Այսպիսին են   «Հայելի» խորագրով գրքի երգող լուսանկարները ՝ լուսանկարիչ Արա Օշականի, երգիչ, երգահան Գոռ Մխիթարյանի  նոր նախագիծը:  Այս համագործակցությանը միանում է  դիտողը:   Հեռախոսով ակտիվացնելով Auresma հավելվածը եւ լուսանկարների  վրա տեղադրելով հնչում է Գոռ Մխիթարյանի երաժշտությունը, հաճախ նաեւ տեսահոլովակը:

Այս նախագծի մյուս հատվածը   Լոս Անջելես – Թուֆենկյան պատկերասրահում կայացած շնորհանդեսն է` գրքի մեծադիր լուսանկարների ցուցադրությամբ, որոնք նույնպես կենդանանում են բջջային հեռախոսի օգնությամբ: Ցուցադրության բացման օրը ելույթ ունեցավ   Գոռ Մխիթարյանի ու իր խումբը:

«Տարիներ շարունակ ես լուսանկարել եմ Գոռին,-ասում է Արա Օշականը,-ինձ համար նա հայերեն լեզվող առաջին կատարողներից էր, ում հանդիպեցի այստեղ` Լոս Անջելեսում: Մեր ծանոթությունը վերածվեց ընկերության: Լուսանկարների քանակն արդեն մեզ միտք տվեց այն գրքի վերածել»:

  Գրքում պատկերված լուսանկարների կողքին նշված   կարմիր վանդակը հուշում է, որ  հեռախոսային Auresma հավելվածը կարտաբերի համապատասխան երգը, միայն պետք է սեղմել Play կոճակը:

«Ստեղծագործական գործընթացն է, որ ինձ գրավել է, ասում է Արա Օշականը,- և գրքում էլ ներառված լուսանկարներն էլ այդ մասին են:  «Հայելին» տեսողական և ձայնային արվեստի սահմանների համագործակցությունն է, որը հնարավոր դարձավ ինտերակտիվ տեխնոլոգիայի միջոցով»:

 Մի ընդհանուր ներդաշնակցություն է ստեղծված լուսանկարից դեպի  երաժշտության անցման մեջ: Ցուցադրության ներկայացված լուսանկարներն էլ  ինչպես նշում է Արան` ստեղծագործական գործընթացքի   պահերն են. երգի կատարման, համերգի նախապատրաստման, բեմի ձեւավորման, ձայնագրման, լույսի, միկրաֆոնի ստուգման, փորձի ժամանակ, որը կարծես վայրկենական դադար է և ուր որ է կտեսնենք հաջորդ պահը:    Իսկ երգը իհարկե, կսկսվի, եթե միացնենք մեր հեռախոսային հավելվածը: Գրքում ներառված են նաև երգերի ձեռագիր տեքստերը:

http://www.araoshagan.net/mirror



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով