+374 99 12 80 82 Հինգշաբթի - 28 Մարտ 2024

Աննա Հարությունյան. Ու կյանքը սկսվեց…


Anna-Harutyunyan--And-the-life-beganՓետրվարի 18-ին Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում տեղի ունեցավ ՀՀ  վաստակավոր նկարիչ Աննա Հարությունյանի «Ու կյանքը սկսվեց…» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսը, որը կազմակերպվել է Նյու Յորքի և Դուբայի բիենալեների  ծրագրի շրջանակներում: Ցուցահանդեսի նախաձեռնությունը բիենալեների տնօրեն Պիետրո Ֆրանեսիին է, ցուցադրվող աշխատանքների ընտրությունը ևս նա է արել: Բացման արարողությանը ներկա էին Երևանի փոխքաղաքապետ, ռեժիսոր Արամ Սուքիասյանը, Հայաստանում Իտալիայի դեսպան Ջովանի Ռիչուլին, Հայաստանում Ռուսաստանի դեսպանի խորհրդական Օլեգ Շապավալովը, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, Ժամանակակից արվետի թանգարանի կառավարման խորհրդի նախագահ, ճարտարապետ Լևոն Իգիթյանը, ՀՀ վաստակավոր արտիստ, կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանը և մշակույթի այլ կարկառուն ներկայացուցիչներ: Ցուցադրությանը ներկայացվել է 12 մոնումենտալ ստեղծագործություն, որոնք արված են գեղանկարչական և քանդակային արվեստի համադրման միջոցով ստեղծված յուրահատուկ տեխնոլոգիայով, ինչն իր տեսակով նորույթ է հայ հասարակության համար: Ընդհանուր առմամբ ցուցադրված աշխատանքները աշխարհաստեղծման և մարդկային կյանքի շարունակականության գեղարվեստական և սինվոլիկ արտացոլումն էին, որտեղ նկարչուհին օգտագործել էր նաև քրիստոնեական թեմաներ՝ համադրելով հայ ազգային գեղանկարչության ավանդույթները և եվրոպական արվեստի դասական և նորարական սկզբունքները:Anna-Harutyunyan--And-the-life-began-006 Նկարչուհու խոսքերով յուրաքանչյուր գործ ունի նպատակ՝ փոխանցել ստեղծագործության բիոէներգիան հանդիսատեսին: Իսկ գործերի կողքին նա վերնագրեր չէր դրել՝ կարծելով, որ յուրաքանչյուր դիտողի վրա ամեն աշխատանք տարբեր ներգործություն կարող է ունենալ և այս դեպքում ավելի ճիշտ կլինի, որ ամեն ոք իր ձևով փորձի հասկանալ և վերնագրել գործերը: Աննան ցուցահանդեսը նվիրեց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին, քանի որ թե՛ խորագիրը և թե՛ ստեղծագործությունները իրենց ենթատեքստով խորհրդանշում են ցեղասպանություն վերապրելուց հետո հայ ժողովրդի նոր կյանք սկսելու ուժը: Ըստ Աննայի կյանքը սկսվում է, շարունակվում է, ոչ մի ազգ չի վերանում, այլ հակառակը, ինչքան էլ արմատից կտրես, ինչ-որ տեղից անպայման ծիլ կտա: Ցուցահանդեսը հենց այս ալեգորիկ գաղափարի արտահայտումն է: Նորույթ էր նաև մոտեցումը ցուցահանդեսի կազմակերպման  հարցում: Աշխատանքները ցուցադրվեցին յուրահատուկ լուսավորութությամբ: ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն, ռեժիսոր Կարինե Դավթյանի մտահղացմամբ բացման արարողությունը սկսվեց «Համալսարանական» թատրոն-ստուդիայի կողմից ներկայացված թատերական կոմպոզիցիայով, որն իր գաղափարով լրացնում էր ցուցահանդեսի կոնցեպցիան: Սկզբում մութ էր՝ ոչինչ չկար, ապա հայտնվեց մարդը, որ մոմի լույսով սկսեց տարածել իր գաղափարները,  այնուհետև նրան միացավ բազմությունը, որ սնվելով նրա լույսից նոր գաղափարներ ստեղծեց և կյանք տվեց նոր ստեղծագործությունների: Այս արարողությունը ուղեկցվեց ԵՊՀ երգչախմբի կողմից «Հայրմեր», «Տերունական աղոթք» և «Սուրբ-սուրբ» հոգևոր երգերի կատարմամբ, ինչն օգնեց հանդիսատեսին առավել հասանելի դարձնել ցուցահանդեսի գաղափարական էությունը, որ կար ի սկզբանե: Սա ցուցահանդեսի կազմակերպման բոլորովին նորձևաչափ էր, որը տպավորեց բոլոր ներկաներին: Ճարտարապետ Լևոն Իգիթյանը բացման խոսքում նշեց, որ այսպիսի անսպասելի լուծում  ուներ բացումը, քանի որ հեղինակը Աննան է, ցուցահանդեսն էլ պետք է նույնքան յուրահատուկ լիներ, ինչպիսին իր գործերն են ու իր մտածելակերպը:Anna-Harutyunyan--And-the-life-began-002 ԵՊՀ մշակույթի կենտրոնի մասնակցությունը պատահական չէր. Աննա Հարությունյանը 2007 թվականից որպես արվեստագետ-գործընկեր համագործակցում է Մշակույթի կենտրոնի հետ` իրականացնելով կենտրոնի կողմից կազմակերպվող միջոցառումների, բեմադրությունների, հագուստների նկարչական ձևավորման աշխատանքները: Աննան դեռևս 1995թ.-ից շուրջ տասը անհատական ցուցահանդես է ունեցել աշխարհի տարբեր երկրներում: Նկարչուհու աշխատանքները ցուցադրված են Գերմանիայի, Վենետիկի թանգարաններում, ինչպես նաև` մասնավոր հավաքածուներում Ռուսաստանում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Լիբանանում, Հունաստանում, Հավայան կղզիներում, Հոլանդիայում, ԱՄՆ – ում, Գերմանիայում և այլ երկրներում։  Հայաստանյան ցուցադրութունը կլինի մինչև փետրվարի 22-ը, որից հետո Աննա Հարությունյանը պատրաստվում է ընտրված աշխատանքներով ներկայանալ նաև ՆյուՅորքի և Դուբայի բիենալեներում, որտեղ կներկայացնի Հայաստանը:

Լուսանկարները՝  Հասմիկ Բարխուդարյանի



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով