+374 99 12 80 82 Ուրբաթ - 22 Նոյեմբեր 2024

Հայ լուսանկարիչները՝ մեկ թանգարանում… ‹‹Հայտնիները՝ հայ լուսանկարիչների աչքերով›› ցուցահանդեսը…


Հունիսի 12-ին ‹‹Հայ-Արտ›› մշակութային կենտրոնում Երևանյան ամառ 2015-ի շրջանականերում բացվել է հիանալի ցուցահանդես՝ ‹‹Հայտնիները՝ հայ լուսանկարիչների աչքերով›› խորագրով: Ցուցահանդեսի ընթացքում ներկայացված են շուրջ 20 հեղինակների 150 լուսանկարներ, որոնցից շատերը բնօրինակ են: Լուսանկարները Անդրանիկ Քոչարի անձնական հավաքածուից են:
‹‹Արվեստագիրը›› օրերս ներկա գտնվեց այդ ցուցահանդեսին, երբ այնտեղ դեռ ոչ-ոք չկար: Մուտքի մոտ մեզ դիմավորեց Անդրանիկ Քոչարի որդին՝ Վահան Քոչարը, որը մեզ ուղեկցեց ցուցասրահով և պատմեց յուրաքանչյուր լուսանկարչի մասին: Ամբողջ սրահը լցված էր հզոր էներգետիկայով: Լուսանկարներում պատկերված մարդիկ, նրանց աչքերը ուրիշ էին, նման աչքեր մեր օրերում այլևս չես հանդիպի: Յուրաքանչյուր լուսանկար մի պատմություն էր թե՛ լուսանկարում պատկերված մարդու, թե՛ կոթողի, թե՛ լուսանկարչի մասին: Քայլելով ցուցասրահով, լսելով Վահան Քոչարին, հնարավոր է հայտնվել 19-20-րդ դարերում, տեսնել թե ինչպես էր լուսանկարիչը ըմբռնում յուրաքանչյուր բնորդի դիմագծերը, ինչպես էր լուսավորությունը դնում, լուսանկարելու ընթացքում ինչպես էր զրուցում իր հերոսների հետ, մի խոսքով դառնալ այդ ամենի մասնակիցը: Այստեղ ներկայացված լուսանկարիչների աշխատանքները ժամանակին տեղ են գտել ‹‹Հայ լուսանկարիչները›› գրքում:
Այսպիսով, ցուցահանդեսի շրջանակներում ներկայացված էին Հարի Կունտաքճյանի աշխատանքները: Վերջինս աշխատել է ‹‹Ասոշիեյտեդ պրես›› գործակալությունում, եղել է նրա Բեյրութի մասնաճյուղի գլխավոր լուսանկարիչը: Վրույր Արտաշես Արամին աշխատել է շատ հնագիտական արշավախմբերի հետ, երկու անգամ ոտքով այցելել և լուսանկարել է Գառնիի հեթանոսական տաճարի բեկորները, ինչպես նաև ոտքով հասել է Գեղարդավանք և այն լուսագրել է: Այս ցուցահանդեսի շրջանակներում դուք նաև կարող եք գտնել հայ ֆոտոլրագրության հիմնադիր՝ Նեմրութ Բաղդասարյանի (նրա մասին կարող եք կարդալ մեր կայքում), Գուրգեն Րուզգերյանի, Մանուկ Փոլադյանի, Աբդուլլահ Եղբայրների, Գրիգոր Տեր-Ղևոդյանցի, Անտուան Խան Սևրուգինի, որը հրավիրվել է Նասր-Էդ-Դին Շահի պալատ՝ որպես արքունի գլխավոր նկարիչ, Հովհաննես Քյուրքչյանցի, Պողոս Պողոսյանի, Յուսուֆ Քարշի, Արա Գյուլլերի և շատ այլ հայ ականավոր լուսանկարիչների աշխատանքները: Այստեղ դուք նաև կարող եք տեսնել հայ մեծ լուսանկարիչ, այս լուսանկարների հավաքածուի հեղինակ՝ Անդրանիկ Քոչարի, ինչպես նաև նրա որդի՝ Վահան Քոչարի աշխատանքները: Վերջինս, ի դեպ, մեզ հետ զրույցում նշեց, որ շուտով այս աշխատանքները մշտական տեղ կունենան լուսանկարչության թանգարանում և այդպիսով կիրականանա Անդրանիկ Քոչարի երազանքը: Մենք նույնպես միանում ենք այս ցանկությանը և հույս ունենք, որ շուտով մեր քաղաքում կբացվի այդպիսի թանգարան, որի կարիքը շատ վաղուց կա, քանի որ լուսանկարները, ինչպես գեղանկարները՝ հարկավոր է ցուցադրել թանգարանում, հատկապես, որ հայ լուսանկարչության պատմությունը շատ հարուստ է և դեռ հարստանալու է:

Ցուցահանդեսը բաց է մինչև հուլիսի 12-ը:



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով