+374 99 12 80 82 Ուրբաթ - 04 Հոկտեմբեր 2024

Շենգավիթ բնակատեղիի հնագույն մշակույթը


Շենգավիթ բնակատեղին, որը գտնվում է Երևանի հարավ-արևմտյան մասում՝ Հրազդան գետի ձախ (այժմ՝ Երևանյան լճի արևելյան) բարձրադիր ափին, Կուր-արաքսյան մշակույթի՝ վաղ բրոնզեդարյան զարգացած փուլի առավել նշանավոր և համեմատաբար լավ ուսումնասիրված հուշարձաններից է:             Շենգավիթի բնակատեղին տալիս է վաղ բրոնզեդարյան մշակույթի առավել ամբողջական պատկերը: Պեղումներն այստեղ բացել են հին բնակչության մշակույթի չորս հաջորդական շրջաններ՝ շինարարական շերտերով՝ 4 մետր հզորությամբ: Մշակութային չորս (ըստ որոշ ուսումնասիրողների՝ հինգ) շերտերը վերագրվում են մ.թ.ա. 4-րդ հազարամյակի վերջից 2-րդ հազարամյակի սկզբին. թեպետև մասնագիտական գրականության մեջ թվագրումը հակասական է: Ընդ որում, այդ շերտերից ստորինը վերաբերվում է Էնեոլիթյան, իսկ մյուս երեք շերտերը՝ վաղ բրոնզեդարյան մշակույթին:

Շենգավիթյան մշակույթին բնորոշ է նստակյաց տնտեսաձևը՝ զարգացած երկրագործությամբ, անասնապահությամբ ու արհեստագործությամբ, մասնավորա-պես՝ բարձր մակարդակի հասած խեցեգործությամբ և մետաղամշակությամբ. այդ  մասին են խոսում պեղումների ժամանակ հայտնաբերված նյութերը:

Շենգավիթի հնագույն բնակավայրն աչքի է ընկնում բավական զարգացած ճարտարապետությամբ: ՈՒշագրավ են ինչպես քաղաքացիական՝ մասնավորապես բնակելի շենքերը, այնպես էլ պաշտպանական, տնտեսական և պաշտամունքային նշանակության կառույցները:Shengavit-001

Շենգավիթի բնակավայրը զբաղեցնում է անկանոն-ձվաձև մի հարթակ և ունի մոտ վեց հա տարածություն: Այն ամրացված խոշոր բնակավայր է՝ կառուցված զառիթափի վրա: Շենգավիթը շրջապատված է եղել աշտարակներ ունեցող պարսպով, որի շարվածքը կիկլոպյան է՝ կառուցված բազալտե անմշակ և հսկա քարերից՝ առանց շաղախի: Պարսպի տակ՝ հյուսիսային կողմում հայտնաբերվել է դեպի Հրազդան գետն իջնող սալապատ գետնուղի: Իսկ հարավային կողմում նկատվում են լցված խրամի հետքեր: Աշտարակներով, որմնահեցերով և ստոր-գետնյա գաղտնուղիով համալրված Շենգավիթի պարիսպն իր ժամանակի լավագույն պաշտպանական համակարգերից է: Եվ շատ հավանական է, որ ոչ միայն Շենգա-վիթում, որտեղ այն հետազոտությամբ փաստարկված է, այլև ուրիշ բլուր-բնակատեղիներում էլ այդ ժամանակաշրջանի բնակավայրերը շրջապատված են եղել պաշտպանական կառուցվածքներով:               Ինչպես հնագետ Հ. Սիմոնյանն է նշում, Շենգավիթի հնագույն բնակավայրին հատուկ են Հին արևելյան վաղ քաղաքին բնորոշ մի շարք հատկանիշներ:

ՈՒշագրավ են քաղաքաշինության և կառուցապատման սկզբունքները: Շենգավիթում արդեն ձևավորված են եղել տարբեր զբաղմունքով համախմբված մարդկանց. այն է երկրագործների, մետաղագործների և արհեստավորների թաղամասեր՝ թերևս իր ժամանակի չափանիշներին համապատասխան հարմարություններով, որոնց մասին վկայում են համապատասխան գտածոները:  Առանձին հետաքրքրություն են ներկայացնում բնակելի տները, որոնք հայտնաբերվել են պեղումների ժամանակ վաղբրոնզեդարյան երեք շերտերում: Դեռևս երկրորդ շերտի պեղումների ժամանակ բացահայտվել է, որ Շենգավիթի հնագույն բնակիչներն ապրել են հատակագծով կլոր և 6-8 մետր տրամագիծ ունեցող կացարաններում և դրանց կից քառանկյուն կառուցվածքներում: Բացահայտվել է նաև, որ տները կառուցվել են նախորդ մշակութային շերտի տների մնացորդների հիմքերի վրա: Կացարանների պատերն ունեցել են քարե հիմք, որի վրա բարձրացել է հում աղյուսե շարվածքը:

The-Plan-of-ShengavitՈՒշագրավ են շարժական օջախները, որոնք սովորաբար  դրվել են տների կենտրոնական մասում: Դրանք եղել են կավից, իրենց ձևով կլոր, զարդանախշված և ունեցել են հիմնականում պայտաձև պատվանդաններ: Օջախն ունեցել է ինչպես տնտեսական, այնպես էլ ծիսական գործառույթ և հանդիսացել է ընտանիքի հաջողության խորհրդանիշը: Օջախին մոտ դրվել է մեծ, հարթ մակերեսով քարե պատվանդան՝ խարիսխ: Այդ խարիսխը պահել է կենտրոնական սյունը, որի վրա և հենվել է ծածկը՝ տանիքը: Ծածկը եղել է կոնաձև և պատրաստվել է ձողերից ու եղեգից. սա հիշեցնում է Հայաստանի համար բնորոշ արխայիկ կացարանը՝ հայկական հազարաշենը: Կլոր կացարանների թաղը կառուցվել է գլխատան սկզբունքով: Իսկ կացարաններին հարակից քառանկյուն շենքերն հավանաբար ունեցել են տափակ, հարթ ծածկ: Եվ քառանկյուն այդ սենյակների պատերը շարվել են երկշար կոպիճով՝ վրան հում աղյուսներ: Բայց հանդիպում են նաև այնպիսի սենյակներ, որոնց երկու պատերն ամբողջապես շարված են հում աղյուսով: Թե՛ կլոր կացարանների և թե՛ քառանկյուն սենյակների պատերը դրսից և ներսից ծեփված են եղել կավով: Կլոր կացարաններն ունեցել են միջանցք-մուտք: Մուտքը գերազանցապես բացված է եղել արևելյան կողմից: Այն երբեմն ունեցել է քարե շեմ: Իսկ դռան շեմը հաճախ աստիճանաձև է արվել: Կացարանների հատակը պատվել է գետաքարերով կամ մանր խիճով, որն այնուհետև սվաղել են կավե հարդախառն շաղախով: Կլոր կացարանի շրջագծին համապատասխան, ներսից հում աղյուսե նստարաններ և մահիճներ են պատրաստվել: Բացվել են նաև կացարաններին կից  տնտեսական նշանակության և ամենայն հավանականությամբ հացահատիկի պահպանման համար նախատեսված մեծ ու փոքր հորեր:   Շենգավիթի կլոր կացարանները քառանկյուն սենյակների համալիրով հանդերձ, չնայած գտնվել են միմյանցից 7,3 մ հեռավորության վրա, բայց հարակից շենքերի վերջին պատով կցվել են իրար: Վերը նշվածը վկայում է, թե Շենգավիթի հնագույն բնակավայրում զարգացման ինչ բարձր աստիճանի վրա է գտնվել ճարտարապետությունը՝ շինարարական և կառուցապատման արվեստը:

Ուսումնասիրությունների հետաքրքիր մի շրջանակ է Շենգավիթյան դամբարանադաշտը, որը հայտնաբերվել է հնագույն բնակավայրի պարսպից դուրս: Պարսպից դուրս առաջացած դամբարանադաշտի գոյությունը բացատրվում է հետևյալ կերպ. առաջ է քաշվում այն տեսակետը, որ իր ծաղկման փուլում Շենգավիթ քաղաքատեղին շատ ավելի մեծ տարածք է զբաղեցրել, քան ենթադրվում է: Հետագայում, ինչ-ինչ պատճառներով անկում ապրելով, այն պարփակվել է պարսպապատ տարածքում, իսկ լքված թաղամասը վեր է ածվել դամբարանադաշտի: Ենթադրվում է նաև, որ լքված արվարձանը բնակեցված է եղել մ.թ.ա. 3-րդ հազարամյակի 1-ին քառորդում: Լքվելուց հետո՝ մ.թ.ա. 3-րդ հազարամյակի 2-րդ քառորդում, այդ տարածքում և ձևավորվել է դամբարանադաշտը:The-remains-in-Shengavit

Պեղված յուրաքանչյուր դամբարանում թաղված են եղել տասնյակ մարդիկ, ինչն էլ ենթադրել է տալիս, որ դրանք ընտանիքների տոհմական դամբարաններ են, որտեղ գտնվել են ոչ միայն կմախքի, այլև զոհաբերված կենդանիների առանձին ոսկորներ ու թաղման գույք՝ քարե գործիքներ, բրոնզե զարդեր, խեցանոթների բեկորներ: Հանգուցյալների հետ դրվել են սև փայլեցված կավե ամաններ, կճուճներ, գավաթներ, սարդիոնից ու հասպիսից ուլունքներ, կայծքարից ու օբսիդիանից նետասլաքներ, քարե գուրզեր, պղնձե ապարանջաններ, գնդասեղներ, քունքազարդեր, ականջօղեր և այլն:                       Հայտնաբերված դամբարանների աճյունների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դամբարանների ‹‹տերերը պատկանում են կլոր, կարճագանգ մարդաբանական տիպին››: Գտնված և վերականգնված գանգերը համապատաս-խանում են Հայկական լեռնաշխարհում տարածված արմենոիդ մարդաբանական տիպին:                                                                                                                                     2005 թվականին իրականացված պեղումների ժամանակ բացված դամբարանները թույլ են տալիս մասնագետներին անել հետևյալ դիտարկումները. դին և թաղման գույքը դրվել են հարթ, թերևս նախկինում տան հատակի վրա՝ գետնի ժամանակակից մակարդակից 50սմ խորությամբ: Դամբարանափոսը եղել է հիմնահողային և հատակագծում ունեցել է ուղղանկյուն հորինվածք: Ելնելով ոսկորների որոշակի դիրքից՝ եզրակացնում են, որ, ըստ թաղման ծեսի, կատարվել է դիամասնատում (դեկառնացիա), և հանգուցյալներին էլ թաղել են կողքի վրա՝ խիստ կծկված դիրքով:

Շարունակելի…

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

  1. Եսայան Ա., Հայաստանի հնագիտությունը, Երևան, 1992:
  2. Խանզադյան Է., Հայկական լեռնաշխարհի մշակույթը մ.թ.ա. 3-րդ հազարամյակում, Երևան, 1967:
  3. Սարդարյան Ս., Նախնադարյան հասարակությունը Հայաստանում, Երևան, 1967:
  4. Սիմոնյան Հ, Շենգավիթի շերտագրությունը, շինարարական և կառուցապատման սկզբունքները: Հայաստանի հնագույն մշակույթը, 2 ⁄ Է. խանզադյանի հոբելյանին նվիրված գիտաժողովի նյութեր ⁄ , Երևան, 2002:
  5. Սիմոնյան Հ., Շենգավիթի դամբարանադաշտը, Հին Հայաստանի մշակույթը, 14, Երևան, 2008 ⁄ Նյութեր հանրապետական գիտական նստաշրջանի, նվիրված Բ. Պիոտրովսկու և Հ. Ջանփոլադյանի հիշատակին ⁄ :
  6. Սիմոնյան Հ., Խաչատրյան Լ., Շենգավիթ բնակավայրի 2003 թ. պեղումները, Հին Հայաստանի մշակութը, 13, Երևան, 2005 ⁄ Նյութեր հանրապետական գիտական նստաշրջանի ⁄ :
  7. Байбуртян Е., Последовательность древнейших культур Армении, На основании археологического материала, Рукопись, Архив Института археологии и этнографии – НАН РА, Ереван, 1939.
  8. Кушнарева К. Х., Марковин В. И., Эпоха бронзы Кавказа и Средней Азии. Ранняя и средняя бронза Кавказа, Москва, 1994.


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով