+374 99 12 80 82 Չորեքշաբթի - 11 Դեկտեմբեր 2024

Պատմական Բեկորներ


         2016 թ. հունիսի 4-ին՝  ժամը 14:00-ին Գևորգ Գրիգորյանի (Ջոտտո) թանգարանում բացվեց «Պատմական բեկորներ»  խորագրով մանկական խեցեգործական ցուցահանդեսը: Ցուցահանդեսը կազմակերպել էր «Terracotta» ստուդիան: Ստուդիան ձևավորվել է 2013-ին՝ Նարինե Մանուչարյանի ղեկավարությամբ: Այն աշխատում է «Արեգնազան» կրթահամալիրի հետ համատեղ: Ցուցահանդեսին հանրությանը  ներկայացվեցին «Terracotta» ստուդիայի  սաների՝ աստվածաշնչյան թեմաներով արված խեցեգործական շուրջ  46 աշխատանքներ, որոնց ստեղծման համար հիմք են հանդիսացել հայկական որմնանկարչության և մանրանկարչության նմուշները: Ստուդիան մշակել էր ծրագիր, որի նպատակը մեր դարերից եկած մշակույթը մատաղ սերնդին փոխանցելն էր, երեխաներին հայկական միջնադարյան արվեստին ծանոթացնելը:Fragments-of-History-001

     Ցուցահանդեսի բացման ժամանակ ողջույնի խոսքով հադես եկավ թանգարանի տնօրեն արվեստաբան Մարտին Միքայելյանը, ով  մեջբերեց Պիկասոյի այն հայտնի  խոսքերը, որ նա ասել է, երբ, 1960-ականներին այցելել է պատանի նկարիչների ցուցահանդես. «Ես  նրանց հասակին նկարում էի Ռաֆայելի պես, բայց ամբողջ մի կյանք պահանջվեց, որպեսզի հասկանամ, թե պետք է նկարել երեխաների նման»:

     Այնուհետև իր խոսքով ներկայացավ «Terracotta»  ստուդիայի ղեկավար Նարինե Մանուչարյանը, ով շնորհակալություն հայտնեց Հայաստանի ազգային պատկերասրահին՝  ցուցահանդեսի կազմակերպմանն աջակցելու համար: Նա  նշեց, որ իրենք այս ցուցահանդեսին նախապատրաստվել են շուրջ կես տարի:

     Հին և Նոր Կտակարանային բոլորիս հայտնի թեմաները (Ադամն ու Եվան, «Խորհրդավոր  Ընթրիք», «Մկրտություն»,«Ծնունդ», «Մուտք Երուսաղեմ» և այլն) փոքրիկներից յուրաքանչյուրը մեկնաբանել էր իր ուրույն ձևով, այնպիսին, ինչպիսին ինքն է պատկերացնում տվյալ սյուժեն: Օրինակ, 8 ամյա Լևոնը Քրիստոսի Ծննդյան տեսարանում պատկերել է Մարիամին, որը ոչ թե պառկած կամ կիսապառկած է, ինչպես ընդունված է նրան ներկայացնել այս տեսարանում, այլ՝ կանգնած  է և մանուկ Հիսուսին հանձնում է Հովսեփին:

Fragments-of-History-002 Fragments-of-History-003

    Ինձ համար առավել տպավորիչ էր խմբակային աշխատանքի արդյունքում ստեղծված խճանկարը, որը ներկայացնում է Քրիստոսի Ծնունդը  (սպիտակ կավ, ջնարակ): Այն, թերևս կարելի է համարել ցուցահանդեսի լավագույն գործը:

   Նշենք, որ ցուցահանդեսի բացման ժամանակ իրենց խոսքով հանդես եկան նաև փոքրիկ ստեղծագործողները, որոնք ողջունեցին ներկաներին: Իսկ վերջում երեխաները երգեցին «Ջան գառնուկ»  ժողովրդական և «Հայր Մեր» հոգևոր երգերը:



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով