+374 99 12 80 82 Ուրբաթ - 19 Ապրիլ 2024

Ռուբեն Ադալյան. Հետահայաց նկարչի ողջ ստեղծագործությանը


Հունիսի 11-ին Նկարիչների միության ամբողջ երկու հարկերը լեփ-լեցուն էին: Պատճառը` Հայաստանի ժողովրդական նկարիչ, պետական մրցանակի դափնեկիր Ռուբեն Ադալյանի ծննդյան 85-րդ հոբելյանի կապակցությամբ բացված անհատական ցուցահանդեսն էր: Տարբեր շրջաններում արված Ադալյանի ստեղծագործությունները մեկը մյուսի հետևից գալիս էին հաստատելու նկարչի երկարամյա վաստակը, տաղանդն ու հանճարը: Դեռևս 1960-ականների սկզբին Ռ. Ադալյանը ստեղծագործական նոր ուղի դուրս եկավ: Նա մեկն էր այն նոր երիտասարդ արվեստագիտական սերնդի ներկայացուցիչներից, որ վերաիմաստավորեց հայ կերպարվեստը, այն բարձրացնելով մի նոր մակարդակի: Ավանգարդիստական մոտեցումներն ու ավանդականը, ազգայինն ու նորարարականը ներդաշնակորեն միավորած այս աստղաբույլի մեջ Ռ. Ադալյանը իր ուրույն տեղն է զբաղեցնում: Ռուբեն Ադալյանի գեղանկարչական զինանոցը շատ բազմազան է: Նա գեղանկարչության և գրաֆիկայի ասպարեզում հեշտորեն կրառում է զանազան նյութեր և միջոցներ, ինչպես նաև արդի արվեստ ընձեռած հնարավորություններն  իր ողջ բազմազանությամբ: Ցուցահանդեսին հատկապես գրավում էին 1962-1966թթ-ին ստեղծված մետամորֆոզների` մերկ մարմինների գեղանկարչական և գրաֆիկական շարքերը, իսկ ահա ձիու պատկերումը Ռուբեն Ադալյանի արվեստում ամենախորհրդանշականն է, մրմնավորելով վիշտ, ընդվզում, համարձակություն և կարոտ, ինչը լավագույնս արտահայտված է նկարչի «Երևանին» կտավում, որ այս ցուցադրության կուլմինացիոն կետը կարելի է համարել: Այս առումով հետաքրքրական է նաև «Մարտնչող ձիեր» 1970-1974թթ.-ին արված գրաֆիկական շարքը: Ներկայացված էին նաև նկարչի մինչև 1980-ական թվականների աշխատանքները, գրաֆիկական թերթերը, որ միանգամայն նոր մոտեցում են Ռ. Ադալյանի արվեստում: Վերացական և ֆիգուրատիվ խաղերի շնորհիվ Ադալյանին միշտ հաջողվում է պահպանել իր ուրույն ձեռագիրը: Հունիսի 14-ին էլ, Ժամանակակից արվեստի թանգարանը ներկայացրեց այս ցուցահանդեսի տրամաբանական շարունակությունը, որտեղ ցուցադրված էին նկարչի առավելապես 1990-ական թվականների աշխատանքները, ֆոտո-կոլլաժներն ու մինիմալիաստական աշխատանքները: Այստեղ Ռ. Ադալյանը ներկայանում է որպես բոլորովին նոր ու ժամանակակից մտածողության տեր արվեստագետ, ով ունի ժամանակի յուրատեսակ զգացողություն և շարժունություն:

Լուսանկարները Հասմիկ Բարխուդարյանի



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով