+374 99 12 80 82 Հինգշաբթի - 26 Դեկտեմբեր 2024

Ժակլին Բիսեթը՝ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հյուր


Այս տարի «Ոսկե ծիրան» Երևանի կինոփառատոնը կհյուրընկալի հանրահայտ դերասանուհի, մեծանուն ռեժիսորների ֆիլմերի աստղ Ժակլին Բիսեթին: Կցուցադրվի նրա դերակատարմամբ երեք նշանավոր կինոնկար: Ուինֆրեդ Ժակլին Ֆրեյզեր Բիսեթը աշխարհ է եկել 1944-ին Անգլիայի Սարի կոմսության Ուեյբրիջ քաղաքում: Մայրը՝ Առլետ Ալեքսանդրը, կիսով չափ ֆրանսուհի էր, կիսով չափ՝ անգլուհի, տնային տնտեսուհի դարձած իրավաբան, իսկ հայրը՝ Մաքս Ֆրեյզեր Բիսեթը, շոտլանդացի էր, բժիշկ։ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Բիսեթի մայրը հեծանվով Փարիզից հասել էր ծովափ, գերմանացիներից նահանջող զորքի հետ Բրիտանիա մեկնելու համար։ Ժակլինը հասակ է առել Թայլհըրսթում (Բերքշիր) 17-րդ դարի դաստակերտում, որտեղ  այժմ էլ ապրում է տարվա մի մասը: Մայրը Բիսեթին սահուն ֆրանսերեն է սովորեցրել, և Ժակլինն ուսանել է  Լոնդոնի Շառլ դը Գոլի անվան ֆրանսիական լիցեյում։ Մանկության տարիներին նա հաճախել էր բալետի դասերի, իսկ  այս շրջանում սկսեց դերասանական վարպետության դասեր առնել և ուսման վարձը վճարելու համար աշխատել  որպես մանեքենուհի։ Երբ Ժակլինը դեռահաս էր, մայրը հիվանդացավ ցրված սկլերոզով։ 1968-ին՝ 28 տարվա համատեղ կյանքից հետո, Բիսեթի ծնողները բաժանվեցին: Ժակլինը մնաց հիվանդ մոր մոտ։ Նրա հայրը մահացավ 71 տարեկանում՝ 1982-ին, իսկ մայրը՝ 1999-ին:Jacqueline-Bisset-Golden-Apricot-006

1965-ին «Հմտություն… և թե ինչպես դա ձեռք բերել դա» ֆիլմում առանց տիտրերում հիշատակվելու ապագա մանեքենուհու դերում հայտնվելուց հետո հաջորդ տարի կայացավ Բիսեթի պաշտոնական դեբյուտը Ռոման Պոլանսկու «Փակուղի» կիոնկարում (1966): 1967-ին նա նկարահանվեց «Երկուսը ճանապարհին» ֆիլմում: Բիսեթի հաջորդ աշխատանքը տիկին Գուդթինգսի դերն էր՝ ջեյմսբոնդյան ֆիլմաշարը ծաղրող «Ռուայալ» խաղատունը» երգիծական կատակերգության մեջ։ Նույն տարի «Քեյփթաունյան գործ» ֆիլմում նա խաղաց իր առաջին գլխավոր դերը:
Բիսեթը լայն ճանաչման  հասավ, երբ 1968-ին փոխարինեց դերից  հրաժարված  Միա Ֆերոուին «Խուզարկուն» ֆիլմում՝ հանդես  գալով Ֆրանք Սինատրայի կողքին: Նույն  տարի նա Մայքլ Սարազինի հետ նկարահանվեց «Անուշիկ երթում»՝ առաջադրվով  «Ոսկե գլոբուսի»՝ որպես ամենախոստումնալից նորելուկ, ինչպես նաև խաղաց Սթիվ Մքքուինի ընկերուհու դերը «Բուլիթ» ոստիկանական դրամայում, որը տարվա հինգ ամենաշահութաբեր ֆիլմերի շարքում էր:

1970-ին «Օդանավակայանի» հղի ուեկցորդուհու դերում նա այդ աղետի ֆիլմում նկարահանված բազմաթիվ աստղերից մեկն էր։ Բիսեթի հաջորդ ֆիլմերն էին «Մեֆիստոյի վալսը» (1971)՝ Ալան Ալդայի, «Ճաշելու եկած գողը» (1973)՝ Ռայան Օ’Նիլի և «Խաղի ավարտը» (1975)՝ Ջոն Վոյթի ընկերակցությամբ:
Ժակլին Բիսեթի մասնակցությամբ ստեղծված մի շարք ֆիլմեր ֆրանսիական և  իտալական արտադրության  են: 1973-ին նա նկարահանվեց Ֆրանսուա Տրյուֆոյի «Ամերիկյան գիշեր»-ում, որտեղ վաստակեց եվրոպացի քննադատների և հանդիսատեսների  հարգանքը որպես լուրջ դերասանուհի: Իսկ 1975-ին Ժակլինը Մարչելլո Մաստրոյաննիի խաղընկերուհին էր Լուիջի Կոմենչինիի «Կիրակնօրյա կինը» ֆիլմում:

Jacqueline-Bisset-Golden-Apricot-001 Jacqueline-Bisset-Golden-Apricot-003


1977-ին էկրան բարձրացած «Անդունդի» շնորհիվ Բիսեթը ավելի ճանաչված դերասանուհի դարձավ Ամերիկայում. Ֆիլմը դրամարկղային  հաջողություն ունեցավ մի տեսարանի շնորհիվ, որտեղ Ժակլինը լողում է ջրի տակ  միայն մի շապիկով։ Սա պրոդյուսեր Փիթեր Գյուբերին դրդեց հայտարարելու. «Այդ շապիկն ինձ հարուստ դարձրեց»։ Այս շրջանում Newsweek-ը Ժակլին Բիսեթին հռչակեց «բոլոր ժամանակների ամենագեղեցիկ դերասանուհին»: 1978-ին Բիսեթն արդեն հանրահայտ դեմք էր։ Այդ տարի նա որպես կատակերգության լավագույն դերասանուհի  «Ոսկե գլոբուսի»  առաջադրվեց  «Ո՞վ է սպանում Եվրոպայի մեծ խոհարարներին» կատակերգության մեջ խաղացած դերի համար, ընկերակցեց Անթոնի  Քուինին «Հույն  մագնատը» ֆիլմում: Այնուհետև Բիսեթը Փոլ Նյումենի հետ նկարահանվեց  «Երբ ժամանակը լրացավ» ֆիլմում (1980), Քանդիս Բերգենի հետ՝ Ջորջ Քյուքորի «Հարուստներն ու  հանրահայտները» կինոնկարում (1981), որի համապրոդյուսերն էր: Նրա հայտնի դերերից մեկը դարձավ Ռոբ Լոուի հերոսի գրավիչ մոր դերը «Դասարանում» (1983), որտեղ սիրավեպի մեջ  է մտնում որդու համադասարանցու  հետ:   Ալբերտ Ֆինիի կողքին հանդես գալով Ջոն  Հյուսթոնի «Հրաբխի տակ» ֆիլմում (1984)՝ Բիսեթը վերստին առաջադրվեց «Ոսկե գլոբուսի»։

Jacqueline-Bisset-Golden-Apricot-002 Jacqueline-Bisset-Golden-Apricot-004


1980-ականներից Բիսեթը նկարահանվել է նաև բազմաթիվ հեռուստաֆիլմերում. առաջինը Աննա Կարենինայի դերն էր Տոլստոյի վեպի հեռուստատեսային տարբերակում (1985)`  Քրիստոֆեր Ռիվի մասնակցությամբ: Հետագա հեռուստաֆիլմերի թվում է «Ամերիկայի արքայազնը. Ջոն Ֆ. Քենեդի կրտսերի պատմությունը» (2003), որտեղ Բիսեթը մարմնավորել է Ժակլին Քենեդիին: Նրա մյուս հեռուստատեսային աշխատանքներից են «Հիսուս» (1999), «Ի սկզբանե» (1999) ֆիլմերը և «ժաննա դ’Արկ» մինիսերիալը, որի համար Բիսեթն առաջադրվել է «Էմի» մրցանակի` որպես երկրորդական դերի լավագույն դերասանուհի:

Jacqueline-Bisset-Golden-Apricot-005

1996-ին «Արարողություն» ֆիլմի դերակատարման համար նա ներկայացվեց Ֆրանսիական կինոակադեմիայի «Սեզար» մրցանակին: Ապա հայտնվեց «Վտանգավոր գեղեցկություն» պատմական դրամայում (1998)՝  որպես Քեթրին Մաքքոմարկի հերոսուհու մայր և հանգստի անցած վենետիկյան կուրտիզանուհի: 2001-ին Բիսեթը նկարահանվեց «Քնելու ժամանակվա աղջիկը» անկախ ֆիլմում, որի պրեմիերան կայացավ Սանդենս ՄԿՓ-ում: 2005-ին հանդիսատեսը նրան տեսավ «Դոմինո» կինոնկարում Քիրա Նայթլիի հետ: 2008-ին Բիսեթի գլխավոր դերակատարմամբ ասպարեզ եկավ Բոաս Յաքինի «Մահ սիրո մեջ» ֆիլմը, որի պրեմիերան ևս կայացավ Սանդենս ԿՓ-ում: 2010-ին Ժակլին Բիսեթն արժանանացավ Պատվո լեգեոնի շքանշանի, և Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին նրան «կինոխորհրդանիշ» կոչեց:



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով