+374 99 12 80 82 Երեքշաբթի - 12 Նոյեմբեր 2024

«Խորհրդավոր ընթրիք», «Հաղորդություն» և «Ոտնլվա» տեսարանների պատկերագրությունը հայ կերպարվեստում


Խորհրդավոր ընթրիք տեսարանը իրենից ներկայացնում է Քրիստոսի վերջին ընթրիքը աշակերտների հետ Երուսաղեմի Վերնատանը, որի ժամանակ և Քրիստոսը հայտնում է իր մոտալուտ մատնության մասին, միևնույն ժամանակ, օրհնում է հացն ու գինին՝ սահմանելով հաղորդության խորհուրդը: Այս տեսարանն ունի 2 ասպեկտ. 1) դավաճանությանհայտնիլինելը (պատմականտիպ),  2) հաղորդությանհիմնադրումը (ծիսականտիպ):

Խորհրդավոր ընթրիքի պատկերագրությունը ձևավորվել է կանոնավոր ավետարանների համաձայն: Այս մասին պատմում են բոլոր չորս ավետարանիչները (Մատթեոս 26:17-29, Մարկոս 14:12-25, Ղուկաս 22:7-23, Հովհաննես 13:21-30):Ծիսականտիպի պատկերագրությունը հետևյալն է. սիգմայաձև (երբեմն օվալաձև) սեղանի շուրջ պատկերվում են առաքյալները՝ կիսապառկած: Քրիստոսն ավանդաբար ներկայացվում է հորինվածքի ձախ մասում: Սեղանի վրա՝ Քրիստոսի առջև, պատկերվում են պնակներով հաց, գինու սկահակներ, ձկներ. այն հադիսանում է Քրիստոսի խորհրդանիշներից մեկը, և այլ պարագաներ: Քրիստոսն աջով օրհնում է հացը և այն փոխանցում աշակերտներից մեկին:

Iconography-in-Armenian-art-003

Խորհրդավոր ընթրիք, Ավետարան XIII-XIV դդ., Արցախ

Iconography-in-Armenian-art-001

Խորհրդավոր ընթրիք,Թարգմանչաց Ավետարան1232 թ., Գրիգոր ծաղկող, Սյունիք

Iconography-in-Armenian-art-002

Խորհրդավոր ընթրիք,
15դ ավետարան


Պատմական պատկերագրական տիպում հիմնականն աշակերտների արձագանքն է Քրիստոսի խոսքի  վրա. նրանց կեցվածքը շփոթմունք է արտահայտում: Կարևորվում է Հուդայի կերպարը: Վերջինս սովորաբար ներկայացվում է մուգ  մազերով և մորուսով: Այն դեպքում, երբ մնացած աշակերտները պատկերվում են լուսապսակով, Հուդան ներկայացվում է առանց լուսապսակի կամ սև լուսապսակով, հիմնականում կիսադեմով: Կարող է պատկերվել ձեռքին քսակ, որը խորհրդանշում է դավաճանության գինը՝ 30 արծաթը: Կարող է ներկայացվել ձեռքը պարզած դեպի նշխարը կամ պնակը ինչը բացատրվում է Քրիստոսի հետևյալ խոսքերով. «Ով իր ձեռքն ինձ հետ պնակի մեջ մտցրեց, նա է ինձ մատնելու»: Հետաքրքիր է, որ հունական պատկերուսույցը խորհուրդ է տալիս Հուդային պատկերել մեջքով, ում ականջի մեջ դև է մտնում, որը և դրդում է նրան դավաճանության:

Խորհրդավոր ընթրիքի տեսարանը թե´ մանրանկարչության, թե´ որմնանկարչության և հաստոցային գեղանկարչության մեջ առավել տարածված պատկերներից է:Հայկական արվեստում այն հայտնի է 11-րդ դարի նկարազարդ ձեռագրերից: Խորհրդավոր ընթրիքի տեսարաններ ունենք Մուղնու, Կարսի, 1038 թվականի ավետարաններում, Մալաթիայի ավետարանում: Առանձին ուշադրության է արժանի Գրիգոր Ծաղկողի նկարազարդած Թարգմանչաց ավետարանում տեղ գտած Խորհրդավոր ընթրիքը ներկայացնող մանրանկարը, որտեղ Քրիստոսը զբաղեցնում է իր պատվավոր տեղը՝ ձախից առաջին աթոռը:

Iconography-in-Armenian-art-004

Խորհրդավոր ընթրիք,Ավետարան 1306թ,
նկարիչ՝ Հովսիան

Iconography-in-Armenian-art-005

Հաղորդություն, «Ութ մանրանկարիչների Ավետարան», 1320թ․

Iconography-in-Armenian-art-006

Հաղորդություն, որմնանկար
Քոբայրից

Հատկանշական է, որ վերջինս ոչ թե կիսապառկած է. մի բան որ հատուկ է վաղ քրիստոնեական ստեղծագործություններին, այլ նստած: Բոլոր կերպարնեը լուսապսակներով են, բայց կիսադեմով պատկերված Հուդայի լուսապսակը մուգ կանաչավուն է և վրան չկա ոսկեգույն փոշի: Դավաճանի գլխավերևում էլ գրված է «Յուդա»: Ուշագրավ են ճարտարապետական կառույցները: Ի դեպ՝ ոճավորված ճարտարապետական կառույցը, որը երբեմն պատկերվում է եկեղեցու տեսքով, վերոնշյալ տեսարանում շատ է հանդիպում և խորհրդանշում է վերնատունը, որտեղ հավաքվեցին Քրիստոսն ու իր աշակերտները:

Ծիսական տիպի, այսինքն հաղորդության տեսարանի պատկերումը կարող է հանդիպել նաև հետևյալ ձևով՝ ասես բաժանված երկու մասի․ մի կողմում Քրիստոսը սուրբ հացով հաղորդություն է տալիս 6 առաքյալներին, մյուս կողմում՝ գինով հաղորդություն է տալիս մնացած 6 առաքյալներին: Քրիստոսի կրկնակի պատկերումը բացատրվում է նրանով, որ փորձում են ճշգրտորեն փոխանցել ավետարանական տեքստը, որտեղ խոսվում է երկու առանձին գործողությունների՝ հացի և գինու օրհնության և հաղորդություն տալու մասին: Հանդիպում է նաև պատկերման մեկ այլ ձև. Քրիստոսը, որպես հաղորդության խորհուրդ տվող, տեսարանի կենտրոնում է: Նրա մի ձեռքում սուրբ հացն է, իսկ մյուսում՝ գավաթ չկա: Գինով հաղորդությունն առանձնացված է, բայց Քրիստոսն այստեղ պատկերված չէ, այլ գավաթն արդեն առաքյալի ձեռքում է: Մեկ այլ տարբերակ է նաև, երբ Քրիստոսը գինով լի գավաթը փոխանցում է առաքյալներին ձախ մասում, իսկ աջում՝ առաքյալները սպասում են հաղորդության: Երբեմն էլ երբ պատկերվում է Հուդան, վերջինիս  բերանից կարծես թափվում են հաղորդության հացն ու գինին, իսկ ուսերին դև է նստած: Հաղորդության տեսարանում, բացի Քրիստոսից և առաքյալներից, կարող են պատկերվել նաև կանգնած կամ ճախրող հրեշտակներ:

Iconography-in-Armenian-art-008

Ոտնլվա, 15-րդ դարի ավետարան

Iconography-in-Armenian-art-009

Ոտնլվա, Ավետարան 1391թ․,Ծերունի ծաղկող

Iconography-in-Armenian-art-010

Ոտնլվա, Նոր կտակարան 1302թ․,Մոմիկ

ՈՒշագրավ է Քոբայրի եկեղեցու հաղորդության տեսարանը ներկայացնող որմնանկարը (1263 թ.), որտեղ հերթով, պարզած ձեռքերով Քրիսոսին են մոտենում աշակերտները: Այս տեսարանն առկա է նաև Ախթալայում: Հաղորդության տեսարաններ կան նաև 1320 թվականին Կիլիկիայում պատկերազարդված  «ՈՒթ մանրանկարիչների Ավետարան»-ում: Հայտնի է Ծերուն ծաղկողի 1391 թվականի Ավետարանում տեղ գտած հաղորդության տեսարանը, որտեղ Քրիստոսը հացի առաջին պատառը մեկնում է Հուդային:

Հայտնի է նաև, որ Խորհրդավոր ընթրիքի ժամանակ տեղի է ունեցել ոտնլվայի արարողությունը․այն Քրիստոսի կողմից իր աշակերտների ոտքերը լվանալն է: Այդ մասին գրում է Հովհաննես ավետարանիչը (Հովհաննես 13:1-15), ով մանրամասն պատմում է, թե ինչպես Հիսուսը, վեր կենալով ընթրիքի սեղանից, մի կողմ դրեց հանդերձները, մեջքին սրբիչ կապեց, վերցրեց ջրով լի կոնքը և սկսեց հերթով լվանալ և չորացնել առաքյալների ոտքերը:Ոտնլվայի արարողությամբ Քրիստոսն ավարտեց իր աշակերտների մաքրագործումն ադամական մեղքից՝ կատարելով յուրօրինակ մկրտության ծես:

Iconography-in-Armenian-art-012

Ոտնլվա, Ավետարան 1628 թ., Սահակ Բաղիշեցի

Iconography-in-Armenian-art-011

Ոտնլվա, Արքունական Ավետարան 1336թ․,
Սարգիս Պիծակ

Iconography-in-Armenian-art-013

Ոտնլվա, Ավետարան
N9433


Ոտնլվայի հիմնական պատկերագրությունը հետևյալն է. հորինվածքի ձախ մասում պատկերվում է Քրիստոսը՝ երիտասարդ, խոնարհված գլխով, գեղեցիկ դիմագծերով, ուսին գցած կամ մեջքին կապած սրբիչով: Քրիստոսի դիմաց ներկայացվում էՊետրոս առաքյալը՝ նստած, սանդալները մի կողմ դրած. նրա ոտքերը սովորաբար դրված են լինում մկրտության ավազանի նմանվող մեծ, լայնաբերան կոնքի մեջ: Երբեմն Պետրոսին պատկերում են դիմադրող տեսքով: Ոտնլվայի մյուս մասնակիցները՝ մնացած աշակերտները, որոնք կարող են պատկերվել տարբեր դիրքերով, խմբված են Պետրոսի հետևում, հետևում են իրողությանը և սպասում են իրենց հերթին: Իսկ նրանցից մեկը կարող է պատկերվել առանձին՝ սանդալների կապերը արձակելիս:Կան տեսարաններ, որտեղ Քրիստոսը պատկերված է Պետրոսի ոտքը բռնած, իսկ վերջինս աջ ձեռքով ցույց է տալիս գլուխը: Ձեռքի այս շարժման իմաստը պարզաբանում են ոտնլվայի ընթացքում Պետրոսի արտասանած հետևյալ խոսքերը. «Տե´ր, ոչ թե միայն իմ ոտքերը, այլև իմ ձեռքերն ու գլուխն էլ լվա»։

Հայկական արվեստում ոտնլվայի հնագույն պատկերը գտնվում է Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու որմնանկարների շարքում (921 թվական): Իսկ մանրանկար հնագույն նմուշը զետեղված է Վեհափառի ավետարանում:  Ոտնլվայի տեսարաններ կան Վասպուրականի նկարազարդ  ձեռագրերում: Հայտնի է Ծերուն ծաղկողի 1391 թվականի Ավետարանում տեղ գտած Ոտնլվայի տեսարանը։ ՈՒշագրավ է նաև Իգնատիոս Հոռոմոսցու 1236 թվականի Ավետարանի նույն հորինվածքը ներկայացնող տեսարանը: Նշենք նաև հետռոսլինյան ձեռագրերից         Nº 9422-ում հանդիպող Ոտնլվան ներկայացնող մանրանկարը ։

Օգտագործված գրականության ցանկ

 

  1. Աստուածաշունչ, ՄայրաթոռսուրբԷջմիածինևՀայաստանիԱստուածաշնչայինընկերություն, Երևան, 1994։
  2. Джеймс Холл, Словарь сюжетов и символов в искустве, 2004.
  3. Майкапар, Новый завет в искусстве:Очерки иконографии заподного искусства, Москва,1998.


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով