+374 99 12 80 82 Ուրբաթ - 04 Հոկտեմբեր 2024

Երևանի տիկնիկների ապագա թանգարանը: 400 տիկնիկ Միշել Օբամայի փոխարեն՝ Մարինա Խաչմանուկյանին


Դեռևս ամիսներ առաջ «Արվեստագիր» մշակութային հանդեսը անդրադարձել էր Հայաստանում տիկնիկների թանգարան ստեղծելու կարևորությանը և զրուցել այդ գաղափարի հեղինակ հնագետ և արվեստաբան Մարինա Խաչմանուկյանի հետ, ով հիմնադրել է http://www.kukliarm.com «Жизнь Кукол» («Տիկնիկների կյանքը») վիրտուալ թանգարանը: Ըստ նրա, ամբողջ աշխարհում մեծ է հետաքրքրությունը տիկնիկների հանդեպ և մտահոգիչ է, որ Հայաստանում այն մեծ ուշադրության չի արժանանում: Նա նաև նշեց, որ կան բազմաթիվ հետաքրքիր տիկնիկագործներ՝ ուրույն ձեռագրով և հետաքրքիր գաղափարներով, որոնց քչերն են ճանաչում: Ահա թե ինչու Մարինա Խաչմանուկյանը ինքն էլ հավաքում է բոլոր այդ հեղինակներին մեկ հարկի տակ՝ իր վիրտուալ թանգարանում: Նա նաև տիկնիկների կոլեկցիոներ է և ժամանակ առ ժամանակ կազմակերպում է տիկնիկների տարաբնույթ ցուցահանդեսներ: Տիկնիկների հանդեպ այս հետաքրքրությունը միանգամայն  տեղին է, քանի որ դրանք՝ ինչպես ցանկացած այլ ստեղծագործություն օժտված են կերպարայնությամբ ու մարդկային ստեղծագործ մտքի արդյունք են: Յուրաքանչյուր տիկնիկ ունի իր պատմությունը, կերպար ու բնավորություն:

The-Yerevan-Puppet-Museum-400-dolls-instead-of-Michelle-Obama-004Մարդկության պատմության ընթացքում տիկնիկը միշտ շատ խորհրդավոր և բազմանշանակ դեր է կատարել: Այն ուղեկցել է մարդուն տարբեր կերպարանքներով: Այն այժմ էլ չի կորցրել իր նշանակությունը, կատարելով բազմատեսակ գործառույթներ. ծիսական, պաշտամունքային, կենցաղային, կրթադաստիարակչական, գեղագիտական և նույնիսկ բուժիչ (տիկնիկային թերապիա հոգեբանության մեջ), իսկ հեղինակային տիկնիկների պարագայում դրանք ձեռք են բերում արվեստի ստեղծագործության կարգավիճակ: Կիրառական արվեստի այս նմուշները հաճախ քանդակի նշանակություն են ստանում, հաճախ էլ՝ ծառայում որպես զարդարանք: Աշխարհի տարբեր, ինչպես և մեր հարևան երկրներում վաղուց գործում են  տիկնիկների կամ խաղալիքների թանգարաններ, որտեղ պահվում են ամենահին ծիսական տիկնիկներից մինչև ժամանակակից՝ գործարանային արտադրության կամ հեղինակային տիկնիկներ: Հայաստանում սակայն, նման թանգարան չկա:

Սակայն այսուհետ Երևանում տիկնիկների թանգարան կգործի և Մարինա Խաչմանուկյանը, ՀՀ Մշակույթի նախարարության բարձր հովանու ներքո կյանքի կկոչի իր գաղափարը:

The-Yerevan-Puppet-Museum-400-dolls-instead-of-Michelle-Obama-002

Այս առթիվ ՀՀ Մշակույթի Նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջը, հանձին Ալիսա Գևորգյանի գրում է. «ԱՄՆ-ից Հայաստան ուղևորված շուրջ 400 տիկնիկները մշակույթի նախարարությունում այսօր գլխապտույտ իրարանցում էին առաջացրել: Ճանաչված ու սիրված ֆիլմերի հերոսներ, քաղաքական գործիչներ, պարզապես՝ գեղեցկուհիներ: Որտեղի՞ց այս հրաշքը. հարցն ուղղում ենք աննախադեպ իրարարանցման «մեղավոր», թատերական գործիչ Երվանդ Ղազանչյանին, որը եկել էր նախարար Ամիրյանին անձամբ հանձնելու տիկնիկների հավաքածուն: «Լոսանջելեսաբնակ Ալիս Նավասարգյանը՝ Իսպահանի համալսարանն ավարտած, բավական կիրթ ու ազնիվ մի անձնավորություն է, մի քանի գրքերի հեղինակ: Իր «Բեմին նվիրված հայուհիներ» գրքում նա անդրադարձել է նաև Գալյա Նովենցին՝ կնոջս, որին պարզապես սիրահարված էին՝ ոչ միայն Ալիսը, այլև նրա ողջ ընտանիքը: Գալյայի հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք ուներ, ու այդպես մենք բարեկամացանք: Ես գիտեի, որ նա տիկնիկների հրաշալի հավաքածու ունի, շուրջ քառասուն տարիների ընթացքում հավաքած: Անգամ տեղյակ էի, որ Միշել Օբամայի մտերիմներից մեկը համոզում է նրան՝ հավաքածուն նվիրել առաջին տիկնոջը: Ես ամեն ինչ արեցի , որ դա տեղի չունենա: Իսկ վերջերս, երբ հեռուստատեսությամբ լսեցի, որ Արմեն Ամիրյանն ուզում է տիկնիկների թանգարան բացել, Ալիսի հավաքածուն անմիջապես միտս ընկավ: Նախարարի հետ զրուցելուց հետո զանգահարեցի նրան: Ալիսը շատ ուրախացավ, երբ ասացի, որ իր հավաքածուն կարող է զարդարել այն թանգարանը, որ ցանկանում է բացել նախարարը: Շատ ոգևորվեց. «Մի՞թե Հայաստանում»: Այո՛, ասացի, հենց Երևանի կենտրոնում: Ալիսն առանց որևէ նյութական ակնկալիքի, վստահեց և մեծ սիրով ապագա թանգարանին նվիրեց տիկնիկների իր անգին հավաքածուն, որն այսօր այստեղ է: Ալիսն ամռանը կայցելի Հայաստան և իր տիկնիկներին կհանդիպի արդեն երևանյան նորաբաց տիկնիկների թանգարանում»»:

The-Yerevan-Puppet-Museum-400-dolls-instead-of-Michelle-Obama-005

Նշենք, որ ԱՄՆ-ից ժամանած տիկնիկների հետ միասին ապագա թանգարանում տեղ կգտնեն նաև Մարինա Խաչմանուկյանի անձնական հավաքածուի, ինչպես նաև բազմաթիվ հայ տիկնիկագործների պատրաստած տիկնիկներ: Թանգարանը նախատեսում է բազմաթիվ ինտերակտիվ կրթական ծրագրեր երեխաների և զբոսաշրջիկների համար: Սպասենք և վայելենք ապագա ամենալավատեսական թանգարանը:

Նշենք նաև, որ ՀՀ Մշակույթի նախարարությունը շուտով բացվելիք Տիկնիկների թանգարանի նմուշները ցանկանում է համալրել նաև Ձեր աջակցությամբ. ի՞նչ իմանաս, գուցե մեկի տանը «մարդամեջ դուրս գալու» իր աստեղային ժամին է սպասում ամենից յուրօրինակ այն տիկնիկը: Առաջարկվում է գիրք՝ յուրօրինակ տիկնիկի դիմաց։  Ձեր առաջարկելիք տիկնիկների լուսանկարներն անհրաժեշտ է ուղարկել ՀՀ մշակույթի նախարարության ֆեյսբուքի պաշտոնական էջին՝ https://www.facebook.com/ARMMINCULT/?fref=nf մասնագետների ընտրության համար: Արդյունքը կամփոփվի փետրվարի վերջին: Տեղեկությունների համար կարող եք զանգահարել 011 52 93 07։


Լուսանկարները՝ ՀՀ Մշակույթի Նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջից:


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով