+374 99 12 80 82 Երեքշաբթի - 23 Ապրիլ 2024

Երևանում տիկնիկների թանգարան կբացվի. Զրույց գաղափարի հեղինակ Մարինա Խաչմանուկյանի հետ


Interview-with-the-author-of-the-idea-Marina-Khachmanukyan-001Արվեստաբան, հնագետ և տիկնիկների կոլեկցիոներ Մարինա Խաչմանուկյանը բազմիցս մտահոգություն է հայտնել, որ աշխարհի տարբեր, ինչպես և մեր հարևան երկրներում վաղուց գործում են  տիկնիկների կամ խաղալիքների թանգարաններ, որտեղ պահվում են ամենահին ծիսական տիկնիկներից մինչև ժամանակակից՝ գործարանային արտադրության կամ հեղինակային տիկնիկներ, իսկ Հայաստանում նման թանգարան չկա:

Այսուհետ Երևանում տիկնիկների թանգարան կգործի և գաղափարի հեղինակ Մարինա Խաչմանուկյանը, ՀՀ Մշակույթի նախարարության բարձր հովանու ներքո կյանքի կկոչի իր գաղափարը:

_Խնդրում եմ մի փոքր պատմեք տիկնիկների թանգարան ստեղծելու ձեր գաղափարի մասին:

_Իմ պատմությունը նման է ամանորյա հրաշքի: Արդեն մի քանի տարի է ինչ ես զբաղվում եմ տիկնիկներով՝ կազմակերպել եմ ցուցահանդեսներ, ստեղծել հայկական տիկնիկների և տիկնիկագործների մասին ինտերնետային կայք՝ www.kukliarm.com, հանդես եկել  հոդվածներով և ելույթներով: Այսպիսով՝ տիկնիկային թեման զարգանում էր և բնականանար իմ հետագա քայլը ուղղված էր տիկնիկների թանգարան ստեղծմանը: Սկսվեցին իմ դեգերումները… Անհաջող փորձերից հետո, ի վերջո որոշեցի դիմել Մշակույթի նախարար պարոն Արմեն Ամիրյանին: Պատկերացրեք իմ ուրախությունը, երբ Նոր Տարվա նախօրեին նրա կողմից ստսցա դրական պատասխան: Դա Ամանորի իմ ամենացանկալի նվերն էր: Բայց հրաշքները շարունակվում էին՝ շատ պատահմամբ նվեր ստացա ՝1970-80 ակյան թթ. Ձմեռ Պապիկի տիկնիկը, ինչն էլ իր հերթին խորհրդանշական էր: Այսպես,  տիկնիկների թանգարան ստեղծելու որոշումը կայացավ ամանորյա հրաշքներով լի ժամանակ: Երևի  այլ կերպ չեր էլ կարող լինել, չէ որ հենց իրենք տիկնիկները հրաշք են ստեղծում: Ես համոզված եմ, որ ունենալով այսպիսի խորհրդավոր  սկիզբ՝ տիկնիկների թանգարանը ուղղակի «դատապարտված» է  հաջողության:

_Իսկ ի՞նչ դերակատարություն է ունենալու  ՀՀ Մշակույթի նախարարությունը՝ թանգարանի ստեղծման գործում:

_ՀՀ Մշակույթի նախարարությունը լուծել է թանգարանի տարածքի և հովանավորի խնդիրները: Բացի այդ Մշակույթի նախարար պարոն Արմեն Ամիրյանի անմիջական մասնակցությամբ և թատերական գործիչ՝ Երվանդ Ղազանչյանի նախաձեռնությամբ հունվարի 27-ին ստացանք լոսանջելեսաբնակ Ալիս Նավասարդյանի տիկնիկների հրաշալի հավաքածուն, որը անշուշտ կհարստացնի ապագա թանգարանի ցուցադրությունը:

Yerevan-will-have-a-puppet-museum-006

_Ինչպե՞ս է իրականացվելու թանգարանի ստեղծումը և որտեղ է այն գտնվելու:

_Թանգարանը գտնվելու է մեր մայրաքաղաքի սրտում՝ Հանրապետության հրապարակին շատ մոտ՝ Աբովյան փողոցում: Դա թանգարանի համար լավագույն վայրն է: Բնականաբար թանգարանի համար տարածքը պետք է վերանորոգվի, հարմարեցվի ցուցադրությանը, մշակվի ցուցադրության հայեցեկարգը, կատարվեն համապատասխան դիզայներական աշխատանքներ, պատրաստվի ցուցադրության կահույք, հավաքվեն  տիկնիկներ: Առիթից օգտվելով կոչ եմ անում բոլոր հայրենակիցներին աջակցել Հայաստանում տիկնիկների առաջին թանգարանի կայացմանը, բերելով տիկնիկներ և նրանց վերաբերվող նյութեր՝  հին լուսանկարներ, տիկնիկային կահույք, սպասք և այլ իրեր:

_Որպես ապագա թանգարանի գաղափարի հեղինակ, խնդրում եմ պատմեք թե ի՞նչ բաժիններ է ունենալու թանգարանը և ի՞նչ տիկնիկներ է ընդգրկելու:

_Թանգարանի ցուցադրությունը պետք է բաղկացած լինի մի քանի բաժիններից. հայկական ծիսական, պաշտամունքային տիկնիկներ, հնաոճ (եվրոպական) տիկնիկներ, խորհրդային տարիների տիկնիկներ, թատերական տիկնիկներ և գեղարվեստական, հեղինակային տիկնիկներ: Հետագայում բաժինները կարողեն ավելացվել:

Yerevan-will-have-a-puppet-museum-001 Yerevan-will-have-a-puppet-museum-003


_Փաստորեն թանգարանն ընդգրկելու է նաև հեղինակային տիկնիկներ: Որքանով դա կարող է նպաստել տիկնիկագործության զարգացմանը Հայստանում: 

_Հեղինակային կամ գեղարվեստական տիկնիկը  վաղուց  դարձել է արվեստի ինքնուրույն ուղղություն: Աշխարհի տարբեր թանգարաններում, նույնիսկ Լուվրում որպես արվեստի գործեր  ցուցադրվում են հայտնի նկարիչների (օրինակ, Լիզա Լիխտենֆելսի) տիկնիկները: Մինչդեռ մեր նկարիչ-տիկնիկագործների աշխատանքները կարելի է տեսնել միայն  հուշանվերների խանութում, կամ  Վերնիսաժում: Ժամանակն է, որպեսզի հեղինակային տիկնիկը դուրս գա վերնիսաժային, հուշանվերային կարգավիճակից և դառնա թանգարանային ցուցանմուշ: Հայաստանում և Հայաստանից դուրս ապրում և ստեղծագործում են շատ տաղանդավոր հայ տիկնիկագործներ, նրանցից ոմանք մասնակցել են տարբեր միջազգային փառատոնների: Թանգարանը կարող է միավորել Հայաստանի և սփյուռքի վարպետներին և խթանել Հայաստանում տիկնիկագործության որպես կիրառական արվեստի առանձին ուղղության զարգացմանը:

_Իսկ ի՞նչ կասեք զբոսաշրջության զարգացման մասին:

_Մեր ապագա Թանգարանը կարող է դառնալ զբոսաշրջիկների նախընտրած վայրերից մեկը: Վերջին տարիներին միջազգային տուրիզմի փորձը ցույց է տալիս, որ զբոսաշրջիկները հաճախ  դասական թանգարաններին նախընտրում են ոչ ավանդական թանգարանները: Բացի այդ, հայոց ծիսական տիկնիկները հայկական մշակույթի ամենագեղեցիկ, խորհրդանշական արժեքներից են: Նրանց կերպարների և գործառույթների մեջ առավել խտացվել և մարմնավորվել է մեր ժողովրդի մտածողությունը: Այս առումով տիկնիկների թանգարանը կարող է մեծ հետաքրքրություն առաջացնել զբոսաշրջիկների մոտ, որոնց հատկապես գրավում են  ազգային  մշակույթի ինքնատիպ դրսևորումները, որորնցից մեկն էլ ծիսական տիկնիկներն են: Այս տիկնիկների միջոցով զբոսաշրջիկներին կարելի է ծանոթացնել մեր ազգային տոների, սովորույթների և ծեսերի հետ:

Yerevan-will-have-a-puppet-museum-004 Yerevan-will-have-a-puppet-museum-002


_Ձեր կարծիքով որքանո՞վ է անհրաժեշտ Հայաստանում տիկնիկների թանգարանի հիմնումը:

_Այսօր գրեթե բոլոր երկրներում գոյություն ունեն տիկնիկների թանգարաններ: Ռուսաստանում   գործում են տիկնիկների ավելի քան 70 պետական և մասնավոր թանգարաններ: 1918 թ-ին  Մոսկվայում   բացվել է աշխարհում խաղալիքների առաջին պետական թանգարանը:   Մեր հարևան Վրաստանում՝ Թբիլիսիում, տիկնիկների թանգարան հիմնադրվել է դեռևս 1937թ.: Բաքվում գործում է տիկնիկային վարպետության պատկերասրահը, որն իր ձևի մեջ միակն է ամբողջ  տարածաշրջանում: Ընդհանուր առմամբ աշխարհում գործում են տիկնիկների և խաղալիքների  1000-ից ավելի թանգարաններ, պարբերաբար կազմակերպվում են տիկնիկների միջազգային ցուցահանդեսներ և փառատոններ, հրատարակվում են բազմաթիվ կատալոգներ և ամսագրեր: Ցավոք, մեզ մոտ՝ Հայաստանում,  տիկնիկների լիարժեք  թանգարան, որտեղ տիկնիկը ներկայացված կլինի որպես բազմաժանրային մշակութային երևութ, չկա: Ճիշտ է, Հովհ. Թումանյանի անվան  պետական տիկնիկային թատրոնի ճեմասրահում, ունենք տիկնիկների ցուցադրություն, սակայն ներկայացված են հիմնականում թատերական տիկնիկները:

Yerevan-will-have-a-puppet-museum-005

Թանգարանը սպասված է, այն մեծ պահանջարկ ունի մեր հասարակության  բոլոր տարիքային խմբերի մեջ: Այդ մասին է վկայում  հետաքրքրության մեծ ալիքը, որը  առաջացավ  Երևան քաղաքի պատմության թանգարանում պարբերաբար (2010, 2014, 2016թթ.) անցկացվող  ցուցահանդեսների ժամանակ: Գրանցվել էր այցելության աննախադեպ ակտիվություն: Օրինակ, երկու ամսվա ընթացքում «Տիկնիկային պատմություններ» ցուցահանդեսին  այցելել են ավելի քան 2000 մարդ:  Ցուցահանդեսները բազմիցս  լուսաբանվել  են  գրավոր և առցանց մամուլում ինչպես նաև հեռուստատեսությամբ: Այս ամենի հետ մեկտեղ թանգարանը կդառնա երեխաների ամենասիրելի վայրը, չէ որ 3-4 տարեկան մանուկների առաջին ծանոթությունը  թանգարանին՝ որպես մշակութային հաստատության, կարող է սկսվել հենց տիկնիկների թանգարանից: Թանգարանը կդարնա ընտանեկան այցելության վայր, ուր կարելի է նաև հաճելի ժամանակ անցկացնել:

-Շնորհակալություն…

Հաջողություն մաղթենք Մարինա Խաչմանուկյանին իր գաղափարի իրականացման գործում և սպասենք ապագա թանգարանի բացման հանդիսավոր օրվան:


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով