Թարգմանական աշխուժության ու դրանից բխող ոգևորվածության ֆոնին աննկատ շարունակվում է թատրոնի ու ընթերցողի դրամատուրգիական քաղցը: Թարգմանիչը, թատրոնն ու հրատարակչությունը նախաձեռնողականություն չեն դրսևորում՝ ձևավորելու իրենց շղթայական կապը: Մշակութային ինքնակազմակերպման բարդ ճանապարհին ո՞վ պետք է առաջինը ձեռք մեկնի ընթերցողին:
«Թարգմանական խնդիրներ» շարքի հաջորդ զրույցը թարգմանիչ և թատերագետ Հասմիկ Սեյմորի հետ է:
– Դուք դասախոս եք և թատերագետ. ի՞նչու դրամատուրգիայի թարգմանություն անելու հարցը սկսեց ձեզ հուզել:
Հ.Ս.- Մշակույթը զարգանում է նաև թարգմանությունների շնորհիվ: Վերջին շրջանում դրամատուրգիական փոքրաթիվ գործեր են հրատարակվել հայերենով, հետևաբար բեմադրությունների որակը նվազել է, որովհետև եթե չկան լավ թարգմանություններ, չկան նաև լավ բեմադրություններ: 150 տարի առաջ, երբ Կոստանդնուպոլսից, Զմյուռնիայից և այլ վայրերից մեր մշակութային գործիչները մեկնում էին ուսանելու եվրոպական մայրաքաղաքներում, դիտում էին նաև Եվրոպայի լավագույն ներկայացումները և, վերադառնալով իրենց համայնքներ, զգում էին հայ թատրոնի վերաշինման ծրագրի անհրաժեշտությունը:
1969 թվականին Գ. Սունդուկյանի անվան թատրոնում բեմադրված Արթուր Միլլերի պիեսը եղել է ռուսերենից թարգմանությամբ: Եվ, դժբախտաբար, ԽՍՀՄ տարիներին շատ պիեսներ են մեզ մոտ թարգմանվել ռուսերենից: Դա մեծ խնդիր է, քանի որ թարգմանական արվեստում դրանք համարվում են ոչ թե թարգմանություններ, այլ փոխառություններ: Լեհերն, օրինակ, շեքսպիրյան իրենց թարգմանությունների սկիզբը համարում են 1860-ականները, երբ սկսել են թարգմանել բնագրերից և ոչ թե գերմաներենից և ֆրանսերենից:
Իմ գերագույն ցանկությունն է, որ Հայաստանում այդ սխալը չկրկնվի, և թարգմանիչներն ու բեմադրիչներն աշխատեն բնագրերի հետ: Առ այսօր կրթված մարդիկ Հայաստանում դրամատուրգիա կարդում են ռուսերենով և ստիպված են դրամատուրգիական գլուխգործոցներին ծանոթանալ ռուսերենով: Ռուսերենը դրամատուրգիայում շարունակում է մնալ մեր հաց ու ջուրը, և մենք պետք է դուրս գանք լեզվական այս կախվածությունից:
– Դուք տարբերություն դնո՞ւմ եք արձակի և դրամատուրգիայի թարգմանության միջև:
Հ.Ս.- Հայաստանում ունեցել ենք և կունենանք արձակի ընտիր թարգմանիչներ: Բայց եթե թարգմանիչը սեր ու հակվածություն չունի դեպի թատրոնը և չի հետաքրքրվում թատերական աշխարհով, չի վերցնի ու թարգմանի որևէ պիես:
Երբ թարգմանում ես, պետք է զգաս, թե հանդիսատեսն ինչպես կընկալի տեքստը թատերական ներկայացման մեջ: Սա կենդանի խոսք է, և դու վերարտադրում ես կերպարը: Հեղինակը պետք է մենախոսության կամ երկխոսության մեջ արտահայտի ողջ հոգևոր ներաշխարհը, իսկ թարգմանիչը պետք է կարողանա մոռանալ, որ ինքը թարգմանիչ է, և մտնի հեղինակի կաշվի տակ՝ չմտածելով իր մասին, և չստեղծի, օրինակ, լեզվական էֆեկտներ, այլ մտնի հեղինակի լեզվի մեջ, որպեսզի և՛ ընթերցողը, և՛ դահլիճում նստած հանդիսատեսը կարողանան վերապրել այդ երկխոսությունը: Այս իմաստով ավելի անշնորհակալ գործ է դրամատուրգիայի թարգմանությունը: Շատ անշնորհակալ և շատ կարևոր:
– Հրատարակչությո՞ւն, թարգմանի՞չ, թե՞ թատրոն. ո՞ր օղակից է սկսվում դրամատուրգիական թարգմանությունը:
Հ.Ս.- Հրատարակչությունները չեն նախաձեռնում դրամատուրգիական թարգմանություններ, քանի որ պատվերներ չունեն: Թատրոնները չեն բեմադրում, որովհետև դաշտում չկան նոր թարգմանություններ: Հրատարակչությունները չեն նախաձեռնում, և թարգմանիչները պատվերներ չունեն: Շղթան սկիզբ չունի:
Կարող եմ ասել, որ թատրոնը հրատարակիչ չէ: Երևանի դրամատիկական թատրոնում կան բազմաթիվ ներկայացումներ, որոնց դրամատուրգիական թարգմանությունը պատվիրված է, բայց այդ պիեսները նախատեսված չեն տպագրության համար: Դրանք ներքին կարգովարվող լավ թարգմանություններ են:
Պետք է մոտենալ մնայուն արժեքների տեսանկյունից: Երբ մենք հրատարակում ենք դրամատուրգիա, դա կրթական հաստատությունների և լայն հասարակության՝ լեզվամշակութային գիտելիքների և ճաշակի զարգացման համար է:
150 տարի առաջ Զմյուռնիայում ապրած Տետեյան եղբայրներն ունեցել են հրատարակչություն: Եվրոպայում կրթված այդ 5 երիտասարդները 1850-ականներին բնագրերից թարգմանել են հարյուրավոր գործեր: Թարգմանել են, տպագրել և վաճառել են շուրջ 40 տարի: Այս օրինակը բերում եմ, որովհետև հիմա էլ ենք նույն վիճակում: Լուսավորիչ թարգմանիչների կարիք կա դրամատուրգիայում:
– Կարծես մոտենում ենք խնդրի էությանը. Հրատարակչությո՞ւնն է պատվիրում, թե՞ թարգմանիչն է նախաձեռնում:
Հ.Ս.- Չգիտեմ՝ ով ում է պատվիրում, բայց եթե այս աշխատանքային շղթան չլինի, արդյունք նույնպես չի լինի: Թարգմանիչը գուցե պետք է առաջարկի հրատարակչությանը. թարգմանիչն, ի վերջո, այն անձն է, որը մտահոգ է և՛ հրատարակչական, և՛ թատերական գործի առաջընթացով: Թարգմանիչն ինքը պետք է հետազոտի, թե ինչ է կատարվում, ինչ է թարգմանվում, ինչպես կարող է մեր թատրոնն աճել ու մրցել միջազգային թատրոնների հետ: Այո՛, մենք բեմադրում ենք լավ Շեքսպիր, որովհետև ունենք լավ թարգմանություններ: Բայց Մասեհյանն ու Դաշտենցը ունեցել են մտահոգություն, որ հայ ընթերցողը, հայ հանդիսատեսը ծանոթանան Շեքսպիրի հետ: Շղթան արդեն պատկերացնում եք:
***
Հասմիկ Սեյմորն (Հասմիկ Հարությունյան) ուսումնասիրում է միջազգային շեքսպիրագիտություն և մասնագիտանում է հայ շեքսպիրագիտության մեջ: Դասավանդում է Լոնդոնի համալսարանում, որտեղ էլ կպաշտպանի դոկտորական թեզը «Շեքսպիրի մուտքը հայ թատրոն» թեմայով: 2016-ին հիմնադրել է Հայ շեքսպիրյան ընկերությունը Լոնդոնում: Աշխատել է որպես լրագրող, թարգմանել է Սարոյան, Հեմինգուեյ, Միլլեր: Բնակվում է Մեծ Բրիտանիայում:
2018-ին նրա թարգմանությամբ «Զանգակ» հրատարակչությունը լույս է ընծայել Արթուր Միլլերի վաղ շրջանի հանրահայտ չորս ողբերգությունները՝ «Բոլոր իմ որդիները» (1947), «Վաճառողի մահը» (1949), «Սալեմի դատավարությունը» (1953) և «Տեսարան կամրջից» (1955):
Թողնել մեկնաբանություն