+374 99 12 80 82 Կիրակի - 10 Նոյեմբեր 2024

«Հայաստանը» Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում


2018թ.-ի մշակութային ամենամեծ իրադարձության՝ Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Հայաստան» ցուցահանդեսի մասին Արվեստագրին պատմեց Մատենադարանի միջազգային կապերի բաժնի աշխատակից և ցուցահանդեսի շրջանակներում հայկական պատվիրակության անդամ արվեստաբան Սոնա Բալոյանը:


Նյու Յորքի հայտնի 5-րդ պողոտայի վրա է գտնվում աշխարհում արվեստի խոշորագույն կենտրոններից մեկը՝ Մետրոպոլիտեն արվեստի թանգարանը, որի ճակատն արդեն ամսից ավելի է, ինչ զարդարում է Նոր Ջուղայում ստեղծված խորանի վարագույրից մի դրվագ ներկայացնող պաստառ՝ որի վրա մեծ տառերով գրված Մետրոպոլիտենի նոր թեմատիկ ցուցահանդեսի խորագրը՝ ARMENIA! («Հայաստան»):

            Մտնում ենք թանգարան և հայտնվում մի զարմանահրաշ աշխարհում, որտեղ բազմաթիվ սրահներում ներկայացված են աշխարհի տարբեր քաղաքակրթություններ, ժամանակաշրջաններ, մշակույթներ, արվեստի տարբեր ուղղություններ ներկայացնող բարձրարժեք և բացառիկ նմուշներ, և նրանց կողքին 2018 թ. սեպտեմբերի 20-ից միջնադարյան շարականների ներքո, խորհրդավորություն ստեղծող կիսամութ միջավայրում ներկայացված է համաշխարհային մշակութային ժառանգության մեջ իր ուրույն տեղը զբաղեցնող հայ քրիստոնեական արվեստը՝ 4-17-րդ դարերում ինչպես մայր հայրենիքում, այնպես էլ աշխարհի տարբեր հայկական գաղթօջախներում ստեղծված մշակութային գանձերով:

          Ցուցահանդեսին ներկայացված շուրջ 140 նմուշների մեծ մասը, որոնք իրենցից ներկայացնում են միջնադարյան անվանի գրիչ-մանրանկարիչների ձեռքով ստեղծված նկարազարդ ձեռագրեր, հնատիպ գրքեր, խաչքարեր, մասունքներ, մասանց պահարաններ, թանկարժեք գործվածքեղեն և զարդեր, եկեղեցու մոդելներ և այլն, Մետրոպիլիտեն արվեստի թանգարան են տարվել Հայաստանի Հանրապետության երեք խոշոր օջախներից՝ Էջմիածնի Մայր Տաճարի թանգարաններից, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանից և Հայաստանի պատմության թանգարանից: Ցուցահանդեսին ներկայացված են նաև աշխարհով մեկ սփռված հայկական կենտրոնների հավաքածուներից նմուշներ, ինչպես օրինակ Վենետիկի Մխիթարյան միաբանության,  Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց վանքի մատենադարաններից, Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունից (Լիբանան), Գալուստ Գյուլբենկյան թանգարանից (Պորտուգալիա), Նյու Յորքի Հայ Եկեղեցու ԱՄՆ-ի Արևելյան թեմից, Բոստոնի հայկական թանգարանից, Միչիգանի Ալեքս և Մարի Մանուկյան թանգարանից, ինչպես նաև մի շարք մասնավոր հավաքածուներից: Ցուցահանդեսի համար ընտրված նմուշները ներկայացնում են հայ միջնադարյան արվեստը համաշխարհային համատեքստում՝ ցույց տալով նրա զարգացումը Քրիստոնեության ընդունումից մինչև 17-րդ դար և նրա պատմամշակութային առնչություններն այլ երկրների հետ:

            «Հայաստան» խորագիրը կրող ցուցահանդեսի համադրող Հելեն Էվանսը տարիներ շարունակ զբաղվում է միջնադարագիտությամբ և հայագիտությամբ, նրա դոկտորական ատենախոսության թեման նվիրված է եղել Կիլիկյան Հայաստանի մանրանկարչությանը, և հայկական արվեստի վերաբերյալ թեմատիկ ցուցահանդես կազմակերպելու գաղափարը նրա մոտ ծագել էր շատ տարիներ առաջ: Թեմատիկ ցուցահանդես կազմակերպելու գաղափարից դեպի գործնական քայլերի անցումը սկսվեց մոտավորապես չորս տարի առաջ, որին հաջորդեց հսկայական մի աշխատանք՝ տարբեր թանգարանների հետ պայմանավորվածությունների ձեռք բերում պետական մակարդակով, հայեցակարգի կազմում, ցուցադրվող նմուշների ցանկի վերջնականացում, ֆինանսական միջոցների հայթայթում և այլն: Այս ամենի արդյունքում, 2018 թ. սեպտեմբերի 24-ին մեծ հանդիսավորությամբ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի և այլ բարձրաստիճան այրերի ներկայութամբ հեղինակավոր Մետրոպոլիտեն թանգարանում կայացավ «Հայաստան» ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունը: Այս ցուցահանդեսը բացառիկ է ոչ միայն նրանով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում առաջին անգամ է, ինչ հայ միջնադարյան մշակույթը ներկայացվում է այսպես ընգրկուն կերպով, այլև նրանով, որ նմուշների մեծն մասն առհասարակ առաջին անգամ են ներկայացվում իրենց մշտական պահպանության վայրերից դուրս:

Մետրոպոլիտեն արվեստի թանգարանի աշխատակիցների խոսքերով ցուցահանդեսի հանդեպ հետաքրքրությունն անչափ մեծ է ոչ միայն Միացյալ Նահանգներում բնակվող հայերի, այլև օտարազգի այցելուների շրջանում: Սեպտեմբերի 20-ից մինչ օրս ցուցահանդեսն արդեն հասցրել են այցելել տասնյակ հազարավոր մարդիկ: Նրանցից շատերի համար այս ցուցահանդեսն առաջին առիթը կհանդիսանա ծանոթանալու Հայաստանի, հայ ժողովրդի և նրա հարուստ միջնադարյան մշակույթի հետ, իսկ նրանք ովքեր արդեն ծանոթ են, կկարողանան նոր  տեսանկյունից, նոր հայացքով վերարժևորելու այն: Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի խոսքերով, ցուցահանդեսի ամենահուզիչ կողմերից մեկն այն էր, որ միևնույն վարպետի գործերը, որոնք պատմության հոլովույթներում հայտնվել էին աշխարհի տարբեր ծայրերում, այսօր առաջին անգամ հնարավորություն ունեցան ներկայանալ կողք կողքի:

            Ցուցադրվող նմուշների և ընդհանրապես հայ միջնադարյան արվեստի զարգացման ընթացքի, վաճառականական կապերի  և  տարբեր մշակույթների հետ ունեցած փոխառնչությունների մասին մանրամասն գրվել է Հելեն Էվանսի խմբագրությամբ լույս տեսած ցուցահանդեսի շքեղ կատալոգում, որի հեղինակների շարքում են հայագետներ Քրիստինա Մարանցին, Աննա Լեյլոյան-Եկմալյանը, Գրիգոր Գրիգորյանը, Ասողիկ Կարապետյանը, Էրին Պինյոնը, Աննա Բալյանը, Սիլվի Մերյանը և ուրիշներ, իսկ լուսանկարները  տրամադրել է Հրայր Բազե Խաչեյանը: Իմիջիայլոց, կատալոգի հիման վրա են կազմվել ցուցանմուշների բավականին բովանդակալից նկարագրությունները:

            Ցուցահանդեսի բացման արարողություններին հաջորդեցին հայ մշակույթին նվիրված սեմինարներ, դասախոսություններ: Ուշագրավ հոդվածներով նրան անդրադարձան այնպիսի հեղինակավոր թերթեր, ինչպիսին են «Նյու Յորք Թայմս»-ը, «Վաշինգտոն Փոստ»-ը, և այլն:

            Իր նախադեպը չունեցող «Հայաստան» ցուցահանդեսը Մետրոպոլիտենում բաց է լինելու մինչև 2019 թ. հունվարի 13-ը:  Համոզված կարող ենք ասել, որ այս մեծ իրադարձությունն ուղիներ բացեց աշխարհին նորովի ներկայանալու՝ ստեղծելով հետագա նորանոր ուսումնասիրությունների և աշխատանքների հեռանկարներ:

 

 

https://www.youtube.com/watch?v=eQ2vFjoCS9I

 

Լուսանկարները՝ Սոնա Բալոյանի


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով