+374 99 12 80 82 Ուրբաթ - 19 Ապրիլ 2024

Պողոս Հայթայան «Հայ կերպարվեստի կեսդարյա քրոնիկոն, 1962-2014»


Կալենցի թանգարանում դեկտեմբերի 26-ին մարդաշատ էր…. Արվեստագետներ, արվեստաբաններ, արվեստասեր հասարակություն, բոլորը այնտեղ էին ծանոթանալու արվեստաբան Պողոս Հայթայանի նոր գրքին: «Հայ կերպարվեստի կեսդարյա քրոնիկոն, 1962-2014»-ը յուրահատուկ մի գանձ է արվեստասերի համար, այն ներկայացնում է Պողոս Հայթայանի շուրջ 55 տարվա արվեստաբանական ժառանգությունը, ներառելով հեղինակի հոդվածները, մենագրություններն ու հարցազրույցները անհատ արվեստագետների և հայ կերպարվեստի խնդիրների մասին:

Հայ արվեստի վերջին կեսդարյա ընթացքը, մասնավորապես «60-ականներ» բնորոշումը, որ դասական հասկացություն է դարձել հայ արվեստաբանության մեջ, իբրև արվեստի յուրատեսակ վերածննդի ժամանակաշրջան,  անքակտելիորեն կապված է Պողոս Հայթայանի անվան հետ: Նախաբանի հղինակը Պողոս Հայթայանի որդին է` արվեստաբան և նկարիչ Արա Հայթայանը, ով իր խոսքում նշել է.  «…Պողոս Հայթայանը իր ապրած տարիներով ստեղծեց արվեստաբանի յուրահատուկ, իր իսկ բնորոշմամբ` «չնկարող նկարչի» տեսակը: Նախընտրեց լինել առավելապես կենդանի խոսքի արվեստաբան: Բնույթով ազատական և ստեղծագործ` կանգնեց նորարարի և խիզախի կողքին…»:

Boghos-Haytayan-026

Երեկոյի ընթացքում խոսք հայտնեցին Պողոս Հայթայանի գրչակից և նկարիչ ընկերները, որոնցից շատերի անունները կարելի է կարդալ գրքում: Երեկոյի ավարտին ներկաները հնարավորություն ունեցան տուն տանել գրքի իրենց օրինակը:  «Արվեստագիր»-ը ևս պատիվ ունեցավ ստանալու իր գիրքը` հեղինակի ստորագրությամբ: Գիրքն այժմ կարելի է գտնել Երևանի գրախանութներում:

Լուսանկարները՝   Հասմիկ Բարխուդարյանի:



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով