2016 թ. հունիսի 4-ին՝ ժամը 14:00-ին Գևորգ Գրիգորյանի (Ջոտտո) թանգարանում բացվեց «Պատմական բեկորներ» խորագրով մանկական խեցեգործական ցուցահանդեսը: Ցուցահանդեսը կազմակերպել էր «Terracotta» ստուդիան: Ստուդիան ձևավորվել է 2013-ին՝ Նարինե Մանուչարյանի ղեկավարությամբ: Այն աշխատում է «Արեգնազան» կրթահամալիրի հետ համատեղ: Ցուցահանդեսին հանրությանը ներկայացվեցին «Terracotta» ստուդիայի սաների՝ աստվածաշնչյան թեմաներով արված խեցեգործական շուրջ 46 աշխատանքներ, որոնց ստեղծման համար հիմք են հանդիսացել հայկական որմնանկարչության և մանրանկարչության նմուշները: Ստուդիան մշակել էր ծրագիր, որի նպատակը մեր դարերից եկած մշակույթը մատաղ սերնդին փոխանցելն էր, երեխաներին հայկական միջնադարյան արվեստին ծանոթացնելը:
Ցուցահանդեսի բացման ժամանակ ողջույնի խոսքով հադես եկավ թանգարանի տնօրեն արվեստաբան Մարտին Միքայելյանը, ով մեջբերեց Պիկասոյի այն հայտնի խոսքերը, որ նա ասել է, երբ, 1960-ականներին այցելել է պատանի նկարիչների ցուցահանդես. «Ես նրանց հասակին նկարում էի Ռաֆայելի պես, բայց ամբողջ մի կյանք պահանջվեց, որպեսզի հասկանամ, թե պետք է նկարել երեխաների նման»:
Այնուհետև իր խոսքով ներկայացավ «Terracotta» ստուդիայի ղեկավար Նարինե Մանուչարյանը, ով շնորհակալություն հայտնեց Հայաստանի ազգային պատկերասրահին՝ ցուցահանդեսի կազմակերպմանն աջակցելու համար: Նա նշեց, որ իրենք այս ցուցահանդեսին նախապատրաստվել են շուրջ կես տարի:
Հին և Նոր Կտակարանային բոլորիս հայտնի թեմաները (Ադամն ու Եվան, «Խորհրդավոր Ընթրիք», «Մկրտություն»,«Ծնունդ», «Մուտք Երուսաղեմ» և այլն) փոքրիկներից յուրաքանչյուրը մեկնաբանել էր իր ուրույն ձևով, այնպիսին, ինչպիսին ինքն է պատկերացնում տվյալ սյուժեն: Օրինակ, 8 ամյա Լևոնը Քրիստոսի Ծննդյան տեսարանում պատկերել է Մարիամին, որը ոչ թե պառկած կամ կիսապառկած է, ինչպես ընդունված է նրան ներկայացնել այս տեսարանում, այլ՝ կանգնած է և մանուկ Հիսուսին հանձնում է Հովսեփին:
Ինձ համար առավել տպավորիչ էր խմբակային աշխատանքի արդյունքում ստեղծված խճանկարը, որը ներկայացնում է Քրիստոսի Ծնունդը (սպիտակ կավ, ջնարակ): Այն, թերևս կարելի է համարել ցուցահանդեսի լավագույն գործը:
Նշենք, որ ցուցահանդեսի բացման ժամանակ իրենց խոսքով հանդես եկան նաև փոքրիկ ստեղծագործողները, որոնք ողջունեցին ներկաներին: Իսկ վերջում երեխաները երգեցին «Ջան գառնուկ» ժողովրդական և «Հայր Մեր» հոգևոր երգերը:
Թողնել մեկնաբանություն