+374 99 12 80 82 Ուրբաթ - 19 Ապրիլ 2024

Հենրիկ Սիրավյան. Երբ ստեղծագործական ազատությունն ու մարդկային արժեքները վեր են ամեն ինչից…


Նկարչի մասին…  

Իմ ամենամեծ բաղձանքը, որ լինեմ աշխատանքով լի և առողջությամբ կայտառ և…աննկատ լինեմ:

Հենրիկ Սիրավյան, 1990թ.

«Սիրավը արտակարգ, զարմանալի, կարելի է ասել՝ դյութիչ, կենդանի կերպար էր: Գրողի հետ գրող էր ու ընթերցող, երաժշտի հետ երաժիշտ, քանի-քանի օպերա գիտեր անգիր ու ծայրեծայր… Եվ քանի-քանի բանավոր պատմվածքներ՝ մեկը մյուսից արտահայտիչ, զավեշտական, դիտողականության և նմանեցման եզակի ձիրքով»._գրում է Արմեն Հովհաննիսյանը և ավելացնում. «Հենրիկի գլխավոր պատմություններում ինքն էր, իր ներքին գնահատանքը մարդկանց և երևույթների մասին, հեգնանքի և ինքնահեգնանքի անօրինակ շաղախը, արտառոց մուտքերը և անսպասելի ավարտները՝ այնքան գրավիչ ու սրտամոտ, որ տասներորդ, քսաներորդ կրկնությունից անգամ շնչում էր նոր թարմությամբ, անծանոթ բացահայտումներով»:

Սիրավյանի մասին խոսելիս բոլորը պայծառանում են, լուսավորվում, ժպտում: Թվում է՝ հիշում են մի մարդու, որ միմիայն լուսավոր հիշողություններ է թողել իրենց: Թվում է՝ մի արևային մարդ  է, որ միայն խինդ, սեր ու բարություն է տվել բոլորին: Իսկապես  այդպես էր: Անկրկնելի շնորհքի, տաղանդի տեր մարդ էր Հ. Սիրավյանը, որ երաժշտությամբ ու արվեստով հարստացնում էր աշխարհը: Մարդկային ու հոգևոր բարձր արժեքների տեր արվեստագետը հաճախ իր իսկ  բարության ու փափկության զոհն էր: Խղճով էր ու անմիջական իր ընկերների հադեպ և անսահման նվիրվող: Բացառապես բոլոր ընկերների հիշողություններն են այսպիսին: Եվ զարմանալի չէ, որ իր կտավներն էլ նկարչի պես լի են լույսով ու ջերմությամբ:

Հենրիկ Սիրավյան 1955

Հենրիկ Սիրավյան,
1955թ.

Լավինիա Բաժբեուկ-Մելիքյան, Մինաս Ավետիսյան, Արփենիկ Ղափանցյան, Հենրիկ Սիրավյան, 1962

Լավինիա Բաժբեուկ-Մելիքյան, Մինաս Ավետիսյան, Արփենիկ Ղափանցյան, Հենրիկ Սիրավյան, 1962թ.

Երիտասարդ ժամանակ՝ ճամփաբաժանի ընտրության գործին մտածել է երգիչ դառնալ, թե նկարիչ, ընտրել է նկարչությունը, քանի որ ազատությունն ամեն ինչից բարձր է գնահատել: Կատակով ասում էր՝ «եթե երգիչ լինեմ, պիտի լավագույն դեպքում լինեմ հռչակավոր թութակ», այսինքն՝ դա մաքուր իր արվեստը չէր լինելու, կատարելու էր ուրիշների ստեղծած երգերը, իսկ ստեղծագործական ազատությունը Սիրավյանի համար ամենակարևորն էր, չնայած որ խոնարհվում էր բոլոր մեծ օպերային երգիչների առջև:

Լևոն Չուգասզյանը Սիրավյանի մասին մի առիթով ասել է. «Մի բացառիկ մարդ, որ մեր կողքին ապրել է  իր հումորով, իր սուր մտքով, իր արվեստի, երաժշտության պաշտամունքով, և եթե նկարիչ չլիներ, անպայման երևի երգիչ կլիներ և մեր երաժշտությունը նույն ձևով կհարստացներ»:

Գնահատված լինելու մասին…

Հ. Սիրավյանը չի ձգտել ճանաչման: Իր ունեցած անհատական ցուցահանդեսների քանակը դրա հավաստիքն է: Ընդամենը մեկ անհատական ցուցահանդես իր կյանքի օրոք, այն էլ՝ 65 տարեկան հասակում: Եվ սա այն դեպքում, երբ իր գործերը ցուցադրվում էին աշխարհի տարբեր խոշոր ցուցասրահներում: Իհարկե, Հ. Սիրավյանը ստանում էր մրցանակներ ու պարգևներ, ընդ որում՝ ոչ միայն հանրապետական այլ նաև խորհրդային և միջազգային մասշտաբի ցուցահանդես-տոնավաճառներում: Այդպես էլ չտպագրեց  մի հիմնավոր կատալոգ, չդարձավ ՀՀ ժողովրդական նկարիչ, չնայած որ իր հռչակը հենց ժողովրդական էր…

Սևանի-արևոտ-ափերը,-1991թ

Սևանի արևոտ ափերը, 1991թ.

Սևանի սպիտակ ափերը, 1988

Սևանի սպիտակ ափերը, 1988թ.


Գագիկ Սիրավյանը պատմում է. «Գնահատված լինելու համար էլ ինչ-որ չափով պետք է աշխաել այդ ուղությամբ: Իր միակ նպատակը նկարելն էր և դա է ապացույցը, որ 1993թ. ունեցավ իր առաջին և միակ անհատական  ցուցահանդեսը, և իր կյանքի օրոք վերջինը: Ցուցահանդեսը 1988թ.-ին պիտի բացվեր, և միգուցե այդպես էլ պիտի լիներ: քանի որ շատերին լավ իմաստով զարմացրած գործերը հենց այդ ընթացքում ստեղծվեցին: Այսինքն՝ արվեստասերները մի նոր Սիրավյան բացահայտեցին հենց այդ ցուցահանդեսին: Հայրիկից շատ ժամանակ էին խլում մասնակցությունը միջազգային ցուցահանդես-տոնավաճառներոին, որոնք իհարկե հաղթանակով էին պսակվում: Ամբողջ տարին դրանց վրա էր աշխատում, նկարում, մակետ պատրաստում. մեծ պաննոներ նկարելը շատ մեծ ժամանակ էր խլում իրենից: Մի օր էլ որոշեց վերջ տալ այդ ամենին ու ամբողջությամբ նվիրվել գեղանկարչությանը:

Խելքը քեզ էնքան հեշտ է տրվում, ինչքան Վիլյամ Սարոյանին էր տրվում, իր պես մարդ էս, դու նրա պես մարդ էս

Հրանտ Մաթևոսյան.

Հրանտ Մաթևոսյան, 1987 թ

Հրանտ Մաթևոսյան, 1987 թ.

Կան արվեստագետներ,  որ հորդորում են գրել, խոսել իրենց մասին: Դա նաև մարդկային տեսակ է: Մի կողմից էլ դա լավ բան է…. Նույնիսկ ամենատաղանդավոր նկարչի մասին չեն իմանա, եթե չխոսեն, չգրեն իր մասին: Հայրիկն ընդհակառակը՝ խուսափում եր նման բաներից: Իր համար նյութականը այդքան էլ կարևոր չէր, ավելի կարևոր էին մարդկային արժեքները: Հաճախ լինում էր, որ գալիս էին նկար գնելու, վերջում հայրիկը գալիս ասում էր՝ «լավ մարդիկ էին՝ նվեր տվեցի»: Իհարկե նկարչի համար ամենալավ բաներից է երբ իր նկարները գնում են, բայց հայրիկը շատ հաճախ էր նվիրում»:

Գուրգեն Կարապետյանը գրում է. «Սիրավյանի մեջ ինչ-որ հուզական անպաշտպանություն կար: Նա ամբիցիոզ չէր, երբեք չէր ձգտել ճանաչման, չի զբաղվել ինքն իր արվեստը գովազդելով, չի պայքարել արևի տակ իր տեղի համար: Անտարբեր էր ճանաչման ու փողի հանդեպ: Նա միշտ մնաց մի «մեծ երեխա»՝ չդադարելով զարմանալ կյանքին, չկորցնելով մանկական պարզությունն ու մաքրությունը»:

Արվեստի մասին…

Իր արվեստով Սիրավյանը կարծես թափառում էր Հայաստոնով մեկ, սարերում ու ձորերում, պատկերում իր սերը հայրենի բնության հանդեպ, պատկերում  Հայստանը  իր քարերով, գետերով, լեռներով ու դաշտերով, եկեղեցիներով ու այգիներով, նկարում էր Արարատն ու Սևանը, Գառնիի ձորն ու Գեղարդը: Այս ամենը՝ տարբեր ռակուրսներից, օրվա տարբեր ժամերի և տարվա տարբեր եղանակների: Թվում է՝ կրկնվում են միևնույն մոտիվները, միևնույն բնանկարներն ու դիմանկարները: Բայց Սիրավյանի այս մոտեցումը միտված էր գեղեցիկը հավերժացնելուն ու գեղիցիկի երկարատև հայեցմանը:  Հայրենի բնությունը որպես տարերք, որպես հայրենիքի երկարատև հայեցման միջոց: Սիրավյանի գործերը սոսկ բնապատկերներ չեն, դրանք հայրենի բնության առասպելականացված, հեքիաթային պատկերներ են, հայկական բնության հավաքական կերպարներ: Հենրիկ Սիրավյանը հայտնաբերեց հայրենի բնության թաքնված գեղեցկությունը:   Հայաստանի բացահայտման որոնումները նկարչի առջև բացեցին արևային Հայաստանի կերպարը, որը սական տարբերվում է Սարյանական  Հայաստանից: Սիրավյանը բացահայտեց մի ուրիշ Հայաստան, որ լրացնելու եկավ մինչ այդ հայ կերպարվեստում տարածված Հայաստանի բնաշխարհի կերպարներին: Հ. Սիրավյանը բացահայտեց հայոց բնության նախաստեղծ ակունքնրը, առասպելական ուժն ու կախարդական գեղեցկությունը:

Պոկված-ժայռաբեկորը,-1996-թ.

Պոկված ժայռաբեկորը, 1996թ.

Չինար-ծառը,-1991

Չինար ծառը, 1991թ.

Շորժայի-Ժայռը,-1990

Շորժայի Ժայռը, 1990թ.

Մխիթար Սպարապետի բերդը Խնձորեսկում, 1969 թ.

Մխիթար Սպարապետի բերդը Խնձորեսկում, 1969 թ.

Գառնիի-կախարդական-ձորը-և-հին-կամուրջը,-1996-թ

Գառնիի կախարդական ձորը և հին կամուրջը,
1996 թ.

Ժայռը,-1992

Ժայռը,
1992թ.


Հենրիկ Սիրավյանի գործը իրական շարունակությունն է մեր նշանավոր վարպետներու գործերուն: Նա մեր մշակույթին շարունակողներուն ու առաջ տանողներուն մեկը եղած է:

Հակոբ Հակոբյան

Սիրավյանի կտավներում հսկա ժայռերը կարծես մարդու ձեռքով կերտված լինեն: Հակաբնական, արխիտեկտոնիկ և քանդակային, բնության կողմից  ստեղծված բայց միևնույն ժամանակ ձեռակերտ, որ ստեղծվել, աճել  ու ձևավորվել են բնության անբնական ուժով, բայց որոնցում առկա է հայ մարդու ուժը:

Հ.Սիրավյան, Վ.Սարոյան, Հ.Մաթևոսյան, 1978թ., Ահնիձոր

Հ.Սիրավյան, Վ.Սարոյան, Հ.Մաթևոսյան, 1978թ., Ահնիձոր

Հայրենի հողի, հայրենիքի կերպարանավորման մի այլ տարբերակ Հենրիկ Սիրավյանի համար Հայոց մեծերի դիմանկարներն են: Կոմիտասի, Վ. Սարոյանի, Հ. Մաթևոսյանի, Ս. Փարաջանովի դիմանկարները հայոց հոգևոր ու մտավոր ուժի արտահայտումներն են՝ հայկականության հավաքական, խտացված կերպարներ: Սիրավյանն առնչություններ է փնտրել իր ժողովրդի ճակատագրի և մեծ անհատականությունների միջև: Այդպես՝ Կոմիտասի բացառիկ դիմանարներ են ստղծվել, որ  բոլորովին տարբերվում են Կոմիտասի մինչ այդ ստեղծված կերպարներից: Ժպտացեղ Կոմիտասը Սիրավյանի այցեքարտն է, գլուխգործցներից մեկը, քանի որ սա հենց այն Կոմիտասն է, որ մենք ունեցել ենք: Սա Եղեռն չտեսած Կոմիտասն է:

Գագիկ Սիրավյանն ասում է. «Կոմիտասին հենց այնպես նկարել չի կարելի…Հայրիկը Կոմիտասի մասին հնարավոր ամեն ինչ ուսումնասիրել, կարդացել էր… Հ. Սահյանի, Վ. Սարոյանի, Հ. Մաթևոսյանի, Հ. Հակոբյանի հետ ընկերներ էին, շատ հաճախ էին զրուցում… գուցե Կոմիտասի հետ էլ… ո՞վ գիտե…»:

Վիլյամ Սարոյան, 1988

Վիլյամ Սարոյան, 1988թ.

Կոմիտաս, 1969

Կոմիտաս, 1969թ.

Կոմիտաս 1990

Կոմիտաս, 1990թ.

 


Հ. Սիրավյանի գործերում կարմիր թելի նման անցնում է նաև Ս. Փարաջանովի կերպարը: Սիրավյանի համար Փարաջանովի կերպարը նկարչորեն միշտ շատ հետաքրքիր է եղել: Ասում էր՝ ամեն անգամ

հանդիպելիս երբ մի բան էր պատմում, կարծես շատ ձեռքեր ունենար ու հենց այդպես էլ պատկերել է Փարաջանովին:

«Բայց, այնուամենայնիվ, ում էլ նկարեր, կամ ինչ էլ նկարեր, Փարաջանովին, թե ժայռեր, էլի իրեն էր նկարում…»,_Ասում է Գագիկ Սիրավյանն ու ավելացնում. «Այդ ամենը անսահման խորությամբ և անկեղծությամբ զգալով, ուսումնասիրելով, նա այդ ամեն ինչի կրողն էր, այդ բոլոր արժեքների՝ հարենիքի, հայրենի լանդշաֆտի, հայ մեծությունների, ու դրանց հետ նա նույնանում էր ու այդ ամենն ինչքան ուսումնասրում, այնքան ավելի էր սիրում, ու իր մի մասն էր դառնումամեն քար, ժայռ, ծառ ու թուփ: Եվ բոլոր այդ կերպարները, բոլոր խորհուրդները, որ հայրիկի ժայռերն ու Չինար ծառերը կրում են, այդ հավերժական խորհրդանիշերը, հավաքական կերպարները հայրիկն իր մեջ կրել է. թե ժայռերն են կրում այդ բոլոր հավաքական կերպարները, և թե հայրիկն է այդ բոլոր արժեքնեի կրողը եղել և արտահայտել այս կերպ: Եվ ինքն էլ՝ կամա թե ակամա, ենթագիտակցաբար թե գիտակցաբար այդ ժայռերի մի մասն է միանշանակ…»:

Փառաջանովն-ու-գեղեցկուհիները-1998

Փարաջանովն ու գեղեցկուհիները,1998թ.

Փարաջանովը-փշե-պսակով,-1991

Փարաջանովը փշե պսակով,1991թ.

Փարաջանովը

Փարաջանովը


Հենրիկ Սիրավյանը մեր լավագույն նկարիչներուն  մեկն է, որուն գործերի մեջ երևում է իր ժողովորդը, իր եկիրը և իր բոլոր զգացողությունները իբրև հայ մարդ: Սա իսկապես մեծ արժանիք մըն է

Հակոբ Հակոբյան

Սիրավյանի ու Սարյանի մասին

Հ. Սիրավյանը Մ. Սարյանի մասին խոսելիս հաճախ ասում էր. «Ամբողջ կյանքում երազում էի մի մեծ Վարպետ, որի մոտ կսովորեի, ամբողջ ժամանակ դա էի աղոթում, և Աստված ուղարկեց ինձ այդ բախտը: Մարդ կարող է հարյուր տարի ապրի ու էլի հարյուր տարի ապրի, չունենա այդպիսի բախտ՝ ճաշակելու իրական արվեստը…»:

Առավոտը-Բջնիում

Առավոտը Բջնիում

Մոսկվայի համամիութենական ցուցահանդեսին 1958թ.-ին  Սիրավյանի «Առավոտը Բջնիում» կտավը տեսնելով Սարյանը Երևան գալուն պես ցանկացել է հանդիպել երիտասարդ նկարչին և առաջարկել նրան աշակերտել իրեն:  8 տարվա մտերմությունը, որոնցից 4-ը ապրել էին միևնույն հարկի տակ,  արգասաբեր էին երկուսի համար էլ:  Ծնվեցին նաև գործեր երկուսի համատեղ աշխատանքով: Դա մի հրաշք կյանք էր՝ մեծ դասերով համեմված, շատ բախտորոշ շրջան հատկապես Սիրավյանի համար: Շատ պատասխանատու է լինել  այդչափ մեծ Վարպետի աշակերտը, միևնույն ժամանակ դժվար չմնալ նրա ստվերի տակ, դուրս գալ նրա մեծության ծանրության տակից ու վերստին  անկախանալ արվեստում:

Հենրիկ Սիրավյան, Մարտիրոս Սարյան, 1965

Հենրիկ Սիրավյան, Մարտիրոս Սարյան, 1965թ.

Սարյան և Սիրավյան, 1996 թ

Սարյան և Սիրավյան,
1996 թ.

Ձեռագիր


Հուշերից


Գագիկ Սիրավյանը պատմում է. «Դա իր համար միշտ շատ կարևոր հարց էր, այո, Սարյանի աշակերտն է եղել, երիտասարդ տարիներին ազդված էր նրանից, շատերն էին ասում, այո ազդված էր նրանից, ինչպես շատ արվեստագետ ազդվել են իրենց Վարպետից:  Եվ ես վստահ եմ, որ հայրիկը թաքուն երազում էր դուրս գալ Սարյանի ազդեցությունից, ստեղծել իր աշխարհը: Ու 1970-80-ական թվականներից  արդեն բացարձակ նման չէր Սարյանին: Երբ փոքր էի, զարմանում էի, երբ հայրիկի գործերը նմանեցնում էին Սարյանին, բայց հետո հասկացա, որ այդպես էլ պիտի լիներ: Մենք երիտասարդ տարիներին մեր դասախոսներից էինք անգամ ազդվում, էլ ուր մնաց, երբ ազդված ես Սարյանի նման մեծ արվեստագետից, ապրում ես իր հետ ու ստեղծագործում իր արվեստանոցում: Անհնար է չազդվել, բայց նաև շատ կարևոր է չմնալ նրա ազդեցության տակ: Դա նկարչի ամենակարևոր արժանիքներից է՝ վերցնել ուսուցչից ամենակարևորը, բայց չմնալ իր ազդեցության և մեծության տակ: Սակայն հայրիկի անհատականությունը արտահայտվել է միշտ, բոլոր շրջաններում: Շատերը մինչև հիմա շատ սիրում են իր մինչև Սարյանն արված գործերը: Դրանք բոլորովին ուրիշ են. Իր եկեղեցիները, լեռները, ծաղկած բալենիները…»:

Եվ իսկապես, հայրենինիքի՝ իբրև տարերք ու հզոր ուժ ընկալման պարագայում այս երկու արվեստագետները ընդհանրություններ ունեն և դա նախ և առաջ գաղափարական ընդհանրություն է, ինչն էլ հնարավոր է դարձրել նրանց համատեղ ստեղծագործական կյանքը: Սակայն նույնը չի կարելի ասել ձևաստեղծման ու նկարչաեղանակի մասին: Սիրավյանի ուրույն ձեռագիրն ու ձգտումները բոորովին այլ ոլորտներից են:

Ընտանիքը

Ընտանիքը

Որդին՝  Գագիկ Սիրավյանը

Որդին՝ Գագիկ Սիրավյանը

 


Ոչ թե աշակերտը գտավ ուսուցչին, այլ ուսուցիչը գտավ աշակերտին, սա մեծ բարեբախտություն է: Սա ի վերուստ կանխորոշված հրաշք էր, և երկու բացառիկ մարդ հանդիպեցին իրար

Լևոն Չուգասզյան

 Գուրգեն Կարապետյանն իր հիշողություններում պատմում է. «Ընկերներն ու մտերիմները նրան Սիրավ էին անվանում: Ինձ համար՝ նա միշտ Պարոն Սիրավյան էր»: Դա փոքր-ինչ նյարդայնացնում էր նրան, միշտ նրբորեն ասում էր՝ «ես քեզ համար Պարոն Սիրավյան չեմ», ու խնդրում էր անունով դիմել: Մի անգամ էլ նրան Վարպետ անվանեցի, ասաց. «Ինձ այդպես մի անվանիր, Վարպետը մեկն է լինում և դա Սարյանն էր, ավելի լավ է Պարոն ասես»:

Երանոս-սարը,-1992-թ.

Երանոս սարը, 1992թ.



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով