+374 99 12 80 82 Կիրակի - 22 Դեկտեմբեր 2024

Նուռ-ծիրան-տարազ կոնտեքստից դուրս Հայաստան. Եվրատեսիլ 2016


Վերջին շրջանում Հայաստանում ու հայկական իրականության մեջ տեղի ունեցան մի շարք դեպքեր, իրադարձություններ, որ բազմաթիվ դիսկուրսներ առաջացրեցին ազգային ինքնագիտակցության ու դրա վերագնահատման, վերաիմաստավորման շուրջ: Դրանցից յուրաքանչյուրը մշակութային առումով յուրահատուկ էր, ու իսկապես ունակ փոխելու շատ բան մեր գիտակցության մեջ: Այս ամենի տրամաբանական շարունակությունը թերևս Հայաստանի մասնակցությունն էր Եվրատեսիլ երգի միջազգային մրցույթին: Տասերրորդ անգամ մասնակցությունը պիտի որ արդեն սովորական լիներ ու պակաս մտահոգիչ: Բայց ապրիլյան դեպքերը ստիպեցին, որ Հայաստանի ներկայությունը ցանկացած միջազգային հարթակում դիտարկվի մի փոքր այլ՝ առավել կարևոր  տեսանկյունից: Թվում է՝ հերթական անգամ Հայաստանը պիտի ներկայանա ու ամեն գնով փորձի ցույց տալ իր ազգային ինքնությունը, յուրահատկությունը, ազգային շեշտադրումներով ու ելևէջներով փորձի գրավել եվրոպացի հանդիսատեսին: Սակայն մեր ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանի ելույթը վերափոխեց միջազգային հարթակներում մեր ներկայության մասին պատկերացումները:

Eurovision-2016-003 Eurovision-2016-002

Ժամանակակից, համարձակ կերպար, առանց ազգային շեշտադրումների, հայերի ու Հայաստանի դժվարին ճակատագրի մասին պատմող երգի, առանց նռան ու ծիրանի, առանց տարազի, բայց տարօրինակորեն նույնքան սիրելի ու ընդունելի հայ հասարակության կողմից: Ասել է թե՝ սեքս, արվեստ և քաղաքականություն, ի դեմս Իվետայի սեքսուալ, կանացի կերպարի, բավական համարձակ ու ստացված երգի, արտիստիկ կեցվածքի ու նրա ձեռքում ծածանվող Արցախի դրոշի: Մի՞թե ինչ-որ բան է փոխվել մեր ինքնագիտակցության մեջ: Մի՞թե  արդեն կարող ենք մեզ տեսնել այլ դիտակետից: Մի՞թե   արդեն պատրաստ ենք ընկալել հայ կնոջ ոչ թե ամոթխած ու կաշկանդված, այլ սեքսուալ ու համարձակ կերպար, որ պատրաստ է նույնքան համարձակորեն բարձրացնել լուրջ քաղաքական հարց (դատելով ադրբեջանցի լրագրողների արձագանքից՝ բավական ազդեցիկ): Բազմաթիվ հարցեր են առաջ գաիս, որոնց պատասխանը կարծես թե ուրվագծվում է որպես՝ այո: Մեր հին ու հզոր մշակույթի տեր ազգ լինելու մեջ այլևս կասկած և ուրիշներին էլ այլևս ապացուցելու ոչինչ չունենալով՝ մենք դանդաղ, բայց հաստատուն քայլերով կարծես շարժվում ենք առաջ, ու սա, եթե նույնիսկ հաղթանակ չլինի մրցույթում, ապա հաղթանակ է ինքներս մեր կարծրատիպերի հանդեպ:  Ու կարծես թե առաջին անգամ Եվրատեսիլ մրցույթն իսկապես մշակութային առումով ինչ-որ բան փոխեց ու կարևոր դարձավ ոչ թե օտարին մերը ցույց տալու, այլ հենց ինքներս մեր մեջ ինչ-որ բան փոխելու տեսանկյունից:

 



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով