+374 99 12 80 82 Երեքշաբթի - 19 Մարտ 2024

«Ներս ու դուրս» անելով 21-րդ Ամենամյա Այլընտրանքային արվեստի փառատոնը


Հակասությունը թաքուն կամ թաքնված

ամբողջության կեղծ արտաքինն է։

Միշել Ֆուկո

 

Կոնկրետ այս փառատոնը համարում եմ ինքնաքննադատական, որը լավ իմաստով փորձում է վերականգնել  իր ռեսուրսները  ու ինչ-որ չափով դուրս հանել նաև հայ «փորձարարական արվեստը» համընդհանուր դեպրեսիվ անտարբերության դաշտից։ Թիմային ընկերական աշխատանքը՝ հանձինս Արմենակի, Նարեի և Գոռի, սերելով պինդ կրթական ֆոնից, ճիշտ հարցադրումներ է արել և ամենակարևորը տեղին։  

Այս փառատոնի թերթից մեկ անգամ ևս վերհիշեցինք ՆՓԱԿ-ի գույություն ունենալու հիմնական պայմանը՝ ցուցադրվող տարածքի ներսում տիրող հակասականությունը և անհամատեղելիությունն ու անհետևողականությունը։ Ըստ այդմ մշակութային գործերը դառնում էին էլ ավելի կոնցեպտուալ՝ տեքստային և կոնտեքստային, որը սկսում էր ընդհանուր հակասության մեջ մտնել կենտրոնի սկզբնական ցուցահանդեսների ավելի ռեպրեզենտատիվ և ավելի ֆիզիկական, մի տեսակ ծիսական աուրայի հետ։[1] Շատերը չեն սիրում այն պահը, երբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը օրհնում է այդ կենտրոնը՝ կարծես այն ինստիտուցիոնալիզացնելով և վերածելով թանգարանի՞։

Թանգարանային դիրքորոշումը մի տեսակ հստակ ուղղվածություն է տալիս, դասակարգում է այն ամենը, ինչը կոչվում է արվեստ և պիտակում է այն։ Սա մի բան է, որ երբևէ չէին ընդունի ավանգարդիստները՝ համարելով թանգարանը վնասակար ժամանակակից արվեստի համար։ Սակայն մյուս կողմից 1960-ականներից տարածված «տեսարանային» իրականությունը, օրիգինալ արվեստից անցումը վերարտադրողական արվեստի, արարումից անցումը արտադրության ուղղակի պահանջում են այդ թանգարանը ժամանակակից արվեստի համար, քանզի այդպես դա տարբերակելի կդառնա մնացած առօրյա հասարակ իրերից և կունենա արվեստի պատմության մեջ ներառվելու հնարավորություն։[2]


 Եթե ՆՓԱԿ-ը այդ իրեն ներհատուկ հակասականությունը, այսինքն՝ ինքն իրեն ընդդիմանալու այդ հատկությունը պահպանի, նա չի վերածվի թանգարանի, հետևաբար նաև չի կարծրանա նրա դիմագիծը և միշտ կմնա ակտուալ և մարտահրավերային։ Սրա մասին են նաև մտածում, կարծում եմ, փառատոնի կազմակերպիչները, քանզի ցուցահանդեսի մի լուրջ մաս կազմող տեքստում մանրակրկիտ ներկայացված է այն, թե ինչ պատճառներով ՆՓԱԿ-ից հետ է ընկրկում արարքի գաղափարը և կոնցեպտը ընդհանուր առմամբ, այսինքն՝ վերանում է հակասականության համար անհրաժեշտ զույգերից մեկը։ Միաժամանակ նաև տեքստի հեղինակը պահանջում է կենտրոնի արխիվների ուսումնասիրություն և հետևաբար ներկայի պատմական քննադատության ստեղծում, որը կենտրոնը թանգարանայնեցնելու միտում է և, բնական է, նույնքան անհրաժեշտ գործոն է այսօրվա ժամանակակից արվեստի համար։[3]

Գլոբալ առումով ստացվում է, որ ՆՓԱԿ-ի հիմնական հակասությունը ընկած է արվեստի կենտրոն-թանգարան երկփեղկման վրա, որը ռեպրեզենտատիվ տեսանկյունից արտահայտվում է կոնցեպտուալ-ավանգարդիստական ուղղությունների հատման կետում։

Այստեղ արդեն բախվում ենք մյուս խնդրին, երբ շատ տարբեր տեքստերում հանդիպում ենք ՆՓԱԿ-ը որպես հայ ժամանակակից արվեստի, կամ էլ թե ավանգարդ արվեստի կենտրոն։ Եթե մենք շեշտում ենք ՆՓԱԿ-ի որպես կենդանի օրգանիզմ լինելը, նրա նորարար և փորձարարական լինելը, նրա հիմնականում երիտասարդ սերունդի վրա հիմնվելը, և նրա կոնցեպտային լինելը, ապա արվեստի պատմությունը մեզ հուշում է այն դիտարկել որպես ժամանակակից արվեստի կենտրոն ու ոչ մի դեպքում չխառնել այն ավանգարդ արվեստի օրրանի հետ, որն արդեն կասոցացնի կենտրոնը թանգարանի, համակարգի, ռեպրեզենտատիվ և իլուստրատիվ լինելու հետ։Սակայն այս երկու տերմինները այսօր էլ ակտիվ կիրառվում են ՆՓԱԿ-ի բնորոշման մեջ, ինչը մեկ անգամ ևս հաստատում է, որ կենտրոնի հակասական լինելը դեռ ուժի մեջ է։


  Փորձենք առանձին գործերի և ցուցադրության մեջ տեսնել այդ հակասական մոտեցումները, որոնք վստահ եմ առկա են, եթե ներգրավված են այս փառատոնի շրջանակներում։

    Իմաստային առումով  կխուսափենք այստեղ նշել հեղինակների անունները, քանի որ չենք պատրաստվում գործերի առանձին մանրակրկիտ ուսումնասիրություն կատարել, այլ կփորձենք տեսնել, թե արդյոք դրանք կմիավորվեն որպես մեկ ամբողջական օրգանիզմի, թե՝ ոչ։ Նպատակն է վեր հանել ՆՓԱԿ-ի հակասական կորիզը հենց աշխատանքների ընտրության և կազմակերպման միջոցով։

Փառատոնի ցուցադրական արահետը սկսվում է «Չկայացած ցուցահանդեսների ազդագրեր»-ով, որոնք ինչ-ինչ պատճառներով տեղի չեն ունեցել ՆՓԱԿ-ում։ Դրանք և՛ գրաֆիկա/գեղանկարչության, և՛աբստրակցիայի, և՛ լուսանկարչության, և՛ դեկոլաժի տեսակի մեջ են, այսինքն՝ բոլոր այս ժանրերը և ոճերը կարող էին այս կամ այն կերպ ցուցադրվել տարբեր ժամանակներում ՆՓԱԿ-ում։ Գաղափարը կոնցեպտուալիստական է, քանի որ, կարևոր է  միտքը, որ այդ ցուցահանդեսները կարող էին տեղի ունենալ, և ոչ թե ֆիզիկապես իրագործվել։

Պատմական տեսանկյունից այս գործին հոգեհարազատ է «փաթաթված Քոչարը», որը նոր ռեալիստական (քրիստոյական) արձագանքներով փաթեթավորում է 2003 թվականին պաշտոնապես բացված «Մելամաղձություն» քանդակը։ Ինքնին քանդակը մոդեռնիստական աշխարհայացքի քննադատությունն է դասական և ավանգարդ արվեստի միաժամանակյա կիռարմամբ, սակայն այս դեպքում քանդակը ասոցացվում է ՆՓԱԿ-ի արդեն կայացած կարգավիճակի հետ և փաթեթավորվելով, կամ ավելի շուտ քողարկվելով, փորձում է հարցադրել կենտրոնի ներկայիս դիրքավորումը։ Վերոնշյալ երկու գործերի հակասականությունը կայանում է նրանում, որ մեկը երևան է բերում նախագծեր, որոնք ֆիզիկապես չեն կայացել ու չեն կայանա ՆՓԱԿ-ում, իսկ մյուսը՝ թաքցնում է ՆՓԱԿ-ի ֆիզիկական խորհրդանիշը՝ Քոչարի քանդակը՝ վերաիմաստավորելով և վերանայելով դրա կոնցեպտուալ գոյությունը։

 

   


Մյուս ինձ համար «ամենաբաց» երկու նախագծերը առնչվում են ցուցահանդեսին իրենց քիչ թե շատ «նեյտրալ» մասնակցությամբ, որտեղ շեշտվում է առաջին հերթին իրենց ցանկությունը և կամքը մասնակից լինելու։ «Ներս ու դուրսը» առնչվում է հանդիսատեսին այնքանով, որքան հանդիսատեսը աշխատանքին՝ կողքից և պատահական։ Այս գաղափարը հնարավորինս ազատում է հեղինակին, ինչպես նաև հանդիսատեսին ուղիղ հարաբերությունից, որն էլ իր հերթին գաղափարային ճնշում չի գործադրում եզրակացություն անելիս։ Հեղինակը այստեղ դեռ վերջնականապես չի դիրքորոշվել մի հաստատության հանդեպ, որի ներկայիս կարգավիճակը էլ ավելի կարիք ունի ամրապնդվելու։ Մյուս «բաց» նախագիծը անսպասելի ջերմություն հաղորդող լուսանկար է, որը թերևս կենտրոնացած չլինելով դեմքերի զգայական ընկալումների վրա, այդ զգացողությունը արտահայտում է ժեստերի միջոցով։ Հեղինակը արտահայտում է իր նվիրված մսանակցությունը ցուցահանդեսին, որն ավելի շուտ ոչ թե գործ անելու կամ ցուցադրելու նպատակ ունի, այլ, ինչպես դիպուկ բնութագրում է հեղինակը, «կարևորվում է դիրքը խոսեցնելը»։[4] Գործը որպես լուսանկար վերածվում է արարքի, մինչդեռ նախորդ աշխատանքը, հիմնված լինելով ֆիզիկական շարժման և դրա նկարահանման վրա, կասկածում է մասնակցելու կամ չմասնակցելու վրա և միաժամանակ ժխտում ու հիմնավորում է գործի ներկայությունը՝ դառնալով շատ ավելի ստատիկ և ռեպետիտիվ (ժամանակ առ ժամանակ կրկնվող)։

Հատկանշական է, որ նախապես ոչ մի չի փորձ արվել նախօրոք աշխատանքները բաժանել զույգերի, սակայն ընթացքում, անսպասելիորեն, ցուցադրության նկարահանումները հենց այդպիսի տպավորություն թողեցին։ Եվ հաջորդը այն աշխատանքներն էին, որոնք խոսում են սահմանի մասին արվեստում։ Տարօրինակ է, բայց ինձ համար «ամենափակ» գործը, որը որ սահմանափակում էր, այլ ոչ թե ընդլայնում, այն երիզն էր, որի վրա պատկերված էին Խորհրդային Հայաստանի զինանշանի և Շահական Պարսկաստանի դրամի դետալի միաձուլումը։ Այս երիզը ոչ մի ձև չհաղթահարեցին դրա ներսում գտնվող աշխատանքները, փոխարենը կրկին շենքի ներսի բոլոր աշխատանքները ընդդիմանում էին ամբողջ տարածքը ընդգրկող երիզին, որն իրականում ՆՓԱԿ-ի երկու հայրենիքներն են։ Նույնիսկ «արվեստ առանց սահմանների» նշանաբանը ինձ համար կորցրել էր իր իմաստը, քանի որ շրջանակված էր խորհրդա-պարսկական այդ «փշալարով»։ Սա իրականում խոսում է մի կարևոր բանի մասին. հնարավոր չէ ստեղծել ամբողջովին ազատ, ամբողջովին «դեմոկրատական» արվեստ, այո, այլապես ինչու՞ պետք է անհրաժեշտ լիներ արվեստը։


2-րդ հարկի ցուցադրությունը արդեն լիովին ընկղմված էր ՆՓԱԿ-ի պատմության, նրա օրգանիզմի մեջ և միաժամանակ նաև շատ էր անձնականացված։ Աջ տարածությունում վխտում էր Կարինե Մացակյանի ոգին և «սպիրիտուալ» մեր արվեստագետները կարծես ամեն ինչ արել էին նրա հոգևոր ներկայությունը վերադարձնելու համար, ինչքան էլ որ տարածքի մյուս մասում խոսվում էր նույնիսկ արդեն ՆՓԱԿ-ի ապրանք դառնալու մասին, իսկ ձախ մասի մեծ սրահը անհատ արվեստագետի խնդիրների մասին էր «գոռում»։ Կարած բերաններով մարդիկ և ծեծված դեմքով արվեստագետի ինքնադիմանկարը լավագույնս բնութագրում է հասարակական պատասխանատու մարդու ներկայիս իրավիճակը Հայաստանում։ Ցուցադրությունը ազդեցիկ էր և կենտրոնացած էր ամենակարևոր խնդիրներից մեկի վրա. ի՞նչ կարգավիճակ ունի հիմա ժամանակակից արվեստագետը և ի՞նչ իրավունքներ։ Կարծում եմ, եթե շենքի աջ թևի ցուցադրությունը խոսում էր ՆՓԱԿ-ի պատմական անցյալի լավ ավանդույթների մասին, որոնցով այն դարձավ բոլորին հայտնի ՆՓԱԿ-ը, ապա ձախ թևը արդեն ստիպում էր կենտրոնին խոսել հենց  այսօրվա արվեստային խնդիրների մասին՝ առանց կարոտախտի դեպի անցյալը։ Ստացվում է էլի երկփեղկում, որն անհրաժեշտ գործոն է հենց այսօրվա շոշափելի խնդիրներին ավելի մոտ լինելու համար։

 Ողջունում եմ այս փառատոնի կազմակերպիչներին նախագիծը, ըստ իս, կայացած դարձնելու համար։ Մնում է բոլորս դասեր քաղենք այս ու նաև հետագա ցուցահանդեսներից արվեստը հնարավորինս պատասխանատու դարձնելու համար։

[1]ՆՓԱԿ-ի սկզբնական կարևորագույն ցուցահանդեսների, դրանց ի հայտ բերած խնդիրների ու միմյանց հակասությունների վերլուծության մասին, տես Ն․Սահակյանի  հոդվածը՝ «ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ․ՆՓԱԿ-ը 1996 թվականին», http://accea.info/hy/acceain1996։

[2]Ժամանակակից արվեստի թանգարանների լինելու կամ չլինելու պատմա-գոյաբանական խնդիրների մասին տես Բ․Գրոյս «Ժամանակակից արվեստի թանգարանի մասին»,

http://www.guelman.ru/xz/362/xx23/x2307.htm։

[3]Եթե ՆՓԱԿ-ը վերածվի ժամանակակից արվեստի թանգարանի, ինքնաբերաբար կպայթի արդեն գոյություն ունեցող  Արդի և Ժամանակակից արվեստի թանգարանների լինելիության փուչիկը, որոնք իրականում պատմական ոչ մի տեսանկյունից չեն համապատասխանում իրենց խորագրերին։ Ուտոպիական իմ երազանքները ստիպում են ինձ եզրակացնել, որ այդ երկու թանգարանները եթե լուծարվեին, ապա ամբողջ այդ ֆոնդերը կտեղափոխվեին Ազգային Պատկերասրահ, որի գործունեության բնույթը և ֆոնդի բովանդակությունը այսօր արդեն, ցավոք,  գրեթե նույնական է վերոնշյալ թանգարանների գործունեության հետ։ Վերջինս էլ կդառնար շատ ավելի բազմատարր և «դեմոկրատական»։

[4]21-րդ Ամենամյա Այլընտրանքային Արվեստի Փառատոնի թերթ, էջ 4, 2017


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով