+374 99 12 80 82 Երեքշաբթի - 19 Մարտ 2024

«ԾԻՐԱՆային» քրոնիկոն | գրաքննված կինոշաբաթ


Կինոն դուրս է սահմաններից ու ժամկետնանց հասարակական տաբուներից: Առահասարակ, արվեստը միայն ծափահարությունների համար չէ, պետք չէ խուսափել քարկոծված լինելուց՝ դառը ճշմարտությունը հեշտ չի ընդունվում, ամբոխները խելագարված ընդվզում են, չեն կարողանում համակերպվել այդ իրողության հետ: Ասում են քարոզչամեքենայի ձեռքում՝ արվեստը ատոմային ռումբից էլ վտանգավոր է. թվով «Ոսկե Ծիրան» 14-րդ երևանյան միջազգային կինոփառատոնի պաշտոնական մեկնարկը պայթյունավտանգ էր, քաոսային, կոնֆորմիզմի ու նոն-կոնֆորմիզմի բախումն անխուսափելի էր:

Այսպես կոչված հանրային կարծիքն էր գլուխ բարձրացրել ու դա այն զանգվածի, ով ընդհանրապես հաղորդակից չէ փառատոնային կինոյին, «Ոսկե Ծիրան»-ին: Զանգված, որի գեղագիտական ճաշակը կամ տգիտությունը ձևավորում են ցածրակարգ հայկական ու հնդկական սերիալները, կոնֆորմիստներ, որոնք սեփական մեղքերը կոծկելով, քար են շպրտում նրանց վրա, ովքեր չեն համապատասխանում ընդունված ստանդարտներին՝ իրարամերժ ստանդարտներին:  Ու հենց այդ տգետ զանգվածը, որ կինոաշխարհի հետ որևէ կերպ առնչություն չունի, բոյկոտեց 5 տարի անցկացվող «Հայացք ներսից և դրսից» արտամրցութային ծրագիրը:

Ցուցադրությունները նախատեսված էին Կինոմատոգրաֆիստների միությանը պատկանող Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում, սակայն ամոթի քողի տակ ծածկված հանրային կարծիքը, որը անհայտ է, թե ինչպես է ձևավորվել մտահոգվեց այն պատճառով, որ այդ ծրագրում ներկայացված երկու ֆիլմերի առանցքում ԼԳԲՏ թեմատիկա է: Կուլ գնալով քրիստոենական արժեքներին, որոնց արժանահավատությունը հոդս է ցնդում, քանի որ բոլորս էլ լավ գիտակցում ենք, որ դրանք վաղուց խոսքի մակարդակի վրա են. քրիստոնյա լինելը չի խանգարում հայկական սերիալներում պրոպագանդել քրեական աշխարհը, հասարակական տարբեր ախտերը, բայց դրանք ոչինչ նորմալ է, ԼԳԲՏ-ն աստվածամերժ է:

 

Ինչևէ, փառատոնի տնօրինությունը (ասում են՝ «ամենակարող» Մայր աթոռի հորդորով կամ պահանջով) որոշում կայացրեց փառատոնի օրակարգից հանել ամբողջ ծրագիրը, հույս հայտնելով, որ հաջորդ տարի ֆիլմերը հնարավոր կլինի հասցնել փառատոնային կինոյի սիրահարներին. Ֆիլմեր, որոնք պետք մտածելու տեղիք տան, այլ ոչ թե՝ վախ առաջացնեն, որ ազգդ կործանվում է. ազգը ծայրահեղ ուրիշ ախտերից փտտում է, բայց դա արդեն լրիվ ուրիշ պատմություն է:     

Փառքի ճեմուղին

Ցավալիորեն պետք է նշել, որ այս անգամ «Ոսկե ծիրան»-ը, մեծ հաշվով, չարդարացրեց սպասելիքները. կազմակերպչական աշխատանքը թերի էր, «Մոսկվա» կինոթատրոնում, ինչպես միշտ, տեխնիկական խափանումների առատություն էր, ցուցադրությունները ուշանում էին, ընտրված ֆիլմերի մեծ մասն էլ ստիպում էր դիտման կեսից քնել: Փառատոնի լուսավոր կետերից մեկը, բնականաբար, պաշտոնական բացմանն ընդառաջ էր. Շարլ Ազնավուրի հրապարակում գտնվող հայկինոյի Փառքի ճեմուղում՝ ընտանիքի անդամների, կինոսերների, լրագրողների ու պետական այրերի մասնակցությամբ բացվեցին սովետական կինոյի երևելիներ՝ ռեժիսորներ Ֆրունզե Դովլաթյանի, Յուրի Երզնկյանի և օպերատոր Սերգեյ Իսրայելյանի հիշատակը հավերժացնող պատվո աստղերը:


Կարմիր գորգը

Թող ներեն ինձ մշակութային գործիչներն, կինոյի ու թատրոնի դեմքերը, բայց անկեղծ, մենք դեռ շա՜տ-շա՜տ հեռու ենք Կանների, Լոկարնոյի, Տորոնտոյի, Օսկարի, և այլ կինոֆորումների կարմիր գորգերի արարողությունից: Մենք դեռևս հաղորդակից չենք այդ մշակույթին, դրես-կոդից քաջատեղյակ չենք, ով ինչ պատահի հագնում է: Թե որքան հանդիսավոր էր այս տարվա բացումը, թող դատի պատմությունը: Ի դեպ, փառատոնի բացման հանդիսավոր արարաղությանը հաջորդեց ռեժիսոր Համո Բեկնազարյանի «Խասփուշ» համր ֆիլմի թվայնացված տարբերակի ցուցադրությամբ:  Վիրտուոզ Վահագն Հայրապետյանը հոգեցունց ու էքսպերեմենտալ երաժշտություն էր գրել հատուկ ֆիլմի համար ու կատարեց իր բենդի հետ:

Վարպետաց դասեր

Բուն աշխատանքային շաբաթն իրոք բուռն էր, լարված ու հագեցած: Ազդեցիկ կինոգործիչների (Իլդիկո Էնյեդի, Ռուի Նուգեիրա, Ֆրեդ Քելեմեն, Թոմ Ֆասարթ, Սիռո Գեռա, Յուջին Քոր, Թոմ Մքսորլի, Ռոջեր Կոսա) վարպետաց դասերը ԹՈՒՄՈ-ում և ՀԲԸՄ-ում՝ շատ ավելի երկար կհիշվեն, քան թե գլամուրային էլեմենտները: Ապագա կինոստեղծարարները, այդ թվում նաև՝ թողերիս հեղինակը, մտածելու շատ բան ունեն: Հատուկ հիշատակման է արժանի նաև ռուս հայտնի կինոտեսաբան Անտոն Դոլինը, ով վերջերս ստանձնել է ռուսական հնագույն՝ “Искусство кино” ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնը և փորձում է այն դուրս բերել փակման ճահճից, ի հեճուկս ճկուն գրաֆիկի, դասախոսության համար հատուկ եկել էր Երևան ու երեկ 21-րդ դարի կինոյի մասին, մի խոսքով, վերլուծելու, ընկալելու մեծ պաշար տվեց անվանի լրագրողը:

Երևանյան պրեմիերաներ

14-րդ «Ոսկե ծիրան»-ը  ներկայացրեց նաև «Ֆրանսիական կինոյի օր», «Գերմանական կինոյի օր», «Լեհական կինոյի օր» ծրագրերը, որոնք իրականացվում են ՀՀ-ում օտարերկրյա դեսպանությունների հետ համագործակցությամբ: Իսկ «Երևանյան պրեմիերաներ»-ի շրջանակում հանդիսատեսը դիտեց Կաննի, Բեռլինի և Վենետիկի կինոփառատոների մրցանակակիր ֆիլմեր:

 

Եզրագիծ

Ահա և վերջ, իր թերություններով, հիշարժան իրադարձություններով ու դիտարժան ֆիլմերով   մեկ շաբաթյա կինոտոնը հատեց իր եզրագիծը: Փառատոնի Հուլիսի 16-ին «Մոսկվա» կինոթատրոնում ժյուրիի կազմը փառատոնի փակման հանդիսավոր արարողության ընթացքում հայտարարեց մրցանակակիրներին:  Փակման արարողությունը նշանավորվեց նաև «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի կողմից Ռեժիսոր Ջո Բեռլինգերին «Վարպետ» հատուկ մրցանակի հանձմամբ: Միջոցառումը եզրափակվեց  Բեռլինգերի «Բնաջնջման մտադրություն» (2017) ֆիլմի ցուցադրությամբ:

Հ.Գ. «Ոսկե ծիրան» ՄԿՓի դափնեկիրների ցանկը՝ առանց մեկնաբանության:

 

 Միջազգային խաղարկային մրցույթ

ՈՍԿԵ ԾԻՐԱՆ. «Ցանկալի Դուրգան», ռեժ. Սանալ Կումար Սասիդհարան (Հնդկաստան)

ԱՐԾԱԹԵ ԾԻՐԱՆ. «Արաբիա», ռեժ. Աֆոնսու Ուչոա/Ժուան Դումանս (Բրազիլիա) 

 ԺՅՈՒՐԻԻ ՀԱՏՈՒԿ ՀԻՇԱՏԱԿՈՒՄ. «Վեսթերն», ռեժ. Վալեսկա Գրիզեբախ (Գերմանիա /Բուլղարիա/Ավստրիա)

 

Միջազգային վավերագրական մրցույթ

 

ՈՍԿԵ ԾԻՐԱՆ. «Ուրվականների որս», ռեժ. Ռաեդ Անդոնի (Ֆրանսիա/Պաղեստին/Շվեյցարիա/Քաթար)

ԱՐԾԱԹԵ ԾԻՐԱՆ. «Դերդո մայրիկը և ընկուզենին», ռեժ. Սերդար Օնալ (Թուրքիա/Հայաստան)

 ԺՅՈՒՐԻԻ ՀԱՏՈՒԿ ՀԻՇԱՏԱԿՈՒՄ. «Գյուղացիներ», ռեժ. Ցվետան Դրագնև (Բուլղարիա)

 

Հայկական համայնապատկեր ազգային մրցույթ

 

Խաղարկային

ՈՍԿԵ ԾԻՐԱՆ. «Դոնալդը լաց եղավ», ռեժ. Քրիս Ավետիսյան (ԱՄՆ)

 ԺՅՈՒՐԻԻ ՀԱՏՈՒԿ ՀԻՇԱՏԱԿՈՒՄ ԴԵՐԱԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ. Սամվել Թադևոսյան, «Կյանք ու կռիվ», ռեժ. Մհեր Մկրտչյան (Հայաստան)

 

Վավերագրական

ՈՍԿԵ ԾԻՐԱՆ.  «Ձյուն կար», ռեժ. Թամարա Ստեփաանյան (Ֆրանսիա/Հայաստան/Լիբանան)

ԺՅՈՒՐԻԻ ՀԱՏՈՒԿ ՀԻՇԱՏԱԿՈՒՄ. «Օրիժին», ռեժ. Աշոտ Մկրտչյան (Հայաստան)

 

Կարճամետրաժ

ՈՍԿԵ ԾԻՐԱՆ. «Ջրի երեսին մնալ», ռեժ. Էրիկ Շահինյան (ԱՄՆ)

 

Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակ լավագույն սցենարի համար. «Դոնալդը լաց եղավ», ռեժ. Քրիս Ավետիսյան (ԱՄՆ)

 

Fipresci Ժյուրիի մրցույթ

«Անկաշառը», ռեժ. Մոհամադ Ռասուլոֆ (Իրան)

Լուսանկարները՝ «Ոսկե Ծիրան»-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջից:


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով