+374 99 12 80 82 Հինգշաբթի - 12 Դեկտեմբեր 2024

Աշոտ Հովհաննիսյան. Դեղձ Աշոտ հեղափոխականը:


Ընկերները Դեղձին հիշում են մի առանձնահատուկ  ջերմությամբ  , իսկ հայ արվեստի պատմության էջերում նա ընդմիշտ մնաց իբրև  գունային չափազանց վառ և էքսպրեսիվ զգացողության տեր մի արվեստագետ: Աշոտ Հովհաննիսյանի(1929-1997) լավագույն ստեղծագործությունները արված են հիշողությամբ, հեռացված են բնօրինակից: Նկարիչն իր առջև արտաքին նմանեցման խնդիր չի դրել: Իր ժանրաթեմատիկ, բնանկարային ստեղծագործությունները հաճախ վերացարկված են, լի պայմանական ձևերով, որոնք ասես սոսնձված կամ կարկատված են կտավի մակերեսին: Դրանք հեռավոր, ասոցիատիվ կապ են ստեղծում այն  բնօրինակի հետ, որ նկարչի երևակայության արդյունքում բեկված, փոխակերպված է հասնում դիտողին:

Ա. Հովհաննիսյանը գույնի նկարիչ է, նա նորարար է և հեղափոխական հայ արվեստում: Նա հազվագյուտ գեղանկարչական տաղանդ ունի, ինչը չի կարելի ասել նրա կողմից գեղանկարչության տեխնիկայի օրենքները պահպանելու մասին, ինչն ի դեպ, բնորոշ է մեր շատ նկարիչներին:

Աշոտ Հովհաննիսյան, Կեսօր, 1970-1975,  կտավ,յուղաներկ, 80x100սմ

Աշոտ Հովհաննիսյան, Կեսօր, 1970-1975,
կտավ,յուղաներկ, 80×100սմ

Հովհաննիսյանը առանձնահատուկ զգայուն վերաբերմունք ունի գույնի նկատմամբ: Նրա համար կարմիրը կյանքի հավատն է, կապույտը` Աստծո, հույսի գույնն է, կանաչը` կյանքի սկիզբն է, բնությունն է: Ըստ նկարչի գույնը արտակարգ գեղեցկություն է` մարդուն գրավող, նրա հոգու վրա ազդող, իհարկե, երբ նա իր ձևի մեջ է, իր չափն ունի, ինչպես բնության մեջ, այնպես էլ կտավում: Բնության մեջ ամեն ինչ կարող է պատահել, և դա բնական է դառնում այն ժամանակ, երբ արտահայտում է ճշմարտությունն ու նկարչի անհատականությունը:

Աշոտ Հովհաննիսյան, Մայրություն, 1970-1975,  կտավ,յուղաներկ, 130x72սմ

Աշոտ Հովհաննիսյան, Մայրություն, 1970-1975,
կտավ,յուղաներկ, 130×72սմ

Աշոտ Հովհաննիսյան, Մինասի հիշատակին, 1975,
կտավ, յուղաներկ, 63×43սմ

Որքան մեծ է նկարչի տաղանդը, այնքան մեծ է նրա անհատականությունը: Գեղանկարչության մեջ գույնը ինքնանպատակ չէ,ինչպես ձայնը երաժշտության մեջ, այնպես էլ գույնը որոշակի իմաստային ֆունկցիա է կատարում:Հովհաննիսյանը այն քիչ հայ նկարիչներից է, ով օգտագործել է սև և սպիտակ գույները, որպես համարժեք բաղադրիչ, որն իր կոնտրաստով ուժեղացնում է շրջապատող հնչեղ գույների ինտենսիվությունը, դա բարձրացնում է կտավի ընդհանուր ներդաշնակության  մաքսիմալ ակտիվությունը: Գույնի խտությունն ու նրա մաքսիմալ ինտենսիվությունը մարմնավորվում էր հզոր, կոնստրուկտիվ ձևի մեջ: Ինչպես նշել է Հ. Իգիթյանը` նկարիչը տարիներ շարունակ աշխատում էր միևնույն կտավի վրա, ցանկալի ներդաշնակության ու նախապես մտածված կոմպոզիցիոն կառուցվածքին հասնելու համար: Նրա սյուժետային նկարները պարզ են, հնարավոր է նույնիսկ փոքր-ինչ նաիվ, բայց նրանց թվացյալ պարզունակությունը բացատրվում է ավելի շուտ նրանով, որ մոտիվները առօրեական են, բնական և անհավակնոտ:

Հովհաննիսյանի առավել արդյունավետ շրջանի գործերը ստեղծված են տարբեր մասշտաբի գունավոր քառակուսիների կոորդինացման սկզբունքով կառուցված երկրաչափական ձևերի մշակման վրա, դրանց

Աշոտ Հովհաննիսյան, Հեծնում, 1973-1975, կտավ, յուղաներկ, 100x140սմ

Աշոտ Հովհաննիսյան, Հեծնում,
1973-1975, կտավ, յուղաներկ,
100×140սմ

անթերի խճանկարը ստեղծագործություններին հաղորդում է առանձնահատուկ ինքնատիպություն, որ իր նմանը չուներ հայ գեղանկարչության մեջ[1, էջ 8-12]: Հովհաննիսյանի ստեղծած պարզունակ ձևերը առանձին գունային բծերը, հնչեղ մոնումենտալությունը չի կարող չհիշեցնել հայ միջնադարյան մանրանկարչության գոհարները, մասնավորապես 11-րդ դարի Մուղնու ավետարանի հետ հեռավոր աղերսներ ունեն Հովհաննիսյանի ստեղծած ձևերն ու կառուցվածքները:

Աշոտ Հովհաննիսյան, Ինքնանկար հին թագով,  1980-1985, կտավ,յուղաներկ, 130x93սմ

Աշոտ Հովհաննիսյան, Ինքնանկար հին թագով,
1980-1985,
կտավ,յուղաներկ, 130×93սմ

Հովհաննիսյանը խորապես հայ նկարիչ է, հայկական հեքիաթների հերոսներ հիշեցնող նրա կերպարները, հայ միջնադարյան մանրանկարչությունը հատուկ մոնումենտալ պարզ,  փոքր-ինչ հեռվից կառուցված ծավալներն ու խճանկարային խաղը, նրա արվեստը դարձնում են հայկական ու շատ հարազատ, չնայած ավանգարդիստական  տեխնիկային ու մոտեցմանը:

Աշոտ Հովհաննիսյան, Ավետիս, 1979-1984,  կտավ,յուղաներկ, 200x144սմ

Աշոտ Հովհաննիսյան, Ավետիս, 1979-1984, կտավ,յուղաներկ, 200×144սմ

Աշոտ Հովհաննիսյան, Հինավուրց երգ, 1973-1975,  կտավ,յուղաներկ, 120x70սմ

Աշոտ Հովհաննիսյան, Հինավուրց երգ, 1973-1975,
կտավ,յուղաներկ, 120×70սմ

Ակնհայտ է, որ Հովհաննիսյանի ստեղծագործությունների ոճն ու ձևաբանական լեզուն աղերսներ ունի եվրոպական մոդեռնիզմի, մասնավորապես էքսպրեսիոնիզմի, կուբիզմի և աբստրակտ արվեստի հեղինակավոր ներկայացուցիչների, ինչպես օրինակ Պ. Կլեեի ստեղծագործական մեթոդների հետ: Սակայն նրա աշխատանքներին բնորոշ տաք ու ինտենսիվ, ասես, հարավային արևով թրծված գույները, ինչպես և նրա կտավների դրամատիկ հուզականությունն ազգային որոշակի շեշտադրում ունեն: Եվ դա է, որ բացահայտում է Հովհաննիսյանի արվեստի արմատական, խորքային կապն ինչպես հայկական մանրանկարչության, այնպես էլ ըստ Ա. Աղասյանի՝ Մ. Սարյանի, Մ. Ավետիսյանի կամ Ա. Գորկու ստեղծագոծական ժառանգության հետ:

Հովհաննիսյանը ցուցադրում է երկրաչափական ձևերի կազմակերպման հազվագյուտ ունակություն, լուծում է բարդ գունառիթմիկ խնդիրներ:

Աշոտ Հովհաննիսյան, Սեր, 1979-1984,  կտավ,յուղաներկ, 200x144սմ

Աշոտ Հովհաննիսյան, Սեր,
1979-1984,
կտավ,յուղաներկ,
200×144սմ

Կտավների դեկորատիվությունն ընգծված է գունային հագեցված շերտերով, գեղանկարչական մանրակրկիտ իրականացմամբ, որ նկարչի մոտ հասնում է կատարելության:
Հնարավոր է, որ այս ստեղծագործությունները ներշնչված են մանկության հուշերով, դրանք նման են այն զարմանալի գեղեցիկ ծածկոցներին, որ գյուղերում հնուց ի վեր կանայք կարում էին բազմերանգ, վառվռուն կտորներից: Հ. Իգիթյանը Ա. Հովհաննիսյանի ամենամեծ նվաճումներից է համարում «Ինքնանկար թագով»-ը:

Այս գլուխգործոցն արտացոլում է ռոմանտիկ անհատականության բնավորություն, որ մարմնավորում է ռազմիկի, մտածողի կերպարը: Նա հզոր արքան է իր ստեղծած էպիկական գեղանկարչության երդվյալ արքա, բազմած գահին, ձեռքը կրծքին դրած: Դա միաժամանակ և աղոթք է, և ուխտ: Նախորդ կտավների երկրաչափական խճանկարը ավելի ընդհանրացված գծեր է ձեռք բերում: Չնայած կեցվածքի ընդգծված հանդիսավորությանը` կերպարի մեկնաբանությունը հիմնավոր է և համոզիչ, այն զուրկ է կեղծ պաթոսից ու մակերեսային թատերականությունից: Իր առջև գեղարվեստական յուրօրինակ խնդիրներ դնող այս արվեստագետը անընդհատ որոնումների, անընդհատ նորի բացահայտման ճանապարհին էր իր ողջ ստեղծագործական կյանքի ընթացքում:

Գրականություն

1.Իգիթյան Հ., Աշոտ Հովհաննիսյան: Դեղձ, ալբոմ, Ե. 2007

2.Աղասյան Ա., Հայ կերպարվեստի զարգացման ուղիները 19-20-րդ դարերում. Ե., 2009

Տեսադարան. Տեսանյութ «Նկարիչը Աշոտ Հովհաննիսյան»



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով