+374 99 12 80 82 Չորեքշաբթի - 25 Դեկտեմբեր 2024

[Նաիրի] Հայկական ժամանակակից երաժշտության ընդհատակյա գործունեությունը. Զրույց խմբի վոկալիստ Art Phoenix-ի հետ:


Հարցազրույցը՝  Անահիտ Հակոբյանի

«Շուշիկե»-ից  մինչև «Մի քիչ սիրիր ինձ», «Ջան է հավատ»-ից  մինչև «Genocide».« Նաիրին» համադրում է հևի մետալն ու հայկական ելևէջները, միացնում ու ներկայացնում ռոքն ու ավանդականը:
Հայկական ռոք խմբերի մասին զրույցների շարքը այս անգամ շարունակում ենք «Նաիրի» խմբի վոկալիստ Art Phoenix-ի հետ:

-Դուք 2007-ից խմբի կազմում եք, ինչպե՞ս է ընթացել խմբի զարգացումը: Ի՞նչ է փոխվել ու ի՞նչ մնացել:
-Այս ընթացքում շատ բան է փոխվել, խմբի կազմն է փոխվել նախ: Հիմնադիրները մնացին, մյուսները գնացին, եկան նորերը: Փառատոնների ենք մասնակցել, հինգ տեսահոլովակ ենք նկարահանել, երկու սինգլ ունենք ու մեկ ալբոմ:

Nairi-003

-Սրանք արդեն կան, իսկ ի՞նչ ծրագրեր ունի «Նաիրին», ի՞նչ սպասեն ձեզնից ապագայում:
-Նոր գործեր ունենք, ձայնագրություններ ենք նախատեսում, նոր ալբոմ կթողարկենք: Առաջիկայում փառատոնի ենք ներկայանալու, բայց փակագծերը չեմ բացի. կլինի, կիմանաք:

-«Նաիրին» մշակումներ է անում Կոմիտասից, ներկայացնում էթնիկի ու հևի մետալի համադրություն: Եղել է՞ որ «հայոց ազգայինը անաղարտ պահողները» չհավանեն, քննադատենձեր նոր մշակումները:Ընդհանրապես, ինչպե՞ս եք վերաբերում այդպիսի արձագանքներին:
– Կոնկրետ քննադատություններ չեն եղել: Կոմիտասը ռոք տարբերակով ներկայացնելիս մտահոգոււթյուն կար, որ կքննադատեն, չի ընդունվի: Բայց այդպես չեղավ: Բոլորի համար լավը լինել չես կարող, բայց «կեղտ փնտրելն» ու քննադատությունը տարբեր բաներ են. քննադատությունը պիտի լինի հիմնավորված, քննադատությունը բացահայտում է՝ ինչը կարող էր ավելի լավ լինել, որ չէ:
Գիտեք, իրականում ստեղծելն է դժվար, քննադատելը՝ հեշտ: Բայց եթե խելքին մոտ բաներ են ասում, անպայման լսում եմ:

-Ռոք երաժշտությամբ տուն կպահե՞ս: Ի՞նչ խնդիրներ ունի հայկական ռոքը:
-Կպահես, եթե մի քիչ խելոք աշխատես Հայաստանում: Մյուս ոճերի երգիչները սովորեցրել են, որ իրենց պետք է գնահատեն, համերգների տոմսերը գնեն 20-30 հազար դրամով: Իրենց դրվածքը դրել են, մարդիկ էլ, այնպես չէ, որ վճարունակ չեն: Ռոքի դեպքում այդպես չէ. համերգների կազմակերպիչները մտածում են, որ ռոք խմբերը պիտի անվճար ելույթ ունենան, իսկ դա կայացած խմբի համար անլուրջ է, նրանք արժեզրկում են մեր արածը: Եթե նվագում ես, պիտի հոնորար էլ ստանաս: Մի անգամ ինձ կանչել էին փառատոնի ու ասացին՝ «լավ ձայն, լավ բեմ ա լինելու»: Այսինքն պիտի չլինե՞ր: Նրանք պարտավոր են ապահովել դա, իսկ մարդիկ պիտի սովորեն լավ երաժշտության համար վճարել: Մինչև այս սխալը չուղղվի, ռոքի մեկը երկուս չի դառնա: Իսկ ուղղելու համար պիտի բոլորս միահամուռ լինենք:

Nairi-002

-Որտե՞ղ կարելի է լսել «Նաիրիին»:
– Հիմա ավելի շատ աշխատում ենք փառատոնների ուղղությամբ: Մեր խմբի ֆորմատը հիմա այլ է, փաբերում մեզ չեք լսի, համերգի համար մեծ բեմ է պետք, լավ տեխնիկա:

-Մրցակից ունե՞ք Հայաստանում:
-Ինձ համար մրցակցության մասին խոսելը ծիծաղելի է. մատների վրա կարելի է հաշվել խմբերին: Մենք բոլորս գիտենք, որ մի գործ ենք անում, մինչև միահամուռ չլինենք, չենք զարգանա: Մեկս մյուսին մրցակից չենք. մեծ շուկա չկա:
Հետո, գիտեք, կա առողջ ու հիվանդ մրցակցություն: Առողջն այն է, որ ասում են «դու արա, ես փորձեմ քեզնից լավ անել», հիվանդը, օրինակ, մեկը մյուսի տեխնիկա վառելն է: Իսկ մեր խմբերը մի բուռ են, ձեռք ձեռքի բռնած պիտի լինենք:

Nairi-004 Nairi-001


-«Նաիրիի» համերգների ժամանակ կիթառ ջարդած կա՞ք:

-Չէ, դա մի քիչ չեմ հասկանում… որպես երաժիշտ, բեմի վրա կիթառ ջարդելը չեմ հասկանում: Իհարկե դա շոուի մի մաս է, բայց սա իմ սուբյեկտիվ կարծիքն է:
 Բեմը շոուի համար է, իսկ ես դրա կողմնակիցն եմ, շոուի համար ինչ ասես չեմ արել՝ մազերը ներկելուց մինչև թուր բռնել: Բայց կիթառ չէի ջարդի. գործիքը պետք է սիրես, մանավանդ, որ այն թանկ արժի, իսկ մենք այնքան էլ հարուստ չենք:


-Ինչպե՞ս եք վերաբերում նորեկներին, երիտասարդ խմբերին:

-Երիտասարդ սերնդից ոչ մեկին անձամբ չգիտեմ, բայց նրանք ինձ դուր են գալիս: Նրանց ներկայությունն ուրախացնում է, նշանակում է, որ անիմաստ չենք աշխատել, որ կզարգացնեն մեր թողածը, կշարունակեն մեր գործը:  Ահավոր կլիներ, եթե չլինեին նրանք: Ինձ համար հաճելի է, որ նրանք կան  ու, զգացվում է, որ բեմ դուրս գալուց առաջ  իրենց վրա աշխատում են:

An-HakՀարցազրույցը՝

Անահիտ Հակոբյանի


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով