+374 99 12 80 82 Ուրբաթ - 26 Ապրիլ 2024

«Մշակույթների երկխոսություն» Երևան քաղաքի պատմության թանգարանում…


2016 թ. մարտի 29-ին, ժամը 15.00-ին Երևան քաղաքի պատմության թանգարանում բացվեց «Մշակույթների երկխոսություն» խորագրով ցուցահանդեսը:
Երևանի պատմության թանգարանի հավաքածուի առանձին մասն են կազմում Արևելքի երկրների, այդ թվում Իրանի մշակույթը ներկայացնող ցուցանմուշները: Արևելյան մշակույթը աչքի է ընկնում ճոխությամբ, ինչը նկատելի է նույնիսկ առօրյայում օգտագործված առարկաների պարագայում: Դրա վառ ապացույցն են ցուցահանդեսում ներկայացված 18-19-րդ դարերին վերաբերող գորգերը, գործվածքը, տարազը, կենցաղում օգտագործված պղնձե բազմաբնույթ առարկաները, մանրանկարները, գեղանկարները (ավելի քան 70 ցուցանմուշ):
Առանձնահատուկ ուշադրության են արժանի 19-րդ դարին վերաբերվող Սարդարի պալատի հայելազարդ դահլիճի մարմարի շատրվանը, ներքին հարդարանքի մաս կազմող հայելազարդ քիվը:
Պարսկական մանրանկարչությունը նշանակալից տեղ է զբաղեցնում համաշխարհային նկարչական արվեստում: Պահպանելով իր ավանդույթներն ու ազգայինը զարգացման տարբեր շրջափուլերում՝ կրել է Արևելքի այլ ժողովուրդների մշակութային ազդեցությունը: Միևնույն ժամանակ իր կնիքն է թողել Իրանին հարևան երկրների մանրանկարչական դպրոցների ձևավորման և զարգացման գործընթացի վրա:
Իրանական մանրանկարչությունը ծագել և զարգացել է միջնադարյան քաղաքներում` Շիրազ, Թավրիզ, Հերատ, Մեշղեդ, Ղազվին, Սամարղանդ, Մարաղա, Սպահան և այլն:
Պարսկաստանում մանրանկարչական արվեստի զարգացումը պայմանավորված էր նրանով, որ հնարավորություն էր տալիս ստեղծել քիչ թե շատ իրականությունն արտացոլող, իրական աշխարհն ու շրջապատը ներկայացնող պատկերներ և, որ ամենակարևորն է՝ մարդկային ֆիգուրներ, մինչդեռ իսլամական արվեստն ընդհանուր առմամբ նախընտրում էր խոսել գերազանցապես զարդանախշի և խորհրդանիշի լեզվով:
Մանրանկարչական արվեստանոցները ստեղծվում էին հիմնականում իշխող դինաստիայի նախաձեռնությամբ` արքունիքին կից, ուստի և նկարիչը մեծ կարևորություն էր տալիս շահի, ազնվականի կամ պատվիրատուի ճաշակին կամ նախասիրություններին. պատահական չէ, պարսկական մանրանկարները բնորոշվում են որպես «պալատական ոճի», «հանդիսավոր»: Այս ամենի արդյունքում բազմաթիվ մանրանկարների առանցքային սյուժեն շահի կյանքն է, նրա անձը, նրա մերձավորները: Ցուցահանդեսում ներկայացված է նաև 19-րդ դարի անհայտ նկարչի կողմից արված մանրանկարների շարք: Ցուցահանդեսը կգործի մինչև ապրիլի 10-ը, մուտքը թանգարանի տոմսերով:



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով