+374 99 12 80 82 Չորեքշաբթի - 24 Հուլիս 2019

Միկա Վաթինյան, Վիգեն Գալստյան, «Նկար-ա-գրություն». նկարագրված պատկեր, թե՞ օբյեկտիվ վավերագրություն…


Օրերս «Դալան» ցուցասրահում բացվեց Միկա Վաթինյանի «Նկար-ա-գրություն» խորագրով ցուցահանդեսը: Համադրողը Վիգեն Գալստյանն է, ով հերթական անգամ Երևանցիներին ներկայացրեց նոր, յուրահատուկ ցուցադրություն, որ դեռ երկար կլինի բազմաթիվ քննարկումների ու հարցադրումների առիթ: Սա թատերական ռեժիսոր, դերասան, ձևավորող, The Deenjes սինթ-պոպ խմբի համահիմնադիր Միկա Վաթինյանի առաջին անհատական ցուցահանդեսն է. «Ամեն տեղ մի-քիչ մի-քիչ». ասում է Միկան և ավելացնում. «Քանի որ զբաղվում եմ նաև երաժշտությամբ, թատրոնով և կինոյով, ինձ հետաքրքիր է ամեն ինչում  տեսնել տարբեր շերտեր, ինչ-որ պատմություններ, կամ ինձ հետ կապված, կամ մի առանձին պատմություն, կամ գրված մի բան, որ ինքդ ես հորինում. ինձ հետաքրքիր չի մի պատկեր, որը այն է, ինչ-որ կա»:

Այսօր՝ սոցիալական մեդիայի գերակայության պայմաններում, դժվար է լուսակարն ընկալել ուղղակի որպես պատկեր, ու դրա տակ չփնտրել պատում, նկարագրություն, բացատրություն: Լուսանկարները ինքնին պատմություններ են, ու ժամանակի ընթացքում կարևոր է դառնում ոչ թե բուն պատկերը, այլ այդ պատկերի հետ կապված պատմությունը, պատումը, կամ մեկնաբանությունը: Իսկ ի՞նչ եթե չլինի պատկեր ու մնա միայն նկարագրությունը և դիտողն իր երևակայությամբ գտնի ցանկալի պատկերը, կամ նույնիսկ չփորձի այն պատկերացնել, քանի որ այն այլևս կարևոր չէ:  Mika_Vatinyan_014

Իմ հարցին, թե ինչպես եղավ, որ ժամանակակից լուսանկարչության մեջ այլևս անկարևոր դարձավ պատկերն ու կարևորվեց պատումը և արդյոք դա գալիս է հենց սոցիալական մեդիայից՝ համադրող Վիգեն Գալստյանը պատասխանեց.

«Կարծում եմ՝ դա գալիս է հենց լուսանկարչության ակունքներից, որովհետև, կարելի է ասել լուսանկարչությունը ծնվել է հենց այն պատճառով, որ մարդիկ ցանկացել են տեսնել իրականությունից արձանագրված պատկերներ: Այսինքն՝  արդեն կարևոր էր ոչ թե բուն լուսանկարչության, այլ այդ պատկերն ունենալու գաղափարը: Լուսանկարչությունն ի սկզբանե մի կոդ է, որը մենք կրում ենք մեր մեջ և ուզում ենք միայն տեսնել: Ցուցադրված տեքստային նկարներում մեր առջև չկա այդ պատկերը,  բայց կա այդ կոդը, այդ գաղափարը, որը մենք տեսնում ենք: Այսինքն՝ այդ գաղափարն ու ֆորման ծանոթ են մեզ,  և ըստ այդմ մենք դա ճանաչում ենք, տեսնում ենք, բայց չենք տեսնում իրական պատկերը, որը մեր առջև է, որովհետև շատերի համար դա պատկեր չէ. իսկ իրականում արվեստագետը շատ երկար ճանապարհ է անցել, որպեսզի ստեղծի այն, ինչ այսօր ցուցադրված է: Այսինքն՝ այս գործերի խնդիրն է վեր հանել ոչ թե մեր ներքին կոդավորված պատկերները, այլ ցույց տալ հանդիսատեսին, որ իրականում կան սխեմաներ, որոնցով մենք մտածում ենք ու տեսնում ենք, որովհետև բոլորիս մոտ այն տպավորությունն է, որ եթե մենք մեր աչքով տեսնում ենք, ուրեմն դա հավաստի է, ուրեմն դա ճիշտ է, ուրեմն իրականություն է: Բայց այսօր՝ հատկապես սոցիալական մեդիաների և սոցցանցերի համատեքստում շատ կարևոր է հասկանալ ու ընկալել, որ այն, ինչ մեզ շրջապատում է նույնպես իրականություն է, և լուսանկարը արտացոլում է հենց այդ իրականությունը, ոչ թե այն՝ ավելի մեծ իրականությունը»:

Mika_Vatinyan_015 Mika_Vatinyan_016 Mika_Vatinyan_017


Միկա Վաթինյանի աշխատանքները՝ մասնավորապես տեքստեր պարունակող գործերը  առաջացնում են բազմաթիվ հարցադրումներ, և արդյոք այդ հարցադրումները հասկանալի կլինեն ամենուրեք, բոլորին, թե՞ միայն հայ իրականությանը, իսկ միգուցե ժամանակակից ավեստը վաղուց արդեն չունի տեղայնացման խնդիր և  չի դնում նման սահմաններ: Այս հարցին Վիգեն Գալստյանը պատասխանեց.

«Քանի որ Միկան արվեստագետ է, որն ապրում, աշխատում և ստեղծագործում է Հայաստանում, ինձ համար շատ ընդունելի և օրինակելի է, որ նա աշխատում է լոկալ մշակութային երևույթների հետ՝ օգտագործելով միջոցներ և ձևեր, որոնք միջազգային են: Այսօր, ժամանակակից արվեստում դա առաջնային խնդիրներից մեկն է. ինչպես հարաբերվել միջազգային ժամանակակից արվեստի տենդենցներին, օրենքներին, ֆորմաներին ու ֆորմուլաներին, և թե ի՞նչ առնչություն ունեն դրանք լոկալ կոնտեքստի հետ: Որովհետև եթե ի վերջո մենք ուղղակի անում ենք արվեստ ինչ-որ անհասկանալի միջազգային հանդիսատեսի համար, ապա ի՞նչ ճշմարիտ հարցադրում կարող են պարունակել այդ գործերը և ու՞մ համար են դրանք:Mika_Vatinyan_020 Այդ պատճառով, կարծում եմ, որ շատ օրինաչափ է այն, որ այդ գործերը լոկալ են, շատ տեղային են, ու այդ պատճառով էլ իրենց մեջ ինչ-որ ներքին ճշմարտություն և անհրաժեշտություն են պարունակում: Երբ թարգմանում ես տեքստը, ու ոչ հայ հանդիսատեսը ընկալում է գաղափարը, արդեն գործի հետ դիալոգի մեջ է մտնում, որովհետև իր ֆորմայով գործերը շատ ճանաչելի են միջազգային հանդիսատեսին,   քանի որ ոչ հայ հանդիսատեսը գիտի որոշակի տենդենցների մասին, ծանոթ է կոնցեպտուալ լուսանկարչության կամ օրինակ word art-ի տրադիցիաներին: Եվ սա մի խնդիր է, որի հետ մենք դեռ պետք է աշխատենք: Չպետք է ձգտել հասանելի և ճանաչելի լինել միջազգային հանդիսատեսին, դա ինքնանպատակ չպիտի լինի: Բայց շատ կարևոր է միջազգային ոլորտի հետ դիալոգի մեջ լինելը, և կարծում եմ, որ Միկան այդ առումով շատ հետաքրքիր դիալոգի մեջ է: Միևնույն ժամանակ Միկան դուրս է այդ  ինստիտուցիաներից, որովհետև չունի պրոֆեսիոնոլ կրթություն կամ փորձառություն որպես ժամանակակից արվեստագետ, գալիս է ամբողջովին ուրիշ դաշտից, աշխատում է տարբեր մեդիաներով, բայց հենց դա է արվեստագետի գործը՝ հարաբերվել, համադրել, սինթեզել, բայց նաև կառուցել ինչ-որ բան, որը վերաբերվում է այդ բոլոր հոսանքներին…»:

Միկա Վաթինյանի գործերը ձգտում են խաղալ հանդիսատեսի հետ: Լավ հումորի, պատկեր-պատում հարաբերության, նկարագրված պատկերի և օբյեկտիվ վավերագրության հակասությունների միջոցով դրանք խոսում են դիտողի հետ, դրանք հարցադրում են թե պատկերը, և թե նկարագրությունը ինքնին:

Այս ցուցահանդեսը «անպայման դիտելու»-ների շարքից է:

«62 պատկեր ֆեյսբուքի ալբոմից» շարքը բաղկացած է 12 լուսանկարներից, որոնք Միկա Վաթինյանը 2008-2015թթ.-ին հրապարակել է Ֆեյսբուքի իր էջում:

Mika_Vatinyan_004 Mika_Vatinyan_003 Mika_Vatinyan_002 Mika_Vatinyan_001


«2008 թվականը»  լուսանկարը արվեստագետն արել է 2008 թվականին և կապված է «Հիմնավորող ապացույցներ» շարքի հետ:

Mika_Vatinyan_005 Mika_Vatinyan_006


«Սովես?» շարքը բաղկացած է ձեռքով գունավորված 7 լուսակարներից, որոնք Միկա Վաթինյանը ստեղծել է  2010-2012թթ.-ին:

Mika_Vatinyan_007 Mika_Vatinyan_008 Mika_Vatinyan_009 Mika_Vatinyan_010 Mika_Vatinyan_011


«Հիմնավոր ապացույցներ» շարքը, որտեղ լուսանկարները փակցված են խորհրդային տարիների հին սառնարանին՝ ստեղծվել է 2013-2016թթ.-ին:

Mika_Vatinyan_012 Mika_Vatinyan_013



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով