+374 99 12 80 82 Երկուշաբթի - 09 Դեկտեմբեր 2024

Մհեր Խաչատրյան, Նվարդ Ավետիսյան, Վարդուհի Կզլյան. Պարզ չի՞, որ արդեն հաղթել ենք…


Հայկական ֆեյսբուքյան հարթակն այս օրերին լարված էր: Յուրաքանչյուրս  փորձում էինք մեր ուժերի  և հնարավորությունների չափով աջակցել հայոց բանակին, փորձում պայքարել վիրտուալ իրականության սահմաններում, միևնույն ժամանակ դուրս գալ այդ սահմաններից: Արդյունքում մեր աչքից չեն վրիպել հայ երիտասարդների՝ ապագայի հայ մտավորականների գրառումներ ու ստեղծագործական մոտեցումներ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կոնցեպտին: Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը. լրագրող Մհեր Խաչատրյանի և բանաստեղծուհի Նվարդ Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումները, ինչպես նաև նկարչուհի Վարդուհի Կզլյանի ազդագրերի նոր շարքը…
Շարունակելի…


Mher-Khachatryan-1Լրագրող Մհեր Խաչատրյան

Քաղաքակրթությունների պայքար…

Ո՛չ քաղաքագետ եմ, ո՛չ սուպեր կրթված, ո՛չ էլ էնքան խելացի, որ սա չգրեմ։  Վերջին դեպքերի համար կարելի է հազարավոր մասնագիտական պատճառներ բերել, «նավթ-մավթ, գերտերությունների խաղեր-մաղեր, Պուտինը սենց, Օբաման նենց, Էրդողանը եսիմ ոնց» Ալիևը եսիմ ինչ… Էդ պատճառների 80% կարա ճիշտ լինի, դա թողենք մասնագետներին։ Բայց իմ համեստ կարծիքով` էս ամեն ինչի խորքում զուտ քաղաքակրթական պայքար է գնում։ Պայքար կիսավայրենիների ու հին մշակույթ ունեցողներիս միջև։ Գուցե էդ հին մշակույթի ազդեցությունը էսօրվա Հայաստանում շատ քիչ է զգացվում, հատկապե՛ս էսօրվա Հայաստանում, բայց երբ բանը հասնում է պատերազմին, տեսնում ես, որ էդ մշակույթը ուզես էլ, չես կարող ոչ մի կերպ պահես, թաքցնես. դուրս է գալիս ու սկսում է ինքնուրույն պայքարել` ներքաշելով իրեն կրողներին։ Էսօր պայքար է տարեց կանանց ականջները կտրող «զինվորների» ու իր ջոկատը սեփական կյանքի գնով փրկող Սպաների միջև։ Պայքար է համացանցն առ այսօր չյուրացրածների ու գրագետ, հավասարակշիռ ու ժամանակակից ժողովրդի միջև։ Պայքար է հակառակորդի կորուստներն ու նույնիսկ գոյություն չունեցող փաստաթղթերը անգրագիտաբար կեղծողների ու սեփական կորուստներն արժանապատվորեն ընդունողների ու սգացողների միջև։ Պայքար է ազատ մամուլ ընդհանրապես չունեցողների ու էս ծանր օրերին անգլալեզու քաղաքական երգիծանք ներկայացնողների միջև։ Պայքար է հստակ հոգևոր աջակցություն չունեցող ծայրահեղ հավատացյալների ու զենքը ձեռքին սահման գնացող հոգևորականների միջև։ Պարզ չի՞, որ արդեն հաղթել ենք…


Nvard-AvetisyanԲանաստեղծուհի Նվարդ Ավետիսյան

Երբ սերդ ադրբեջանցի է

Մեր հարևանությամբ մի ընտանիք էր ապրում, մի քանի տարի առաջ իրենց տունը վաճառեցին և տեղափոխվեցին ինչ-որ գյուղ: Սովորաբար, երբ փողոցից ինչ-որ մեկը կամ ինչ-որ ընտանիք հեռանում էր, տխրում էի, մեր երկրում լավ կյանքից չէ, որ տունը վաճառում են: Մեր հարևանների դեպքում անգամ ուրախացա, չէ, իրենք ավելի լավ տան պայմաններ չէին ստացել, ես ուրախ էի, որ էլ իրենց չեմ տեսնի, ոչ շփվում էինք, ոչ էլ, բայց հիշում եմ, երբ փոքր էի էդ ընտանիքի պապիկը մեր բակից շինանյութ էր գողանում, մետաղներ, ու էդպես միշտ էր, մի անգամ էլ՝ էն մութ ու ցուրտ տարիներին պահածոների վրա էին բռնացրել: Պապիկի անունը Երեմ էր, ուներ երկու տղա, իմ տարիքի մի քանի թոռ, բոլորվ ապրում էին հենց մեր կողքին: Ես երբեք էդ թոռների հետ չեմ խաղացել, կեղտոտ շորերով գալիս էին ու սկսում մեր բադեր ու որսորդների գնդակը տշել ու չէին տալիս մեզ, մինչեւ հոգնում էին ու վերադարձնում: Իրենք լավ չէին սովորում ու մեծերին չէին բարևում, իսկ մեզ փողոցում տատիկները խոսեցնում էին, խանութ ուղարկում: Իրենք մեր պես չէին:  Էդ երեխեքի մայրիկներն ու հայրիկները միշտ կռվում էին, ծեծ ու ջարդ էր: Հարսներից մեկի համար օտար ձյաձյաներ էին միշտ գալիս, ամուսինն էլ կացինի հետ էր ընկեր, մի խոսքով՝ մենք երեխա էինք, նրանք՝ աղմկոտ: Մի տարի Նոր տարուն Երեմ պապին թուշս պաչեց անցնելիս, մենք էլ տեղ էինք գնում, վերադարձա տուն, սպիրտով երեսս մաքրեցի, ո՜նց էի զզվել… Երեմ պապին լեգենդն էր, գրազ կգամ՝ մեր թաղի բոլոր երեխեքի համար Մեշոկ պապին էր:  Մի երկու տարի առաջ հարսներից մեկին տեսա, դե արդեն տարիքով կին էր՝ կնճռոտ, բայց պայծառ դեմքով, թոռան հետ էր, էս թոռնիկը սիրուն, մաքուր, ոճային երեխա էր, բանակից էլ տղան նոր էր եկել: Ես էլ ուրախացա. ուրեմն լավ են, գոնե մի քիչ լավ են ապրում ուրեմն: Երբ եկա տուն, հյուրեր ունեինք, սկսեցի պատմել ու մի տող լսեցի՝ մինչեւ վերջերս Վրաստանում ընտանիքով հավաքվում էին: Ի՞նչ Վրաստան, ի՞նչ բան, փող ունեի՞ն հացի, որ Վրաստան էին գնում: Երեմի կնոջը ես չեմ տեսել, գիտեի մահացած ա, չէ,՛ սկզբում վստահ էի, որ թողել է երեխեքին ու գնացել:  Թուրքը ազգություն է ու ածական, բայց իրենց դեպքում և՛ ածական էր, և՛ ազգություն, իսկ ես գիտեի՝ հայհոյանքի ձև են ընտրել հարևանները: Երեմի դեմքը, որ ակոսված էր, մազակալած, կնճռոտ, փայլել է պատմության մեջ մնացած մի ինչ-որ օր, նա էլ ածելին տարել է դեմքին, որ սափրվի, նա էլ օծանելիք է արել, որ երբ գնա հանդիպման, իրեն գրկեն, նա էլ սիրել է, երիտասարդ եղել, նա էլ մարդ է, ոչ Մեշոկ պապին, պարզ, հասարակ ու լեգենդ չէ: Հա՜, սիրել է մի աղջկա՝ Թամար անունով, ու նրանք ամուսնացել են, երջանիկ են ապրել, ապրել ու աշխատել են, երեխեք ունեցել՝ աղջիկներ ու տղաներ, մեծացրել են: Տղաները ամուսնացել են հայ կականց հետ, իսկ աղջիկների ամուսինները օտարազգի էին: աղջիկները պարբերաբար այցելել են, միասին պարել ու ուրախացել են: Մի օր ամենը փոխվել է, մի օր Սումգայիթում տներ են այրվել, իսկ Թամարը լվացքի պարանի դիմաց սիրել է որդուն, ճաշ է եփել ու հավաքել իրերը, որովհետև իրեն էդպես ասել էին, համապատասխան կառույցից ուղղակի խնդրել էին, որ գնա իր հայրենիք՝ աղջիկների մոտ, որովհետև Սումգայիթում միայն հայկական տներն են վառվել, իսկ էդ կառույցի ասածը անում էին բոլորը: Նա հավաքվել է, ճամպրուկի մեջ դրել մի կյանք, մի սիրտ, մի սեր, երկու որդի, ճամպրուկը պահել սրտում ու դատարկաձեռն նստել գնացք… գնացել: Մինչեւ վերջերս մեր հարևան ընտանիքը գնում էր Վրաստան, գնում էր՝ ընտանիք լինելու:

Հ.գ. ամեն անգամ սահմանից նորություն ստանալիս ես հիշում եմ, որ 22 տարի վստահ եմ եղել, որ իմ հարևան պապիկը միշտ էլ տգեղ, անխնամ, չարակամ է եղել, բայց իր լույսը 88-ին Բաքու էր գնացել… Հիմա մենք ենք լույսի կռիվ տալիս: Խելագար աշխարհում միշտ էլ 20 տարեկանները դառնում են ազգի հերոս, ու մարդասպանները գծում են սահմաններ… Երրորդ մասում մի կին խելացնոր գոռում է՝ կռիվ ա, Արցախս իմն ա, կռիվ ա… Լույսի համար պետք է կռվել: Արկերն էլի կպայթեն, դաշտերը կրակ կդառնան, զենքը կընկնի հողին, մայրերը էլի կսգան, հարսները կցնծան նամակ բացելիս, էլի ու էլի… ու կկռվեն բոլորը, որ լույսը չմարի, ուժեղ տղաները կհուսադրեն, որ հանգիստ լինենք, սիրուն աղջիկները կսիրահարվեն նկարի անծանոթ զինվորին, բոլորը կսկսեն հարգել միմյանց, անծանոթները առաջին գիծ կոնֆետ կուղարկեն, տատիկները տաք գուլպա կգործեն, բոլորը կկռվեն, զինվորները կկրակեն, հրթիռները կսուրան, որ լույսը ներսից լինի, որ ընտրված տներ էլ չվառվեն…


Vartouhie-KzlyanՆկարչուհի Վարդուհի Կզլյան

Վարդուհու նոր շարքը սոց-ցանցերում տարածված «հեշթեգերից» ու լուսանկարներից է ոգեշնչված: Շարքը կարծես այդ ամենի ամբողջացումը լինի, կարճ, բայց շատ խոսուն…


(Գրառումների ուղղագրությունը պահպանված է ըստ բնագրի, լուսանկարնրը՝ հեղինակների ֆեյսբուքյան էջից:)


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով