+374 99 12 80 82 Հինգշաբթի - 21 Նոյեմբեր 2024

Մեկնարկել է «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը


Մշակույթի նախարարությունում կայացել է տարվա ամենանշանավոր մշակութային իրադարձություններից մեկի՝ «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի մեկնարկն ազդարարող առաջին մամուլի ասուլիսը: Հուլիսի 10-ից 17-ը նախատեսվող կինոփառատոնի առաքելությունը Երևանը մշակույթի և կինոյի միջազգային կենտրոն դարձնելն է, ինչը հաջողությամբ իրականացվում է 13 տարի անընդմեջ: Ասուլիսը մեկնարկել է փառատոնի այս տարվա պաշտոնական ազդագրի ներկայացմամբ: Ազդագրի դիզայնի հեղինակն է The Signդիզայն ստուդիան:

Golden-Apricot-007Ասուլիսի բանախոսներ ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը և գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը ներկայացրել են 13-րդ «Ոսկե ծիրան»-ի հիմնական ծրագրերն ու ընդգծել փառատոնի կարևոր նշանակությունը:

 Այս տարի փառատոնին ներկայացվել է ավելի քան 900 ֆիլմի հայտ՝ 91 երկրից: Մրցութային և արտամրցութային տարբեր ծրագրերում ընդգրկվել է շուրջ 135 ֆիլմ:

Փառատոնի գլխավոր գործընկերը  Հայաստանի  հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ն է:  Այս տարի լրանում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի համագործակցության տասը տարին:

«Կինեմատոգրաֆն արդի առասպելի ստեղծողն է: Գեղարվեստական ֆիլմերի միջոցով է ապահովվում ազգային կերպարի, խորհրդանշանների և էպոսի ներկայացումն ու դրանց շարունակականությունը: Ազգերը, որոնք չունեն սեփական կինեմատոգրաֆը, կորցնում են կապը սեփական առասպելի հետ, հայտնվում փակուղու առաջ և ենթարկվում բացառապես այլ մշակույթների առասպելների ազդեցությանը: Հարկ չկա նշելու, թե ժամանակակից աշխարհում որքան կարևոր է ունենալ ազգային կինեմատոգրաֆի կայացած դպրոց՝ նաև որպես զանգվածային հաղորդակցության հզորագույն գործիք, որը միաժամանակ ծառայում է ազգային ինքնության պահպանմանն ու ազգային շահերի առաջխաղացմանը», ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Golden-Apricot-005

«Հայկական կինո. արդի ժամանակներ»

«Ոսկե ծիրան»-ի շրջանակներում անդրադարձ է լինելու Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին: «Հայկական կինո. արդի ժամանակներ» խորագրի ներքո ներկայացվելու են 25 տարվա ընթացքում նկարահանված խաղարկային և վավերագրական լավագույն 17 ֆիլմերը: Ծրագիրը կբացի Վարդան Հովհաննիսյանի «Մարդկային պատմություն պատերազմի և խաղաղության օրերից» (2007) ֆիլմը:  Ծրագիրը համադրող կինոքննադատները յուրաքանչյուր ֆիլմից առաջ կներկայացնեն ֆիլմի ստեղծման  պատմությունը, իսկ ծրագրի ավարտին նախատեսված է կլոր սեղան – քննարկում, որը կանդրադառնա անկախության շրջանի կինոյի պատմությանը, զարգացման ուղիներին և խնդիրներին:

 Golden-Apricot-002 Golden-Apricot-003

Շեքսպիրն ապրում է կինոյում

«Ոսկե ծիրան»-ը Հայաստանում  Բրիտանական Խորհրդի հետ համատեղ  հատուկ ծրագիր կներկայացնի՝ նվիրված անգլիացի հռչակավոր գրող Վիլյամ Շեքսպիրի մահվան 400-րդ տարլիցին: Ծրագրի շրջանակներում կցուցադրվեն հեղինակի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված լավագույն կինեմատոգրաֆիական նմուշները:

Ֆրանսիական նոր կինո

Ծրագիրն իրականացվում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ համատեղ: Ներառված են վերջին շրջանի ֆրանսիական լավագույն ֆիլմերից երեքը: Բացումը կկայանա Պիեռ Լեոնի  «Երկու, Ռեմի, երկու»  (2015) ֆիլմով:

Բասկական նոր կինո

Առանձին ծրագրով կներկայացվեն բասկ կինոռեժիսորների լավագույն աշխատանքները: Ծրագիրն իրականացվում է Epe-Apv ընկերության աջակցությամբ և  ընդգրկում է չորս ֆիլմ: Ծրագրի բացումը կկայանա Լառա Իզագիրի «Աշուն առանց Բեռլինի»  (2015) ֆիլմով:

 Հարգանքի տուրք

 «Ոսկե ծիրան» Երևանի 13-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում կկազմակերպվեն հայկական կինոարվեստի երախտավորներ Դմիտրի Կեսայանցի, Էդմոնդ Քեոսայանի, Ռուբեն Գևորգյանցի և Ռոման Բալայանի հոբելյանական երեկոները:

Դմիտրի Կեսայանցի, Էդմոնդ Քեոսայանի և Ալբերտ Յավուրյանի հոբելյանների առթիվ անվանական աստղեր կտեղադրվեն Շառլ Ազնավուրի անվան հրապարակում:

Ռուբեն Գևորգյանցի 70-ամյա հոբելյանի կապապցությամբ կցուցադրվի «Հրաշագործի աշունը» (2008)  ֆիլմը:



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով