+374 99 12 80 82 Երեքշաբթի - 10 Դեկտեմբեր 2024

Սև ակնոց, դեղին ավտոբուս, լիքը Երևան


Հեղինակ՝ Նվարդ Ավետիսյան


Փոքր քաղաքի ավտոբուսները լիքն են մեծ պատմություններով: Դու երբեք չգիտես՝ աշխատանքային ծանր օրվա ավարտին քեզ ինչ էմոցիաներ կտա այդ դեղին, հնացած մեքենան: Դու չգիտես, անգամ, թե դեպի ապահով Հայաստան գնացող այդ ավտոբուսը կհասնի քո կանգառ, թե կպայթի ու բոլորը կկարծեն, թե հերթական հրավառությունն էր: Փոքր քաղաքներում հմայքները մանրուքների մեջ են ու այնքան կատարյալ, որ մարդիկ չեն ճանաչում:

Երբեմն ավտոբուսի դեղինը եղիցի լույս է անձրևի տակ թրջվող ու թեթև հագնված մարդկանց աչքերում:

Սա տեղ է, որտեղ լսվում են ամենադրամատիկ ընտանեկան պատմությունները, թաղվում են ամենաանտանելի սկեսուրները ու ամենաանկեղծ ձևով երկրպագվում են ականջակալները:

Երևանյան աշխատանքային երեկո է, կենտրոնում ամեն ինչ հիշեցնում է հանգստյան օրեր: Կանգառում հերթական մուրացկանը հերթական տարօրինակ հարցն է ուղղում ինձ, բայց ինձ համար նա հերթական չէ (գրողը տանի, ես հերթականություն չունեմ կյանքում) : Ես նրա հետ զրուցել սիրում եմ, իսկ ինքը սիրում է նայել ֆեյսբուքյան  ընկերներիս նկարները: Այս անգամ ես կարճ պատասխանում եմ, որ ականջակալները դառնան պատնեշ իմ ու ուրիշների Երևանի:

Շատրվանները հերթական երգն են ոռնում Երևանի մասին, կարճազգեստ աղջիկները սեթևեթում են չտես պարսիկների ու նրանց եղբայրներ հայերի առաջ: Իտալացի մի աղջկա  տեսախցիկ որսում է ինձ, իսկ ես ժպտում եմ: Բոլորը լսում են երգեր, թե որքան են սիրում էս քաղաքը. իսկ ես փախնում եմ բյուջետային երգերի Երևանից. իմ Երևանը ես ապրում եմ, վերապրում եմ քաղաքս: Իմ Երևանի երգերը լուրջ դեմքերով պատվերներ չեն, դրանք հավերժական ռոմանսներ են, գինու ու անձրևի հոտով, դրանք հարբած սերենադներ են ու գինարբուքներ Դվին հյուրանոցի բարում, իմ Երևանի երգերը Կազիրյոգներում ու Վերնիսաժներում են գրվել, Ռիփսիկ տատու սուրճի հոտով են դրանք: Իսկ էս շատրվանները.. էս գրողի տարածները…

Black-sunglasses-yellow-bus-full-Yerevan-01

Պատկերացրեք՝ Դավիթաշեն-Նորագավիթ երթուղով ավտոբուսը տաներ Քալիֆորնիա, նստեիր ու վարորդը հայտարարեր՝ հաշվի առնելով Երևանի բարոյահոգեբանական անկայուն իրավիճակը՝ երթևեկությունը այստեղ արգելվում է, ու քշեր օվկիանոս:

Եկավ:

Նստում եմ: Հելունագործ սպիտակ զգեստիս անհարմարության, թե ներաշխարհիս ծովագործ ալիքների պատճառով, ուզում եմ րոպե շուտ նստել պատուհանի մոտ: Վերջ: Գնում եմ քարաշեն տուն: էս անգամ Քալիֆորնիա չենք գնա …

Ինձնից անմիջապես հետո մի զույգ է բարձրանում: Որքա՜ն սիրուն ժպտացին: Երկու տղա նրանց տեղ զիջեցին, բայց զույգը մնաց կանգնելու պատուհանի կողքին: Քամին խաղում էր աղջկա մազերի հետ, իսկ տղան մատներով բռնում էր այդ խաղը, այդ տղայի աշխարհը մուգ ակնոցի հակառակ կողմում է: Մեզանից ոչ ոք չգիտի, թե ի՜նչ գույներ են այդ ակնոցից ներս, գուցե ավելի մութ է քան մութը, ու տղան էլ չգիտի տղերքի ասածը, որ քամին գույն ունի ու ոչ էլ կնկատի իմ սպիտակ, հելունագործ զգեստը, ու չգիտի էլ, որ Երևանում էլ շենքերը գունավոր չեն, բայց այ ավտոբուսները բազմերանգ, նա հաստատ չգիտի, որ գրողի տարած շատրվանները գունավորում են ջուրը, բայց էս տղան հաստատ գիտի իր սիրած աղջկա բուրմունքի գույնը, ինքն անգամ գիտի, որ ես Երևանի մասին բյուջետային երգեր չեմ լսում, տղան գիտի, որ եթե անգամ վարորդը հասներ Հյուսիս-Հարավ ավտոճանապարհին, մի քիչ երկար նայեր շուրջը ու հաստատ ասեր՝ Քալիֆորնիա ենք գնում, ինքը ծով չէր տեսնի, ինքը կլսեր օվկիանոսը, ու տղերքն էլ սխալվել են. քամին գույն, հոտ ու համ ունի, իսկ երջանկությունը երբեմն սև է, բայց ծաղկահոտ: Այս աղջիկը, ում վարսերը լողում են օդում, էլի ուրիշ Երևանից: Նրանք միասին չափում են փողոցները հոտերը, երկարությունները, տարածությունները, որ մենք աչքով ենք տեսնում, նրանք հոտով են չափել: Նրանք գիտեն, որ ժողի դիմաց յասամաններ կան, իսկ խաչապուրու համար Թումանյան է պետք գնալ, իսկ այ սուրճը Աբովյանում է բուրում: Նրանք գիտեն, որ Երևանը վարդագույն չէ, վարդահոտ էլ իսկ մարդիկ լավ կամ վատ չեն հագնվում, նրանք բուրում եմ էս քաղաքի պես՝ բազբազան, բազմերանգ: Նրանք մարդկանց հատով չեն հաշվում. այս մարդիկ զգում են դաշտեր, որ մենք երբեք չենք ճանաչի: Նրանք ապրում են քաղաքը:

Ավտոբուսը գնում է, մի տղա նայում է ինձ, իսկ ես փորձում եմ աննկատ մնալ ակնոցով տղայի ու երջանիկ աղջկա համար ու սովորեմ քաղաքը աչքերից զատ տեսնելու երջանկությունը: Սև ակնոցից անդին աշխարհը չափվում է ալիքներով, իսկ Երևանում չեն ապրում, Երևանն են ապրում:

 Հեղինակ՝ Նվարդ Ավետիսյան


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով