+374 99 12 80 82 Շաբաթ - 27 Հուլիս 2024

Մարտիրոս Սարյանի արձանը՝ արվեստի այգում


Martiros-Saryan-001Մարտիրոս Սարյան

Քանդակագործ` Լ. Թոքմաջյան

Ճարտարապետ՝ Ա. Թարխանյան
Մարմար, 1986թ.

Սարյանի պուրակ

 

Երևանի հենց սրտում` Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարևանությամբ կա մի զբոսայգի, ուր ամեն օր արվեստի գունազարդ շունչն է օդում պարում… Խոսքն ամենատարբեր կտավների բացօթյա ցուցահանդես-վաճառքի մասին է` Մարտիրոս Սարյանի անվան պուրակում: Այգու կենտրոնում կանգնեցված է իր տեսակով տարբերվող և քաղաքին նոր շունչ պարգևող մի արձան: Ինչու տարբերվող, քանի որ արձանաշատ Երևանում եզակիներից է, որ սպիտակ մարմարից է կերտված: Արձանի հեղինակները Լևոն Թոքմաջյանն ու Արթուր Թարխանյանն են:

Martiros-Saryan

Մարտիրոս Սարյան (1988-1972)

Նստած է վարպետը`ներկապնակն ու վրձինը ձեռքին.անունը`Մարտիրոս Սարյան… նրան համարում են մեր գեղանկարչության գլխավոր կերպարներից մեկը, հայրը, նախապապը…. Նա բազմաթիվ ցուցահանդեսներ է ունեցել աշխարհի տարբեր երկրներում` Մոսկվայում, Փարիզում, Վիեննայում, Վենետիկում, Կոպենհագենում, Նյու Յորքում, Ֆինլանդիայում:Մի քանի շրջաններից բաղկացած ստեղծագործական կյանքի սկզբում Սարյանը պատկերում էր հեքիաթային և սիմվոլիկ կերպարներ, ապա կոմպոզիցիաները դառնում են ավելի լակոնիկ, ազգային մոտիվները ստանում են ժամանակակից արտահայտություն: Երբ սկսում է ճամփորդել Արևելքի երկրներով, արտահայտում է իր երազներում ձևավորված հոգևոր հայրենիքը: Հաջորդում են նատյուրմորտները, ծաղիկները և Մարտիրոս Սարյանի արվեստում տեղ են գտնում հիանալի դիմանկարներ, թատերական ներկայացումների և գրքերի ձևավորումներ: Նա մինչև վերջ շարունակում է պատկերել հայրենի բնությունը: Ահա վարպետի հզոր և անկրկնելի անհատականությունը: Իսկ, հետաքրքիր է, նկատե՞լ եք, որ նա բոբիկ է.ա՛յ, մյուս անգամ անցնելուց ուշադրություն դարձրեք: Գաղափարն այն է, որ նա ամուր կապերով կապված էր իր հող ու ջրին, իր հայրենիքին… դրա համար էլ բոբիկ է, որ հնարավորինս մոտ զգա հողին, և իր անսահման սերն արտահայտի կտավների մեջ:

Martiros-Saryan-Pyunikyan-Armaveni-1911

Մարտիրոս Սարյան, Արմավենի, 1911թ.

Martiros-Saryan-Nran-cari-mot-1907

Մարտիրոս Սարյան, Ծառի մոտ,
1907թ.

Martiros-Saryan-Poxoc-Kesor-1910

Մարտիրոս Սարյան, Կեսօր, 1910թ.


Արդյունքն ու ապացույցը նրա արևոտ Հայաստանը պատկերող ստեղծագործություններն են… տաք գույներով ու շնչով: Արձանի բացումը տեղի է ունեցել 1986 թ. մայիսի 19-ին: Եվ հետաքրքիր է, որ հենց այդ իրադարձությունից հետո են այստեղ սկսել հավաքվել երիտասարդ նկարիչներ` դարձնելով վայրը Երևանյան Մոնմարտր: Ոչ շատ հեռու գտնվող Կազիրյոկ սրճարանն էլ ժամանակի արվեստագետների հավաքատեղիներից մեկն էր: Արվեստասեր երիտասարդները շրջապատում էին նրանց, լսում, խորհուրդներ հարցնում և հիանում նրանցով, ձգտում նրանց` ինչպես թիթեռները ծաղկի շուրջ….Պուրակն այսօր հետաքրքիր վայր է նաև զբոսաշրջիկների համար:

Saryan-4Saryan-5


Նկարներից շատերն ունեն հայկական շունչ: Կան Արարատը պատկերող նկարներ: Նկարիչներից մեկն ասաց, որ գնորդները հիմնականում որպես նվեր երկրից դուրս են ուղարկում նկարները:

Օրն արվեստի այգում մոտեցավ իր վերջաբանին: Նկարիչները հավաքում են կտավները: Ոմանք ժպտում են կյանքին և սպասում նոր բացվող օրվան: Ոմանց դեմքին միշտ միևնույն արտահայտությունն է դրոշմված. միգուցե այսօր էլ չլուծեցին հացի խնդիրը… Իսկ Սարյանը իր բարձունքից նայում է հույսով, որ արևը կժպտա իր տաք շողերով բոլորի ճանապարհին…



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով