+374 99 12 80 82 Չորեքշաբթի - 11 Դեկտեմբեր 2024

Սուրբ Սարգսի տոնը և նրա կերպարը հայ միջնադարյան արվեստում


Համաքրիստոնեական աշխարհի սրբերի դասին է կարգված Սբ. Սարգիս զորավարը: Վերջինս,  իր որդու՝ Մարտիրոսի, և 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի:

Որպես հմուտ ռազմիկ Մեծն Կոնստանդիանոս կայսեր կողմից Հայաստանին սահմանակից Կապադովկիայում նշանակվել է իշխան և սպարապետ: Բացի հիանալի ռազմիկ լինելուց, Սբ. Սարգիսը նաև հիանալի քարոզիչ էր և օգտվելով իրեն տրված հնարավորություններից,  քանդում էր իր իշխանության տակ գտնվող մեհյաններն ու կառուցում եկեղեցիներ՝ նպաստելով քրիստոնեական հավատի տարածմանը:

        Խուսափելով Հռոմի Հուլիանոս Ուրացող կայսեր կողմից իրականացվող քրիստոնեական եկեղեցու հանդեպ հալածանքից (360-363), Սարգիսը աստվածային հայտնություն ստանալով, հեռանում է կայսրության սահմաններից և ապաստանում է Արշակ Բ թագավորի արքունիքում [3, էջ 53]:Տեղեկանալով, որ Հուլիանոսկայսրը մեծ զորքով շարժվում է Պարսկաստանի վրա, հայոց արքան իր երկիրը հարձակման վտանգից զերծ պահելու համար, Սարգսին առաջարկում է ծառայությանանցնել Շապուհի մոտ: Վերջինս, մեծ խանդավառությամբ ընդունում է Սարգսին՝ նշանակելով զորագնդերի հրամանատար:Պարսիկ զինվորները, տեսնելով Սարգսի փայլուն զորավարի ունակությունները, նրա աղոթքներով Տիրոջ գործած հրաշքները, հրաժարվում էին հեթանոսությունից և դառնում քրիստոնյա: Սակայն Շապուհը պահանջում է պաշտել կրակը և զոհ մատուցել: Սարգիսը անմիջապես մերժում է Շապուհի պահանջը և ի պատասխան նրա՝ կործանում բագինը:Զայրացած ամբոխը հարձակվում է Սարգսի և նրա որդու վրա: Նահատակության պսակը առաջինն ընդունում է զորավարի որդին՝ Մարտիրոսը, իսկ Սբ. Սարգիսը բանտարկվում է և երկար ժամանակ աներեր մնալով իր հավատքի մեջ՝ գլխատվում է: Նահատակվելուց հետո Սբ. Սարգսի մարմնի վրա լույս է ծագում:

         Սբ. Սարգսի պաշտամունքը Հայաստանում տարածվեց 5-րդ դարից սկսած, երբ Մեսրոպ Մաշտոցը այստեղ բերեց Ս. Սարգսի մասունքները [1, էջ 490]: Մաշտոցը այդ մասունքների վրա հիմնեց Ուշիի Սբ. Սարգիս եկեղեցին և համանուն վանքը (նկ.1):Հարկ է նշել նաև, որ Տեկորի տաճարը կրում  է «Սբ. Սարգիսի վկայարան» անվանումը [2. էջ 46]:

Saint-Sargis-003

Նկար 1
Ուշիի վանքի ընդհանուր տեսքը պեղումներից առաջ:
Ձախից՝ Սուրբ Սարգիս Եկեղեցին

Saint-Sargis-008

Նկար 2
Սուրբ Սարգսի քանդակը Աղթամարի տաճարի հյուսիսային պատին


Ժողովուրդը հանձին Սբ. Սարգսի` տեսնում էր զորակցի, թույլի և ոտնահարվածի պաշտպանի, քրիստոնեական հավատքի, մարդկային սիրո և նվիրումի համար պայքարի ելած քաջ զինվորի: Հայ ժողովուրդը սիրել և դարերի ընթացքում հղկել, ազնվացրել է նրա կերպարը`նրան օժտելով համամարդկային և աստվածային շնորհներով: Սբ.Սարգսի տոնը Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ հռչակվել է Երիտասարդների օրհնության օր:

      Սբ. Սարգսի վարքը հայտնի էր և՛ հույներին, և՛ վրացիներին,սակայն այլ երանգավորմամբ:Հունական պատումի համաձայն Սարգիս զորավարը փախցնում է հույն արքայադստերը և սպանում նրա փրկության համար հասած թագավորի մերձավորներին, իսկ վրացական տարբերակում` Սարգսի բարձրացրած բուքով խեղդվում է մի նորապսակ զույգ: Այս տվյալները հաստատում են, որ Սարգիսը ստացել է հայկական ազգային սրբի նշանակություն:Հայկական պատկերագրության համաձայն, Սբ. Սարգիսը գործում է որդու` Մարտիրոսի հետ, ինչը բացակայում է այլալեզու աղբյուրներում: Սարգսի պատմությունը հայկական տարբերակում հարստացած նորանոր մանրամասներով, որոնք և արտացոլվեցին սուրբ զորավարին նվիրված պատկերագրության մեջ. հաճախ ներկայացվում է վիշապի կամ որևէ այլ կենդանու նիզակահարելիս իր որդու` Մարտիրոսի հետ, երբեմն առանց նրա [4, էջ 81]:

Saint-Sargis-002

Նկար 3
Սուրբ Սարգսի պատկերաքանդակը Հավուց թառի խաչքարի վրա

      Հայ արվեստի գրեթե բոլոր ճյուղերում կարելի է հանդիպել Սբ.Սարգսի կերպարին: Աղթամարի տաճարի հյուսիսային պատի քանդակներում կարելի է տեսնել ձիու վրա նստած Սբ. Սարգսին:Այստեղ զորավարը ներկայացված է առանց որդու, նիզակահարում է ինչ-որ գազանի ( նկ. 2):Քանդակային արվեստի հիանալի նմուշ է Հավուց Թառի 13-րդ դարի խաչքարերից մեկը, որի վրա Սբ.Սարգսի պատկերաքանդակն է (նկ.3) [5, էջ 71]:

      Սբ. Սարգսի պատկերման առավել շատ օրիկնակների հանդիպում ենք մանրանկարչության մեջ: Մատենադարանի№6305 ձեռագրում, որը գրվել և նկարազարդվել է Սյունիքում, Սբ. Սարգիսը Մարտիրոսի հետ է պատկերված, Սարգսի ձեռքում կա վեր բարձրացված նիզակ, գազանի սպանությունը բացակայում է (նկ. 4) [4, էջ 82]:

        Ձեռագրերում պատկերվող 4 զորավարներից կարելի է տարբերելՍբ. Սարգսին, քանի որ նա մեծ մասամբ ներկայացվում է  պատանու հետ` իր որդու Մարտիրոսի: Նման պատկերագրությունը կարևոր է դառնում նար քրիստոնեական հուշարձանի դավանական պատկանելությունը պարզաբանելու համար, եթե այն գտնվում է հայրենիքից դուրս: Այդպես մեզ հաջողվել է ճշտել Ղրիմի մի եկեղեցու հայկական համայնքին պատկանելու խնդիրը: Ղրիմի Էսկի-Քերմեն ավանում գտնվող «Երեք զորավարների տաճար» անունով հայտնի ժայռափոր մի եկեղեցու հյուսիսային պատին պահպանվել է  որմնանկար 3 սուրբ զորավարների պատկերներով: Զորավարներից մեկն էլ պատկերված է ձիու գավակին  նստած պատաուն հետ: Սա անկասկած Սբ. Սարգիս զորավարն է` Մարտիրոսի հետ (նկ.5)[4, էջ 83]:

Saint-Sargis-001

Նկար 4
Սուրբ Սարգիս
Մատենադարանի №6305 ձեռագիր

Saint-Sargis-004

Նկար 5
Սուրբ Սարգիսը Մարտիրոսի հետ, Ղրիմ, Էսքի-Քերմեն, «Երեք ձիավորների տաճար»


        7-րդ դարի առաջին կեսին պատկանող Լմբատավանքի որմնանկարներից մեկում պատկերված են Սբ. Սարգիսը սպիտակ նժույգի և Սբ. Գևորգը հրեղեն նժույգի վրա:  Սուրբ Սարգսին նվիրված եկեղեցիներ կառուցվել են Կաֆայում և Սուրխաթում:

          Սուրբ Սարգսի պատկերը բազմիցս իր տեղն է գտել հայ ասեղնագործական արվեստի նմուշներում, հատկապես եկեղեցական վարագույրներում: 1756թ. Թոքատում ստեղծվածՔրիստոսի վարքը պատկերող, սրբերի պատկերներովվարագույրը նվիրաբերվել է Վառնա քաղաքի Ս. Սարգիս հայկական եկեղեցուն: Ամբողջությամբ բուսական և երկրաչափական նուրբ զարդանախշերով, խաչ-պատկերներով հարդարված վարագույնրի մեզ հետաքրքրող հատվածում ներկայացված է ձիավոր Ս. Սարգիսը` գավակին մանուկ Մարտիրոսը: Նժույգի ոտքերի տակ նիզակակոխ հսկա վիշապօձն է: Սբ. Սարգիսը կրում է շքեղ հանդերձանք` քամուն տված ցանցահյուս թիկնոց, ձեռքին` խաչազարդ նիզակ, հագին` ժամանակի նորաձևությանը համահունչ զինվորական համազգեստ, ոտքերին` փափուկ ճտքավոր կոշիկներ, գլխին` լուսապսակ: Մանուկ Մարտիրոսը կրում է մեջքը գրկող թիկնոց կոնաձև գլխարկ( նկ 6):

Saint-Sargis-005

Նկար 6
Խորանի վարագույր (հատված),
Էջմիածնի գանձատուն

Saint-Sargis-006

Նկար 7
Խորանի վարագույր (հատված), Լոնդոն, Վիկտորիա: Ալբերտ թանգարան, 1710թ.


1710թ. Թոքատում ստեղծված, Վիկտորիա-Ալբերտ թանգարանի վարագույրի վրա Քրիստոսի տնօրինությունների պատումներ են, Ադամի, Եվայի, կենաց ծառի և սրբերի պատկերներ: Կամարի ներքո Սբ. Սարգսի պատկերն է (նկ.7): 1674թ. Կ.Պոլսում պատրաստված ևս մեկ ասեղնագործ վարագույրի վրա ասեղնագործված է պայքարը վիշապ- օձերի դեմ և հավերժ կենդանի կենաց ծառը (Հայաստանի պատմության թանգարան): Այստեղ նույնպես պատկերված են Ս. Սարգիսն ու իր որդին[6 էջ 85,86]:

Saint-Sargis-007

Նկար 8
Թասեր, Քյոթահիա, 1719թ.

               Հայ եկեղեցում պատարագի ժամանակ սկիհի վրա փռվող ծածկոցները ունեն շքեղ ասեղնգործություն: Էջմիածնի Մայր տաճարի գանձատանը պահվում է նուրբ ու կատարյալ մի ծածկոց՝ Ս. Սարգսի և իր որդու, նաև Ս.Գևորգի պատկերներով:

Համաքրիստոնեական և հայկական սրբապատկերներով նկարազարդումը բնորոշ էր Քյոթահիայի խեցեղեն իրերին: Ցինցինետի գեղարվեստի թանգարանում է պահվում <<Սբ. Սարգիս>> գրությամբ սրբապատկերային թաս, որի կենտրոնում հեծիալն է, գուրզը ձեռքին, լուսապսակով: Հեծյալը գեղեցիկ դեմքով տղամարդ է, գեղեցիկ կազմվածքով: Նրա գավակին մի մանկահասակ պատանի է, խաչազարդ նիզակը ձեռքին, լուսապսակով (նկ.8):

        Սբ. Սարգսի պատկերին կարելի է հանդիպել նաև 1293թ. Սկևռայի կամ Հեթում թագավորի մասանց պահարանի պատկերաքանդակների մեջ:

       Սբ Սարգսի պատկերը հայ և համաշխարհային արվեստի մի շարք ստեղծագործություններում կարելի է հանդիպել անընդմեջ, միմյանցից տարբերվող և անչափ հետաքրքիր պատկերագրությամբ:


  1. Հայսմավուրք, Կ. Պոլիս, 1706:
  2. Մուրադ Հասրաթյան, Տեկորի Ս. Սարգիս վկայարանը:
  3. Ֆրինա Բաբայան, Ուշիի Սուրբ Սարգիս վանքը:
  4. Էմմա Կորխմազյան, Սուրբ Սարգիս զորավարի պաշտամունքը և նրա պատկերագրությունը Հայկական միջնադարյան կերպարվեստում
  5. Համլետ Պետրոսյան, Խաչքարերի անվանաբանական համակարգը և Սուրբ Սարգիս խաչքարերը,
  6. Ա. Ժամկոչյան, Ն. Հակոբյան – Սուրբ Սարգսի պատկերագրությունը միջնադարյան հայ արարողական սպասքի և կիրառական արվեստի նմուշներում


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով